Հայ-իրանական մշակութային համագործակցության հետքերով

Հայ-իրանական կրթական, մշակութային փոխառնչությունները դարերի պատմություն ունեն և ձևավորվել են բարեկամական հարաբերությունների արդյունքում: Օրերս նման դարավոր պատմության վկայությունը դարձավ մշակութային աշունն ազդարարող Պերսեպոլիսի պատմական հուշարձան-համալիրի տարածքում կայացած 100-ամյակը նշող Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բացօթյա համերգը: Միջոցառումն իրականություն դարձավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության՝ սեպտեմբերի 6-8-ը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում: Կարևորագույն իրադարձությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրին, ԻԻՀ Ֆարսի նահանգապետ Հոսեյն Ալի Ամիրին, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Պատվիրակությունը շրջայց է ունեցել Պերսեպոլիսի տարածքում, ծանոթացել հուշարձան-համալիրի պատմությանը, իսկ Պերսեպոլիսի ընծաների նվիրաբերման հարկաբաժնում հայկական պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև բարեկամության ու կապի ամենահին փաստաթուղթը: Հետաքրքիր է, որ այն ավելի քան 2500 տարվա պատմություն ունի։ Երկու երկրների օրհներգերի կատարմամբ մեկնարկած հանդիսավոր միջոցառման մասնակիցներին և հյուրերին ողջունել է նախարարը:
«Պերսեպոլիսի խորապատկերում այսօր միավորվել են երկու հնագույն քաղաքակրթությունների պատմությունն ու մշակույթը։ Այս հոբելյանական համերգը՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին, մեր երկրների միջև բարեկամության, փոխադարձ հարգանքի և մշակութային երկխոսության արտահայտությունն է: Այսօրվա հոբելյանական համերգը՝ հնչող բարձրարվեստ երաժշտությամբ, վեր է քաղաքական սահմաններից. այն խոսք է համամարդկային արժեքների, խաղաղության, համագործակցության և մշակույթների ներդաշնակ համակեցության մասին։ Հատկապես խորհրդանշական է, որ այսօրվա համերգը տեղի է ունենում Պերսեպոլիսի հրապարակում՝ մի վայրում, որը հիշարժան է բոլորիս համար, քանի որ հենց այստեղ՝ հնագույն աշխարհի կարևորագույն վավերագրություններից մեկում՝ Բեհիսթունյան արձանագրությունում, մեր ժողովրդի մասին կատարվել է առաջին գրավոր պատմական հիշատակումը:
Դեռևս հույն նշանավոր պատմիչ Քսենոֆոնի ժամանակներից Պերսեպոլիսն անվանվել է «Բոլոր ժողովուրդների դարպաս», որտեղ տարբեր ազգերի պատվիրակներ էին համախմբվում՝ խաղաղության և հարգանքի ուղերձով,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Տարիներ առաջ ևս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ, պատիվ է ունեցել հանդես գալու Թեհրանի «Վահդաթ» դահլիճում:
Պերսեպոլիսում համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Համերգի մենակատարն էր հռչակավոր տենոր Լիպարիտ Ավետիսյանը, որի կատարմամբ հնչել են Սայաթ-Նովայի «Իմ քամանչա» արիան Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» օպերայից, Կոնստանտին Պետրոսյանի «Հայաստան» և Ռոբերտ Ամիրխանյանի «Երազ իմ երկիր հայրենի» երգերը։ Հնչել է նաև Ռուհոլլահ Խալեղիի «Ո՜վ Իրան» հայրենասիրական երգը, իսկ երեկոյի գագաթնակետը Արամ Խաչատրյանի մեծակտավ Սիմֆոնիա թիվ 2-ի կատարումն էր: Նախագիծն իրականություն է դարձել դեսպանության, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարարության, Մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության, ինչպես նաև Ֆարսի նահանգապետարանի համագործակցությամբ։
Այցի շրջանակում քննարկվել են նաև համագործակցության ընդլայնման հնարավորությունները թանգարանային, արծաթագործության, ձեռարվեստի, ինչպես նաև հուշարձանների վերականգնման և պահպանման ոլորտներում՝ ընդգծելով այս ուղղություններով փորձի փոխանակման ծրագրերի անհրաժեշտությունը։
Անդրադառնալով ձեռարվեստի ոլորտում համագործակցության զարգացմանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է կազմակերպել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արհեստների թանգարանի և ԻԻՀ թանգարանի համատեղ ցուցադրություն։ Նա նաև հրավիրել է իրանական կողմին մասնակցելու ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից անցկացվող ամենամյա «Արհեստների միջազգային փառատոնին»՝ միաժամանակ կարևորելով հայ վարպետների մասնակցության ապահովումը Իրանում անցկացվող նմանատիպ փառատոներին։ Նախարարն իր ԻԻՀ գործըներոջը հրավիրել է մասնակցելու Երևանում նոյեմբերի 26-28-ը կայանալիք «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովին, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման բազմազանության պաշտպանության և խթանման մասին կոնվենցիայի 20-ամյակին։
Տեղի է ունեցել նաև հանդիպում Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Սեյեդ Աբբաս Սալեհիի հետ: Քննարկվել է Հայաստանում Իրանի մշակույթի օրեր և Իրանում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնելու հնարավորությունը։
Կինոլորտը ևս քննարկումներից դուրս չի մնացել՝ ուշադրություն է դարձվել «Ոսկե ծիրան» և «Ֆաջր» կինոփառատոների միջև հաստատված հաջող համագործակցության շարունակմանը։ Հայկական կողմն առաջարկել է ընդլայնել համատեղ ծրագրերը՝ ներառյալ ֆիլմերի փոխանակում, համատեղ արտադրություններ և թարգմանություններ։ ԿԳՄՍ նախարարի այցի շրջանակում հաջորդիվ Իրանի Կինոյի թանգարանում անցկացվել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի ցուցադրություն. ցուցադրվել են «Նռան գույնը», «Աշուղ Ղարիբ», «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» ֆիլմերը։
Քննարկումների շրջանակում կարևորվել է նաև հատկապես գրավոր ժառանգության և գրականության ոլորտում համագործակցությունը։ Ընդգծվել է Մատենադարանի և Իրանի գրավոր ժառանգության ուսումնասիրության կենտրոնի արդյունավետ գործակցությունը։ Նախարար Ժաննա Անդրեասյանի «Սաադի» հիմնադրամ կատարած այցի շրջանակում էլ կարևորվել է համագործակցությունը Մաշտոցյան Մատենադարանի հետ: Հիմնադրամի նախագահ Ղոլամ Ալի Հադդադ Ադելը ողջունել է հայաստանյան պատվիրակության այցը և ընդգծել երկու երկրների պատմական կապերն ու բարեկամական հարաբերությունները։ Նա բարձր է գնահատել ՀՀ կառավարության՝ տարածաշրջանային լեզուների ուսուցման քաղաքականությունը՝ նշելով, որ այն ոչ միայն լեզվական կրթություն է, այլև խթանում է տարածաշրջանային մշակութային փոխըմբռնումը։
Քննարկումներին էլ հաջորդել է Իրանի ազգային գրադարանում և արխիվում Հայկական անկյան բացման արարողությունը: Ցուցադրվելու են Հայաստանի պատմության և մշակույթի մասին շուրջ 60 անուն գրքեր, նախարարությունն արդեն փոխանցել է 15 անուն գիրք: Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի առաջարկով և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։ Միջոցառման շրջանակում ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Արա Խզմալյանի և ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի կազմակերպությունը՝ Ղոլամռեզա Ամիրխանիի գլխավորությամբ: Համագործակցության արդյունքում հնարավոր կդառնա կազմակերպել հայերեն և պարսկերեն հին ձեռագրերի համատեղ ցուցադրություններ, գիտահետազոտական ծրագրեր: Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ Մատենադարանը գրադարանից մի քանի տասնյակ հատոր ցուցակներ է ստացել և դեսպանության միջոցով նաև Մատենադարանն է պարբերաբար ուղարկել իրանագիտական և հայագիտական բնույթի նյութեր:
«Այս հուշագիրը մեծ հեռանկարներ է բացում թե՛ գրավոր ժառանգության համատեղ ուսումնասիրման, թե՛ ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտներում»,- նշել է Արա Խզմալյանը:
ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավարի հետ հանդիպմանն էլ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի ազգային գրադարանների համագործակցության խորացմանը։ Նախարար Անդրեասյանը կարևորել է նաև գրադարանային համակարգի մասնագետների վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորությունները:
Ալմաստ Մուրադյան
- Created on .
- Hits: 62