Ֆրանսիայից բերված Հայոց ցեղասպանության փաստավավերագիր նյութերը կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում

Հայաստանի պատմության թանգարանի այցելուներն ապրիլի 25-ից բազմաթիվ ցուցանմուշների կողքին կարող են տեսնել նաև Նանսենյան անձնագիր։ Այդ մասունքը Մարսելում գործող «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության նվերն է Հայաստանի պատմության թանգարանին։
«Պատմության թանգարանում շատ քիչ են նմանատիպ նվիրական մասունքները։ Սա կարևոր հայրենասիրական քայլ է, հարստանում է մեր թանգարանի հավաքածուն»,- նվիրատվության ժամանակ ասաց Պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։
Նանսենյան անձնագիրն ու ֆրանսիական «ARAM» միության կողմից Հայաստան բերված Ցեղասպանության փաստավավերագիր նյութերը՝ լուսանկարներ, գրքեր, անձնագրեր, սկավառակներ, 1915 թվականին Տրապիզոնում Լյուդվիգ Ավետյանի կողմից կարված կոշիկ, համադրված Հայաստանի պատմության թանգարանում պահվող այլ ցուցանմուշների հետ, կցուցադրվեն ապրիլի 25-ից Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված «Քէմբ Օտտօ, Մարսէյլ. պատմություն ցեղասպանությունից փրկվածներից» խորագրով ժամանակավոր ցուցադրության շրջանակում։
«Այս ցուցադրությունը մեկ այլ հնարավորություն է այլ կողմից նայելու Ցեղասպանությունը վերապրածների պատմություններին»,- ասաց Դավիթ Պողոսյանը։
Նրա ներկայացմամբ, ցուցանմուշները կպատմեն Հայոց ցեղասպանության մասին, այն բնակավայրերի մասին, որտեղ Հայոց ցեղասպանությունից փրկված հայեր են հաստատվել, այդ թվում նաև Մարսելի։
«ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միությունը տևական ժամանակ հավաքում է մարսելահայերի պատմությունները՝ սկսած այն ժամանակներից, երբ հայերը Ցեղասպանությունից հետո հաստատվել են Մարսելում։ «ARAM» -ի ցուցանմուշները հիմնականում արտացոլում են Մարսել քաղաքի Քէմբ Օտտօ կացարանում Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների առօրյան։ Այդ նյութերն առաջին անգամ են «լքում» Մարսելը։
«Այսօր էլ «ARAM» միությունը շարունակում է հայրենասիրական գործունեությունը՝ հավաքելով այս պատմությունները, ինչը շատ կարևոր է, քանի որ սերունդներ են փոխվում, ժամանակի ընթացքում շատ բան է մոռացվում»,- ասաց Դավիթ Պողոսյանը։
Ցուցանմուշները Հայաստան բերած «ARAM» հետազոտության և հայկական հիշողության արխիվների միության տնօրեն Աստղիկ Արթին Լուսիքյանը պատմեց, որ իրենց արխիվները հավաքվել են Հայոց ցեղասպանությունից հետո հայերի՝ Մարսել մուտք գործելուց անմիջապես հետո։
«Նրանք բնակվեցին տարբեր հյուրանոցներում, մի մասը՝ Օտտօ ճամբարում, որը բացվել է 1922 թվականից ու գործել մինչև 1927 թվականը։ Այդ հինգ տարիների ընթացքում 5000-ից ավելի մազապուրծ եղած հայերի է ապաստանել։ Գաղթած հայերի տվյալները թվայնացված են, ինչը հնարավորություն է տալիս նրանց սերունդներին տեղեկություններ գտնել իրենց նախնիների մասին։ Փրկված և Մարսել հասած հայերի մեծ մասը Սիվազի շրջանից են եղել»,- ասաց նա։
Աստղիկ Լուսիքյանի պապը նույնպես Սիվազից է եղել, փրկվել է Հայոց ցեղասպանությունից։ Տիկին Աստղիկի հայրը 1957-ին հիմնադրել է «ARAM»-ը՝ ի հիշատակ գաղթած հայերի։
Տ․Մ․
- Created on .
- Hits: 197