Արևելքի հեքիաթի սիրահարը. Մարտիրոս Սարյան

Արևմտյան մշակույթում արևելյան էկզոտիկ մոտիվներն ու թեմաները մշտապես գրավել են արվեստագետների ուշադրությունը: Այդ կերպ Արևելքն իր գաղտնիքներով, գրավիչ ու առեղծվածային պատկերներով կարծեք թե վերարժևորվում է՝ ներկայացնելով  անցյալի լեգենդներն ու արվեստը: Օրիենտալիզմն (լատիներեն orientalis-«արևելյան») իր հիմնական առանձնահատկություններով մշտապես զարգացել է Եվրոպայում՝ հիմնվելով բազմաթիվ աղբյուրների վրա՝ արևելյան լեգենդներ և գրականություն, ճանապարհորդություններ և գիտական հետազոտություններ, կերպարվեստ և հնագիտական ​​հայտնագործություններ: Օրիենտալիզմը դարձել է Արևելքն ընկալելու միջոց, սակայն եվրոպական քաղաքակրթությունը կրող բազմաթիվ քննադատների կարծիքով, այն ոչ մի ընդհանրություն չունի արևելյան մշակույթի իրական ըմբռնման հետ, այլ միայն փորձում է կրկնօրինակել դրա արտաքին հատկանիշները:

Եվրոպական կերպարվեստում առաջին անգամ օրիենտալիզմը դրսևորվել է 18-րդ դարի կեսերին Ռոկոկոյի դարաշրջանում: Այս շրջանում այն հիմնականում ներկայացրել է իրականությունը՝ զարդարված պատկերներով և նուրբ դեկորներով: Դարաշրջանի նկարիչներն էլ արագ արձագանքում էին հասարակության պահանջներին և նկարում հովվերգական տեսարաններ: Մեծ պահանջարկ էին վայելում նաև էկզոտիկ տարազներով ազնվականների դիմանկարները: Արևելքն իր առանձնահատկություններով ու վառ արտահայտված գույներով տեղ է գտել նաև հայ կերպարվեստում՝ հայ գեղանկարչության նշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մարտիրոս Սարյանի (1880-1972) հսկայական ներդրման շնորհիվ: Իհարկե, նա չի ծնվել Արևելքում, այլ հարավում՝ Նոր Նախիջևանում, ինչպես Ղրիմից եկած հայ վերաբնակիչներն էին անվանում իրենց քաղաքը (այժմ՝ Դոնի Ռոստովի շրջան), 1880 թվականին:  Սարյանի գործերն առ այսօր չափազանց նորարար են համարվում, իսկ ժամանակին դրանք ապշեցրել են Փարիզին ու Վենետիկին: Սարյանը, ստեղծագործելով Մատիսի ու Սեզանի կողքին, փնտրել է միայն մեկ բան՝ ճիշտ գույնը։

«Չգիտեմ, թե երբ է ծնվել իմ մեջ նկարիչը։ Հավանաբար, այն օրերին, երբ լսում էի ծնողներիս պատմությունները մեր լեռնային կախարդական հայրենիքի մասին, երբ մանուկ հասակում վազում էի մեր տան շրջակայքում, ուրախանում բազմերանգ թիթեռներով ու միջատներով։ Գույն, լույս, երազ – ահա թե ինչով էի վառվում»:

                                                                                                                    Մարտիրոս Սարյան

Շատերին հայտնի են Սարյանի ստեղծագործական առաջին շրջանի (1904–09 թթ.)՝ հենց «սարյանական» ոճով ստեղծված գործերը։ Դրանցից են՝ «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարը, «Ծաղկած սարեր», 1905 թ., «Համբույր», 1906 թ., «Հեքիաթ», 1908 թ., ստեղծագործությունները։

«Հայաստանը ստեղծել է Արարիչը և Սարյանը։ Մեկը ստեղծեց իրականն ու նյութականը, մյուսը՝ պատկերավորն ու հոգևորը։ Այն ամենը, ինչ Արարիչը պատկերացրել է մեր լեռնային հայրենիքը ստեղծելիս, Սարյանը ստեղծել է արվեստի ուժով։ Եվ այսօր մենք ունենք երկու Հայաստան՝ մեկը իրական է, մյուսը՝ Սարյանի։ Եվ նրանք հավիտյան միաձուլված են միասին»:

                                                                                                                           Ռուզան Սարյան

Սակայն էլ առավել յուրօրինակ են նաև 2-րդ շրջանի (1910-ական թվականներ) ստեղծագործությունները։ Երբ Սարյանը ճամփորդում է Կոստանդնուպոլիս, (1910 թ.), Եգիպտոս (1911 թ.), Պարսկաստան (1913 թ.), ծնվում են «Կ. պոլիս: Փողոց: Կեսօր», «Փյունիկյան արմավենի», «Եգիպտական գիշեր», «Բանաններ», «Գարեգին Լևոնյան», «Պարսկական նատյուրմորտ», «Դաշտային ծաղիկներ» և այլ կտավները։ Սարյանը կարծում էր, որ ճանապարհորդելը արվեստագետի ստեղծագործական ճանապարհի կենսական մասն է: Արևելքում ճամփորդելիս էլ Սարյանն ուսումնասիրել է մերձավորարևելյան լանդշաֆտներն ու պարսկական մոտիվները։ Իսկ իր հայրենիքը պատկերելով՝ նկարիչը հաճախ կիրառել է իմպրեսիոնիստական ​​տեխնիկան՝ վառ, շքեղ գույներով ու լուսային ազդեցություններով:

«Մարտիրոս Սարյան…

Նրա անունը կազմող հնչյուններն արտահայտում են իր ողջ արվեստը: «Սար» արմատն արևելյան շատ լեզուներում նշանակում է դեղին գույն, այսինքն՝ լույսի լիաչափությունը, արեգակի ճաճանչապսակը, աշխարհի արքայական զգեստավորումը: Իսկ նրա անվան վերջավորությունը համահունչ է «շիկնած», «անուշահոտ», «կրակոտ» բառերին։ Ընդհանուր առմամբ, այս անվան արտասանությունը հիշեցնում է Օմայանների ժամանակաշրջանի մավրիտանական խեցեղենի մանուշակապղնձագույն փայլատակումները: Նկարչի համար մեծ երջանկություն է, եթե իր անվան հնչյունը կարող է դառնալ իր արվեստի իսկական անունը, եթե այն հնչում է ու երգում իր երանգներին համահունչ, եթե այն իր ստեղծագործական աշխարհները բացող «սեզամն է»: Սարյանը հաջողակ մարդ է: Նրա անունը հնչում է Արևելքի գրավիչ ու գունագեղ ռոմանտիզմով: Այն հրավիրում է հեռավոր թափառումների արևային երկրներ, այն պատկերացում է ստեղծում բուրավետ երանգների սիրամարգային ցոլքերով վետվետացող արվեստի մասին: Իսկ բանաստեղծություններում այն կարող է տալ թանկագին և հագեցած հանգավորում, որը սազական է Արևելքի ըմբռնման գործում մի նոր սահմանագիծ նշանավորած նկարչին:

Թեև Սարյանի արվեստն արտացոլում է Արևելքը, սակայն նա արևելահակ չէ: Դա է նրա արվեստի ինքնատիպությունը և նշանակալիությունը: Նա բնավ էլ խորթ չէ ռոմանտիզմին, սակայն պատկերածի նկատմամբ նրա վերաբերմունքը բոլորովին այլ է, քան օրիենտալիստներինը: Նա ինքն Արևելքի ծնունդ է` իր հայրենիքից կտրված, ուսումնասիրած եվրոպական դպրոցը և փոխադրված հյուսիսային քաղաքներ: Նրա ստեղծագործությունը ծնունդ է առել որդիական զգացմունքից: Կահիրեի փողոցներից մեկում, ուր դաշտային ծաղիկներն ինքն է քաղել հենց դաշտից, տեղական գունագեղությունը և ոչ թե արտաքին նշանները, այդ նկարչի վերաբերմունքի մեջ է, այն երաժշտական զգացմունքի մեջ, որում վերացրված են այդ ոչ թե հազվագյուտությունները, այլ Արևելքի իրեղեն ապացույցները: Գնալով դեպի Արևելք, որպես իր կորցրած հայրենիքը, սիրելով նրա կենցաղային և սովորական հատկանիշները, Սարյանը հաջողությամբ շրջանցեց օրիենտալիզմը: Իր ռոմանտիզմում նա կենում է որպես Արևելքի մարդ: Եվրոպացին այդպես չէր պատկերի տարաշխարհիկ կենդանիներին` բորենիներին, հովազներին, այդպես չէր ընկալի ծածկոցներով պարուրված կանանց կերպարանքները, այդպես չէր մոտենա նրանց դիմանկարներին, ինչպես մոտենում է Սարյանը»։

                                                                                                               Մաքսիմիլիան Վոլոշին

Մեկ այլ ճամփորդության արդյունքում ծնված «Եգիպտական դիմակներ» կտավում նկարիչն արտացոլում է եգիպտական արվեստի ինքնատիպությունն ու գեղագիտությունը։ Դեպի Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր կատարած ճամփորդությունները, յուրատեսակ ոգեշնչման աղբյուր դառնալով, Սարյանի արվեստին նոր գույներ են բերում և հենց «Եգիպտական դիմակներ» կտավում էլ Սարյանը պատկերում է շարժուն ու կենդանի դիմակներ։ Իսկ դիմակները կարծեք թե անմահության խորհրդանիշներ են՝ հավերժական լույսի ու խավարի պայքարում։ Ինչպես եգիպտական դիցաբանությունում՝ այստեղ էլ արտացոլված է հոգու հավերժության և անմահության գաղափարը։ Ինչպես Սարյանն է ասել՝ մարդը չի մահանում, քանի որ բնությունը մարդուն ստեղծում է, որպեսզի իր օգնությամբ իրեն տեսնի, ինքն իրենով հիանա։ Մարդը բնություն է, բնությունը մարդ է, մահ գոյություն չունի:                                                                                                 

Եգիպտական մշակույթի նկատմամբ Սարյանի մեծ հետաքրքրության արդյունք են նաև «Եգիպտական դիմակներ», «Գիշերային բնանկար», աշխատանքները։ Իսկ օրինակ «Քայլող կինը» կտավում վառ արտահայտված են գույները՝ դեղին ու կանաչ երանգներին միահյուսված է կապույտ հագուստով եգիպտուհին, որն ունի մրգի սկուտեղ։ Երկնագույնի հակադրությունը կանաչին և դեղինին ստեղծում է գունային վառ հարաբերակցություն, որտեղ նորից սիմվոլներն են խաղում։ Սկուտեղը բուրգն է, եգիպտուհին՝ Սֆինքսը։ Արևի բնական լույսն էլ զարդարում է «Գիշերային բնանկար։ Եգիպտոս» կտավը, որտեղ նաև պար են բռնել կապույտ, երկնագույն, փիրուզ, մոխրագույն երանգներն իրենց նուրբ ընդվզումներով։ Արևելքի սիրրահարները կփաստեն՝ իրական Արևելքի հեքիաթ է՝ գյուղական տներով, արմավենիների ճյուղերով, որտեղ ասես խաղաղությունն է ծվարել։ Մեկ այլ «Պարսկաստան» կտավը ստեղծելիս էլ ահա Սարյանը գրում է.

«Թեհրանում ես չտեսա այն բազմազան ամբոխը, ինչը կար Կոստանդնուպոլսում և Կահիրեում։ Թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ սև հագուստներ էին կրում։ Կարծես ողջ քաղաքը սգի մեջ լիներ։ Չէի կարողանում բացատրել պարսիկների այդ սերը սև գույնի նկատմամբ։ Գույներն ասես դիտմամբ վռնդված էին փողոցներից։ Զարմանալի և անհավատալի էր։ Իսկ նրանց մանրանկարներն այնքան գունագեղ էին»։

Այս շրջանում էլ ստեղծագործություններում միավորվում են մարդաշատ շուկան, նարգիլե ծխող, նարդի խաղացող պարսիկ վաճառականները։

«Սկզբում ես տարված էի բնության հեքիաթայնությամբ: Հարկավոր էր իմ հիացմունքը թեկուզ որևէ չափով դրսևորելու համար գտնել միջոցներ ու ձևեր: Հարկավոր էր ներքուստ հաղթահարել գորշ ու կպչուն դպրոցը և գտնել սեփական տեխնիկան` օգտվելով օտարից: Ես սկսեցի իրականության գեղարվեստական էությունը որոնել, ավելի կայուն, հասարակ ձևեր ու երանգներ: Ընդհանուր առմամբ, իմ նպատակն է՝ հասարակ միջոցներով, խուսափելով ամենայն կուտակումներից, հասնել առավելագույն արտահայտչականության, մասնավորապես՝ ազատվել փոխզիջումային կիսաերանգներից: Եվ ինձ թվում է, որ այդ ուղղությամբ որոշ արդյունքների եմ հասել: Բացի այդ, իմ նպատակն է հասնել ռեալիզմի նախահիմքերին: Ես խոսում եմ արտահայտման այն զորության մասին, որը գոյություն ունի արվեստի բոլոր ճշմարիտ ստեղծագործություններում: Ավելի ճիշտ՝ թովչանքի այն զորության մասին, որին հասնում էին տարբեր ուղիներով բոլոր ժամանակներում»:

                                                                                                                     Մարտիրոս Սարյան

Ինչպես նշում է բանաստեղծ, մշակութաբան, փիլիսոփա Ռուբեն Անգալադյանը՝ Մարտիրոս Սարյանի արվեստը ձևավորվել է ինչպես ֆրանսիական և ռուսական գեղանկարչության լավագույն նվաճումների, այնպես էլ Պարսկաստանի և Հին Եգիպտոսի գեղագիտական ​​ավանդույթների ընկալման հիման վրա։ Այդուհանդերձ, առաջին հերթին Սարյանին հոգեհարազատ է եղել միջնադարյան հայկական մանրանկարչությունը, հատկապես 13-րդ դարի նշանավոր «Թարգմանչաց» ձեռագրի հեղինակ Գրիգորի աստվածաշնչյան դեմքերի ու կերպարների հոգեբանական դիմանկարները։ Սարյանը չի օգտագործել իր նկարչի արևելքի ռացիոնալ վերլուծությունը, այլ Արևելքի ողջ հարստությունն ընդունել է որպես բանաստեղծական փոխաբերություն, հանելուկ, որը պետք չէ իմանալ, բայց բացատրել:

«Սարյանական ֆենոմենը բացարձակ է հայկական տեսակի մեջ է, որտեղ զարմանալիորեն բնական և օրգանական կերպով արևելյան բացառիկ զգացմունքային արևելյան աշխարհընկալումների հիմնական գծերը միահյուսվում են արևմտյան մարդու աշխարհայացքի հետ։ Սարյանի նման մասշտաբի նկարչի ի հայտ գալու շնորհիվ նոր դարերի հայ գեղանկարչությունը ձեռք է բերել մի շարք համակարգող ուղենիշներ՝ ձևավորելով գեղարվեստական ​​և գեղագիտական ​​կապեր ինչպես ազգային մշակույթում, այնպես էլ այլ մշակույթների հետ հարաբերություններում։ Սարյանը հայ արվեստի երևակայության ուղին ևս մեկ անգամ տանում էր դեպի Արևելքի և Արևմուտքի սինթեզի ճանապարհ՝ հայ ազգային բնավորության վառ դրսևորում, նրա ուրույն տեղն ու դերն աշխարհում։ Այդ երկու մշակույթների ու քաղաքակրթությունների այդ մեծ սինթեզը 20-րդ դարում վերածվեց Արևելքն ու Արևմուտքը կապող ամուր կամուրջի, որի պահող սյուներից մեկն անսխալ Մարտիրոս Սարյանն է»։                                                                                            

                                                                                                                   Ռուբեն Անգալադյան

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 355

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: