Միսաք Մանուշյանին և զինակիցներին նվիրված «Մանուշյանական շաբաթ» միջոցառումներ՝ Երևանում և Արտաշատում

Այս տարի մարտի 14-18-ին Հայաստանում անցկացվում են «Մանուշյանական շաբաթ» նախագծի մաս կազմող միջոցառումները։ Նախագիծը նվիրված է Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին:

Միջոցառումը միտված է Մանուշյանի ժառանգությունը վերարժևորելուն և նաև զարկ տալով ֆրանսիական և հայկական պատմամշակութային հարաբերություններին՝ համաշխարհային պատմության մեջ դիմադրության շարժման էջերում Մանուշյանի տեղը ամրապնդելուն։ Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցչության, ֆրանսիական Օվերն Ռոն Ալպեր տարածաշրջանի և Լիոնի քաղաքապետարանի աջակցությամբ ՝ «ՍԱԹԷ - ԱԹՂԸ» թատերական միության և «ԱՐՏ - ԻՄԱԺ» մշակութային կազմակերպության կողմից:
Նախագծի աջակիցներն են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը և Հայաստանի ֆրանսիական ինստիտուտը, «Առլեամ և Առլեամ Աերո», «Քարֆուր» ընկերությունները։ Գործընկերներն են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի պետական թանգարանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամը, Հայաստանի կինոգործիչների միությունը, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, Ֆրանսիայի պանթեոնը, «Ռոժէ Վիոլե» պատկերասրահը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, «Ալեֆ» հրատարակչատունը։

Manushyanakan shabat 4

Միջոցառումների մեկնարկն ազդարարվեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կայացած «Մանուշյանական շաբաթ» նախագծին նվիրված մամուլի ասուլիսով։ Բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ «Մանուշյանական շաբաթ» նախագծի հեղինակը և կազմակերպիչը Սաթէ Խաչատրյանն է։ Նրա խոսքով, այս միջոցառմամբ կսկսվի մանուշյանական տարին, տասնամյակը, հարյուրամյակը։ Շաբաթը հագեցած է նաև առաջնախաղով՝
Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան» ներկայացման ռեժիսորը Սաթէ Խաչատրյան է, բեմադրիչը Բենժաման Լըբրըտոն, երաժշտության հեղինակ՝ Հող Արթուն, հագուստների հեղինակ՝ Էդգար Մանուկյան։ Ներկայացումը բեմադրվում է «Սաթե-Աթղը» ֆրանսիական թատերական միության հետ համատեղ։ Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում միջոցառման շրջանակում սպասվող ներկայացումը հայ-ֆրանսիական համատեղ նախագիծ է։

«Շոշանա Բուխոբզայի «Մանուշյան...» պիեսը, որի հիման վրա բեմադրվել է ներկայացումը, հատուկ գրվել է «ՍԱԹԷ-ԱԹՂԸ» թատերական միության պատվերով։ Այն հանդիսատեսին է ներկայացնում Մանուշյան զինվորին, դիմադրության մարտիկին, հային, բայց նաև օտարազգի զինակիցներին, որոնք իրենց կյանքը նվիրել են Ֆրանսիայի ազատագրմանը»,- ասաց Ս. Խաչատրյանը։

Manushyanakan shabat 3

Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանն ասաց․

«Մանուշյանին նվիրված շաբաթվա անցկացումը Հայաստանում այն հրաշալի արարողությունների տրամաբանական շարունակությունն է, որոնք ավելի վաղ կազմակերպվել են Ֆրանսիայում։ Շատ կարևոր էր հատկապես Փարիզի պանթեոնում Միսաք Մանուշյանի հիշատակի ոգեկոչման արարողությունը, որին թանգարանը ևս մասնակցեց»։

«Մանուշյանական շաբաթվա» ընթացքում թանգարանը կներկայացնի ժամանակավոր ցուցադրություն՝ «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» խորագրով։ Ցուցադրվելու են Մելինե Մանուշյանի զարմուհու՝ Կատյա Կիրակոսյանի անձնական արխիվից նյութեր, որոնք Ֆրանսիայից բերված բացառիկ վավերագրեր են։ Ցուցադրությանը հաջորդելու է Մելինե Մանուշյանի «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» հայերեն թարգմանված գրքի, ինչպես նաև «Մանուշյան...» պիեսի շնորհանդեսը, նախատեսվում է նաև պանելային քննարկում։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին ևս անդրադարձավ Մանուշյան համամարդկային կերպարին, որն իր կյանքը զոհել է հանուն Ֆրանսիայի ազատագրման, մարդու, որը երբեք չի եղել Հայաստանում, բայց մշտապես հոգով ու սրտով եղել է հայ, մշտապես վառ պահել հայոց անունը։

Manushyanakan shabat 2

ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանն էլ հիշեց Մանուշյանի մի նամակի մասին, որը նա Ֆրանսիայի բանտից գրել է իր կնոջը՝ Մելինե Մանուշյանին, գնդակահարվելուց ժամեր առաջ։ Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև մի շարք այլ ցուցահանդեսներ, գիտաժողովներ, թատերական ներկայացումներ, վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ։ Մանուշյանական հիշողությունները վերհիշելու լավ առիթներ են խոստանում օրինակ «Միսաք Մանուշյան․ ականատեսի աչքերով» գիրքը, «Մանուշյան․․․» պիեսը, «Մանուշյան» ներկայացումը, Կատյա Գիրագոսյանի «Միսաք և Մելինե» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը և այլն։ Ֆիլմերը կցուցադրվեն հայերեն ենթագրերով։ Միջոցառումների մուտքն ազատ է հանրության համար։ Երևանում և Արտաշատում անցկացվող «Մանուշյանական շաբաթ» նախագծին մասնակցում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը: Մարտի 15-ին և 16-ին ՀՑԹԻ-ում տեղի ունեցավ «Երիտթուրքական ազգայնականությունից՝ նացիզմ. Հայոց ցեղասպանությունը վերապրածները դիմադրության շարժման առաջնագծում» խորագրով միջազգային գիտաժողովը:

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 213

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: