Նիկոլ Աղբալյան-Եղիշե Չարենց. Մի դիպվածի հետքով

20-րդ դարասկզբի հայ գրական-մշակութային, հասարակական կյանքում, Հայաստանի Հանրապետության հանրային կրթության ոլորտում անհերքելի է գրականագետ, մանկավարժ, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի դերը։ Այս տարի լրանում է գործչի ծննդյան 152-ամյակը։ Աղբալյանն իր գործունեությամբ նպաստել է մշակույթի, գիտության և ագգային կրթության նկատմամբ պետական մոտեցում ձևավորելու քաղաքականությանը։

Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, էջմիածնի Գևորգյան ճեմարանի սանը, Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարանների ունկնդիրը զբաղվել է քաղաքական, գրական-մշակութային գործունեությամբ, ուսուցչությամբ։

1918-1920 թթ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային խորհրդի, ապա պառլամենտի անդամ։ Գրական գործունեությունը սկսել է «Մուրճ» ամսագրում:

Ն .Աղբալյանը թղթակցել է «Մուրճ», «Վտակ», «Զանգակ», «Գործ», «Հորիզոն», «Նոր հոսանք», «Արև», «Ազատամարտ», «Ռազմիկ», «Հառաջ», «Վեմ», «Սիոն», «Հայրենիք», «Ազդակ» պարբերականներին։

Օրերս Հովհաննես Թումանյանի թանգարանը կազմակերպել էր Նիկոլ Աղբալյանի ծննդյան 152-ամյակին նվիրված հետաքրքիր բանախոսություն։ Բանախոսությունը կարևոր մի դիպվածի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության լուսավորության և արվեստի նախարար, մեծանուն հասարակական գործիչ, հրապարակախոս, գրականագետ և մանկավարժ Նիկոլ Աղբալյանի և նրա կապի մասին էր Եղիշե Չարենցի հետ` դարաշրջանի պատմաքաղաքական պատկերի համատեքստում։

Charenc Aghbalyan

Բանախոս՝ բ.գ.դ., պրոֆեսոր Դավիթ Գասպարյանի խոսքով շատ մեծ է Աղբալյանի հսկայական ազդեցությունը նորաստեղծ հանրապետության կրթամշակութային կյանքում։ Աղբալյանը հիմնել է Հայաստանի գրական ընկերությունը, «Պանդոկ» գրական ակումբը։ Հայաստանի Գրական ընկերությունը կազմակերպում էր միջոցառումներ, որոնցից հիշարժանը եղել է երկրորդ երեկոն՝ «Մի նոր բանաստեղծ-Չարենց» խորագրով։ Չարենցը Աղբալյանի մտքում էր դեռ 1917 թվականից, և որոշվեց կազմակերպել նման երեկո։ Նիկոլ Աղբալյանի առաջնային կարևորագույն քայլերից մեկը եղել է Եղիշե Չարենցի մասին գրական երեկոն ու Չարենցի մասին ելույթը։

«Այդ օրը՝ 1919 թվականի հոկտեմբերի 16-ին, Գրական ընկերությունը Պառլամենտի դահլիճում գրական երեկո էր կազմակերպել։ Աղբալյանը խոսեց երկար, մեկուկես ժամ, բայց Չարենցը երեկոյին ներկա չէր։ Նա Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղում Գևորգ Աբովի հետ ուսուցչությամբ էր զբաղվում։ Այնտեղ նրանք աշխատում են վեց ամիս, իսկ այդ ընթացքում Չարենցին արդեն Երևանում փառաբանում էին։ Ահա միայն 1920 թվականին է Եղիշե Չարենցը ներկայանում Աղբալյանին, որը նրան մեծ սիրով է ընդունում։ Աղբալյանը աշխատանք է առաջարկում Չարենցին, որպեսզի փրկի նրան, և նա բանաստեղծություններ գրի։ Չարենցը մնում է հունվարից մինչև մայիսի 30-ը, որը պայմանավորված էր բոլշևիկների կողմից դրդված մայիսյան ցույցերով։ Չարենցն իր էությամբ դրսևորվեց ինչպես Վահան Տերյանը, և դա առիթ դարձավ, որ Չարենցը հրաժարվի իր աշխատանքից։ Չարենցն աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց Աղբալյանի հաջորդին՝ Գևորգ Ղազարյանին»,- պատմում է բանախոսը։

Հետաքրքիր է, որ երեկոյի ընթացքում Աղբալյանի զեկուցումից հետո Չարենցն ունեցել է երկու ընդդիմադիր՝ ՀՅԴ Երևանի Կոմիտեի քարտուղար Վահան Խորենին և Ավետիս Ահարոնյանի որդին՝ հանրապետության դատախազ Վարդգես Ահարոնյանը, որը Արմենուհի Տիգրանյանի ամուսինն էր։  Գրական երեկոյի ընթացքում էլ ելույթ է ունեցել նաև Վահան Թեքեյանը, ապա Արմենուհի Տիգրանյանն է ասմունքել։ Ահա երեկոյի մասին գրում է Ստեփան Զորյանը․

 «Դրանով արդեն Չարենցը հռչակվեց մի օրում։ Մինչ այդ եթե շատ սակավ մարդիկ գիտեին Չարենցին՝ որպես բանաստեղծի, և այն էլ մեծ վերապահությամբ, այդ բանախոսությունից հետո արդեն ամենքն իմացան և համոզվեցին, որ հանձին Չարենցի՝ մենք ունենք մի նոր իսկական բանաստեղծ... Նրա բանաստեղծությունների գրքույկներից հազիվ մի քանի օրինակներ կային Երևանում, և դրանք խլում էին իրար ձեռքից։ Այս էլ պետք է ասեմ, որ Աղբալյանը Չարենցին նոր բանաստեղծ համարելով՝ առանձնապես շեշտեց այն, որ նա հնչեցնում է նոր մոտիվներ, բերում է նոր հույզեր և նոր մոտեցում երևույթներին։ Իսկ ինքը՝ բանաստեղծը, չկար մեջդեղ, նա Երևանում չէր, մինչդեռ ամենքն ուզում էին տեսնել, թե ով է այդ երիտասարդը՝ այդ խանդով, ավյունով ու թափով պոեմների հեղինակը»։

Չարենցը Երևան է եկել հունվարին և ներկայացել Աղբալյանին։ Ապա նշանակվել է Հայաստանի Հանրապետության հանրային կրթության և արվեստի նախարարության հատուկ հանձնարարությունների կոմիսար։ Արդեն 1920 թվականի հունիսին Երևանում լույս է տեսել Չարենցի «Բոլորին, բոլորին, բոլորին (Երեք ռադիոպոեմ)» գիրքը։

Իսկ աշխատանքից ազատվելուց հետո Չարենցը դարձել էր ուսուցիչ ու որբանոցի կիսաքաղց երեխաներին հայոց լեզու, թվաբանություն էր սովորեցնում։

Անշուշտ, ճակատագրական էր Չարենցի և Աղբալյանի հանդիպումը։ 22-ամյա Չարենցի և 44-ամյա Աղբալյանի հանդիպումից հետո նրանց ճանապարհներն, իհարկե, բաժանվեցին, սակայն Չարենցը կշարունակեր իր գրքերն ուղարկել Աղբալյանին, պահպանել հուշերն ու հույսը Հայաստանի ապագայի նկատմամբ։

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 103

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: