Ներկայացվեց Գուրգեն Խանջյանի «Համավարակ» վեպը. ինչպես է Հարութը, գալով Հայաստան, դառնում Հարություն

Գուրգեն Խանջյանի «Համավարակ վեպը» (հրատարակչություն՝ «Անտարես») վերադարձի պատմություն է, ինչ-որ տեղ, գուցե, ստիպված վերադարձի: Բայց ծավալվող դեպքերն ու իրադարձությունները, ներառելով համավարակի ու պատերազմի իրողությունները, հայրենիքում մնալու աղոտ հեռանկարը վերածում են հաստատակամ որոշման: 

«Համավարակ» վեպի շնորհանդեսը կայացավ Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի շրջանակում` սեպտեմբերի 30-ին։ 

Վեպի քննարկմանը, որին ներկա էր նաև հենց հեղինակը, գրքի խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը նախ ասաց՝ գուցե գաղափարական  առումով «Համավարակ»-ն այնքան էլ դուր չգա այն մարդկանց, որոնք սիրում են Գուրգեն Խանջյանի 1990-ականների արձակը.

«Օրերս Խանջյանի հետ զրույցում եկանք այն եզրահանգման, որ գաղափարական փոփոխությունը, հայացքների տեղափոխությունը պատահական չեն. այլ հանգամանքներից զատ՝  մեծապես պայմանավորված են այն իրողություններով, որոնք վերջին տարիներին կատարվում են մեր երկրում, մեր պետականության կյանքում, մեր հասարակության հետ։ Բացառված չէ, որ ընթերցողը ևս փոխվել է»։ 

Նրա  խոսքով` «Համավարակ» վեպը Խանջյանի արձակի մեջ շատ տարբերվող է։

«2000-ականների սկզբին, երբ Խանջյանը հրատարակեց «Մարդկանց տուն ուղարկիր»  վիպակը, ըստ էության, դարձավ իր նոր շրջանի արձակի, վիպագրության, դրամատուրգայի մեկնակետը, ամենակարևորը՝ մարդկանց տուն ուղարկելու հորդորը։ «Համավարակ» վեպում, կարելի է ասել, վերջնականապես մարդիկ ուղարկված են տուն։ Խանջյանի վեպում այս մի վերադարձը վերջնական վերադարձ է։

Մեր զրույցում նաև ամրագրեցինք՝ փոխվել է Խանջյանի հերոսի տիպը։

«Համավարակ»-ում գործ ունենք հերոսի բոլորովին այլ տիպի հետ։ Ի՞նչն է հետաքրքիր. այն բոլոր հերոսները, որոնք մյուս վեպերում համարվում էին Խանջյանի գեղագիտության կրողները՝ տաբուներ ջարդողներ, ազատության մարմնացումներ և այլն, «Համավարակ»-ում հայտնվել են այնպիսի դիրքավորման մեջ, որ ոչ միայն հակառակ բևեռում են, այլ նաև որոշ առումով քամահրվում, քննադատվում, ծաղրվում են Խանջյանի նոր հերոսների կողմից»,- ասաց գրականագետը, ապա հարցով դիմեց հեղինակին, թե ինչպե՞ս են իր ամենասիրելի հերոսներն իր այս նոր շրջանի ամենասիրելիների կողմից ծաղրվում։ 

Խանջյանը նախ շատ հակիրճ ներկայացրեց վեպի բովանդակությունը. Հարութը 30 տարի առաջ գնացել էր իր երազանքի՝ ամերիկյան երազանքի հետևից, 30 տարի նա ապրել է իր երազած ազատ երկրում։

«Ըստ իս՝ այդ 30 տարիներին նա ապրել է անտեր։ Այդ ազատություն տենչող, ակտիվ, բողոքական հերոսը կամաց-կամաց արևմտյան մթնոլորտի մեջ դարձավ սովորական սպառող, անդեմ մարդ։ Գալիս է Հայաստան. առանձնապես որևէ հարցի շուրջ գաղափար չունի, ուշք ու միտքը բիզնեսը շարունակելն է, այստեղ տունը ծախելը, այնտեղ որևէ բան առնելը։ Կամաց-կամաց ինքը տեր է ձեռք բերում Հայաստանում, ինչ-որ տեղ զարմացած է, որովհետև այստեղ լրիվ այլ բաների մեջ է ընկել։ Այդպես Հարութն ի վերջո դառնում է Հարություն. իմ կարծիքով, հարություն է առնում, վերջապես տեսնում է  իր հայրենիքը, վերջապես զգում է, մի քիչ էլ հասկանում է, թե ինչ էր  թողել, հիմա ինչ է այն, թեև դժվարության մեջ է, համավարակ է, պատերազմ է»,- իր հերոսին այսպես նկարագրեց Խանջյանը։

Gurgen Khanjyan1

Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով` Խանջյանի վիպագրությունը վերլուծելիս միշտ, բացի գաղափարական հարցադրումները շեշտելուց, նշել են նաև գրողական վարպետությունը, վիպաստեղծման տաղանդը։

««Համավարակ»-ում տեսնում ես հստակ մի բան. ըստ էության, Խանջյանի առաջին վեպն է, կարող եմ ասել` առաջին ստեղծագործությունը, որտեղ նա  ավելի շատ առաջ է մղում ասելիքը, կոնկրետ բաներ կան, որոնք ուզում է ասել, քան ցույց տալ գրողական վարպետությունը։ Ավելի շատ ասելիքի, բովանդակության վեպ է ստացվել, որտեղ շատ հաճախ զոհ է գնացել նաև գրողական վարպետությունը։

Ինչո՞ւ որոշեցիք հենց այս վեպում նախ և առաջ բովանդակությունն առաջ մղել»,- հետաքրքրվեց գրականագետը։   

Գուրգեն Խանջյանը պարզաբանեց. «Ասելիքն ավելի կարևոր է։ Այս վեպում շատ կերպարներ կան, որոնք սովորական, մեր կողքին ապրող մարդիկ են, որոնց չէի ուզում գցել իմ խուճուճ էքսպերիմենտալ ֆորմաների մեջ, այսինքն` չէի ուզում ավելի շատ ինձ ցույց տալ, քան իրենց։ Ինձ այս վեպում պետք էր պարզ ձևով ցուցադրել մարդկանց իրենց անհանգստությունները։ Ինձ համար էքսպերիմենտ էր  գրել մի ձևի մեջ, որով մինչև այդ չէի գրել։

Ինձ համար էլ հետաքրքիր էր այդպես պարզ գրելը։ Դա էլ հեշտ չէ։

Այսինքն` այս վեպում ինձ համար կարևորը ոչ թե ինձ ցույց տալն էր, այլ գրել, որ իսկապես՝ լավն է այս երկիրը, քաղցր, անուշ բան կա մեջը, պետք չէ այդպես հեշտ թողնել ու գնալ։ Հիմա շատ են թողնում ու գնում։ Վերադարձի արահետ պետք է լինի, այդ արահետն էի սարքում, դրա համար ստացվեց այն, ինչ ստացվեց»։ 

Արքմենիկ Նիկողոսյանը նաև ասաց, որ այս վեպը Գուրգեն Խանջյանը սկսել էր գրել դեռ համավարակից, պատերազմից առաջ։ Այն ժամանակ մոդելը եղել է՝ մեկը գալու է  Հայաստան, նրան ցույց են տալու ողջ Հայաստանը։

«Վեպը գրելու ընթացքում եղավ համավարակ, հաջորդեց պատերազմը։ Այս իրականությունն ի՞նչը փոխեց վեպում»,- հարցրեց նա։ 

Գուրգեն Խանջյանի ներկայացմամբ` պետք է իր հերոսը գար Հայաստան, տեսներ այն իր բոլոր հմայնքներով, դա իրեն կապեր իր տան հետ, այն տան, որն ուզում էր վաճառել։

«Դա քիչ էր վեպ ստանալու համար։ Դժվարությունների առաջ էի կանգնել։  Հանկարծ սկսվեց համավարակը, հետո պատերազմը, որոնք մտան վեպ ու հարստացրին, հերոսին առհասարակ հասցրին մի ուրիշ մակարդակի։ Իհարկե, լավ կլիներ` չլիներ վեպը, չլինեին համավարակն ու պատերազմը, նույնիսկ չլինեին բոլոր վեպերը»,- ասաց արձակագիրը։

Ըստ նրա` ծանր վիճակները, գերեզմանները, նախնիները, մեղքի զգացումը կապում են  հայրենիքին, իսկ միայն եկեղեցիներին նայելը, շոշափելը, դժվար թե ապահովի այդ կապը հայրենիքի հետ, արթնացնի սեր հայրենիքի նկատմամբ։

«Աշխարհում տիրող այսօրվա վիճակը, չնայած` չեմ ուզում դրանով պայմանավորել մարդկանց՝ իրենց հայրենիք գալը, բայց ստիպելու է վերադառնալ։ Պարզվեց՝ տունը շատ կարևոր բան է, այն Թորգոմա տունը, որտեղից սկսվեց մեր տների պատմությունը։ Տուն չունեցող ազգերը, ինձ թվում է, ապագա չունեցող են։ Լավ կյանքն այլ բան է, նպատակ, պատմություն, գաղափարներ ունենալն այլ բան է»,- ասաց Գուրգեն Խանջյանը։

Gurgen Khanjyan2

Cultural.am-ի հարցին ի պատասխան՝ վեպում, ինչպե՞ս Հարութը, գալով Հայաստան, դարձավ Հարություն,  հարություն առավ, ի՞նչ  խոսք կհղի աշխարհով մեկ սփռված «հարութներին», որպեսզի իրենք էլ գան Հայաստան ու «հարություններ» դառնան, արձակագիրն ասաց. «Այլ բան է այդ ամենը գրքով, գեղարվեստով անել, ուրիշ բան՝ հրապարակախոսական մարդկանց ասեմ՝ եկեք։ Բա որ գան ու դժբախտանա՞ն, չեն ասի՝ Խանջյան, ինչո՞ւ ասացիր եկեք, ինչո՞ւ այդ խորհուրդը տվեցիր։

Բայց կարծում եմ՝ հայրենիքում ապրելը ճիշտ է, անհայրենիք մարդը նաև անտեր մարդ է, աննպատակ մարդ է, ընդամենը սպառող է, չունի  պատմություն, հող, ոչ մի բան չունի, ընդամենը՝ ապրի ու ավարտի։ Գալը ճիշտ է»։

Այժմ Գուրգեն Խանջյանն աշխատում է պիեսի վրա։ Նա նշեց, որ սովորաբար վեպերի արանքներում պիեսներ է գրում, ժանրը փոխում է, որպեսզի մի քիչ հանգստանա։

«Երևի էլ վեպ չգրեմ, շատ ծանր է՝ տարիներով նստել, ամբողջը հիշողության մեջ պահել։ Գուցե ավելի փոքր գործեր գրեմ։ Չգիտեմ, դեռ չգիտեմ»,- ասաց Գուրգեն Խանջյանը։ 

Գուրգեն Խանջյանը 1987թ-ից տպագրվել է «Պիոներ» ամսագրում: Հեղինակել է պատմվածքներ, վեպեր, պիեսներ, սցենարներ: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, վրացերեն, ռումիներեն: Գուրգեն Խանջյանի պիեսները բեմադրվել են Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմդեիայի, Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական, Վանաձորի Հ.Աբելյանի անվան դրամատիկական, Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան, Լոս Անջելեսի, Հալեպի և այլ թատրոններում, հեռուստատեսությամբ ու ռադիոյով: Նրա սցենարներով նկարահանվել են ֆիլմեր («Լռության սիմֆոնիա», 2002թ.) և հեռուստատեսային մանրապատումներ: 1995թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է, 2001թ-ից` ՀԳՄ «Գրեթերթ» պարբերականի խմբագիրը: 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի»  մեդալի:

Արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանը 2017 թվականին արժանացել է Գրքի երևանյան փառատոնի առաջին մրցանակի «դրամատուրգիա» անվանակարգում։ 

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 30-ին, կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը՝ ներառյալ: Այն այս տարի նվիրված է Վահագն Դավթյանի 100-ամյակին։

Փառատոնը Հայաստանում գրականության և գրահրատարակչության ոլորտի ամենամեծ ծրագիրն է: Բաղադրիչներն են՝ 25-40 տոկոս զեղչով գրքերի ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցում են ավելի քան 35 հրատարակչություններ և մշակութային կազմակերպություններ, «Արձակ», «Չափածո», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգերում գրական մրցույթը, որին մասնակցել է 165 գրող: Փառատոնի ընթացքում տեղի կունենան ավելի քան 60 շնորհանդեսներ, պանելային զրույցներ, վարպետության դասեր, հայ և արտասահմանյան գրողների հետ բացառիկ հանդիպումներ: 

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։ 

Գրքի երևանյան փառատոնի ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ։ 

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 898

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: