• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • 51 համերգ ՀՀ-ում, 34-ը՝ արտասահմանում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել է 18-րդ համերգաշրջանը

51 համերգ ՀՀ-ում, 34-ը՝ արտասահմանում. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամփոփել է 18-րդ համերգաշրջանը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր 18-րդ համերգաշրջանի ընթացքում ունեցել է 85 համերգ‚ որից 51-ը՝ Հայաստանում‚ 34-ը՝ արտասահմանում։ Տարբեր համերգային ծրագրերով և հետաքրքիր ելույթներով երկիր են հրավիրվել մեծ ճանաչում ունեցող 35 արտիստներ‚ որոնց հետ նվագախումբը հանդես է եկել։

Սա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2023-24թթ. համերգաշրջանի ամփոփման մամուլի ասուլիսին ներկայացրեց նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Նրա խոսքով՝ 2023-2024 թվականների համերգաշրջանի ընթացքում ձայնագրվել է 48 ստեղծագործություն‚ որոնք կտեղադրվեն այն մեդիա հարթակներում‚ որոնց հետ համագործակցում է նվագախումբը։

«Նվագախմբի համար կարևոր է աշխատել հայտնի դիրիժորների հետ՝ բարձրացնելու կատարողական արվեստը։ Այս համատեքստում հրավիրվել են հայտնի 20 դիրիժոր‚ որոնք` որպես հրավիրյալ դիրիժոր‚ հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ունենք հայ կոմպոզիտորների 45 թվայնացված ստեղծագործություն։ Այդ գործերի մի մասը հնչել է մեր համերգաշրջանի ընթացքում»,- նշեց նա։

Simfonik ampopum 2

Նվագախմբի տնօրենը կարևորեց նաև համերգների հեռարձակումը, ասաց՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հաճախ է հեռարձակում իր համերգները․ 18-րդ համերգաշրջանում առցանց հեռարձակվել է 33 համերգ։ Նվագախումբը հաշվետու համերգաշրջանում ներկայացրել է 20 հայաստանյան պրեմիերա, հանդես է եկել փառատոններով՝ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոն‚ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն‚ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն‚ Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության փառատոն։

«Մենք ներկայացրինք Խաչատրյանի կինոերաժշտությունը, որ հազվադեպ է կատարվում։ Ներկայացրինք նաև Խաչատրյանին նվիրված ջազային համերգային ծրագիր և այլ համերգներ՝ հնչեցնելով նրա կոնցերտները, նրա 3-րդ սիմֆոնիան, որ հազվադեպ է կատարվում»,- ասաց Բալբաբյանը։

Վերջինս ընդգծեց՝ չեն մոռանում նաև երիտասարդ կոմպոզիտորներին հարթակ տրամադրելը։

Հանդիսատեսի սպասված համերգներն են «Սիմֆոնիկ Մանսուրյան», «Սիմֆոնիկ Ջեքսոն», «Սիմֆոնիկ ռոք» և այլ նախագծերը, իսկ Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ Կասկադում «Սիմֆոնիկ Ազնավուր» համերգով ներկայացրինք նրա երաժշտությունը։ Հենց այս շարքի նպատակն է երիտասարդներին բերել դեպի դասական երաժշտություն և կոտրել ավանդական կարծրատիպը, թե դասական երաժշտությունը բարդ է։

Նա նվագախմբի համար մեծ հաղթանակ է համարում հանրահայտ «Դոյչե գրամաֆոն» ընկերության հետ Ազնավուրին նվիրված սկավառակի թողարկումը։ Տարածաշրջանում Սիմֆոնիկ նվագախումբն առաջինն է, որ «Դոյչե գրամաֆոն» պիտակով սկավառակ է թողարկել։ Ազնավուրի 100-ամյակին թողարկված սկավառակում ջութակահար Կամիլ Թոմայի հետ նվագախումբը կատարում է  շանսոնյեի  գործիքային ստեղծագործությունները։

Simfonik ampopum 3

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նաև կրթական ծրագրեր է իրականացնում։ 18-րդ համերգաշրջանի ընթացքում շարունակել են «ԴասԱ» ծրագիրը Երևանի և մարզերի դպրոցներում՝ ներգրավելով 11 հազար աշակերտի։ Ծրագիրը հանրակրթական դպրոցների աշակերտներին հնարավորություն է տալիս ներկայանալ համերգներին, մինչ համերգները երաժիշտներն այցելում են դպրոցներ, աշակերտների հետ զրուցում համերգի, կոմպոզիտորի, երաժշտության մասին։ 2023-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին նվագախումբը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ծրագիր է իրականացնել․ «Ծրագրի ընթացքում կարողացանք նվազագույն թիվ սահմանել  նվագախմբի համերգների տոմսերի համար և հանգանակություններ իրականացնել` Արցախից տեղահանված մեր հայրենակիցների առաջնային կարիքները հոգալու համար»։

17-րդ համերգաշրջանից սկսած՝ նվագախումբը համերգների տոմսերի հասույթի տասը տոկոսը փոխանցում է «Հավատ» ՀԿ-ին, որը լսողական սարքեր է գնում լսողական խնդիրներ ունեցող երեխաների համար։ Իրականացվել է նաև պիլոտային ծրագիր, որը լսողական խնդիրներ ունեցող երեխաներին թույլ է տալիս հատուկ ժիլետների միջոցով զգալ դասական երաժշտությունը։ Հույս ունեն, որ ծրագիրը շարունակական կլինի։

Արամ Խաչատրյանի 120-ամյակին զուգահեռ նշել են Տիգրան Մանսուրյանի 80-ամյակը, Ավետ Տերտերյանի 95-ամյակը, Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակը։ Նվագախմբի գործունեության կարևոր մաս են հյուրախաղերը։ Նվագախումբը երեսունից ավելի հյուրախաղային համերգներ է ունեցել տարբեր երկրներում։ Համագործակցել է Դուբայի օպերայի հետ, որտեղ տարեկան մեկ կամ երկու անգամ հանդես են եկել որպես պաշտոնական նվագախումբ։

Simfonik ampopum 4

«Հետաքրքիր էին Չինաստանի հյուրախաղերը, որ Ամանորին էին։ Պեկինում առաջին անգամ անցկացրինք Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։ Ձեռքբերում է, որ Հայաստանից միջազգային մրցույթը կարողանում ենք անցկացնել արտերկրում ու ներգրավել բազմաթիվ օտարերկրացիների, բարձրացնել Խաչատրյանի անունը։ Ելույթներ ենք ունեցել Օմանում, որտեղ ներկայացել ենք բալետային ծրագրով՝ համագործակցելով Պրահայի ազգային բալետի հետ, Դուբայի կինոփառատոնին նվագախումբը մասնակցել է որպես պաշտոնական նվագախումբ՝ ներկայացնելով հեղինակային նախագծեր, համագործակցելով Էննիո Մորիկոնեի որդու՝ Անդրեա Մորիկոնեի հետ։ Նվագախմբի համար կատարողական և այլ առումներով կարևոր էին հունիսի 26-29 ԱՄՆ-ում իրականացված հյուրախաղերը»,- եզրափակեց Սարգիս Բալբաբյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ասուլիսի ընթացքում ներկայացրեց հունիսի 26-29-ն ԱՄՆ-ում տեղի ունեցած հյուրախաղերը։ Նվագախումբը ԱՄՆ երեք հեղինակավոր դահլիճներում հանդես է եկել մեկ կոմպոզիտորի՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարմամբ‚ ինչն աննախադեպ էր։

Սմբատյանը նշեց ևս մեկ ձեռքբերման մասին. Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուլիսից միացել է Symphony.live-ի նվագախմբերի ընտանիքին։ Այսուհետև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարումներին ու համերգներին ուղիղ հեռարձակմամբ հնարավոր է հետևել Symphony.live հարթակով։

Մինչև 2026 թվականի դեկտեմբերն արդեն իսկ նախանշված են նվագախմբի անելիքները, իսկ առջևում շատ խիտ ու հետաքրքիր ծրագրերով հագեցած 19-րդ համերգաշրջանն է։

Մերի Խաչատրյան

  • Created on .
  • Hits: 266

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: