«Մարկոս և Փարաջանով». Նոր ցուցադրություն Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում
Հունվարի 17-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվեց «Մարկոս և Փարաջանով. պատում մեկ իրի» ցուցադրությունը։ Հետաքրքիր է, որ ցուցադրվող միակ առարկան մեղվակարպետն է, որը Փարաջանովի նվերն էր հողարվեստի ուղղության հիմնադիր, հավաքորդ Մարկոս Գրիգորյանին։ Այն դարձել է երկու խոշորագույն արվեստագետների ընկերության յուրօրինակ խորհրդանիշը։
Ինչպես հայտնում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, 1988 թվականի աշնանը բացառիկ հրավերով Սերգեյ Փարաջանովը մեկնել է Նյու Յորք՝ «Աշուղ Ղարիբ» ֆիլմով 26-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու համար։
Փառատոնի ընթացքում Փարաջանովը ծանոթացել է և մտերմացել Մարկոս Գրիգորյանի հետ: Արդեն Նյու Յորքից վերադառնալուց հետո Փարաջանովը Մարկոս Գրիգորյանին, ի նշան բարեկամության, մեղվակարպետ է ուղարկել։
Կինոռեժիսորը ԱՄՆ էր մեկնել կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի հետ։ Յավուրյանը մի անգամ պատմել է, որ նյույորքյան այդ ճանապարհորդության ընթացքում Գրիգորյանն իրեն և Փարաջանովին մի քանի օր ծանոթացրել է քաղաքի անցուդարձի հետ։ Մի օր էլ Գրիգորյանը կինոգործիչներին հրավիրել է կինոարտադրության տեխնիկայի խանութ ու ասել, որ կարող են ընտրել այն, ինչ ցանկանում են։ Հաջորդիվ տեխնիկան ադեն արկղերով նրանց սենյակում էր։ Իսկ երբ Փարաջանովն ու Յավուրյանը Հայաստան են վերադառնում, կինոռեժիսորը ցանկանում է իր շնորհակալությունը հայտնել Մարկոս Գրիգորյանին ու որոշում հայկական կարպետ նվիրել նկարչին։ Իրեն բնորոշ ոճով Փարաջանովը մի լեգենդ էլ այստեղ է ստեղծում կարպետի շուրջ։ Այդ կարպետը, որը բացառիկ ու հին գանձ էր համարվում, Փարաջանովն ուղարկել է Գրիգորյանին` հայտնելով, որ կարպետը իշխանություններից գաղտնի է ուղարկել: Գրիգորյանի պատասխանն էլ երկար չի ուշացել։ Մարկոս Գրիգորյանն էլ իր հերթին մի քանի արտիստիկ լուսանկար է արել ու ուղարկել Փարաջանովին։ Ցուցադրությունը կգործի մեկ ամիս:
Այս տարի տոնվում է Մարկոս Գրիգորյանի 100-ամյակը, և հոբելյանական միջոցառումները միայն ցուցադրությամբ չեն սահմանափակվի։ Օրերս ՀՀ ԿԳՄՍ նախարարի ու Երևանի քաղաքապետի ստորագրած հուշագրով էլ որոշվեց Հանրապետության 32 հասցեում գտնվող հուշարձան-շենքում, որը Պարսկաստանի նախկին հյուպատոսարանի տարածքն է՝ հիմնել հողարվեստի ուղղության հիմնադիր, նկարիչ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանի թանգարանը:
Տաղանդաշատ արվեստագետ, նկարիչ Մարկոս Գրիգորյանի 100-ամյակը լրացել է դեկտեմբերի 5-ին։ Ինչպես հայտնում են Գրականության և արվեստի թանգարանից, մեկ դար անց նրա արվեստը շարունակում է վայելել լայն ճանաչում և բարձր գնահատանք ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տասնյակ երկրների մշակութային ամենահեղինակավոր կենտրոններում։ Մեծանուն գործչի աշխատանքները բազում այցելուներ են բերում МоМА, ТАТЕ, МЕТ, BRITISH MUSEUM և այլ հանրահայտ թանգարաններ։ Համաշխարհային կերպարվեստի այս հսկայի ամենամեծ՝ Միջին Արևելքի արվեստ հավաքածուն արդեն 31 տարի է` գտնվում է Երևանում՝ Գրականության և արվեստի թանգարանում։ Հավաքածուն Մարկոս և Սաբրինա Գրիգորյանների նվերն է իրենց հայրենիքին։
Մարկոս Գրիգորյանի արվեստը տեղ է գտել 20-րդ դարի երկրորդ կեսի համաշխարհային արվեստի համայնապատկերում։ Արվեստագետը ծնվել է Ռուսաստանում, ապրել Իրանում, կրթություն ստացել Իտալիայում, նաև ապրել ԱՄՆ-ում, Հայաստանում։ Մարկոս Գրիգորյանը համադրել է արևելքի և արևմուտքի մշակութային մի շարք ուղղություններն ու գույները՝ ստեղծելով յուրօրինակ արվեստ ու հավաքածուներ։ Այո՛, նա արվեստագետ էր, արվեստի տեսաբան և, իհարկե, կոլեկցիոներ ու համադրող։
Այդ արվեստում չէր կարող տեղ չգտնել նաև հայրենասիրական մղումը, ինչի արտահայտմամբ 1990-ական թվականների սկզբին Մարկոս Գրիգորյանի հսկայական հավաքածուն ու աշխատանքները տեղափոխվեցին Հայաստան։ Դրա հիման վրա էլ ստեղծվեց Միջին Արևելքի արվեստի թանգարանը:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 52