Սամվել Թոփալյանի «8000 կմ» մոնոներկայացումը՝ «Էրգրի» ու հիշողությունների արժևորման մասին
Դերասան Սամվել Թոփալյանը թատերասեր հանրությանը ներկայացնում է իր առաջին մոնոներկայացումը՝ «8000 կմ»՝ այն ճանապարհը, որը նա անցել է «Բարև Էրգիր» հաղորդաշարի շրջանակներում: Պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա. պատմություն, որը պետք է հուզի ամեն հայի, պատմություն, որի միջով պետք է անցնի ամեն մի հայ, չէ՞ որ այն մեր պատմական հայրենիքի մասին է։
Մոնոներկայացման հեղինակն է դերասան Սամվել Թոփալյանը, բեմադրիչը՝ Նարինե Մալյանը։
Cultural.am-ի հետ զրույցում Սամվել Թոփալյանն ասաց, որ «Բարև Էրգիր» հաղորդման շրջանակում 20 օրում Արևմտյան Հայաստանում անցել է 8000 կմ։
«Այդ 8-ը նաև պատահական չէ։ Այն հավերժության խորհուրդն է իր մեջ կրում, այսինքն դա մի ճանապարհ է, որը մեր ներսում գոնե չպետք է ընդհատվի, որովհետև երբ ընդհատվեց, ուրեմն պետք է հասկանանք, որ դա էլ մերը չէ։ Սա ոչ թե փուչ հայրենասիրություն է, այլ ենթադրում եմ, որ պետք է ջանք թափենք, բոլորով աշխատենք, որպեսզի այդ 8000 կմ միայն մեր հուշերում չմնա։
Նաև որպես հուշ պետք է կրենք, որովհետև այսօր հաճախ են մեզ ասում՝ մոռացեք, մոռացեք, շատ հաճախ մոռանում ենք ու հանկարծ հասկանում ենք, որ հայրենիք ենք կորցնում, կորցնում ենք անդադար։ Այդ հուշը պետք է մղի աշխատանքի, մղի ձգտման՝ երազելու և ունենալու այդ հայրենիքը։
Իմ ուղերձն է՝ մենք դա չհանենք մեր միջից, պահենք ոչ թե ուղղակի հուշ, այլ հուշը դարձնենք երազանք, նպատակ և գործ։
Հասկացա, որ հատկապես այսօր այս թեման պետք է բարձրաձայնել։ Իսկ ինչո՞ւ որոշեցի բարձրաձայնել հենց ճանապարհորդությունները հիմք ընդունելով, որովհետև դա հստակ տեսել եմ, զգացել եմ, հանդիպել եմ մարդկանց, այդ ամեն ինչը իմն է եղել, որևէ բան չեմ հորինել»,- մանրամասնեց Ս.Թոփալյանը։
Մոնոներկայացման ընթացքում էկրանի վրա ցուցադրվելու են այն վայրերը, ուր եղել է դերասանը, այն մարդկանց, ում հետ նա շփվել է, խոսել։
«Ես այդպես նաև ցույց եմ տալիս, որ չեմ հորինում, ամեն ինչ իրական է։ Ես պատմում եմ այն դեպքերի մասին՝ և՛ զվարճալի, և՛ վտանգավոր, և՛ անսպասելի, որոնք տեղի են ունեցել ճանապարհին, այն մարդկանց մասին, որոնց հանդիպել եմ Արևմտյան Հայաստանում, այսինքն 8000 կմ ճանապարհորդության ընթացքում իմ տպավորությունների, հույզերի մասին է։
Կրկին եմ ասում՝ չկա փուչ հայրենասիրություն, չկա սովորաբար ընդունված ողբը, կա հստակ պատմություն, հստակ նպատակ՝ այն, ինչ պահում ես քո մեջ, ինչպես վերածես գործի»,- ասաց դերասանը։
Ըստ նրա, այս պատմությունը պետք է հուզի ամեն հայի. «Հայը պետք է ունենա հստակ դիմագիծ, հստակ պատկերացումներ իր հայրենիքի, հողակտորի մասին։ Պետք է հուզի, չէ՞, հայ մարդուն այն ամենը, ինչի մասին ես բարձրաձայնում եմ։ Ենթադրում եմ՝ այն մարդիկ, որոնք անհանգիստ են, իսկապես հուշ ունեն, երգ ունեն պահած իրենց մեջ, կուզեն լսել այս թեման։
Մենք պետք է միշտ արթուն պահենք այս թեման, ոչ թե ողբանք, այլ այդ հուշը մեզ պետք է մղի գործի»։
Նա պատմեց, որ ճամփորդության ընթացում լսել է երգ, որը ինքը լսել էր դեռ օրորոցից։
«Կա երգ, որն իմ մանկությունից է գալիս։ Իսկապես, ոչինչ պատահական չէ։ Այն երգը, որը եղել է իմ օրորոցայինը տատիս կատարմամբ (տատս նույնպես Արևմտյան Հայաստանից էր), դառնում է խորհրդանշական մի բան»,- ասաց Ս. Թոփալյանը։
Մոնոներկայացման պրեմիերան կայացել է հոկտեմբերի 12-ին Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում։ Հոկտեմբերի 14-ին ևս մեկ ցուցադրությունից հետո այն կներկայացվի արդեն Ավստրալիայում։
«Արդեն հրավեր ունեմ»,- ասաց Ս. Թոփալյանը։
Նոյեմբերին կրկին կլինի երևանյան բեմում։ Սամվել Թոփալյանը նպատակ ունի այն ներկայացնել նաև Հայաստանի մարզերում, եվրոպական հայաշատ վայրերում։
Կարս, Դիարբեքիր, Կարին, Էրզրում, Բայազետ, Աղթամար, Երզնկա, Անի... պատմական հայրենիք ուխտագնացության ընթացքում այս և այլ վայրերում է եղել Սամվել Թոփալյանը ու ինչպես ինքն է ասում՝ «ուզում է պապերի հողում թողնել ավանդական հայկական հետքը՝ ուժ և էներգիա ստանալու ակնկալիքով»։
Պատմական հայրենիքից ստացած ուժն ու էներգիան, հույզերն ու հուշերն այսօր Սամվել Թոփալյանը փոխանցում է արդեն հայ հանդիսատեսին։
Տ․Մ․
- Created on .
- Hits: 295