Կայացավ «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական եռօրյա միջազգային գիտաժողովը

Հաշվի առնելով միջնադարի խոշորագույն մտածող, բանաստեղծ, աստվածաբան ու երգահան Ներսես Շնորհալու դերը միջնադարյան արվեստում և աստվածաբանության մեջ՝ վերջինիս մահվան 850-րդ տարելիցն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2022-2023 թվականների օրացույցում: Այս առիթով միջգիտակարգային քննարկումներին էր միացել նաև Մաշտոցյան Մատենադարանը։

«Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը» խորագրով հայագիտական եռօրյա միջազգային գիտաժողովը դարձավ միջնադարյան գործչի ժառանգությունն ուսումնասիրելու, կրոնափիլիսոփայական և երաժշտական հսկայածավալ հարստությունը հետազոտելու և վերարժևորելու նոր հարթակ։ Հայ և օտարազգի անվանի հայագետները ներկայացրին Շնորհալու ունեցած մեծ դերը գրականության, աստվածաբանության, հոգևոր երաժշտության մեջ։ Նախ բացմանը ներկայացվեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի, Մեծի Տանն Կիլիկո Արամ Ա կաթողիկոսի օրհնության գրերը, ապա թանգարանային մասում բացվեց «Ներսես Շնորհալու ժառանգությունը» խորագրով ցուցահանդեսը։ «Գեղարդ» երգչախումբը (ղեկավար՝ Մհեր Նավոյան) հանդես եկավ Շնորհալու ստեղծագործությունների կատարումներով։

Shnorhali gitajoxov 7

Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին՝ Ներսես Դ Կլայեցին (մոտ 1098 - 1173 թթ. ) հայտնի է որպես բանաստեղծ, երաժշտության տեսաբան, փիլիսոփա, աստվածաբան և մատենագիր։ Նրան են պատկանում բազմաթիվ ստեղծագործություններ՝ ինչպես հոգևոր, այնպես էլ պատմական՝ գրված բանաստեղծական ոճով։ Շնորհալին իր մեջ ամփոփում էր Կիլիկյան Հայաստանի ոգին, մի երկիր, որը դարձավ հայ մշակույթի բեղուն կենտրոններից մեկը և կարողացավ պահպանել իր ինքնատիպությունը՝ Միջերկրածովյան փոթորկոտ, թշնամական խաղերի շրջանում։
Շնորհալին թողել է գրական հարուստ ժառանգություն՝ արձակ (մեկնություններ, թղթեր, ճառեր) և չափածո (շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ, հանելուկներ, վիպերգական, վիպաքնարական բնույթի քերթվածներ):

Հայագետ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Արմեն-Կլոդ Մութաֆյանը գրում է.

«Գրիգոր Բ-ի մահից հետո՝ 1166 թվականին, կաթողիկոսությունը անցնում է նրա եղբորը՝ Ներսես Դ-ին՝ Շնորհալի մականունով, որը ներկայացվում է որպես Երանելի՝ մտավոր շնորհի իմաստով։ Ներսեսը, անկասկած, 12-րդ դարի հայ կարևորագույն գործիչներից էր։ Նույնիսկ ավագ եղբոր կենդանության օրոք նա մշտապես մասնակցել է կաթողիկոսության գործերին, ուստի շատ հեղինակներ հակված են համարել, որ նա եղբորն ուղեկցել է Երուսաղեմ և նրա հետ միասին մասնակցել Անտիոքի Սինոդին։ Անտիոքը հիշատակում է նրա մեծ եղբորորդին՝ Տարսոնի արքեպիսկոպոս Ներսես Լամբրոնացին, ով Ներսես Դ-ի մահվան հաջորդ օրը (1173 թ.) նրա պատվին գովերգական երգ է գրել»։

                                                       Ա.-Կ. Մութաֆյան, «Երուսաղեմի մոտ», 2008 թ.։

Shnorhali gitajoxov 8

Առանձնահատուկ ուսումնասիրության առարկա են հանդիսանում Շնորհալու շարականներն ու տաղերը։ Այս ընդարձակ ստեղծագործություններն աչքի են ընկնում անմիջական զգացմունքային նրբերանգներով և անձնական փորձառությամբ։ Շնորհալու տաղերն էլ ավելի են սրում դրաման՝ բառի բուն իմաստով, որտեղ կառուցվածքը Շնորհալուն թույլ է տալիս իրադարձությունները ներկայացնել ոչ թե երրորդ դեմքից՝ որպես վկա, այլ առաջին դեմքից՝ որպես մասնակից։
Շնորհալու պոեզիան, իր ողջ փիլիսոփայական և լեզվական բարդությամբ հանդերձ, միաժամանակ շարժուն է։ Ինչպես փաստում են հետազոտողները՝
Շնորհալու պոեզիան մի զարմանալի հատկանիշ ունի՝ մշակութային վիթխարի ժամանակաշրջանները նրա մեջ խտացված են ոչ թե դարերը պարփակող տողի, այլ մի կետի մեջ, որին զարմանալիորեն հարում են միմյանցից հեռու բոլոր դեմքերը։ Շնորհալին նաև հայրենասիրական տրամադրվածություն ունի՝ ցանկանալով այդ ոգով դաստիարակել ընթերցողին: Նրա հայրենասիրական գաղափարներն առավել հստակ են դրսևորվել «Ողբ Եդեսիոյ» պոեմում, որը նրա գլուխգործոցն է և միաժամանակ հայ աշխարհիկ պոեզիայի անդրանիկ երկը:

Shnorhali gitajoxov 2

Բազմաբովանդակ ու հարուստ է Շնորհալու չափածոն: Գրիգոր Նարեկացուց հետո նա զարգացրեց հայ չափածո խոսքը թե՛ բովանդակության, թե՛ ձևի առումով: Նա շարականին հաղորդեց աշխարհիկ բնույթ՝ արտահայտելով հայրենասիրական տրամադրություններ: Հիշարժան են Աբգար թագավորին, Տրդատ Մեծին ե Աշխեն թագուհուն, Ավարայրի հերոսներին, Ղևոնդյանց նահատակներին նվիրված շարականները: Դարեր շարունակ լայն ժողովրդականություն են վայելել «Առավօտ լուսոյ», «Աշխարհ ամենայն», «Զարթիք փառք իմ» երգերն ու արևագալի շարականները, որոնք խոսքի ու երաժշտության զվարթ շեշտերով փառաբանում են բնության և մարդկային ոգու զարթոնքը:

Shnorhali gitajoxov 3

Մեծ է նաև Շնորհալու ներդրումը միջնադարյան երգաստեղծության մեջ։ Ընդհանրապես հայ միջնադարյան հոգևոր երաժշտության ժանրային համակարգն, իրականում, բավականին բարդ է. ահա այսպես՝ միջնադարյան մշակութային ժանրերը որոշվում էին ոչ այնքան տեքստի ձևով և կառուցվածքով, որքան գործառույթներով, այսինքն՝ որտեղ և երբ պետք է կատարվեր տվյալ տեքստը, ինչ նպատակով։ Շնորհալու ստեղծագործությունների թեման ևս ընտրված է այն իրադարձություններով, որոնք պատճառ են դարձել դրանք ստեղծելու։ Դրանցում վառ արտահայտված է հատկապես հեղինակի ինքնատիպությունը՝ թե՛ պոետիկայի մեջ, թե՛ բանաստեղծական միջոցների կիրառության, և թե՛ հարուստ բովանդակության։ Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Արևշատյանն իր «Ներսես Շնորհալին և հայ հոգևոր երգաստեղծությունը» զեկուցմամբ անդրադարձավ նաև Շնորհալու հոգևոր երաժշտության առանձնահատկություններին։

Shnorhali gitajoxov 4

«Հսկայածավալ է Ներսես Շնորհալու երաժշտական կարողությունը։ Նա ստեղծել է ինչպես հոգևոր՝ շարական, տաղ, գանձ, ողբ, պատարագի սրբազացություններ, այնպես էլ՝ աշխարհիկ երաժշտություն, բանաստեղծական տաղեր՝ հեղինակելով հարյուրավոր երգասացություններ։ Դրանք նվիրված են տերունական տոներին, համաքրիստոնեական և ազգային Սրբերին։ Ներսես կաթողիկոսը հայ մատենագիտության այն եզակի դեմքերից է, որը կենդանության օրոք կոչվել է մի շարք պատվանուններով՝ Երկրորդ Գրիգոր Աստվածաբան, Շնորհալի, իսկ բյուզանդական Մանուել կայսրը նրան անվանել է Երկրորդ Լուսավորիչ, ինչը վկայում է նրա մեծ հեղինակության մասին նաև Հայաստանից դուրս։ Շնորհալու ողջ բանաստեղծական ժառանգությունը ներթափանցված է երաժշտականությամբ, դրանում նաև հմտորեն կիրառված են տաղաչափական ամենատարբեր ժանրերը։ Միաժամանակ նրա հոգևոր գործերում նկատվում է ժողովրդական ստեղծագործություններին հատուկ ելևէջների փոխառությունը։ Իսկ պատարագի երգասացությունների թվում հարկ է անդրադառնալ «Սուրբ սուրբ» հայտնի երգասացությանը, որն իր զգայական էությամբ և կրոնական խորը ապրումների առումով արտահայտում է պատարագի ողջ խորհուրդը։ Դրա մեղեդին, վառ արտահայտված քնարահայեցողական բնույթը թույլ են տալիս այն դասել հայ միջնադարյան երգարվեստի գոհարների շարքին»,- ասաց Ա. Արևշատյանը։

Ինչպես նշվեց, Ներսես Շնորհալին նաև անդրադարձել է Արևագալի երգերին․ արևագալի համար ստեղծել է չորս նոր երգ՝ «Յարեւելից մինչ ի մուտըս», «Ճըգնաւորք Աստուծոյ», «Լոյս, արարիչ լուսոյ» և «Ճանապարհ եւ ճշմարտութիւն»։ Ըստ որոշ հետազոտությունների՝ այս ստեղծագործությունները միջնադարյան հոգևոր երգարվեստի մեջ ժանրի ձևավորման առաջին դրսևորումներից են և հիմնված են հոգևոր երգաժանրերի և հեթանոսական պաշտամունքային արվեստի վրա։ Այստեղ խոսքը միջնադարում տարածված հայկական արևորդիներ աղանդի և պաշտամունքային, ծիսական երգարվեստի հետ ունեցած փոխառնչությունների մասին է։ Ներսես Շնորհալին առավել մանրամասնորեն է հիշատակել Արևորդիների մասին իր «Յաղագս Արևորդեացն դարձի» թղթում: Հայոց կաթողիկոսը հայտնում է, որ Սամոսատ քաղաքում բնակվող արևորդիք կոչված աղանդավորները որոշել են հրաժարվել հերձվածի գաղափարներից ու հավատալիքներից և ցանկանում են վերադառնալ Հայ եկեղեցու գիրկը։ Ինչպես մշակութաբան Հրաչ Բարթիկյանն է եզրակացնում, ըստ Ներսես Շնորհալու՝ Արևորդիների աղանդը շատ հին է, գալիս է Գրիգոր Ա Լուսավորչի ժամանակներից և նրանց հավատալիքները կապվում են հեթանոսական պաշտամունքի հետ: Արևորդիների պաշտած Արեգակի ներքո Քրիստոսն է ենթադրվել, և Քրիստոսին Արեգակ են անվանել:

Shnorhali gitajoxov 6

Ըստ երաժշտագետ-միջնադարագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանի՝ հայկական Վերածննդի ցուցիչներից մեկն է ընկալվում լույսը, լուսերգությունը և լույսի գաղափարը տանում է միհրականության արմատներին, իսկ միհրականության արձագանքները նկատելի են բարձր միջնադարի մի շարք դրսևորումներում, այդ թվում՝ Սուրբ Ներսես Շնորհալու մոտ պահպանված Արևագալի երգերում։

«Շնորհալու կապը հնագույն նախաքրիստոնեական շերտի մշակութային դրսևորումների հետ անհերքելի է։ Նա առնչվում է և՛ աղանդավորների, և՛ նախաքրիստոնեական գաղափարներ կրող համայնքի, այդ թվում՝ արևորդիների հետ և այլն։ Ակնհայտ է, որ այդ առնչությունը եղել է, սակայն չենք կարող շրջանցել այն կարևոր հոգևոր նշանակություն ունեցող գաղափարական հիմքը, որը ուշ մտավ արվեստ և բարձր միջնադարում անշրջանցելի էր․ դա նեոպլատոնական գաղափարախոսական հիմքն է, և լույսի գաղափարը այդ համակարգի առանցքն է։ Տիեզերքի կենտրոնում լույսի գաղափարը նեոպլատոնական կրոնափիլիսոփայական գաղափարի հիմքն է եղել։ Նման դրսևորումները բազմաթիվ էին նաև հայկական մշակույթի մեջ և հենց Ներսես Շնորհալու ժառանգության մեջ. ահա օրինակ կարող ենք դիտարկել «Առավոտ Լուսօն»։ Այն լույսի շնորհների տիեզերական կառույցի մեջ բաշխվելու գաղափարն է ներկայացնում»,- հավելեց Մ. Նավոյանը։

Shnorhali gitajoxov 5

Ներսես Շնորհալու բեղուն գործունեությանն ու երաժշտաստեղծության առանձնահատկություններին է անդրադարձել հայոց մշակույթի մեկ այլ հսկա՝ Կոմիտասը։ Ներսես Շնորհալու առաքելությունն ու հոգևոր, մշակութային ժառանգությունը Կոմիտաս Վարդապետի համար աննկարագրելի կարևոր տեղ են գրավել, Կոմիտասը Շնորհալուն անդրադարձել է ողջ կյանքի ընթացքում։ Շնորհալուն է նվիրված Կոմիտասի ավարտաճառը Գևորգյան ճեմարանում։ Երաժշտագետ, կոմիտասագետ Լուսինե Սահակյանն ասում է՝ եթե Կիլիկյայի Քեսունի Կարմիր Վանքի ամենանշանավոր սանն է Ներսես Շնորհալին, ապա Գևորգյան ճեմարանի ամենանշանավոր սանը Կոմիտաս Վարդապետն է։

«Էջմիածնի միաբանները Պահլավունիների տոհմից սերած Շնորհալու մասին գրել են. «Շնորհալին աղոթքն է հայ եկեղեցու, Շնորհալին հայ եկեղեցու կամարների տակ և հոգիների մեջ միշտ հավերժ հնչող անլռելի Զանգակատունն է հայ հոգևոր երգի ու շարականի»: Դարեր անց Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատունը» կկապի հայոց եկեղեցու երևելի հայրերին։ Դարեր հետո գրող, բանասեր Արշակ Չոբանյանը Կոմիտաս Վարդապետին կանվանի 20-րդ դարի Շնորհալի։ Ինչու՞ հենց Կոմիտասը։ Միջնադարյան լուսերգության երկու հսկաներ Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին Կոմիտասի ստեղծագործական և երաժշտագիտական ժառանգության մեջ արժանանում են առանձնահատուկ ուշադրության։ Կոմիտասի առաջին լուրջ անդրադարձը Շնորհալուն պատմական, կենսագրական փաստերի ամփոփումն է Գևորգյան ճեմարանում ավարտաճառի տեսքով, որը մրցանակների է արժանացել։ Շնորհալու անձն ու գործը ներկայացվել է դարաշրջանի պատմաքաղաքական և մշակութային իրադարձությունների համատեքստում, օրինակ՝ Ասորիքի և հայոց եկեղեցու տարաձայնությունների, բախումների խաչմերուկում։ Ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է Հայրապետական Աթոռը տեղափոխվել Կիլիկիա, ինչպե՞ս է հույների, պապերի և Ասորիքի թշնամական իշխանությունների հայացքների ներքո ձևավորվել հայոց իշխանությունը, խռովություններ ներսից և դրսից։ Կոմիտասը տրամաբանական և կանոնակարգված կերպով խորանում է պատմական դեպքերն ուսումնասիրելիս։ Հենց այդ իրավիճակում դրսևորվում է Ներսես Շնորհալի դիվանագետը և հայրենասերը։ Այս իրողությունների մեջ առավել վեհորեն է դրսևորվում Շնորհալու բացառիկ հայրենասեր կերպարը»,- նշեց երաժշտագետը։

Ներսես Շնորհալու անձն ու գործը կշարունակեն մնալ տարաբնույթ հետազոտությունների կենտրոնում, քանզի հարուստ ժառանգությունն  ու պատմական ահռելի դերը նոր բացահայտումներ են խոստանում։ Շնորհալու դիվանագիտական աշխատանքի շնորհիվ հույն ու լատին եկեղեցիները ճանաչեցին հայ առաքելական եկեղեցին՝ ինքնուրույն վարդապետությամբ և ավանդույթներով։ Ներսես Շնորհալին դասվել է հայ առաքելական եկեղեցու Սրբերի դասին։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 859

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: