Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հույն դիրիժորի ղեկավարությամբ

Փետրվարի 22-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ համերգ` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Հունաստանից ժամանած դիրիժոր Նիկոս Քրիստոդուլուի մասնակցությամբ: Ծրագրում ներառված էին երաժշտական տարբեր ուղղություններ ներկայացնող ստեղծագործություններ` գերմանացի ռոմանտիկ կոմպոզիտոր Կ.Մ.Վեբերի «Էվրիանտե» օպերայի նախերգանքը, կլասիցիզմի վառ ներկայացուցիչ Վ.Ա.Մոցարտի Դաշնամուրային թիվ 21 կոնցերտը և երաժշտական իմպրեսիոնիզմի հիմնադիր Կ.Դեբյուսիի «Պրելուդների» երկրորդ տետրը:
Առաջին անգամ չէ, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ է ունենում արտերկրից ժամանած դիրիժորների ղեկավարությամբ և բարձր որակ ցուցաբերում: Ինչպես նախորդ համերգներին, այս անգամ ևս համերգի առաջին բաժնում մեր նվագախուբը առանձնացավ կոկիկ, ճշգրիտ, ոգևորված նվագով: Օտար դիրիժորի ներկայությունը նվագախմբին կարծես ստիպեց ցուցաբերել իր լավագույն հնարավորությունները: Այսպես, համերգի փայլուն սկիզբն ազդարարեց Կ.Մ.Վեբերի «Էվրիանտե» օպերայի նախերգանքը, որի կատարումն առանձնացավ բարձր մակարդակով, կենտրանացված և որակյալ հնչողությամբ:
Այնուհետև հնչեց Վ.Ա.Մոցարտի Դաշնամուրային թիվ 21 կոնցերտը Հարավային Կորեայից ժամանած դաշնակահարուհի Յուն Սու Ռեեի կատարմամբ` ով մի շարք մրցույթների դափնեկիր է և հանդես է եկել այնպիսի հեղինակավոր նվագախմբերի հետ, ինչպիսին են Seul National ֆիլհարմոնիկ նվագախումբը, Prague ֆիլհարմոնիկ նվագախումբը, Kharkov ֆիլհարմոնիկ նվագախումբը, Korean ֆիլհարմոնիկ նվագախումբը և այլն: Դաշնակահարուհին վարպետորեն կատարեց կոնցերտը և ներդրեց իր կանացի նրբագեղությունը: Նշենք, որ այս դաշնամուրային կոնցերտը Մոցարտի հարուստ ստեղծագործական ժառանգության մեջ ամենահաճախ կատարվող կոնցերտներից է, որն առանձնանում է իր երկրորդ մասով` Andante, և համարվում ամենագեղեցիկներից մեկը Մոցարտի Andante-ների շարքում:

Համերգի երկրորդ բաժինը թերևս ամենասպասվածն էր: Տեղի ունեցավ հայաստանյան պրեմիերա: Հնչեց Կ.Դեբյուսիի դաշնամուրային պրելյուդների երկրորդ տետրը, բայց նվագախմբի կատարմամբ` Նիկոս Քրիստոդուլուի գործիքավորմամբ:
Մի քանի խոսք նրա մասին: Նիկոս Քրիստոդուլուն հույն դիրիժոր և կոմպոզիտոր է, հանդես է գալիս նաև որպես դաշնակահար և ակտիվ գործունեություն վարում ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահաններից դուրս, ինչպես նաև դասավանդում է Աթենքի Hellenic Conservatory-ում, կոմպոզիցիայի բաժնում: Նա մեծ ներդրում ունի Հունաստանի ակտիվ երաժշտական կյանքի զարգացման գործում: Նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է «Alpha-Omega Ensemble», որի երկացանկում ընդգրկված են ստեղծագործություններ 20-րդ դարի երաժշտությունից: 2012 թ.-ին Նիկոս Քրիստոդուլուն գործիքավորել Կ.Դեբյուսիի Պրելյուդների երկրորդ տետրը և նույն թվականին իրականացրել դրանց պրեմիերան`Աթենքում և Լոնդոնի Barbican Hall-ում: Փաստորեն, հաջորդ կատարումը տեղի ունեցավ Փետրվարի 22-ին` Երևանում: Պետք է նշել, որ սա Պրելյուդների գործիքավորման առաջին դեպքը չէ, բայց ամենագրագետն է և հաջողվածը, քանի որ իրականացվել է լուրջ մասնագետի կողմից:

Սոնա Հայկազուն
Լուսանկարները Սոնա Անդրեասյանի , ՀՊՖՆ լրատվական բաժին
Լուսանկարները Սոնա Անդրեասյանի , ՀՊՖՆ լրատվական բաժին
- Created on .
- Hits: 4838