Լսե՛ք ուղեղիս ձայնը
Անդրադարձ «Հայ ֆեստ» միջազգային թատերական 10-րդ փառատոնին
«Այնուամենայնիվ դու ձուկ չես» ժամանակակից պարային իմպրովիզացիոն մոնոներկայացումը հանդիսատեսին շոկի ենթարկելու իր անսպասելիությամբ եկավ ու նորաշունչ էքսպերիմենտով լցրեց երևանյան փառատոնային շարքը:
Դժվար է պատկերացնել՝ ինչպես մի ներկայացման մեջ կարող են համադրվել իրար հակասող տարբեր ժանրեր ու տրամադրություններ: Հումորային թեթև հնարքներից անցում պարային իմպրովիզացիային, հետո թեթևակի շտրիխներ՝ սպանդի, ցեղասպանության «փաստերով»… Եվ ամեն ինչ այնքան վերացականացված է, որ չկա այլևս ազգություն… Կա թեթևակի ակնարկ…
Ոչ միայն ազգը ազգին է կուլ տալիս, այլև մարդը՝ մարդուն, և մեծ ձուկը՝ փոքր ձկանը: «Այդպիսին է կյանքի օրենքը» - մտածում են նրանք, ովքեր հաշտվել են: Եվ այնպիսի կոպիտ արտահայտությունը, թե «քաք կերել են» նրանք, ովքեր հաշտվել են, համարձակ դերասանը շպրտում է մեզ՝ որպես կոչ, որպես պատգամ… Նրա կտրուկության ու կոպտության մեջ անսահման ցավ կար: Նրա՝ թվում է թե անտրամաբանական գործողությունների ու հայացքների մեջ անձնական կամ ազգային պատմություն կար, որը լցված էր տարօրինակ ձայնով… Ձայն, որ թուրքահայ դերասանը զարմանալի կերպով ստացավ միկրոֆոնի և մետաղյա մի մեծ թիթեղի միջոցով՝ այն դնելով գլխին… Ներկայացման ամենավերջում այդ հնարքը ստիպեց ապշած քարանալ: Այդ ձայնի ելևէջները լցնում էին տարածությունը և կարծես ասում. «Ահա՛, լսե՛ք ուղեղիս ձայնը, տեսե՛ք՝ այնտեղ ինչ է կատարվում: Ահա՛, լսե՛ք մեռած ուղեղների ձայնը, որովհետև ես սրտով եմ մտածում»: Թուրքիայից ժամանած այս նորարարը, որի անունն է Միհրան Թոմասյան, քանդեց մինչ այժմ այս թեմայով ստեղծված բոլոր գործերի ստերեոտիպերը… Սա բոլորովին նոր ժանր է…
Բայց այնուամենայնիվ դու ձուկ չես, չէ՞… Ասա՛, որ դու ձուկ չես…
Անի Հակոբյան, կինոգետ (2012թ.)
- Created on .
- Hits: 4535