• cultural.am
  • Նորություններ
  • Լուրեր
  • Հումոր ունենք՝ «չստանաք, չգաք, մեզ հետ չշփվեք»․ Համազգայինցիները «Արտավազդում» ամենից շատ են նոմինացվել

Հումոր ունենք՝ «չստանաք, չգաք, մեզ հետ չշփվեք»․ Համազգայինցիները «Արտավազդում» ամենից շատ են նոմինացվել

«Արտավազդ-2025» մրցանակաբաշխությունն այս տարի կկայանա Կապան քաղաքում․ այսօր՝ մարտի 27-ին, տեղի կունենա փառատոնի փակման և մրցանակաբաշխության արարողությունը։

Մրցանակաբաշխության անվանակարգերում ամենից շատը նոմինացվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը։

Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր և դերասանուհի Նարինե Գրիգորյանը cultural.am-ի հետ զրույցում անկեղծանում է՝ նոմինացիաների քանակն արդեն հաղթանակ է, անկախ թե ում կշնորհվի այս տարվա «Արտավազդը»։

Նոր սերունդ է ձևավորվել թատրոնում․ անվանակարգերում թե՛ երիտասարդ դերասաններն են նոմինացվել, թե՛ մեծերը։ Դա նշանակում է, որ թատրոնը կենդանի է, ակտիվ է ու բարձր նշաձող ունի։ Թե ով վերջնակետին կհասնի, դա արդեն էական չէ, հաղթանակ է արդեն այն հանգամանքը, որ բոլոր անվանակարգերում Համազգայինը կա։

Կան դերասաններ, որոնք դեռևս մրցանակ չեն ստացել․ հատկապես նրանց համար շատ ավելի հուզիչ է։ Ավելի շատ իրենց համար եմ հուզվում, ուզում եմ, որ ստանան, որովհետև թատրոնի կեսը ստացել են։ Այդ մասով նաև հումորներ ենք անում՝ «չստանաք, չգաք, մեզ հետ չշփվեք»։ Օրինակ՝ անցյալ տարի ոչ մի անվակարգում չկայինք, քանի որ պասիվ էինք։ Այս տարի Սոս Սարգսյանի 95-ամյակն էր, և թատտրոնը չորս առաջնախաղ է ունեցել։

Այս տարի շատ ակտիվ ենք աշխատել․ նաև կարևոր էր, որ Սոս Սարգսյանի 95-ամյակն էր և թատրոնը պիտի շքեղ փուլում լիներ։ Չենք նստել, սպասել, որ տեղափոխվենք նոր շենք նոր բեմադրենք Սոս Սարգսյանի «Լակոտը», բայց սեպտեմբերին թատերաշրջանը կբացենք նոր շենքում, դա մեզ համար շատ կարևոր է։ Ինձ ասում են՝ ե՞րբվանից է, որ Համազգայինը շենքի է սպասում, ասում եմ՝ ինչ ես Համազգայինում եմ, միայն գիտեմ, որ Համազգայինը սպասում է նոր շենքի, 35 տարի է։ Այս տարի պետության շնորհիվ կլինենք նոր շենքում, և գլխավոր ներկայացումներից կլինի Սիմոն Աբգարյանի «Պենելոպեն ու Պենելոպեն», հենց ինքն է բեմադրելու։ Շատ կարևոր առաջնախաղերով ենք բացվելու, շատ ակտիվ վիճակում ենք, պետությունը մեզ նվեր է արել։ Այս շենքը անկախ Հայաստանի առաջին կառուցած թատրոնն է։

Հանդիսատեսի հետաքրքությունը պետք է անվերջ լինի․ հանդիսատես կա, որ ասում է՝ արդեն երեք, կամ չորս անգամ նույն ներկայացումները նայում եմ, ու հետաքրքրվում է՝ ե՞րբ է նոր ներկայացում լինելու, ասում ենք՝ չենք հասցնում, սպասեք։ Շատ ակտիվ են և մեր դահլիճը միշտ լեփ-լեցուն են։ Հիմնականում տոմսերը գնվում են, հրավիրատոմսեր չեն։ Ունենք ձևավորված հանդիսատես, և նորերն են գալիս։ Հանդիսատեսը պետք է մտնի, ու զգա թատրոնի տաքությունը, շունչը։

Կարևորը նոմինացվելը չէ․ կարևորը ինքդ քեզ համար առաջին հերթին՝ որպես արվեստագետ, զգաս, որ մաքուր, անկեղծ, սիրով ես արել։ Դա հասնում է հանդիսատեսի սրտերին, ստեղծագործելիս դա է գլխավոր նպատակը, և առաջին անգամ ես մանկական ներկայացում եմ բեմադրել, որը կա մանկական ներկայացումների անվանակարգում։

Զրուցեց Մերի Խաչատրյանը

  • Created on .
  • Hits: 243

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: