«Կոկորդիլոսը» ներկայացում․ լուսավոր հեքիաթ կամ անվերջ զրույց սեփական պոչի հետ

Աղասի Մելքոնյանի «Կոկորդիլոս» ներկայացումը հայկական տիկնիկային արվեստում  վերջին շրջանի ամենամեծ պահանջարկ վայելող ներկայացումներից մեկը կարելի է համարել։ Ներկայացման առաջին ցուցադրությունը բուռն հավանության արժանացավ 2021 թվականին և մինչ օրս էլ այն շարունակում է խաղարկվել լեփ լեցուն դահլիճներում՝ հարուցելով փոքրիկների ցնծությունն ու մեծահասակների անկեղծ հիացմունքը։

Ներկայացման դերակատարը, ռեժիսորն ու բեմադրիչը Աղասի Մելքոնյանն է, պիեսի հեղինակը՝ Նաիրա Եդիգարյանը։ Նկարիչը Աստղիկ Աբովյանն է, կոմպոզիտորը՝ Գրիգոր Կոկչյանը։

Ի սկզբանե «Կոկորդիլոս» ներկայացման նորարարությունը ինտերակտիվությունն էր․  Աղասի Մելքոնյանը առաջիններից մեկն էր, որ «ներմուծեց» այս ժանրը հայկական տիկնիկային արվեստ։ Թերևս ներկայացման հաջողությունը, բացի բովանդակային խորությունից և դերասանական տաղանդից, պայմանավորված էր նաև դերասան-հանդիսատես ակտիվ փոխգործակցմամբ, դահլիճում գտնվող փոքրիկ հանդիատեսի աշխուժությամբ։ Ներկայացումը առաջին տիկնիկային մոնոներկայացումն է հայ իրականության մեջ։

«Կոկորդիլոսը» նորույթ էր նաև տիկնիկային թատրոնի խաղացանկում, որտեղ առավել շեշտը դրվում է  ավանդական հեքիաթների բեմադրության վրա։ Բազմակերպար, դինամիկ տիկնիկային ներկայացումների շարքում, ազգային տիկնիկային թատրոնը հանդիսատեսին ներկայացավ այլ ժանրով՝ լուսավոր, միաժամանակ փոքր-ինչ տխուր, խոհափիլիսոփայական հեքիաթ-մենախոսությամբ։

Չնայած որ այս ներկայացումը նախատեսված է կրտսեր հանդիսատեսի համար, իրականում ասելիքը շատ ավելի խորն է։ Տարիքային շեմը կարելի է սահմանել երեքից բարձր՝ առանց վերին սահմանի։ Մեծահասակ հանդիսատեսը փոքրիկի հետ միասին նույնպես կարող է ներկայացումից քաղել բավականաչափ հուզական և գեղագիտական տարրեր։

Kokordilosy 2

Ներակայացումը պատմում է փոքրիկ լճակում ապրող միայնակ կոկորդիլոսի մասին, որտեղ բացի իրենից, այլ կոկորդիլոսներ չկան։ Նա փորձում է ընկերներ գտնել, սակայն ապարդյուն․ լճում բնակվող արարածները չեն կարող դառնալ կոկորդիլոսի ընկերները, քանի որ օրերից մի օր դրանք կդառնան նրա կերակուրը։ Եվ չնայած այս ամենի գիտակցմանը՝ կոկորդիլոսը շարունակում է հուսալ, որ իր բնակավայր լճակում մի օր կգտնի իր հարազատ հոգուն։ Իսկ մինչ այդ նրա միակ ընկերն ու «թշնամին» սեփական պոչն է, որի հետ կոկորդիլոսը զրուցում է, կռվում, հաշտվում․․․

«Կոկորդիլոսը» հետաքրքրական է ռեժիսորական աշխատանքի, բեմանկարչության և օգտագործվող տիկնիկների  տեսանկյունից։ Ներկայացումը սկսվում է Աղասի Մելքոնյանի ինտերակտիվ խաղով։ Դերասանը հայտնվում է դահլիճում հանդիսատեսի շարքերում և հարցուպատասխանի միջոցով աշխուժացնում է փոքրիկներին։ Դահլիճում մեծ խանդավառություն է տիրում, փոքրիկները անկեղծանում են իրենց երազանքների մասին։ Մթնոլորտը դառնում է անկաշկանդ, փոքրիկները և նաև մեծահասակները՝ ուրախ։ Հետո դերասանը բարձրանում է բեմ և «վերափոխվում» կոկորդիլոսի։

Բեմի վրա դերասան-տիկնիկ անցումը կատարվում է շատ սահուն։ Կոկորդիլոսի կերպարի վրա շեշտադրման ժամանակ հանդիսատեսը չի էլ նկատում դերասանին և ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է կենդանուն, չնայած՝ դերասանը գտնվում է բեմում, թաքնված չէ շիրմայի ետևում, և ինքն է խաղարկում տիկնիկ-կոկորդիլոսին։ Եվ հակառակը, դերասանի կերպարի վրա շեշտադրումը նրան առանձնացնում է իր տիկնիկ-հերոսից և հանդիսատեսի ուշադրությունը կենտրոնացնում դերասանական խաղի վրա։ Սա խոսում է դերասանի բաձր պրոֆեսիոնալիզմի մասին։

Այս կերպարային անցումները, տիկնիկ-կերպարների ինքնատիպությունը, դերասանի մշտական կապը հանդիսատեսի հետ ներկայացումը դարձնում են անչափ գրավիչ փոքրիկների և մեծահասակների համար։

Kokordilosy 3

Շատ ինքնապիպ և գեղեցիկ է մտածված ներկարայածման բեմանկարչությունը, հատկապես՝ փոքրիկ լճակը,  որը ներկայացված է ջրով լցված շրջված անձրևանոցի տեսքով։ Գաղտնիք չէ, որ  բնական տարրերի օգտագործումը բեմում ներկայացմանը հաղորդում է բնականություն և յուրահատուկ էներգետիկա, սա հիանալի կերպով աշխատում է նաև այս դեպքում. բեմն ու դերասանին թրջելուց հետո ջրի կաթիլները բեմից թռչում  են  դալիճի առաջին շարքեր, այնուհետև  տարածվելով ողջ դահլիճում՝  մոգական էներգիան փոխանցում են հանդիսատեսին:

Հետաքրքրական են նաև երաժշտական լուծումները․ դերասան-կոկորդիլոսի զվարճալի երգերն ու բեմական պլաստիկան ներկայացումը դարձնում են բովանդակային առումով ամբողջական ու ներդաշնակ՝ դահլիճում ստեղծելով անհրաժեշտ մթնոլորտ և ուրախ տրամադրություն։

Աղասի Մելքոնյանը իրապես կարողանում է հանդիսատեսին փոխանցել իր կոկորդիլոս-հերոսի ապրումները՝ տխրությունը, միայնությունը, հույսը, հարազատ հոգի գտնելու մեծ ցանկությունը․․․

«Կոկորդիլոսը» բարի հեքիաթ է փոքրիկների համար, իսկ առավել հասուն հանդիսատեսի համար, ավելի շուտ, իրատեսական թատերական փոխաբերություն։ Փոքրիկ լճակում իր տեղը չգտնող վայրի կենդանին փորձում է ընկերանալ ոչ իր նմանների հետ և, բնականաբար, անհաջողության է մատնվում։ Չնայած գիշատիչ լինելու հանգամանքին՝ ներկայացման հերոսը բարի է, նա փնտրում է հասկացողություն և սեր, սակայն ոչ իր ցեղակիցների շրջանում։ Նա հիասթափվում է, սակայն չի հանձնվում։ Եվ շարունակում է նայել երկնքին։ Եվ օրերից մի օր նկատում է, որ ամպը նույնպես նման է կոկորդիլոսի։ Ամպը կանչում է նրան իր մոտ, և նա համաձայնվում է։

Ներկայացման վերջաբանը հուզիչ է և գրավիչ։ Փոքրիկ հանդիսատեսը օգնում է միայնակ հերոսին գնալ իր երևակայական ընկերոջ մոտ, բարձրանալ երկինք և միանալ ամպերին։ Ռեժիսորական լուծումը ինքնատիպ է մտածված․ կոկորդիլոսը երկինք է բարձրանում թելի վրայով, որի մի ծայրը բեմում է, մյուսը՝ դահլիճում։

Սա, թերևս, տրամաբանական և գեղեցիկ  ավարտ է այլ արարածների կողքին գտնվող միայնակ և չհասկացված հերոսի համար։ Սրանով հեքիաթ ներկայացումը պատկերում է լուսավոր, բայց ինչ-որ չափով անակնկալ վերջաբան՝ տարբերվող ավանդական բարի ավարտներից, որտեղ նմանը գտնում է նմանին, և բոլորն ապրում են ուրախ և երջանիկ։

Փոխարենը երջանիկ են դահլիճում գտնվող փոքրիկները, որոնք հնարավորություն ունեն ավելի մոտիկից դիտել հերոս-կոկորդիլոսին և ճանապարհել նրան իր երազանքի ետևից։

«Կոկորդիլոս» ներկայացումը նուրբ հետք է թողնում և՛ փոքրիկների, և՛ մեծահասակների հոգում։ Իմաստային խորության, բեմական ինքնատիպ լուծումների և անթերի դերասանական խաղի շնորհիվ ներկայացումը, իսկապես, արժանանում է հանդիսատեսի անկեղծ հիացական գնահատականին։  

Ներկայացումը նոր ձեռագիր է հայկական տիկնիկային արվեստում՝ կերպարային փոխակերպումներով հագեցած մեկ դերասանի թատրոն, տարաձայն մենախոսություն, բեմի անկրկնելի մոգություն, որն անտարբեր չի թողնում ներկաներին։ 

Հայրապետ Հակոբյան 

11123
Նոյեմբեր 26, 2025

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: