Մարտի 27-ը թատրոնի միջազգային օրն է. Դրվագներ թատրոնի պատմությունից

1961 թվականից մարտի 27-ը սահմանվել է որպես թատրոնի միջազգային օր: Նախաձեռնության հեղինակը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Թատրոնի միջազգային ինստիտուտն է: Տոնը նշվում է «Թատրոնը՝ որպես ժողովուրդների միջև փոխըմբռնման և խաղաղության ամրապնդման միջոց» կարգախոսով։ Ամսաթիվը պատահական չի ընտրվել. 1962 թվականի մարտի 27-ին բացվեց Ազգերի թատրոնի համաշխարհային փառատոնի Փարիզի սեզոնը։ Հենց այդ ժամանակ ֆրանսիացի ռեժիսոր և դրամատուրգ Ժան Կոկտոն թատերական ուղերձով դիմեց համաշխարհային հանրությանը:

Թատրոնի ծագման մասին քիչ տեղեկություններ են պահպանվել։ Հնագույն տեղեկությունները վերաբերում են հնագույն արտեֆակտներին և հիերոգլիֆներին. որսի տեսարաններ, կլիմայական փոփոխություններ, դիցաբանական պատումներ: Թատրոնի պատմաբաններից շատերը ենթադրում են, որ հենց այդտեղից էլ սկսվել է թատրոնի ուղին: Վաղ հասարակություններում շատ կարևորվել  են խմբի կամ խմբի ղեկավարների կողմից իրականացվող որոշակի գործողությունները, օրինակ՝ անձրևի պարի գործողությունների արդյունքում կարող էր անձրև գալ: Նմանատիպ ծեսերն ու ուղեկցող ելույթներն էլ դառնում էին առաջին թատերական ներկայացումների հիմքերը:
Նախապատմական ժամանակաշրջանում մշտապես հասարակություններն ունեին ծեսեր, որոնք փառաբանում էին գերբնական ուժերին ու հերոսներին: Այդպես էլ ծեսերի միջոցով ի հայտ եկան առաջին առաջնորդներն ու դերասանները: Այսպիսի առաջնորդական դերերը հաճախ կատարում էին քրմերն ու քրմուհիները:
Բացի այդ, այս ծեսերն էլ հաճախ ուղեկցվում էին առասպելներով: Առասպելներն էլ դառնում էին հեքիաթներ:

Արևելյան թատրոնի ակունքները

Թատերական ներկայացումների մասին ամենավաղ գրառումները գալիս են նաև Հին Եգիպտոսից՝ սկսած մոտ մ.թ.ա. 2500 թ.: Դրանք ևս ի հայտ էին գալիս որպես աստվածների համար նախատեսված կրոնական ծեսերի բաղկացուցիչ մասեր: Ներառում էին պարեր, երաժշտություն, որոնցով պետք է հաճոյանային աստվածներին, զվարճացնեին հանդիսատեսին: Արարողության և ծեսի ամենավաղ օրինակը, որը զարգանում է դեպի թատրոն, նորից գալիս է Հին Եգիպտոսից: «Բուրգային տեքստերը», որոնք թվագրվում են մ.թ.ա. 2800-2400 թվականներին, պարունակում են դրամաներ, որոնք մահացած փարավոնին ուղեկցում են անդրաշխարհ: Այս դրամաները նաև կյանքի շարունակականությունն ու փարավոնի զորությունն են գովերգում: Հայտնի է օրինակ «Մեմֆիսի Դրաման», որը պատմում է Օսիրիս աստծու մահվան ու հարության և նրա որդու՝ Հորուսի թագադրման պատմությունը:

Անտիկ դարաշրջան. Հունական թատրոն

Ընդունված է համարել, որ առաջին թատրոնը հայտնվել է դեռ Հին Հունաստանում, իսկ թատերական բեմադրության մասին առաջին հիշատակումներից մեկը թվագրվում է մ.թ.ա. 534 թվականին: «Թատրոն» բառի ծագումը նույնպես գալիս է անտիկ շրջանից: Հին հունարեն θέατρον (theatron) նշանակում է թատրոն: Այս բառը գալիս է θεάομαι (theaomai) բայից՝ «նայել, տեսնել, խորհել»: Թատրոնը կարող է լինել գրականության ձև, այն պատմում է պատմություն, որտեղ կատարողները խաղում են, այլ ոչ թե միայն պատմում: Ընդունված է համարել, որ արևմտյան թատրոնի պատմությունը սկսվել է մոտ մ.թ.ա. 6-րդ դարում, սակայն նախքան պաշտոնական, գրավոր պիեսների ի հայտ գալը, հին հույները ծեսեր էին կատարում՝ գովաբանելով գինու և պտղաբերության աստված Դիոնիսոսին՝ երախտագիտություն հայտնելով առատ բերքի համար։ Հետզհետե թատերական գործընթացն ավելի լայնածավալ էր դառնում, երբ մարդիկ ամֆիթատրոններ էին կառուցում՝ բեմադրությունների համար: Դերասանները հանրության համար բեմադրում էին պիեսներ և հաճախ կրում էին դիմակներ: Հունական պիեսների երկու հիմնական ձևերն էին ողբերգությունները և կատակերգությունները։ Սոֆոկլեսը, որն առավել հայտնի էր իր «Էդիպոս Արքան» պիեսով, ամենակարևոր ողբերգական դրամատուրգներից մեկն էր, հինգերորդ դարի հույն ողբերգության երեք ամենահայտնի դրամատուրգներից մեկը, Էսքիլեսի և Եվրիպեդեսի հետ միասին: Էսքիլեսը գրել է աշխարհի ամենահին ողբերգություններից մի քանիսը, նրա պիեսներից միայն մի քանիսն են պահպանվել:

Կատակերգությունը ևս հին հունական թատրոնի կարևոր մասն էր։ Ուշագրավ բոլոր կատակերգությունների հեղինակը Արիստոֆանեսն է: Արիստոֆանեսը մասնակցում էր Աթենքի գլխավոր փառատոներին, գրել է 40 պիես, որոնցից 11-ը պահպանվել են: Թեև ստեղծագործական այսպիսի շրջանից մնացել է ընդամենը 33 ողբերգություն և 11 կատակերգություն, հույներին է վերագրվում դրամայի ծնունդն արևմտյան աշխարհում։

Հունական վաղ ներկայացումներում դերասանները, ռեժիսորները և դրամատուրգները բոլորը նույն անձնավորությունն էին։ Դերասանական կազմը բաղկացած էր մեկ կամ մի քանի դերասաններից: Հետագայում յուրաքանչյուր ներկայացման մեջ թույլատրվել է ընդամենը երեք դերասան։ Բեմում թույլատրված դերասանների սահմանափակ քանակի պատճառով, երգչախումբն էլ վերածվեց հունական թատրոնի շատ ակտիվ մասի: Թեև երգչախմբի անդամների թիվը հստակ չէր, երգչախմբին էր տրվում պիեսի կեսը, և հնչում էր երաժշտություն։ Բեմադրությունները կատարվում էին բացօթյա մեծ կառույցներում, Դիոնիսոսի զոհասեղանը սովորաբար գտնվում էր կենտրոնում։ Նվագախմբի հեռավոր կողմում գտնվող սկենե կոչվող ժամանակավոր կառույցն էլ ծառայում էր որպես վայր, որտեղ դերասանները պահում էին իրենց դիմակներն ու զգեստները և կատարում էին արագ փոփոխություններ՝ հանդիսատեսի աչքից հեռու: 

Հռոմեական թատրոն

Հին Հռոմում անչափ կարևոր էին կրոնական տոները, որոնք անգամ փառատոնների էին վերածվում: Հետևաբար հռոմեական թատրոնն էլ ծագել է կրոնական տոներից։ Հռոմեական փառատոնները գրավում էին իրենց դերասանական ելույթներով, երբ ֆլեյտա էին նվագում, պարում ու մենամարտում: Առաջին ներկայացումը, որով տրվել է թատրոնի ծնունդը Հռոմում, տեղի է ունեցել մ.թ.ա. մոտ 364 թվականին: Հռոմեացիները հայտնի էին նաև մշակութային տարրերի ընկալմամբ, յուրացմամբ, որոնց հիման վրա հռոմեական տարբերակն էին ստեղծում: Ահա հռոմեացիները փոխառեցին էտրուսկական մեթոդները թատրոնում: Իսկ երբ Հռոմը վերածվեց գերտերության, մ.թ.ա. 3-րդ դարում հռոմեացիները կրկնօրինակեցին հունական մշակույթի որոշ տարրեր: Բայց հարկ է նշել, որ ի տարբերություն Հին Հունաստանի՝ Հռոմում կատակերգությունն ավելի տարածված էր, քան ողբերգությունը։

Հռոմի վաղ, հանրապետական ​​շրջանից հայտնի են մի քանի դրամատուրգներ: Նշանավոր էին Սենեկա Կրտսերը և Պլավտոսը՝ երկու հաջողակ հռոմեացի դրամատուրգները: Վերջինիս կատակերգությունները ներկայացնում էին հիմնային կերպարներ և ինտրիգներ: Սենեկայի ողբերգական պիեսներն էլ ավանդաբար ընթերցվում էին փոքրաքանակ հանդիսատեսի համար: Ուշ կայսերական ժամանակաշրջանում Լուցիուս Սենեկան որոշակի ժողովրդականություն էր վայելում որպես ողբերգակ: Սենեկան նաև Ներոնի դաստիարակն էր և գլխավոր խորհրդականը: Նա նշանավոր ստոիկ փիլիսոփա էր և կայացած պետական ​​գործիչ:
Թատրոնից բացի հին Հռոմում ժամանցի ձևեր էին նաև կառքերով մրցավազքը, ձիարշավը, վազքը, ըմբշամարտը, վայրի կենդանիների կամ գլադիատորների միջև մարտերը: Կառքերով մրցավազքեր անցկացվում էին Circus Maximus- ում, որը կարող էր տեղավորել 60000 մարդ: Այնտեղ անցկացվում էին նաև ըմբշամարտեր: Հռոմեացիները սիրում էին նաև բեմադրել ծովամարտերի էքստրավագանտ տեսարաններ, որոնց համար այդ առիթով լճեր էին փորում կամ ամֆիթատրոններ կառուցում (ինչպիսին է օրինակ Կոլիզեումը) ու լցնում ջրով:
Հռոմում առաջին թատերական կառույցները նվիրված էին Վեներա աստծուն։ Հռոմեական թատրոնները կամ դահլիճները նման էին հունականին, ունեին մշակված ​​բեմական հատված, պատշգամբներ, թունելներ՝ նվագախմբի տարածք կամ դահլիճ մուտք գործելու համար:

Միջնադարյան թատրոն

Հռոմեական կայսրության անկումից հետո փոքրիկ թատերական քոչվոր խմբերը ճամփորդում էին և ելույթ էին ունենում այնտեղ, որտեղ մեծ լսարան էր հավաքվում: Ճանապարհորդում էին իրենց բեմահարթակներով կամ շքեղ վագոններով, խումբը բաղկացած էր հեքիաթասացներից, կատակասացներից և ժողովրդական դերասաններից: Հետո սկսվեցին փառատոները, որտեղ զվարճացնողները ցույց էին տալիս իրենց տաղանդները: Սակայն հզորացող կաթոլիկ եկեղեցին վերացնելու էր նման ներկայացումները՝ դրանք համարելով չար ոգիների դրսևորում:
Միաժամանակ հենց եկեղեցին էլ դառնալու էր միջնադարյան թատրոնի վերակենդանացնողը՝ բերելով  նոր պատարագային դրաման: Այն պետք է տարածեր եկեղեցու ուսմունքները՝ աստվածաշնչյան դրամատիկ պատմությունները պատմելով: Պատարագային դրամայի զգեստը հոգևորական հագուստն էր, որոնց ավելացվում էին իրական կամ խորհրդանշական պարագաներ: Դրամայի տողերի մեծ մասը երգում էին լատիներեն: Պատարագային դրաման կատարվում էր բացառապես եկեղեցիներում մինչև մոտ 1200 թվականը, երբ գարնան և ամռան ամիսներին դրանք կատարվում էին դրսում։ 

14-րդ դարի վերջին եկեղեցին արդեն ավելի քիչ էր վերահսկում պիեսների բեմադրությունը, բայց միշտ հետևում էր պիեսների բովանդակությանը:

Յուրաքանչյուր պիեսի համար փոխվում էին դերասանները: Օրինակ, ցիկլային ներկայացումների համար անհրաժեշտ էր 300 դերասան: Դերասանների մեծ մասը տեղացի էին, որպեսզի ռեժիսորները լսումներ անցկացնեին: Ուշ միջնադարում ի հայտ եկան նաև բարոյական պիեսները, որտեղ ներկայացնում էին մարդու շարունակական պայքարը չարի և բարու միջև:

Վերածննդի թատրոն և դրամա

14-16-րդ դարերում դրաման զարգացավ Իտալիայում, որը վերջ դրեց միջնադարյան սովորություններին: Իտալացի կառավարիչները սկսեցին ֆինանսավորել հռոմեական պիեսների բեմադրությունները: Այս շրջանում «Նեոկլասիկական իդեալը» ձևավորվեց և տարածվեց ամբողջ Եվրոպայում։ Հորացիոսի և Արիստոտելի աշխատությունների վրա հիմնվելով՝ «նեոկլասիկական իդեալը» պահանջում էր ճշմարտության արտապատկերումը։ Նեոկլասիկական պիեսներում խուսափում էին երևակայությունից և գերբնական տարրերից: Միևնույն ժամանակ իտալական գյուղերում զարգանում էր թատրոնի մի ձև, որն արժանի է հատուկ հիշատակման: «Commedia dell'arte»-ն պրոֆեսիոնալ խաղացողների կատակերգություն էր․ նրանք ճանապարհորդում էին ամբողջ թերակղզում: «Commedia dell'arte»-ի երկու ասպեկտներն էին իմպրովիզացիան և հիմնական կերպարները: Դերասաններն իրենց ողջ կյանքում խաղում էին նույն կերպարները՝ իմպրովիզացիաներ անելով:

Անգլիական թատրոն

1580-ականների ընթացքում Օքսֆորդի համալսարանի որոշ ուսանողներ ստեղծեցին մի խումբ, որը կոչվում էր «The University Wits»: Այն տղամարդկանց խումբ էր, որոնք այնքան էլ հետաքրքրված չէին հանրային բեմի ելույթներով, որքան իրենց զվարճությամբ: Նրանց թվում էին Թոմաս Քիդը, Քրիստոֆեր Մարլոուն և այլք: Քիդը, հայտնի լինելով իր գեղեցիկ սյուժեներով, գրել է «Իսպանական ողբերգությունը»՝ 16-րդ դարի ամենահայտնի պիեսը։ Քեմբրիջում կրթություն ստացած Մարլոուն էլ կարևոր դեր կատարեց պատմական պիեսների մշակման մեջ:

Հեղինակը, որը հայտնի է որպես բոլոր ժամանակների մեծագույն անգլիացի դրամատուրգ, անշուշտ, Ուիլյամ Շեքսպիրն է։ Շեքսպիրը ներգրավված էր թատրոնի բոլոր ձևերում: Շեքսպիրը գրել է 38 պիես՝ ողբերգություններ և կատակերգություններ, այդ թվում նշանավոր՝ «Ռիչարդ II»,-ը, «Ռոմեո և Ջուլիետ»-ը, «Հուլիոս Կեսար»-ը և «Մակբեթ»-ը: Այդ գործերում արտահայտված է մարդկային հույզերի ողջ ներկապնակը՝ հպարտություն, արդարություն, հայրենասիրություն, սեր, վրեժ և այլն:  Հետաքրքիր է, որ նա զգայուն էր իր հանդիսատեսի և դերասանների կարիքների նկատմամբ: Թեև Շեքսպիրը հայտնի էր իր կյանքի ընթացքում, բայց Շեքսպիրի ժողովրդականությունը ծաղկեց միայն նրա մահից հետո: Անգլիայում նշանավոր դրամատուրգ էր նաև Բեն Ջոնսոնը, որին որոշ գիտնականներ համարում են Էլիզաբեթյան դարաշրջանի լավագույն դրամատուրգը, իհարկե, Շեքսպիրից հետո: Ջոնսոնը, փորձելով պայքարել իր ժամանակակիցների դրամատիկ չարաշահումների դեմ, փորձեց կիրառել դասական սկզբունքներ և ձգտեց հետ բերել անտիկ սովորույթները իր իսկ պիեսներում: Նրան շնորհվել է Անգլիայի բանաստեղծի դափնեկրի կոչում՝ 1616 թվականին։ 1610 թվականից հետո անգլիական դրամայում փոփոխություններ սկսեցին տեղի ունենալ․ գրանցվեց  տեխնիկական հմտությունների աճ: Փոփոխություններով հանդերձ՝ հայտնվեց դրամատուրգների նոր սերունդ, որոնք ստեղծեցին դրամա, որն ավելի շատ կենտրոնացած էր հուզիչ թեմայի վրա, քան ողբերգական հույզերի վրա:

Ֆրանսիական թատրոն

Վաղ ֆրանսիական դրաման քիչ ազդեցություն է ունեցել թատրոնի վրա: Սակայն 1597 թվականին, երբ Փարիզում սկսեցին հայտնվել ավելի հմուտ ընկերություններն ու դրամատուրգները, իրավիճակը փոխվեց: Ֆրանսիայի առաջին պրոֆեսիոնալ դրամատուրգը՝ Ալեքսանդր Հարդին էլ սկսեց գրել պիեսներ, որոնցից 34-ը պահպանվել են: Նա օգտագործել է բանաստեղծական երկխոսությունը, ինչպես նաև վաղ հունական և հռոմեական ժամանակներին բնորոշ խմբերգերը։ Թեև Հարդիի ներդրումը կարևոր էր ֆրանսիական թատրոնում, նա երբեք չհասավ մեծ ճանաչման:

17-րդ դարի ամենահայտնի ֆրանսիացի դրամատուրգներից մեկը Ժան-Բատիստ Պոկելենն էր՝ բեմական Մոլիեր անունով, որը հայտնի էր ֆրանսիական հոգևորականների և ազնվականության մասին երգիծանքներով: Ի սկզբանե նրան արգելված էր պիեսներ բեմադրել, և  Մոլիերին եկեղեցին անվանում էր «մարդկային մարմնով դև», իսկ պետությունը փակում էր նրա թատրոնը և պատռում նրա պաստառները։ Այնուամենայնիվ, 1669 թվականին Լյուդովիկոս 14-րդ թագավորը թույլտվություն է տվել Մոլիերին իր պիեսները հանրության առաջ ներկայացնելու համար։ Մոլիերի պիեսները թարգմանվել են անգլերեն, իսկ նրա ոճով գրվել են այլ երգիծանքներ։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 218

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: