Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպը՝ առանց կրճատումների ու Արամ Պաչյանի խմբագրմամբ

««Քո երկրի դեսպանը» վեպը մինչև Խորհրդային միության փլուզումը անտիպ էր մնալու-որովհետև հնարավոր չէր վեպերի մեջ բանաստեղծությունը-հնարավոր չէր բանաստեղծության ճշմարտությունը-վեպում հայոցի միջով մի կառք էր անցնում-ճանապարհ չկար-ճանապարհը կառքն էր ստեղծում-և կառքի անիվները չէին պատմում, այլ վերաարարում էին հայ ժողովրդի պատմությունը-այդ կառքում երկրի ու ժողովրդի անցյալ ու գալիք ունենալու միակ առհավատչյան-ստեղծելու ցնորքն էր».
Արամ Պաչյան

Ռուբեն Ֆիլյանը «Քո երկրի դեսպանը» վեպը սկսել է գրել 1976 թվականին, ավարտել է 1978 թվականին։ Անտիպ է մնացել, փորձ է արվել հրատարակել, սակայն չի ստացվել։ Կարծիքներ, պնդումներ են եղել, որ անհնարին է այս վեպի լույս ընծայումը Սովետական Հայաստանում։

«Քո երկրի դեսպանը» վեպն առաջին անգամ կրճատումներով լույս է տեսել 1992 թվականին համանուն գրքում։

Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի շրջանակում հոկտեմբերի 2-ին ընթերցողին ներկայացվեց արձակագիր Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպը (hրատարակչություն՝ ARI Literature Foundation)՝ առաջին անգամ առանց կրճատումների։ Գրքի շապիկին Կամո Նիգարյանի «Homo Ludens» (1976) ստեղծագործությունն է:

Ruben Filyan5

«Քո երկրի դեսպանը» վեպում պատմողը հայտնվում է Հայոց պատմության թանգարանում ու տեսնում մի ուշագրավ լուսանկար, որտեղ պատկերված են Անգլիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը, նրա օգնականը և մարդիկ, որոնք մեջքով են կանգնած: Թանգարանի աշխատակիցը ներկայացնում է այդ լուսանկարի պատմությունը: Պարզվում է՝ դարասկզբի լուսանկար է:

Երկիրը ծանր վիճակից դուրս բերելու համար հայերը (վեպում Ֆիլյանը միշտ գործածում է «մերերկրացիներ» բառը) հանդիպում են Չերչիլին: Սակայն Անգլիայի վարչապետը այդքան էլ լավ չի ընկալում, թե ովքեր են և որտեղից են եկվորները, փորձում է քարտեզի վրա պարզել նրանց երկրի տեղը, ինչը ոչ մի կերպ չի հաջողվում: Չերչիլը իր օգնականին հանձնարարում է պարզել այդ երկրի տեղը և նյութեր հավաքել երկրում ապրող մարդկանց կյանքի ու պատմության մասին:

Ruben Filyan3

«Վեպը սկսվում է Պատմության թանգարանից ու «մերերկրացիների» մի նկարից։ Շատ, ինչ-որ առումով ապշեցուցիչ, զավեշտալի համընկնումներ կան՝ ինչ է կատարվում հիմա մեզ հետ։ Ուինսթոն Չերչիլին ցույց են տալիս նկար, ինքը չի հասկանում՝ մենք, «մերերկրացիներն» ովքեր են։ Պատվիրակում է պարզել՝ ովքեր են, տվյալներ, տեղեկություններ գտնել, զեկուցել։ Ու բերում են գիրքը, որը, ինձ թվում է, հայ ժողովրդի բնորոշումների շքերթ է, թե ինչպիսին ենք ընդհանրապես, ինչ սահմաններ ունենք։ Տպավորություն ունեմ, որ մեր մասին պատմող այդ գիրքը մեծ մասով խիստ քննադատական մոտեցում է մեր անցյալին, մեր վրիպումներին»,- Գրքի երևանյան հինգերորդ փառատոնի շրջանակում կազմակերպված քննարկմանն ասաց արձակագիր, «Քո երկրի դեսպանը»  վեպի նոր հրատարակության խմբագիր Արամ Պաչյանը։

Քննարկման ժամանակ կարծիքներ հնչեցին, որ այս «վեպը մեր մասին է, վեպը ծնունդի ու մահվան մասին է»,  «մեր մասին է առանց մեր մասին շատ բառեր օգտագործելու», «սա պատմության մասին վեպ է, բայց պատմավեպ չէ, իրականում պիես էլ կարող էր լինել», «պատահական ոչ մի բառ չկա, ամբողջ վեպը խտացված վեպ է, որն անընդհատ պետք է փորձել բացել», «գիրքը սյուժետային չէ, պատմություն է, հեքիաթացված պատմավեպ, ունի պատմավեպի բոլոր առաձնահատկությունները, բայց  առանց ավելորդությունների, կարճ պատմում է, թե մենք ով ենք»։

Ruben Filyan2

Քննարկումից հետո Արամ Պաչյանը պատասխանեց Cultural.am-ի մի քանի հարցի.

Նախ մեջբերեմ ձեր խոսքը Ռուբեն Ֆիլյանի մասին. «Հայ գրականության մեջ Ռուբեն Ֆիլյանը բացառիկ հեղինակ է։ Նրա գրականության պակասը միշտ զգացվել է, բայց նա եղել է մեր մեջ»։ Ի՞նչ է նա ստեղծել կամ ինչպե՞ս, որ մինչև հիմա այդ բացը, պակասը զգացվում է։

Յուրօրինակ, կարևոր, հետաքրքիր հեղինակ է, իր նմանը չկա այն կոնտեքստում, ինչ ինքը ստեղծել է։ Պետք է իրեն նայենք և ժամանակի մեջ, և հիմա՝ ստեղծագործելուց 40 տարի անց։ Երիտասարդները սիրում են իր գրականությունը, սրտակից են, ամեն առումով հարազատություն են տեսնում։

Բազմաշերտ հեղինակ է։ Ամեն ինչի մեջ կա և չկա, իր գրականությունը հնարավոր չէ մի մեթոդով, ձևով բնորոշել։ Դա է իր հետաքրքիր կողմերից մեկը։

Կա՞ն ստեղծագործություններ, որոնք դեռ անտիպ են կամ նախկինում հրատարակված են, բայց կրկին վերահրատարակելու կարիք կա։

Բոլոր ստեղծագործությունները հրատարակվել են, այս օրերին նաև վերահրատարկվեցին՝ այս վեպն առանձին, իր թարգմանաբար մշակած հնդիկ փիլիսոփա Շրի Շանկարաչարյայի «Վիվեկա Չուդամանին» հինդուիզմի շուրջ փիլիսոփայական տրակտատը։ Կարելի է ասել` իր վերջին ստեղծագործությունն է, հիմնականում մշակել է։

Կա մեկ գիրք, որի մասին իր նամակներում է հիշատակվում,  բայց այդպես էլ տեղեկություն չունենք՝  ավարտել էր, թե ոչ, գրել է, թե չի գրել։

Ruben FIlyan4

1970-ականների հեղինակ է Ֆիլյանը, ինչո՞վ  է արդիական այսօր նրա գործերը։

Իր գրականության առանցքը հավերժական, մարդկանց անընդհատ մտահոգող հարցերի շուրջ կառույցներն են։ Հարցեր, որոնք չեն հնանում։ Հետաքրքիր ձևով է այդ հարցերին մոտենում՝ կլինի հայոց պատմությունը, մահը, կյանքը, ճակատագիրը, հարցեր, որոնք լոկալ չեն, կղզիացած չեն, ավելի լայն են։

Ինչո՞ւ եք փորձում վերարժևորել 1970-ականների հեղինակի գրական ժառանգությունը։

Ես, իրականում, ոչ մի բան չեմ անում։ Սա իմ սիրո դրսևորումն է։ Ես ինձ ընթերցող եմ համարում, փորձում եմ որպես ընթերցող իմ սիրելի հեղինակներից մեկի գրականությունը կիսել այլ ընթերցողների հետ։

Ձեզ Ռուբեն Ֆիլյանի հետ միավորող ինչ-որ բան կա՞։ Ես կարդացի բանաստեղծ Արտաշես Արամի  կարծիքը՝ «երկու արձակագիրներին միավորողը մտածողության ընդհանրությունն է. իրերի և երևույթների ելակետային մեկնությունների գրեթե՝ նույնականությունը»։ Կա՞ նման բան։

Միանաշանակ, իմ որոնումների, հետաքրքրությունների շրջանակում է  ստեղծագործել Ֆիլյանը։

Համամարդկայի՞ն, թե՞ ազգային գրող է Ռուբեն Ֆիլյանը։

Ե՛վ համամարդկային, և՛ ազգային, երկուսն էլ՝ լավ ընդգծված։

Ռուբեն Ֆիլյանը ծնվել է 1952 թվականին Երևանում` ներգաղթյալների ընտանիքում, ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Նրա առաջին գիրքը՝ «Անծանոթ ինքնակենսագրություն» պատմվածքերի ժողովածուն, լույս  է տեսել 1980 թվականին։ 1981-ին հեռացել է Սովետական Հայաստանից,  եղել է Ֆրանսիայում, Եգիպտոսում, Հորդանանում, այնուհետև հաստատվել է Հնդկաստանի Գոա նահանգում։ Ռուբեն Ֆիլյանի կյանքն ընդհատվել է է 1983 թվականին։

Նաիրա Տիգրանյան

  • Created on .
  • Hits: 1024

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: