Մաշտոցյան Մատենդարանում բացվել է «Տառի գունազարդումը» ցուցահանդեսը

     «Փիւրն զփառս նշանակէ զհետ ընթացաղաց ուսմանց տառից քերթողականաց»։

Մաշտոցյան Մատենադարանում բացվել է «Սաղարթ» բրենդի հիմնադիր Արմենուհի Սաղդասարյանի՝ «Տառի գունադարձումը» խորագիրը կրող 7-րդ խորհրդանշական ցուցահանդեսը։ Ցուցադրությանը ներկայացված են հեղինակի ինչպես նոր, այնպես էլ արդեն ծանոթ, ինքնատիպ լուծումներով ստեղծագործությունները։ Առաջին անգամ ցուցադրվում են նաև Մատենադարանի եզակի ձեռագրերից արժեքավոր մանրանկարներ, հմայիլներ։ Եզակի ցուցահանդեսը նվիրված է Մայրենի լեզվի միջազգային օրվան, որը տոնվում է փետրվար 21-ին։

Արմենուհի Սաղդասարյանի խոսքով՝ հաշվի առնելով, որ հայկական տառերը մշակութային ինքնության անքակտելի և կարևորագույն բաղադրիչներից մեկն են՝ ցանկություն է առաջացել բացահայտելու հնադարյան գիրն ու զարդարվեստը և յուրովի նոր շունչ պարգևել դրանց՝ ժամանակի ոգուն համահունչ։

Tari gunazardumy 2

Արմենուհի Սաղդասարյանը ծնվել ու մեծացել է Լիբանանում և Հայաստան տեղափոխվել իր ընտանիքով 2001 թվականին: 2015թ․-­ին հաճախելով գործվածքի վրա նկարչության (բատիկ) սիրողական դասընթացների՝ նա իր մեջ սեր բացահայտեց այս արվեստի հանդեպ։ Աստիճանաբար յուրացնելով այս բարդ, բայց և ինքնատիպ նկարչական տեխնիկան՝ Արմենուհին իր մեջ համարձակություն գտավ տառերի պարզ ձևավորումից անցում կատարելու դեպի առավել բարդ և ներդաշնակ հավաքածուների ստեղծմանը: Արաբական գեղագրության արվեստին քաջածանոթ լինելու փաստը մեծ հնարավորություն է տվել Արմենուհուն՝ յուրովի ուսումնասիրելու և բացահայտելու հայկական տառարվեստի և մանրանկարչության առանձնահատկությունները:

«Երբ երեխաներս մեծացան, ես էլ որոշեցի կյանքս արվեստով լցնել: Այս ընթացքում բոլորն ինձ քաջալերում էին, հատկապես ընտանիքիս անդամները ոգեշնչեցին, և երբ նկարների քանակն արդեն հիսունն անց էր, ոգեշնչեցին ինձ, որ ցուցահանդես ունենամ։ 2015 թվականին սկսվեց իմ ճանապարհը: Մենք կրում ենք մեր մեծերի՝ Մեսրոպ Մաշտոցի, Կորյունի, Խորենացու, Տաթևացու ժառանգությունը, և մեզ թողած ոգեղեն ժառանգությունն է, գրերն ու զարդարվեստն են, որ իմ ոգեշնչման լավագույն աղբյուրը դարձան: Եվ ես որոշեցի հնադարյան մեր գիրն ու արվեստը ընդգրկել իմ ստեղծագործությունների մեջ, բայց իմ յուրօրինակ, այսինքն՝ Սաղարթի իմ մոտեցումներով, լուծումներով», -պատմում է հեղինակը։

Tari gunazardumy 3

«ՍԱՂԱՐԹ»-ի գաղափարը ծնվել է Հայոց գրերի և հայկական զարդարվեստի հոգուց։ Դրանցում ներգրավված են հայկական մանրանկարչության առանձնահատկությունները, որոնք էլ ոգեշնչված են հայոց պատմությունից, դիցաբանությունից, լեգենդներից։ «ՍԱՂԱՐԹ»-ի սիրահարներին ծանոթ են «Վարսանդ», «Միասնություն», «Ալիք», «Ժամանակ», «Ճանաչել», «Հոգևոր ազատություն», «Հորիզոն» ստեղծագործությունները։

«Տարիների ընթացքում ես հասկացա, որ ոչ միայն  տառերի գեղեցիկ ու ճոխ ձևն եմ ես հավանել, այլ իրենց խորհուրդներն են ինձ ավելի գրավել: Ես մինչև հիմա սովորում եմ դրանց նշանակությունը: Իսկ գրերի խորհուրդը մտքի զարթոնքն ու արթնացումն է արտացոլում: Կարծես թռչնակներն իրենց թևերով ուզում են մեզ երկինք բարձրացնել, միաժամանակ հոգևորը բերել մեզ փոխանցել, գիրը տարածել մեր մեջ», -հավելեց տիկին Սաղդասարյանը։

Tari gunazardumy 4

Ցուցահանդեսին ներկա հյուրերին ևս գրավել է յուրատեսակ մոտեցումը և կապը տարբեր ժամանակաշրջանների միջև, նուրբ մոտեցումը և ստեղծարար տեսակետը։

«Չափազանց խորհրդանշական է, որ Մաշտոցյան Մատենադարանում, որտեղ պահվում է մեր ազգային ժառանգության կարևորագույն և մեծագույն մասը, իր պատմական դռներն է բաց արել ժամանակակից ստեղծագործողի առջև: Բայց այդ ստեղծագործողը պատահական ստեղծագործող չէ, ինչպես տեսանք մեր ձեռագրական ժառանգությունից, հայկական մանրանկարչությունից  ոգեշնչված մի արվեստ է ստեղծել, որը համադրել է գեղեցիկ ձևով պատմական մեր ժառանգությունը ժամանակակից տեխնիկայի, գունազարդման հետ»,- ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Աբեղա Կարապետյանը:

Tari gunazardumy 6

ՀՀ վաստակավոր նկարիչ Հրանտ Թադևոսյանը ևս հիացմունքով անդրադարձավ ցուցահանդեսին և կարևորեց նման փորձը մեր իրականության մեջ։

«Աշխատանքները հոգևոր և տեսանելի ճշմարտություն են: Շատ բարձր է կուլտուրան, մոտեցումը կատարողական բավականին բարձր վարպետություն կա, և շատ գեղեցիկ է կազմակերպված ցուցադրությունը: Հրաշալի ցուցադրություն է ներկայացված, որ աշխարհի ցանկացած ցուցասրահում կարելի է ներկայացնել որպես ազգային արժեք»,-ասաց նկարիչը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 328

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: