Երբ խոցում են ներսից…

    Հովհաննես Գրիգորյանի անդառնալի կորուստը ցնցեց շատերիս: Նա աներևակայելի լավատես էր ինչպես կյանքի, այնպես էլ մեր երկրի, մեր կառավարության հանդեպ, թեև ժողովրդի ցավը հազար տեղից հոշոտում էր նրա սիրտը, բայց նա` մեր ժամանակների ամենաարժեքավոր պոետը, կարողանում էր փակել հուսահատության դռները, ու բացել մի նոր, լայն ուրվագիծ` բացառիկ հումորի ու տխրության ներդաշնակության զուգամիտությամբ, որով կարողանում էր նկարագրել երկրի իրական դրությունը ու դա անում էր վարպետորեն` առանց շինծու այլևայլումների: Իսկ ի՞նչ արեց մեր երկիրը, մեր կառավարությունը: Եվս մի անգամ ապացուցեց, որ սեփական տանդ մեջ` հարազատ երկրումդ զսպված ու անտեսված է ձայնդ, երբ մեր ու գալիք սերունդները, մեր երեխաները պիտի Կոմիտասի անվան պանթեոնում տեսնեին նրան` մեր մեծերի կողքին ու որպեսզի ամոթ չզգայինք նրանց ու պատմության առջև: Հովհաննես Գրիգորյանը հավատում էր, որ ամեն բան լավ կլինի, մենք հավատում ենք նրա լավատեսությանը: Նա ուներ գույն, ինչպես իր բանաստեղծությունները ու նրա ամեն մի տողը, ամեն մի բառը ժողովրդի սրտից է բխում: Իսկ ի՞նչ արեց այդ ժողովուրդը: Այդ ժողովուրդը, այդ հասարակությունը սրանից շատ ավելի առաջ մոռացավ դաստիարակել նոր սերնդին, ինքն իրեն էլ մոռացավ ու կորցրեց իրեն, թաղվեց ճահճի` պաթոսի ու սրտաճմլիկ զեղումների մեջ… ու ավա՜ղ, այսօր մեր երիտասարդության մի մասը սև հագուստով ու մաստակը բերանում ճղճիմ գովաբանություններ է շռայլում իր պես դատարկագլուխ ու պարզունակ` հակառակ սեռի մյուս մասին, մի մասը թեև կարդում է, բայց միայն կարդում է պարզունակ շարադրություններ ու դա անվանում է գրականություն: Մինչև ե՞րբ… Հովհաննես Գրիգորյանը մեր երիտասարդության փոքրամասնության գրողն է, ու նրա գրիչը շատերը չեն հասկանա: Բայց ամենասարսափելին ժամանակակից գրողների վերաբերմունքն էր: Ինչ արեցին նրանք` մերժելով նրա  դասական գրող լինելու անբեկանելի փաստը, ու նրանցից շատերը` արհեստական, սուտ տողերով՝ ապրող, իրենց ընկերոջը նախանձող այդ ‹‹հանճարները›› պարզապես իրավունք չունեն Հովհաննես Գրիգորյանի հետ հավասար կրել ‹‹գրողի›› պատվավոր կոչումը: Այս կեղտից կարելի է միայն հոգնել, հուսահատվել ու վայր դնել գրիչը, թքել գրականության, ժողովրդի ու սեփական երկրի վրա: Բայց դա թույլ չի տալիս անել Հովհաննես Գրիգորյան մեծ բանաստեղծը և ուսուցիչը, ասում է` անսահման սիրեք կյանքը ու ամեն բան սիրեք, լավատես եղեք ու գրեք, գրեք քարտեզի վրա ընդամենը մի կաթիլ թվացող մեր երկրի, մեր բազմաչարչար ու համբերատար ժողովրդի ու գոնե ինձ համար, որ այնտեղ` վերևում զգամ, որ ամեն բան իզուր չի անցել ու իզուր չի եղել ապրածս… որովհետև ամեն ինչ դեռ նոր է սկսվում…
                                                                                                           Անի Հովհաննիսյան
  • Created on .
  • Hits: 2851

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: