Տեղի ունեցավ Դորա Սաքայանի եռալեզու առածարանների շնորհանդեսը

Հայկական առածներն ու դրանց առանձնահատկություններն այսուհետ իրենց բազմազանությամբ և լեզվական ձևաոճերով տեղ են գտել լեզվաբան, հայագետ, թարգմանիչ, ՄաքԳիլլ համալսարանի պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր Դորա Սաքայանի երկլեզու առածարաններում։ Հեղինակի «Armenian Proverbs in English Translation», «2500 Armenische Sprichwörter in deutscher Übersetzung» և «2500 Proverbes Arméniens traduits en français» գրքերը (հայերեն-անգլերեն, հայերեն-գերմաներեն և հայերեն-ֆրանսերեն) ներկայացնում են հայկական առածների մի համահավաք, որտեղ ամփոփվել են շուրջ 2500 հայկական առած-ասացվածքներ։ Դրանք հայերենին զուգահեռ թեմատիկ խմբավորումներով ներկայացված են նաև անգլերենով, գերմաներենով և ֆրանսերենով։ Արդյունքում աշխատանքը հնարավորություն կտա նաև ուսումնասիրել հայերեն լեզվակառուցվածքային առանձնահատկություններն ու նաև հայ ժողովրդի մտածելակերպն ու կենցաղավարությունը, կրոնն ու մշակույթը։

Dora Saqayan haykakan aratsner 2

Հեղինակի գործն իր ուրույն տեղը կզբաղեցնի նաև հայագիտական կարևորագույն աշխատությունների շարքում, քանզի կարևորվել են նաև հայոց լեզվական, մշակութային ժառանգության պահպանման խնդիրները։

Դորա Սաքայանը ՄաքԳիլի համալսարանի գերմանագիտական ամբիոնի ցկյանս պրոֆեսոր է, ԵՊՀ պատվավոր դոկտոր։ Նշանավոր գերմանագետը վերջին տասնամյակներում զբաղվում է հատկապես հայագիտության և կիրառական լեզվաբանության ուսումնասիրությամբ։ 1981 թվականից Դ. Սաքայանը Կանադայում սկիզբ է դրել հայերենի դասընթացների, իսկ 1995 թվականին էլ հիմնադրել «Armenian Studies for the English-speaking World» (Հայագիտական ուսումնասիրություններ անգլախոս աշխարհի համար) մատենաշարը։ Հեղինակել է անգլախոս աշխարհի համար արևելահայերենի և արևմտահայերենի բուհական դասագրքերը։

1987 թվականին նա ստացել է ՄաքԳիլլ համալսարանում ցկյանս դասավանդելու իրավունք (Tenured Associate Professor), իսկ 1992 թվականին՝ լիարժեք պրոֆեսորի (Full Professor) կոչում։ Գերմանագիտությանը մատուցած հսկայական ծառայությունների համար Դ.Սաքայանն արժանացել է Գերմանական Դաշնության «Արժանյաց կարգի խաչ» (Bundesverdienstkreuz) քաղաքացիական բարձրագույն շքանշանի։ Ականավոր գիտնականը աշխատել է նաև Հայոց ցեղասպանությանը նվիրված աշխատությունների` գերմաներենից հայերեն թարգմանությունների վրա։ Դ. Սաքայանն աշխատել է նաև ԵՊՀ-ում և բեղուն գործունեություն ծավալել։ ԵՊՀ-ում կայացած շնորհանդեսի ընթացքում ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը արժևորեց գիտնականի մեծ ներդրումը հատկապես ԵՊՀ-ում և կարևորեց նման բացառիկ աշխատությունների դերը հայագիտության զարգացման և ազգապահպանման գործում։

Dora Saqayan haykakan aratsner 3

«Դորա Սաքայանի եռալեզու աշխատությունները ոչ միայն գիտական մեծագույն ավանդ են, այլև անգնահատելի ներդրում հայկական մշակույթի պահպանման ու տարածման գործում։ Շնորհավորում եմ այս հրաշալի նախաձեռնության կապակցությամբ և շնորհակալություն հայտնում նվիրումի ու մասնագիտական մեծ աշխատանքի համար»,- ասաց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։

Հեղինակը շնորհանդեսին միացավ առցանց ձևաչափով։ Դ. Սաքայանը պատմեց, որ գիրքը, ներկայացնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին, հատկապես շեշտել է հայկական հավատալիքներին վերաբերող հատվածը։ Կաթողիկոսը, կարևորելով այն, ասել է, որ այս գիրքը պետք է լինի յուրաքանչյուր հայի սեղանին։ Գիտնականն իր երախտագիտությունը հայտնեց շնորհանդեսի կազմակերպիչներին և ներկաներին՝ շեշտելով, որ մեծ պատիվ է ներկայացնել գրքերը Մայր բուհում, ու տեսնել, թե որքան ոգևորված են ներկաներն այդ աշխատանքով։

ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանն էլ ասաց, որ մեծ պատիվ է Դորա Սաքայանի վստահությունը ստանալ և իրականացնել այս հրատարակությունը։ Նրա գրական գործունեությունը և գիտական վաստակը բացառիկ նշանակություն ունեն հայագիտության համար։ Կարեն Գրիգորյանը շնորհավորեց այս կարևոր ձեռքբերման առթիվ։

Dora Saqayan haykakan aratsner 4

Ներկաները փաստում են՝ առածարանը հայոց լեզուն, հայկական մշակույթը ճանաչելու լավագույն աղբյուրներից է։ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., լեզվաբան Նարինե Դիլբարյանը փաստում է, որ աշխատություններին պետք է մոտենալ նաև բարոյախրատական, մարդասիրական դիտանկյուններից։

«Ճիշտ եմ համարում առանձնացնել գրքում առկա մի դարձվածք՝ «առջի սեր, առջի բարի»։ Այս խոսքը կարծես խտացնում է Դորա Սաքայանի ամբողջ գործունեությունը՝ հայկական էությամբ։ Նրա ստեղծագործությունների հիմքում սերն ու բարին են։ Դ. Սաքայանի առածարանները ոչ միայն մեծ ներդրում են մեր հայագիտության մեջ, այլև արժեքավոր ավանդ են ֆրանսիագիտության, գերմանագիտության և անգլիագիտության զարգացման գործում»,- ասաց Նարինե Դիլբարյանը։

Մասնագետները նշում են, որ հեղինակի կատարած աշխատանքը բացառիկ է և այն արդյունավետ կդառնա նաև ուսումնական գործընթացի կազմակերպման գործում։ ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ, բ.գ.թ. Ռուզան Ղազարյանը ևս արժևորեց գիտնականի կատարած ահռելի աշխատանքը։

«Որպես թարգմանիչ կարող եմ ասել, որ Դորա Սաքայանն անգնահատելի գործ է կատարել, հատկապես՝ մեր բաժնի համար։ Շնորհակալ եմ նրա ավանդի, նվիրվածության և այս հսկայական աշխատանքի համար»,- ասաց Ռ. Ղազարյանը։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 263

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: