Հայաստանի ազգային պատկերասրահը վերաբացվում է նորովի

Ապրիլի 15-ին Հայաստանի ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունը պաշտոնապես վերաբացվեց: Չորս տարվա վերափոխումից հետո պատկերասրահը ներկայանում է նոր տեսքով, բովանդակային լուծումներով ու հնարավորություններով: Պատկերասրահի ութ հարկերում ու վերափոխված ցուցասրահներում ամփոփվել են գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցանմուշներ:
Ազգային պատկերասրահի վերաբացված մշտական ցուցադրության 55 սրահում ներկայացված են 16-21-րդ դարերի հայ և արտասահմանյան կերպարվեստի ականավոր գործիչների` Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Հակոբ Կոջոյանի, Գեորգի Յակուլովի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և մյուսների, իտալական վերածննդի և բարոկկոյի նշանավոր ներկայացուցիչներ Տինտորետտոյի, Դոնատելլոյի, Գարոֆալոյի, Բեռնարդո Ստրոցցիի, Գվերչինոյի և մյուսների, բարբիզոնյան դպրոցի հայտնի արվեստագետներ Թեոդոր Ռուսոյի, Դիաս դե լա Պենյայի, ռեալիզմի վառ ներկայացուցիչ Գյուստավ Կուրբեի, ռուսական ավանգարդի վարպետներ Վասիլի Կանդինսկու, Մարկ Շագալի, Ռոբերտ Ֆալկի և այլոց գեղանկարչական ու գրաֆիկական գործերը, գլուխգործոց քանդակաները, ինչպես նաև դեկորատիվ-կիրառական արվեստի եզակի նմուշներ (բացառիկ կահույք, սպասք, զարդեղեն, զենք), որոնց մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ:
«Այս նոր մշտական ցուցադրության կոնտեքստում ցուցադրում ենք 1000-ից ավելի ցուցանմուշ, որոնցից 400-ը՝ առաջին անգամ»,- Cultural.am-ի հետ զրույցում նշեց ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը՝ ավելացնելով, որ այս ամենը հսկայական արվեստաբանական հենք ունի, անցել է ահռելի գիտահետազոտական աշխատանքի փուլերով: Ակտիվորեն աշխատել են նաև միջազգային գործընկերների հետ:
Արշիլ Գորկու ծննդյան օրվա առթիվ առաջին անգամ կցուցադրվի հեղինակի «Կժով կինը» գծանկարը, որը պատկերասրահի ունեցած միակ նմուշն է մեծանուն նկարչից:
Լրագրողների հետ իրականացրած շրջայցի ընթացքում Մարինա Հակոբյանը պատմեց՝ ընդհանուր ցուցադրատարածքներում պահպանվել է ժամանակագրությունը, որովհետև այցելուի համար այդպես շատ ավելի հեշտ ու հասանելի կլինի: «Ցուցասրահները սկսում ենք հին՝ անտիկ շրջանից, ապա վերածննդի շրջանն է, շարունակվում է բարոկկոյի շրջանով և այդպես շարունակ: Ամեն սրահի համար գույն ենք ընտրել՝ ըստ նկարներում գերակշռող պիգմենտների: Պատահական ոչ մի անկյուն ու պատ չկա»,- մանրամասնեց նա:
«Հայկական արվեստի պատմության առումով փորձել ենք ցույց տալ, որ չկա մի ընդհանուր պատմություն, այլ կան պատմություններ, որոնք զուգահեռում, երբեմն էլ՝ հակասում են իրար: Բայց դրանք փոխկապակցված են, և մենք փորձում ենք ցույց տալ հենց այդ զարգացման փուլերն ու ընթացքը, որը եզակի է դարձնում հայկական արվեստը՝ համաշխարհային արվեստի պատմության համատեքստում»,- նշեց արվեստաբան, համադրող, պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը: Անդրադառնալով իրականացված բովանդակային փոփոխություններին՝ նա նկատեց.
«Օրինակ՝ կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ մենք արդի հայ արվեստի պատմությունը չենք սկսում 19-րդ դարի երկրորդ կեսից, ինչպես նախկինում էր, այլ սկսում ենք 18-րդ դարից: Այսինքն՝ մի ամբողջ դար հայկական արդի մշակույթը հետ ենք տանում, որովհետև չգիտես ինչու, որոշակի սխալ պատկերացումների պատճառով պատմական մի շարք երևույթներ թյուր ձևով են մեկնաբանվել նախկինում: Պետք էր ցույց տալ, որ այդ զարգացումները իրականում շատ ավելի վաղ են սկսվել և խորն են եղել, որոնք միանշանակ կապված չեն օրինակ ռուսական կայսրության մեջ Հայաստանը ներգրավելուն: Խորհրդային ժամանակներում ամեն ինչ այդպես էր մեկնաբանվում, հիմա, պարզ է, որ դա պետք է վերանայել: Փորձ ենք արել ընդլայնել նաև հեղինակների քանակը՝ չկենտրոնանալով մի քանի շատ հայտնի և ակնառու դեմքերի վրա, որովհետև իրականում հարյուրավոր արվեստագետներ կան, որոնք անարդար կերպով մոռացության են մատնված և նրանց պետք է իրենց արժանի տեղը վերադարձնել՝ ընդգրկելով պատմության հյուսվածքի մեջ: Նրանց թվում կան բազմաթիվ կին արվեստագետներ, որոնց ներդրումը հայկական արվեստում ստվերված է եղել: Ըստ այդմ՝ փորձել ենք հայ արվեստի պատմությունը հավասարակշռված ձևով ներկայացնել, բայց, ցավոք, տարածքի սահմանափակությունը թույլ չի տալիս էլ ավելի բազմակողմանիորեն ներկայացնել այդ ամենը»:
Հատկանշական է, որ մշտական ցուցասրահներ են վերադարձել ոչ միայն մեծանուն վարպետների գլուխգործոցները, այլև պահոցներից ցուցասրահներ են հասել երբևէ չցուցադրված կարևոր նմուշներ: Արվեստի ավելի քան 41.000 ստեղծագործություն և 200.000-ից ավելի արխիվային բացառիկ նյութեր ընդգրկող թանգարանային հավաքածուից այսօր հնարավոր է ցուցադրել միայն 5%-ը` պատկերասրահի ցուցադրատարածքի սահմանափակ լինելու պատճառով: Սակայն պատկերասրահի նոր՝շարժական-մոբիլ ցուցադրության մոդելի շնորհիվ այցելուները պարբերաբար կտեսնեն նախկինում չցուցադրված, այդ թվում՝ մշտական ցուցադրությունում երբևէ չընդգրկված գրաֆիկական թերթեր և հազվագյուտ գանձեր` պահոցից։
«Նախկին ԽՍՀՄ տարածքում Հայաստանի ազգային պատկերասրահը համարվել է 3-րդը՝ իր հավաքածուի ծավալով և կարևորությամբ: Եվ քանի որ այն հիմնադրվել է հենց որպես կարևոր թանգարաններից մեկը, ուստի տարբեր ֆոնդերից ու նվիրատուներից ստացվել են այսպիսի հրաշալի նմուշներ»,- ամփոփեց ՀԱՊ տնօրենը:
Մարջան Չոբանյան
- Created on .
- Hits: 160