• cultural.am
  • Թատրոն
  • Թատերախաղի և կրթական փորձի համադրումը. «Խաղարան» ինտերակտիվ թատրոն

Թատերախաղի և կրթական փորձի համադրումը. «Խաղարան» ինտերակտիվ թատրոն

Խաղը երեխաների համար աշխարհը բացահայտելու միջոց է։ Նրանք ճանաչում են միջավայրը գույնի, շարժման, կերպարների միջոցով՝ ձևավորելով իրենց պատկերացումները մարդկանց, երևույթների և սեփական «ես»-ի մասին։ Այդ ճանապարհին առանցքային է, թե ինչ բովանդակությամբ ու որակի տեղեկատվության հետ են նրանք առնչվում դիտելով, լսելով, կարդալով: Տիկնիկային թատրոնը, թերևս, ճանաչողական այդ ընթացքի ամենաբնական ու վստահելի ուղեկիցներից է. այստեղ երեխաների հետ խոսում են նրանց հասկանալի լեզվով: Ուստի կարևոր է ուշադրության կենտրոնում պահել՝ ովքեր են այդ ներկայացումները ստեղծում, ինչ ձևով է կառուցվում բեմադրական խոսքը, ինչ գաղափարներ ու արժեքային համակարգ են փոխանցվում, և կարևորը՝ արդյոք բեմում տեղի ունեցողը համապատասխանո՞ւմ է մանկական լսարանի զգայուն աշխարհին։

Վերջին տարիներին երևանյան տիկնիկային թատերախմբերի թիվն ավելացել է։ Փորձը ցույց է տալիս, որ երեխաներն առավել հուզվում են այն դեպքերում, երբ իրենք ևս ներգրավված են ներկայացման գործընթացում՝ որպես համախաղացողներ, այլ ոչ թե միայն դիտողներ։ Շարժման, արձագանքի և անմիջական շփման հնարավորությունը նրանց համար դառնում է ոչ միայն միջոց, այլ նաև ուղի՝ թատերական տպավորությունը վերածելու սեփական փորձառության։

Այս միտումների շրջանակում առանձնանում է «Խաղարան» ինտերակտիվ թատրոնը, որն իր բեմադրություններով առաջարկում է ոչ միայն դիտողական, այլև ստեղծագործական մասնակցության ձևաչափ։ Այստեղ հանդիսատեսը դիտելուց զատ գործում է, վերծանում, փոխազդում՝ դառնալով բեմական աշխարհի մի մասը։ 

Khagharan 2

Թատրոնի հիմնադիրներ Գոհար Առաքելյանն ու Էդգար Թաթիկյանը իրենց ստեղծագործական ուղին սկսել են Արցախում և շարունակում են Երևանում՝ հավատարիմ մնալով նույն մանկավարժական ու գեղարվեստական սկզբունքներին։ Նրանք պատրաստում են նոր տիկնիկներ, գտնում ժամանակակից հեքիաթներ և դրանք վերածում թատերական պատմությունների՝ երեխաների համար ստեղծելով բացահայտման, խաղի և ներգրավվածության տարածք։

Օրեր առաջ կայացավ «Խխունջ Հենրիի կրկեսը» ներկայացման առաջնախաղը՝ բեմադրված Կատարինա Մացուրովայի «Խխունջ Հենրին» գրքի հիման վրա։ Չեխ գրող և նկարազարդող հեղինակի այս պատկերագրքի կենտրոնում փոքրիկ, երազող խխունջ Հենրին է, որը տարբերվում է մյուս խխունջներից․ նա չի բավարարվում լուռ սողալով, ու լռությամբ ապրել սովորական խխունջային կյանքը։ Հենրին երազում է կրկես գնալու, հնարքներ սովորելու և աշխարհի հետ կիսվելու իր ներքին աշխարհով։ Պատմության հիմքում ինքնության փնտրտուքն է, փոփոխության հանդեպ ձգտումը և սեփական սահմանները հաղթահարելու ցանկությունը։ Հենրին իր ճանապարհին հանդիպում է այլ արարածների, ընկերանում, կիսվում իր երազանքով և, ի վերջո, գտնում է հարթակ՝ ինքն իրեն արտահայտելու համար։

Khagharan 5

Ներկայացումը խաղում են Երևանի պատմության թանգարանում, որի ընտրությունը պատահական չէ։ Յուրաքանչյուր ներկայացումից առաջ երեխաները մասնակցում են փոքրիկ ճանաչողական շրջայցի թանգարանի այն հատվածում, որտեղ պահվում է հին տիկնիկների բացառիկ հավաքածուն։ Այս կերպ նրանք ոչ միայն խաղում են, այլև իրական շփում են ունենում պատմության, մշակույթի և արվեստի հետ՝ ստեղծելով հիշողության և երևակայության մի հարթություն, որն այլ կերպ դժվար կլինի ապահովել։ Սա թատրոնն ընկալելու այլընտրանքային եղանակ է։ 

Տիկնիկ-կերպարները՝ ստեղծված Գոհար Առաքելյանի կողմից, արտահայտում են տարբեր մարդասիրական և սոցիալական հատկանիշներ։ Խխունջը, մեղուն, մրջյունները ձևավորված են տիպավոր կերպարների լեզվով՝ հաղորդելու օգնության, համառության, ընկերության և փոխադարձ աջակցության արժեքները։ Կերպարների վարքագիծն ուղղված է փոքրիկ հանդիսատեսի ներքին աշխարհին՝ ոչ թե ուղղակի քարոզելու, այլ կերպարի միջոցով վերապրելու սկզբունքով։

Khagharan 4

Ներկայացման կարևոր բաղադրիչներից է եզրափակիչ «ձեռագործ» դրվագը, երբ երեխաները ներկում են իրենց խխունջին և տանում այն իրենց հետ։ Այն ոչ միայն նյութական հուշ է բեմական փորձառությունից, այլև մասնակցության խորհրդանիշ․ թատրոնը վերածվում է շարունակվող երևակայության, որը դահլիճից դուրս գալով՝ շարունակում է «խաղարկվել» մանկական միջավայրում։

«Խաղարան» թատրոնի ներկայացումները հասցեագրված են կոնկրետ լսարանի՝ մանկահասակ և տարրական դպրոցի երեխաներին։ Յուրաքանչյուր բեմադրություն կառուցվում է նրանց ընկալողական ու զգայական առանձնահատկությունների հաշվառմամբ։ Բեմադրությունները ներառում են ոչ միայն հեքիաթային սյուժեներ, այլ նաև արժեքային, կրթական խնդիրներ՝ նպաստելով հետագա քննարկումների ծավալմանը թե՛ ընտանեկան, թե՛ կրթական միջավայրում։ 

Ինտերակտիվ տիկնիկային թատրոնը Հայաստանում դեռևս ձևավորվող դաշտ է, որտեղ «Խաղարանը» ներկայանում է որպես արվեստի, կրթության և մանկական հոգեբանության շերտերն իրար միացնող փորձարարական հարթակ։ Այն ոչ միայն նոր ձևաչափ է առաջարկում, այլև վերաիմաստավորում է մանկական թատրոնի դերակատարումը՝ փոխադրելով այն պասիվ դիտումից դեպի ակտիվ մասնակցություն։

Արմինե Դանիելյան

  • Hits: 1195

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: