Հայաստանում նշվեց հայ կինոյի օրը

Ապրիլի 16-ին Հայաստանում նշվում է հայ կինոյի օրը։ 1923 թվականից հայ կինոյի հարյուրամյա պատմությունն իր յուրահատուկ տեղն է գրավել աշխարհի կինոպատմության մեջ։ Այս տարի կինոյի օրվա առթիվ ներկայացվեց հայ կինոն մեծ էկրանին։ Ապրիլի 16-ին Հայաստանի կինոթատրոններում ցուցադրվեցին հայկական դասական ու ժամանակակից ֆիլմեր` նշանավորելով հայ կինոյի ծնունդը և արժևորելով հայկական կինոյի շուրջ հարյուրամյա պատմությունը։
Հայ կինոյի օրվա կապակցությամբ մի շարք կինոգործիչներ և ոլորտի աշխատակիցներ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով ու շնորհակալագրերով:
Պարգևները հանձնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառումը տեղի ունեցավ Հայաստանի կինոգործիչների միության կազմակերպած Պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխության շրջանակում: Այս տարի կարևոր միջոցառումների շարքում էր նաև պրոֆեսիոնալ գիլդիաների 2-րդ մրցանակաբաշխությունը։ Այն նոր ոլորտային փոխակերպումների վկայություններից մեկն է։
«Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արման Նշանյանը՝ «Ամերիկացի» ֆիլմի համար։ «Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Աննա Մաքսիմը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի համար։ «Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Նարե Լեոնե Տեր Գաբրիելյանը՝ «Գյուղը որ կանգնի» ֆիլմի համար։ «Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց Վահան Գրիգորյանը՝ «Ձու» ֆիլմի համար։ Մրցանակները հանձնեցին պրոդյուսերների և ռեժիսորների գիլդիայի նախագահ Արտյոմ Բաղդասարյանը, կինոյի և թատրոնի դերասան, Հայաստանի ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, կինոպրոդյուսեր Արման Միտոյանը, թատրոնի և կինոյի ռեժիսոր Արշալույս Հարությունյանը, դերասանուհի Անի Խաչիկյանը։
Հայ կինոյի օրվա առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով պարգևատրվեցին Հայաստանի կինոյի հիմնադրամի կինոժառանգության բաժնի գլխավոր ֆոնդապահ Լարիսա Ստեփանյանը՝ հայկական կինոժառանգության պահպանման և կինոարվեստի զարգացման գործում ունեցած ներդրման համար և Ծովինար Սողոմոնյանը՝ վավերագրական կինոյի զարգացման և հանրահռչակման գործում նշանակալի ավանդի և ներդրման համար: Ոլորտի այլ ներկայացուցիչների հանձնվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր:
«Հայկական կինոյի օրը 102-րդ անգամ նշելը մեծ իրադարձություն է առաջին հերթին մեր ժառանգությունը ճանաչելու, տարածելու և արժևորելու առումով: Ավելի քան մեկդարյա պատմությունը կերտվել է կինոյի երախտավորների ամենօրյա նվիրումի և աշխատանքի արդյունքում: Սա այն առանձնահատուկ օրն է, երբ անդրադառնում ենք արվածին, խոսում ապագայի մասին, գնահատում երախտավորներին»,- ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ինչպես նախարարը նշեց, կինոն ոչ միայն պատմություն է, այլև հանրային կյանքի զարգացման կարևոր ուղղություն։ Կառավարության որոշմամբ նախորդ շաբաթ հաստատվել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը, որը, ըստ նախարարի, նոր տեմպ է տալու կինոարտադրությանը։ Նախարարը հուսով է, որ ընձեռված հնարավորությունների շնորհիվ կինոյի միջոցով մեր երկիրը ներկայացնելու և ավելի ճանաչելու դարձնելու նոր հեռանկարներ կբացվեն:
Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ հղեց նաև Հայաստանի Կինոյի Հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը։ Ուղերձում նշված էր․
«Ապրիլի 16-ը հայ կինոյի ոլորտի համար նշանակալի օր է՝ արժևորելու անցած ուղին, անդրադառնալու ներկա մարտահրավերներին և վերահաստատելու համատեղ աշխատանքի կարևորությունը։ Վերջին տարիներին կինոյի ոլորտը դարձյալ հայտնվել է պետական մշակութային քաղաքականության օրակարգում։ Հստակեցվել են ոլորտը կարգավորող իրավական և ինստիտուցիոնալ հիմքերը՝ ուժի մեջ է մտել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը, ընդունվել են ոլորտի կարգավորող ենթաօրենսդրական ակտերը, և ներդրվել են ֆինանսական նոր գործիքներ, այդ թվում՝ համատեղ արտադրությունների խթանման և ներդրումների մասնակի վերադարձի (քեշբեքի) մեխանիզմը։ Հայաստանի Կինոյի Հիմնադրամը հանդես է գալիս այդ պետական քաղաքականության հիմնական իրականացնող կառույցի դերակատարությամբ՝ միավորելով կինոարտադրության խրախուսման, ազգային կինոժառանգության պահպանման և հայկական կինոն միջազգային մակարդակում ներկայացնելու ուղղված ծրագրերը։ Մեր ռազմավարական նպատակն է ստեղծել արդյունավետ և կայուն կինոարտադրական միջավայր, որտեղ հայկական կինոն կարող է լինել մրցունակ, համակողմանի զարգացած և ներկայանալի միջազգային հարթակներում։ Այս գործընթացը հնարավոր է իրականացնել մասնագիտական համայնքի և պետական ինստիտուտների փոխադարձ վստահության ու հետևողական համագործակցության հիման վրա»։
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 94