Տիգրան Մանսուրյանի՝ հայրենների հիման վրա գրված ստեղծագործությունները կհնչեն Գուրգեն Բավեյանի, Արթուր Ավանեսովի և Պետական կամերային երգչախմբի կատարմամբ

Ես աչք ու դուն՝ լոյս, հոգի՛ս,
Առանց լոյս՝ աչքըն խաւարի
Ես ձուկ ու դուն՝ ջուր, հոգի,
Առանց ջուր՝ ձուկըն մեռանի.
Երբ ձուկըն ի ջրէն զատի,
Ալվի ջուր ձգեն նայ ապրի.
Երբ ես ի քենէ զատիմ՝
Քանց մեռնիլն այլ ճար չի լինի։
Փետրվարի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Տիգրան Մանսուրյանի՝ հայ միջնադարյան տաղաչափության ձևերից մեկի՝ հայրենների հիման վրա գրված ստեղծագործությունները։
Համերգին կներկայացվեն (https://www.facebook.com/profile.php?id=100086635276474) «4 հայրեն Նահապետ Քուչակից» մեներգչի և դաշնամուրի համար, «Հայրեններ. սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» քառաձայն խառը երգչախմբի համար ստեղծագործությունները տաղանդավոր կատարողներ՝ բարիտոն Գուրգեն Բավեյանի և կոմպոզիտոր, դաշնակահար Արթուր Ավանեսովի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Մլքեյան) կատարմամբ։ Ի դեպ, վերջերս գրված «Հայրեններ․ սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների» շարքը կոմպոզիտորը նվիրել է իր լավ ընկերոջը՝ Ռոբերտ Մլքեյանին:
Իսկ դեռևս 1967թ. գրված «4 Հայրեն» մեներգչի ու դաշնամուրի համար շարքն առաջին կատարումից ի վեր արժանացել է հանրության հիացմունքին և հաճախ է հնչում աշխարհի առաջատար բեմերում։
Երաժշտագետ-միջնադարագետ Մհեր Նավոյանի ներկայացմամբ (https://www.facebook.com/100086635276474/videos/806795868240323)` երաժշտության միջոցով հայրեններին առաջին անդրադարձողներից է հենց Տիգրան Մանսուրյանը. «Կոմպոզիտորական արվեստում հայկական միջնադարին անդրադարձ սկսվել է 20-րդ դարի կեսից, առաջիններից մեկը, իհարկե, Տիգրան Մանսուրյանն է, որ դիմել է միջնադարին»:
«Երբ 1967 թվականին գրեցի այդ ստեղծագործությունը, անսպասելի էր, ուշադրություն գրավեց և Միութենական լսարանի կողմից, և մեզանում։ Երիտասարդ հեղինակների մրցույթում՝ Մոսկվայում, «4 Հայրեն»-ներով առաջին տեղը գրավեցի։
Իմ այս ընտրությունը կողմնորոշումների և անալիտիկ մտքի արդյունք չէ։ Բոլորովին։ Ես սիրել եմ դա, այդ բանաստեղծությունները, հայրենները, հնագույն, միջնադարյան հայ գրականությունը, իմ հիացումի արտահայությունն է նախ և առաջ։
Ես շատ եմ սիրում հայոց լեզուն։ Շատ եմ սիրում հայոց լեզվի տաղաչափական հիմունքները, հնչյունաբանության ամբողջ էությանը։
Հիշեմ Ավետիք Իսահակյանի խոսքերը՝ մեր բաղաձայններն առնական հատկություն ունեն։
Ամբողջ Հայաստանի տարածքով են ստեղծվել հայրենները, բոլոր բարբառները ներկա են հայրենների մեջ»,- «Հայրենների» մասին ասել է ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը։
Ինչ վերաբերում է փետրվարի 7-ի համերգին, Մհեր Նավոյանի խոսքով` հանդիսատեսն այդ օրը համերգասրահ պետք է գա՝ հաղորդվելու մեր հայրերի հսկա կուլտուրային, միջնադարյան փառահեղ խոսքի կուլտուրային՝ ագուցված 20-րդ դարի բարձր կոմպոզիտորական արվեստի մեջ։
Արթուր Ավանեսովը Cultural.am-ի հետ զրույցում ասաց, որ «4 հայրեն Նահապետ Քուչակից» ստեղծագործությունը հայ երաժշտության մեջ շատ կարևոր աշխատանք է, քանի որ առաջին անգամ հայ ժամանակակից կոմպոզիտորն անդրադառնում է միջնադարյան հայ պոեզիային, ընդ որում անդրադառնում է այն երաժշտությամբ, որի դարձվածքները, երևելէջները կառուցված են թե ժողովրդական, թե եկեղեցական երաժշտության հիման վրա։
«Դա այդ ժամանակվա հայ երաժշտության մեջ բացառիկ դեպք էր։ Նաև բացառիկ դեպք էր ու նորություն էր այն ժամանակ, որ կոմպոզիտորը կարծես հրաժարում է խորհրդային պաթետիկ ոճից և ներհայեցական ստեղծագործություն է գրում, որը բավականին սերտ առնչություն ունի Կոմիտասի երաժշտության հետ»,- ասաց կոմպոզիտոր Ա. Ավանեսովը։
Ըստ նրա, ստեղծագործությունը որոշակի բարդություններ ունի, բայց դրանք հիմնականում կապված են հարմոնիկ լսողության և կոմպոզիտորի մտահղացման հետ, որը միշտ չէ, որ հնարավոր է նոտային տեքստում արտահայտել։ Ա. Ավանեսովը նշեց, որ ժամանակին նույնիսկ պահանջ եղավ ու հոդված հրապարակվեց հենց «4 հայրենների» կատարողական առանձնահատկությունների մասին։
Հարցին՝ պետք է հաճախ հնչե՞ն «Հայրենները» մեր համերգասրահներում, նաև դրսում, Ա.Ավանեսովը պատասխանեց. «Նախ և առաջ այդ երաժշտությունը հնչեցնելու համար պետք է լինեն համապատասխան կատարողներ։ Պատահական ձևով, այն սովորույթներով, որով դաստիարակված են, օրինակ, իտալական օպերա երգելու համար, իհարկե, այս ստեղծագործությունն անհնար է երգել։
Իհարկե, ցանկանում եմ հաճախ հնչի այս ստեղծագործությունը, բայց կուզեի լինեն շատ երգիչներ, ովքեր կարող են համապատասխան ձևով հաղթահարել այս երաժշտության կատարողական առանձնահատկությունները»։
Բարիտոն Գուրգեն Բավեյանն ու դաշնակահար Արթուր Ավանեսովն արդեն համագործակցության փորձ ունեն՝ ներկայացնելով Տիգրան Մանսուրյանի այլ ստեղծագործություններ։
«Բավականին հեշտ է համագործակցությունը, որևէ խնդիր չի եղել»,- ասաց դաշնակահարը։
Գուրգեն Բավեյանը նույնպես համոզված է, որ այս անգամ էլ համագործակությունը հաջող կլինի։
«Արթուրի հետ համագործակցել ենք մեկ անգամ՝ Մաեստրոյի 80-ամյա հոբելյանական համերգաշարի շրջանակում: Վստահ եմ՝ Մաեստրոյի անմիջական մասնակցությամբ, կհաջողենք»,- Culltural.am-ի հետ զրույցում ասաց երգիչը։
Գուրգեն Բավեյանը «4 հայրենները» կատարելու է առաջին անգամ։
«Քանի որ Մաեստրոյի «Չորս Հայերենները» կատարելու եմ առաջին անգամ և դեռ աշխատանքային փուլում է, կդժվարանամ խոսել կատարողական բարդության մասին: Ստեղծագործությունը առանձնահատուկ է թե երաժշտական առումով, թե խոսքի: Մաեստրոն 4 փոքրիկ ստեղծագործությունների ընթացքում հնարավորություն է տվել երգչին ցույց դնելու իր ողջ հնարավորությունները՝ օգտագործելով ասերգությունից (ռեչիտատիվ) մինչ սահուն և կապակցված երաժշտական ծավալուն ֆրազաներ: Ինչպես նաև առանձնահատուկ է հայ խոսքի և երաժշտության համադրման կոնտեքստում»,- ասաց Գ.Բավեյանը։
Նա վստահ է, ինչպես Տիգրան Մանսուրյանի մյուս գործերն են միջազգային հարթակներում մեծ հետաքրքրություն առաջացնում, նույնը կլինի նաև «4 հայրենների» դեպքում։
«Ինչպես ասացի՝ այս ստեղծագործությունը կատարելու եմ առաջին անգամ։ Արտասահմանյան հանդիսատեսի համար կատարել եմ Մաեստրոյի այլ գործեր, և, դատելով արձագանքներից, վստահ եմ, որ սա էլ միանշանակ մեծ հետաքրքրություն կառաջացնի»,- ասաց Գուրգեն Բավեյանը։
Տիգրան Մանսուրյանի հետ դեռ չի հասցրել զրուցել «Հայրենների» մասին և լսել խորհուրդները։
«Մաեստրոյի հետ ողջ աշախատանքը դեռ առջևում է, որին անհամբերությամբ սպասում եմ. կսկսենք, երբ ժամանեմ Երևան»,- նշեց բարիտոն Գուրգեն Բավեյանը։
Տ․Մ․
- Created on .
- Hits: 398