Սիլվա Կապուտիկյանը կդառնար 106 տարեկան
«Սիլվա Կապուտիկյան` նորոգ վերծաղկում Վանա ծովու ոգու,
Սիլվա Կապուտիկյան` երգիչը արդար խոսքի մեսրոպյան լեզվով,
Սիլվա Կապուտիկյան` Սոսյաց անտառը լուսո Հայկազեան ցեղի, ռազմի երգերով.
Սիլվա Կապուտիկյան, Քեզ գովք ու օրհնանք Սուրբ Էջմիածնի Լուսո խորանից»:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը Սիլվա Կապուտիկյանի մասին
Հունվարի 20-ին լրացավ ամենայն հայոց բանաստեղծուհու, հայ պոեզիայի խոշորագույն գործիչներից մեկի՝ Սիլվա Կապուտիկյանի 106-ամյակը:
Սիլվա՝ Սիրվարդ Բարունակի Կապուտիկյանը ծնվել է 1919 թվականին Երևանում՝ Վանից գաղթած ընտանիքում։ Սովորել է Երևանի Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում։ Առաջին բանաստեղծությունը 13 տարեկանում տպագրել է «Պիոներ կանչ» թերթում։
Կապուտիկյանը կրթությունը ստացել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, ապա մասնակցել Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի բարձրագույն դասընթացներին։ Բանաստեղծությունների առաջին՝ «Օրերի հետ» ժողովածուն լույս է տեսել 1945 թվականին։ Սիլվա Կապուտիկյանը 1952 թվականին «Իմ հարազատները» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ԽՍՀՄ, իսկ 1988 թվականին` ՀԽՍՀ Պետական մրցանակների։
2009 թվականին բանաստեղծուհու տանը բացվել է տուն-թանգարանը: Կապուտիկյանի ստեղծագործություններում մշտապես իշխել են մայրենի լեզվին, հայրենիքին, հայ ժողովրդին ուղղված կոչերն ու ձոները։
Բանաստեղծուհու ծննդյան օրը նշանավորվեց նախ մտավորականների պանթեոն այցելությամբ: Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Դեմիրճյանը նշեց, որ բանաստեղծուհու ծնունդն աստեղային էր։ Սիլվա Կապուտիկյանն իսկապես մեծ էր և՛ բանաստեղծական ժանրում, և՛ արձակում։
«Երբ լույս աշխարհ եկավ Սիլվա Կապուտիկյանը, դա մեծ բարեբախտություն էր հայ ազգի համար, որովհետև ծնվեց դարի, հազարամյակի մեծ կինը, մեծ բանաստեղծը։ Նա մեր Պառնասի հայոց թագուհին է։ Սիլվա Կապուտիկյանն ի ծնե օժտված էր։ Ինչպես Սերո Խանզադյանն էր ասում՝ նա ի բնե մշտնջենավոր է, քանի որ նրա բարուրը համբուրել է Աստված։ Նա ասում էր, որ Կապուտիկյանը ոչ թե կայացավ, այլ արդեն կայացած ծնունդ էր։ Իսկապես այդպես է։ Կապուտիկյանն իր առաջին բանաստեղծությունը, որը կոչվում է «Պատասխան Թումանյանին», գրել է տասնչորս տարեկանում։ Նա գրում էր, որ Ձեզ պես չենք ապրում, ավելի լավ ենք ապրում։ Տասնյոթ տարեկանում Կապուտիկյանը գրեց Գիքորին ուղղված բանաստեղծությունը։ Իրական կյանքի ապրումներն անցել էին նրա սրտով, և Կապուտիկյանը հասկացավ, որ Թումանյանի թախիծը նաև իր թախիծն է»,- հավելեց Արմենուհի Դեմիրճյանը։
Ինչպես Համո Սահյանն է մի անգամ ասել․
«Թերևս մեզանից ոչ ոք չի կարողացել իր ստեղծագործության մեջ այնպես զուգակցել միտքն ու զգացմունքը, ավանդականն ու ժամանակակիցը, ազգային ձևն ու մարդկային խորքը, եղերգականն ու մարտականը, հետիոտն, գիտակցված պրոզաիզմն ու ճախրող բանաստեղծականը, ինչպես Կապուտիկյանը»:
Օրվա առթիվ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում նաև բացվեց «Ժանյակը՝ Կարեն Եփփե վարժարանի հիշատակություն» ցուցահանդեսը, որի հեղինակը վարժարանի սանուհի Թագուհի Մելքոնյանն է։
«Մեր սիրելի անզուգական Սիրվա՛րդ, Մեր մեծ հանճարեղ ժողովրդի զավակն ես դու` ամբողջովին ծնված մեր հողից, սնված մեր արմատներից, մեր տանջանքներից ու ուրախություններից, այն ժողովրդի, որը երբեք չի տիրել, չի տրորել, այլ միշտ տրորված լինելով` շարունակել է շտկել իրանը, բարձրացնել գլուխը և նորից նայել արևին, նորից ստեղծել, ստեղծել, ստեղծել … Ապրի՛ր, ստեղծի՛ր,բա՛րձր պահիր Մեծ ժողովրդի անունը, նրա իդեալները, նրա արդար դատի իրավունքը»: Մարտիրոս Սարյանը Սիլվա Կապուտիկյանին
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 64