Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության կազմավորման 80 ամյակին նվիրված համերգ
Սույն թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միության դահլիճում տեղի ունեցավ կվարտետային երաժշտության համերգ: Այն նվիրված էր միության ստեղծման 80-ամյակին: Մինչ համերգին անդրադառնալը մի քանի խոսք ՀԿԵՄ-ի անցած ճանապարհի մասին:
Միությունը կազմավորվեց 1932թ.-ին: Նպատակն էր միավորել սովետահայ պրոֆեսիոնալ կոմպոզիտորներին և երաժշտագետներին: 30-ականներից սկսած` հայ հեղինակների ստեղծագործության մեջ ավելի համառորեն և ինտենսիվ կերպով հաստատվեց արդիականության թեման: Երաժշտության միջոցով «խոսելու», բարձրաձայնելու այնպիսի թեմաներ մասին, որոնք հուզում են հասարակ մարդուն` կոնկրետ սուբյեկտին: Եթե նախկինում դա մշակվում էր միայն երգի ժանրում, ապա «այժմ» ներթափանցում է թատրոնի, սիմֆոնիկ, կամերային-գործիքային երաժշտության բնագավառ: Հիմնական խնդիրն էր միավորել միության անդամներին գաղափարապես բարձր, գեղարվեստականորեն նշանակալից այնպիսի երկեր ստեղծելու նպատակով, որոնք կզարգացնեին ազգային մշակույթի ավանդույթները, կնպաստեին կոմպոզիտորների և երաժշտագետների ստեղծագործական աճին ու պրոֆեսիոնալ վարպետության զարգացմանը:
Միությունը նախկինում կոչվում էր «Հայաստանի կոմպոզիտորների միություն» և միայն 2001թ.-ի փետրվարի 28-ին վերանվանվեց և կոչվեց «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միություն»: Այժմ միության անդամների թիվը շուրջ 120 է: Առաջին համագումարը տեղի է ունեցել 1939թ.-ին (2-րդը` 1947թ.-ին, 3-րդը` 1952թ.-ին, 4-րդը`1956թ.-ին, 5-րդը` 1962թ.-ին): Միության առաջին նախագահն էր Ա. Ոսկերչյանը (1933-1935թթ.): Նրան հաջորդեցին Մ. Աղայանը (1935-1939թթ.), Հարո Ստեփանյանը (1939-1947թթ.), Ա. Սաթյանը (1947-1952թթ.), Գ.Եղիազարյանը (1952-1954թթ.), Ղ. Սարյանը (1954-1957թթ.), Է. Միրզոյանը (1957-1992թթ.): 1992թ.-ից մինչ այսօր Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահն է Ռ. Ամիրխանյանը:
Դեռևս կազմավորման տարիներից սկսած` այսօր էլ ՀԿԵՄ-ի ստեղծագործական գործունեությունն իր արժեքավոր տեղն ունի արդի արվեստում: Մեր երկրի մշակութային զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց ստեղծագործական միությունների, որոնց կենսունակությունը և ակտիվությունը մեծագույն խթան է արվեստի համապատասխան ճյուղերի զարգացման համար: Հայաստանի կոմոզիտորների և երաժշտագետների միությունն այժմ միակ կառույցն է իր տեսակի մեջ: Հենց այս միության աջակցությամբ էլ երիտասարդներից կազմված «Երիտասարդ ձայներ» նոր լարային քառյակը իրականացրեց ՀԿԵՄ-ի 80-ամյակին նվիրված համերգը:
Քառյակը ստեղծվել է միության աջակցությամբ` նպատակ ունենալով հնչեցնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Քառյակի կազմակերպիչն է Երևանի պետական կոնսերվատորիայի խմբավարության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Արամ Սարգսյանը: Քառյակի կազմում են Արամ Աբրահամյանը (1-ին ջութակ, գեղ. ղեկավար), Գևորգ Գասպարյանը (2-րդ ջութակ), Աէլիտա Մարտիրոսյանը (ալտ) և Արփինե Սարգսյանը (թավջութակ): Անդամներից երկուսը` Գևորգ Գասպարյանը և Արփինե Սարգսյանը, ԵՊԿ-ի ներկայիս ուսանողներ են:
Քառյակը ձևավորվել է սույն թվականի սեպտեմբեր ամսին: Սա, թերևս, «Երիտասարդ ձայներ» լարային քառյակի առաջին մենահամերգային ելույթն էր:
Համերգի ընթացքում հնչեցին կոմպոզիտորներ Ղազարոս Սարյանի, Էդգար Հովհաննիսյանի և Ռուբեն Ալթունյանի համապասխանաբար Nօ.2, Nօ.4 և Nօ.2 կվարտետները: Ստեղծագործությունների ընտրությունը կատարվել էր միության կողմից: Իհարկե, երիտասարդ երաժշտի մտածողություն բոլորովին այլ է: Լսելով նորաստեղծ քառյակին` հասկանում ես, որ արդեն իսկ կատարված ստեղծագործությունները նրանք այլ կերպ են մեկնաբանում: Քառյակի կազմակերպիչ Արամ Սարգսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ քառյակը կոմպոզիտորներին չի արժեքավորում ըստ ժամանակային հատկանիշների, «կատարում ենք որակյալ երաժշտություն»: Բնականաբար ծրագրում կլինեն կվարտետային ժանրի հիմնադիրներ` Հայդնի, Մացարտի, Շումանի, ինչպես նաև ժամանակակից կոմպոզիտորների կվարտետային գործեր, սակայն առանցքայինը կլինեն հայկական ստեղծագործություններ, նաև կլինի համագործակցություն սկսնակ հեղինակների հետ: Արդյունքում գաղապարը կմնա նույնը` հնչեցնել գեղեցիկ և գրագետ դասական երաժշտություն` մասնավորապես հայ դասական երաժշտություն: Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության դահլիճում «Երիտասարդ ձայներ» քառյակը ունկնդիր հասարակությանը ներկայացրեց հայ դասական երաժշտություն վառ նմութներից երեքը: Այժմ մի քանի խոսք ստեղծագործությունների մասին:
Ղ. Սարյանը երկու լարային կվարտետի հեղինակ է: Nօ.2 կվարտետը կոմպոզիտորը գրեց Սիմֆոնիայից (1980թ.) 6 տարի հետո` 1986թ.-ին: Այն պատվեր էր Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության` Հենֆեն երկրամասի մշակութային փոխանակումների կազմակերպության կողմից: Ստեղծագործության տևողությունը պետք է լիներ 13 րոպե, այն պետք է հնչեր Դարմշտադում Մարտիրոս Սարյանի գեղանկարչության ցուցահանդեսի բացման ժամանակ: Կարծում ենք` կոմպոզիտորը պատահմամբ չի ընտրել կվարտետ ժանրը, և կվարտետի ստեղծումը չի եղել պարզապես պատվերի կատարում: Կամերային կազմը կոմպոզիտորի «պահանջ»-ն էր Սիմֆոնիայից հետո, որտեղ պետք է շարունակվեին և նոր զարգացում ստանային արդեն իսկ սիմֆոնիայում առկա լիրիկափիլիսոփայական նրբագծերը:
Կվարտետի ծրագրի մտահղացումը մասշտաբային է, բայց ժամանակի գործոնը կոմպոզիտորին ստիպեց կրճատումների գնալ` խտացնելով ձևակառուցումը: Կվարտետի երկու ոչ մեծ մասերը իրենց մեջ այնքան էմոցիոնալ նյութ են պարունակում, որ միանգամայն լիարժեք կերպով, ամբողջությամբ ներկայացնում են կվարտետի դրամատուրգիան: Կվարտետի երաժշտությունն առանձնանում է նրբագեղությամբ, զուսպ, բայց հոգեբանական խորությամբ, որն ունկնդրին առավել երկար է պահում այդ երաժշտության շնչառության մեջ: Թերևս սրանով է պայմանավորված կվարտետի ինքնատիպությունը: Ունենալով խիստ հյուսվածք, այսքան հագեցած թեմատիզմ, միևնույն ժամանակ լինելով իր ասելիքի մեջ լակոնիկ` այս կվարտետը հիրավի լուրջ ներգործություն և ուժեղ տպավորություն է թողնում ունկնդրի վրա:
Առաջին մասը ընթանում է դանդաղ, խորալային հնչողությամբ: Սա կոմպոզիտորի նախընտրած ձևերից է («Գառնի», Արիա): Մաքուր, հստակ մելոդիկ գծեր, որոնց վերջնամասում կառուցվող համահնչյունները, ասես, հիմք են ծառայում այս երաժշտական կառույցի համար: Այս մասում առկա ռիթմիկ խստությունը, արժանապատիվ, սիմետրիկ դասական ձևակառուցումը կարող էին երաժշտությունը դարձնել անշուք և ոչ զգացմունքային, եթե մեղեդիում չհայտնվեին այդ թափանցիկ, սրություն ստեղծող և «ծակող» ձայն ունեցող այդ հնչյունները, որոնք կրողն էին լարված զգացումների և խոր ապրումների:
Երկրորդ մասը նույնպես տիպիկ սարյանական է` նրբաշաժ, ռիթմիկ մտահնարային, ինչ-որ տեղ ժպտադեմ, տեղ-տեղ մտածկոտ և սկերցոզայնության տարրեր պարունակող: Շատ նրբորեն է դրվագազատված հայկական ժողովրդական երգի` «Տույ-տույ»-ի ինտոնացիաները:
Եթերային բնույթ ունեցող վերջնամասում կրկին լսվում է առաջին մասի խորալային «երգեցողությունը», բայց արդեն ավելի լուսավոր և դեպի վերը ընթացող ձգտումներով:
Կվարտետը նվիրված է Կոմիտասի անվան քառյակին:
Էդգար Հովհաննիսյանը լարային չորս կվարտետի հեղինակ է: Կարելի է ասել, որ այս ժանրը պատկանում է կոմպոզիտորի նախասիրած ժանրերին, որի միջոցով ստեղծագործական ուղու տարբեր փուլերում արտացոլվել են կոմպոզիտորի առանձնահատուկ վերաբերմունքը, ազգայինի նոր ընկալումն ու ինքնատիպ մեկնաբանումը, նուրբ քնարականությունն ու խոհափիլիսոփայական պատումը:
Լարային չորրորդ կվարտետը (op. 43, 1981թ.) Է. Հովհաննիսյանը գրեց երրորդ կվարտետից (op. 24, 1965թ.) 15 տարի հետո: Կվարտետը կյանքի կեսդարյա հոբելյանը բոլորած կոմպոզիտորի հասուն ստեղծագործական շրջանի ինքնատիպ գործերից է, որի ստեղծման ժամանակահատվածը համընկնում է այնպիսի նշանակալի գործերի ի հայտ գալուն, ինչպիսիք էին 2-րդ և 3-րդ սիմֆոնիաները, Կոնցերտ-բարոկկոն:Կվարտետի հեղինակային բնագրի վերջում կարդում ենք, որ կվարտետի առաջին ուրվագծերը մտահղացել են դեռևս 1978թ.-ին: Սևագիր աշխատանքներն արվել են 1980թ.-ին, ավարտին է հասցվել 1981թ.-ին և նվիրվել Կոմիտասի անվան պետական քառյակի նոր կազմին` Է. Թադևսյան, Հ. Հեքիմյան, Յա. Պապյան և Ֆ. Սիմոնյան: Սկսած վաղ շրջանի առաջին լուրջ ստեղծագործությունից` Դաշնամուրային կվինտետից, Կոմիտասի անվան քառյակն ու նրա առանձին երաժիշտները եղել են կոմպոզիտորի ոգեշնչման աղբյուրը, նոր գործերի խանդավառ լուսաբանողներն ու անգերազանցելի մեկնաբանողները:
Nօ.4 կվարտետը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իր կերպարային, ոճական ու դրամատուրգիական յուրահատկություններով: Այն հետաքրքրությունների մեծ ալիք առաջացրեց մասնագետների և երաժշտագետների շրջանում` նշանակելով հեղինակի ստեղծագործական հասուն շրջանի ոճական առանձնահատկությունների զարգացման նոր աստիճան: Միևնույն ժամանակ, մասնագետների միահամուռ գնահատմամբ այն ընդհանրացնում էր կոմպոզիտորի անցած ստեղծագործական ուղու լավագույն ձեռքբերումները, որտեղ հեղինակը հարազատ էր մնացել զուտ հովհաննիսյանական սկզբունքներին: Առաջին հերթին, այս կվարտետում ևս կոմպոզիտորը դիմել է ժողովրդական երաժշտության անսպառ հնարավորություններին: Կվարտետը, ունենալով եռամաս կառուցվածք, հակիրճախոս է, բայց նրա կերպարները ներքուստ նշանակալից և ընդգրկուն են: Այսպիսով`, Է. Հովհաննիսյանի Nօ.4 կվարտետի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում քնարադրամատիկ ուղղվածությունը` նշանավորելով հայկական կամերային-գործիքային երաժշտությունը:
Ռուբեն Ալթունյանը երկու լարային կվարտետի հեղինակ է: Դրանցից առաջինը ստեղծվել է 1962թ.-ին: Nօ.2 կվարտետը ստեղծվել է 1992թ.-ին: Այն պատվեր էր պարսկահայ ընկերության կողմից: Ստեղծագեծեւթյունը պետք է մասնակցեր մրցույթի, որը տեղի ունեցավ 1994թ.-ին: Հեղինակի խոսքերով` կվարտետը նվիրված է 90-ականներին, որտեղ արտացոլվում են մութ ու ցուրտ տարիները: Առաջին անգամ հնչել է Երևանում` Կոնսերվատորիայի ուսանողների կատարմամբ, այնուհետև տարբեր քաղաքներում, տարբեր քառյակների մեկնաբանությամբ:
Կվարտետը մեկմասանի է, սակայն ունի ներքին եռամաս կառուցվածք: Այն ամբողջությամբ հյուսված է հայկական ազգային ելևէջներից` ինչպես ժողովրդական, այնպես էլ ազգային դասական երաժշտության մեջ անդրադարձված: Հեղինակը շատ բնական է օգտվում այս երաժշտական բառարանից, առանց ուղղագիծ փոխառումների: Ինչպես օրինակ` «Սիրեցի յարս տարան» քաղաքային երգը, որն ամբողջ կվարտետի ընտացքում անցնում է պարբերաբար` մի դեպքում ալտի մոտ, մյուսում առաջին ջութակի, մեկ նվագակցության տեսքով, մի դեպքում էլ կսմիթային կերպով: Չնայած իր մեկմասանելիությանը` կվարտետը բավականին ծավալուն է, հատկապես միջին մասը (արագ), որտեղ ալթունյանական երաժշտական ձեռագիր դարձած «Հայկական Քոչարին» է: Վերջինս ապահովում է լայն զարգացումը և կուլմինացիոն հասունությունը:
Այս կվարտետում ցայտուն է դրսևորվել ազգային խորը, հնագույն շերտերից եկող ինտոնացիոն հիմքի և նորագույն կոմպոզիցիոն տեխնիկայի համադրումը: Կվարտետի կարևորագույն արժանիքը կառուցվածքային հստակ դասական մտածողությունն է, որը Ռ. Ալթունյանի ոճական հիմնորոշ առանձնահատկությունը լինելով, կանխորոշում է նրա ստեղծագործության մեջ նեոկլասիցիզմի առկայությունը:
Մաղթենք այս ստեղծագործություններին երկարատև կյանք, ՀԿԵՄ-ին ստեղծագործական նոր շնչառություն և հուսանք, որ քառյակի հետ հաջորդ հանդիպումը չի ուշանա և երևանյան հադիսատեսը ավելի հաճախ հնարավորություն կունենա ունկնդրել երաժշտախմբի կատարումները:
- Created on .
- Hits: 6089