Կինոաշխարհի մոգերից մեկը՝ Դեյվիդ Լինչը (1946-2025), լքեց իր ստեղծած սյուրռեալիստական տիեզերքը

«Մի փորձեք պայքարել խավարի դեմ, պարզապես միացրեք լույսը, և խավարը կվերանա»։
Դեյվիդ Լինչ
Մինչ կինոգետներն ու լրագրողները պատրաստվում էին հունվարի 20-ին անդրադառնալ կինոաշխարհում նոր տարածություն բացած հեղինակավոր Դեյվիդ Լինչին, մեր հերոսը նորից որոշեց մոգին բնորոշ առեղծվածայնությամբ փոխել բոլորի ծրագրերը, իսկ հետո, ցավոք, հեռանալ:
«Մենք երջանիկ ենք, որ ապրել ենք Դեյվիդ Լինչի դարաշրջանում»,- ահա այսպես շատերի փոխարեն խոսեց և սյունակներից մեկը վերնագրեց Time ամսագիրը՝ արձագանքելով հունվարի 16-ին Լինչի ընտանիքի հայտնած՝ Լինչի մահվան լուրին:
Կինոգետներն ու կինոսերները կփաստեն՝ Լինչն ունի տեսախցիկի օգտագործման շատ հատուկ ձև՝ իր պատմությունը պատմելու համար: Համաձայն Ռեբեկա Պայվայի «Լինչի ֆիլմը» քննադատական էսսեի՝ ռեժիսորն օգտագործում է տեսախցիկի տարօրինակ անկյուններ: Օրինակ՝ նա կարող է տեսախցիկը տեղադրել սենյակի անկյունում կամ սեղանի տակ, կամ էլ կրակել բյուրեղյա գնդակի միջով։ Նա նաև խաղում է լույսի և ստվերների հետ այնպիսի ձևերով, որոնք շատ են տարբերվում կինոգործիչների կիրառած այլ ձևերից:
«Որքան շատ եք նկարահանում, այնքան ավելի հեշտ է դառնում յուրաքանչյուր հաջորդ ֆիլմը: Գաղափարներ որսալն ու փոխակերպելը դառնում է սովորական: Դուք գիտեք, թե ինչ գործիքներ օգտագործել նկարահանումների ժամանակ, ինչպես կարգավորել լուսավորությունը: Աշխատանքի ողջ ընթացքը պարզ է դառնում, քանի որ դուք արդեն մեկ անգամ չէ, որ քայլել եք այս ճանապարհով։ Մյուս կողմից էլ դժվարություններ կան, քանի որ յուրաքանչյուր հաջորդ ֆիլմ ընկալվում է նախորդի պրիզմայով։ Այն գնահատվում է նախկինում արդեն նկարահանվածի համեմատ»։ Հատված Դեյվիդ Լինչի «Բռնել մեծ ձուկ» գրքից։
Լինչը 50-ականների երկրպագու է։ Նրա ֆիլմերում հաճախ ենք հանդիպում այդ շրջանի էսթետիկայի տարրերին՝ մեքենաներ, սանրվածքներ, երաժշտություն: Դա ներկայացնելով էլ Լինչը նոստալգիկ պահ է ապրում: Լինչն ասում էր՝
«Այն ժամանակ մեզ թվում էր, թե ամեն ինչ հնարավոր է, ավելի լավ կյանքի հույս կա, որ ամեն ինչ հրաշալի է լինելու։ Եվ հետո պարզվեց, որ դա այդպես չէ»:
Նրա հերոսները շատ են լռում և արտահայտիչ պարզաբանմամբ: Լինչը հազվադեպ է վստահում բառերին: Ինչպես Լինչն էր ասում՝ մոգերը չեն բացահայտում իրենց գաղտնիքները: Բայց եթե հերոսները խոսում են, ապա կարևոր է ձայնը, ինտոնացիան և ռիթմը:
«Ֆիլմը պետք է ապրի իր կյանքով. աբսուրդ է, երբ ռեժիսորը ստիպված է բառեր օգտագործել՝ բացատրելու համար, թե ինչի մասին է իր ֆիլմը։ Կինոն ցույց է տալիս երևակայական աշխարհ, բայց հանդիսատեսը սիրում է խորասուզվել դրա մեջ: Նրանց համար այս աշխարհը դառնում է կենդանի և իրական: Իսկ եթե հեռուստադիտողին նախապես ասվի, թե ինչպես է ստեղծվել որոշակի դրվագ և ինչ է դա նշանակում, ապա այդ աշխատանքային մանրամասները կազդեն ֆիլմի անմիջական ընկալման վրա, և այդ ժամանակ ամբողջ պատկերը կդառնա այլ»։ Դ. Լ.
Դեյվիդ Լինչի ֆիլմագրությունը կարող է շատ ծավալուն չլինել՝ տասը գեղարվեստական ֆիլմեր, «Twin peacs» շարքը։ Այդ գործերից շատերը նկատելի երևույթ են և չնայած դրանցից ոչ բոլորն էին կոմերցիոն հաջողության հասել Լինչի համար, դրանք դարձան կուլտային ֆավորիտներ և բազմիցս ցիտվեցին: Լինչը բազմաթիվ մրցանակներ ունի կինոյում իր նվաճումների համար՝ Կաննի և Վենետիկի կինոփառատոների բարձրագույն մրցանակներ, Սեզար մրցանակ և նույնիսկ Ֆրանսիայի Պատվո լեգեոնի մրցանակ:
«Եթե ուզում եք մանր ձուկ որսալ, մնացեք ծանծաղ ջրում։ Բայց եթե մեծ ձուկ եք ուզում, պետք է խորանալ: Այնտեղ՝ խորքում, ձկներն ավելի հզոր են ու մաքուր։ Դրանք ավելի մեծ են և ավելի վերացական ու աներևակայելի գեղեցիկ»: Հատված Դեյվիդ Լինչի «Բռնել մեծ ձուկ» գրքից:
«20-րդ դարի տեսողական արվեստի մեծագույն ներկայացուցիչներից մեկի՝ Դեյվիդ Լինչի մահը, ինչպես և իր ֆիլմերը, չափազանց կինեմատոգրաֆիկ է ու տիպիկ լինչական:
Կրակը Դեյվիդ Լինչի առանցքային բազմաբնույթ տարերքն է՝ կործանումից ու վտանգից մինչև կիրք ու խանդավառություն. երկկեցաղ դուալիզմ, որի բնությամբ պարուրված է Լինչի ամբողջ արվեստը: Թվին Փիքս կուլտային սերիալի փսիխոդելիկ փրիքվելը վերնագրված է՝ FIRE WALK WITH ME անգլերեն արտահայտությամբ, որտեղ կետադրական նշանի բացակայությունը տարընթերցելի է դարձնում՝ արդյոք հնչածը ահազա՞նգ է, թե՞ կոչ: «Մալհոլանդ դրայվ» ցայտաբղետ ու լուսաթրթրիռ գլուխգործոցում Լոս Անջելեսը կարծես վառվում է արարման ու կործանման խառնարանում: 78-ամյա Դեյվիդ Լինչը թոքերի էմֆիզեմայի (թոքերի օդափոխության ծայրաստիճան խանգարում) տառապանքների մեջ շնչում էր բացառապես թթվածնային դիմակով, ինչպես իր «Կապույտ թավիշ» ֆիլմի Ֆրենկ Բութը Դենիս Հոպերի դերակատարմամբ՝ Լինչի ձեռամբ ստեղծված ամենատարօրինակ անտագոնիստներից մեկը, ու ահա կալիֆորնիական հրդեհների հետևանքով հարյուրավոր միկրոգրամներով վատթարացած օդի աղտոտվածությունը հասավ հոլիվուդյան բլուրներ, որտեղ Լինչը էվակուացվեց հենց Mulholland Drive փողոցից՝ հրդեհվող Լոս Անջելեսի ներքո»,- գրում է կինոգետ, կինոքննադատ Կարեն Ավետիսյանը:
Մի քանի հետաքրքրիր փաստեր Դեյվիդ Լինչի մասին.
- Լինչի ողջ կյանքը ողողված էր տրանսցենդենտալ մեդիտացիայով, և նա դրան էր վերագրում իր ողջ ստեղծագործական ոգեշնչումը: Նա նույնիսկ հիմնադրել է «Դեյվիդ Լինչ հիմնադրամը», որը խթանում է նման մեդիտացիան՝ որպես սթրեսից ազատվելու և ստեղծագործական ոգեշնչման գործիք: Լինչը հաճախ նկարագրում էր իր պրակտիկան որպես «մաքուր գիտակցության օվկիանոսում» ընկղմում, որը թույլ էր տալիս նրան ներթափանցել գաղափարների ակունքները: Նրա համար մեդիտացիան պարզապես տնային աշխատանք չէր, այն երևակայությունը բացելու բանալին էր:
«Այո՜, արվեստագետը պետք է գիտակցի տառապանքը, բայց դա չպետք է խաթարի իր հոգեկան հավասարակշռությունը։ Ստեղծագործությունը պահանջում է էներգիա և գիտակցության մաքրություն՝ գաղափարներ որսալու համար: Պետք է ուժեղ լինել, որպեսզի չտրվենք հրեշավոր լարվածությանը և սթրեսին, որը մշտապես շրջապատում է մեզ։ Կարևոր է սնուցել պարզության և էներգիայի մեր ներքին աղբյուրը մեդիտացիայի և ներհայեցման միջոցով: Զարմանալիորեն ես դա գիտեմ իմ սեփական փորձից՝ խաղաղությունը բառացիորեն դառնում է քո վահանը...»։ Դ. Լ.
• Հետաքրքիր է, որ Լինչը դպրոցը համարում էր «հանցագործություն երիտասարդների դեմ»:
- Լինչը նաև կոմիքսի հեղինակ է:
- Նկարիչ, թե՞ կինոռեժիսոր: Մինչ Դեյվիդ Լինչը կինոարտադրության աշխարհ կմտներ, նա խորապես խորասուզված էր նկարչության մեջ։ Լինչը սովորել է այնպիսի հեղինակավոր արվեստի դպրոցում, ինչպիսին է Փենսիլվանիայի Գեղարվեստի ակադեմիան, որտեղից սկսվեց նրա հմայքը շարժվող պատկերների նկատմամբ:
• Կինոռեժիսորը՝ սյուրռեալիստական երաժշտության հեղինակ: Հայտնի են մի քանի փորձարարական ալբոմները՝ Crazy Clown Time-ըևThe Big Dream-ը :
• Լինչը նկարահանել է գովազդներ այնպիսի նշանավոր ապրանքանիշերի համար, ինչպիսիք են Dior-ը, Gucci-ն և Yves Saint Laurent-ը՝ իր յուրօրինակ սյուրռեալիստական ոճը բերելով նորաձևության աշխարհ: - Լինչը սուրճի մեծ սիրահար էր: Անգամ նկարահանել է 30 վայրկյան տևողությամբ չորս գովազդային հոլովակ ճապոնական սուրճի համար:
Հ. Գ. «Ինձ դուր է գալիս ասացվածքը. «Աշխարհն այնպիսին է, ինչպիսին դու ես»: Կարծում եմ՝ ֆիլմերը կառուցվում են այնպես, ինչպիսին մարդիկ են: Ահա թե ինչու չնայած բոլոր ֆիլմերի ընդհանուր շրջանակին, նույն կադրերի պարամետրերին, հոլովակների հաջորդականությանը, հնչյունների որոշակի շարքին՝ բոլոր ֆիլմերը տարբեր են: Երբեմն այս տարբերությունը շատ դժվար է նկատել, բայց այն կա։ Դա կախված է հանդիսատեսից: Հանդիսատեսը ֆիլմի հետ կապված է անտեսանելի թելով։ Յուրաքանչյուր մարդ նայում է, մտածում, ընկալում և զգում ինչ-որ այլ, անձնական բան: «Ամենակարևորը այլ աշխարհ մտնելն է այն պահին, երբ բացվում է վարագույրը և մարում են լույսերը։ Եվ սա հենց ամենադժվարն է»։ Դ. Լ.
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 238