Եվս քսան կիլոմետր
Ամեն առավոտ արթնանում եմ ուժերի գերլարումով, ամեն երեկո պատճառներ փնտրում` առավոտյան արթնանալու համար: Անհամբեր սպասում եմ` շաբաթն ավարտվի` մտածելով` եթե շաբաթ-կիրակի հանգստանամ, կանցնի:
Մտերիմներիցս մեկը վաղուց առաջարկում էր միասին գնալ Էջմիածին: Մտածում էի հոդվածների շարք գրել անապահով ընտանիքների մասին, նա էլ թե` Էջմիածնի գյուղերում նման ընտանիքներ շատ կան, և Տեր Հուսիկ քահանան էլ ամեն շաբաթ այցելում է գյուղեր, կարելի է նրա հետ գնալ:
Ուրբաթ օրը հերթապահ եմ. ծանր օր, 12 ժամ աշխատել եմ ու րոպեներն եմ հաշվում` երբ եմ տուն հասնելու: Արդեն պատրաստվում էի անջատել համակարգիչն ու դուրս գալ, հանկարծ Ֆեյսբուքում աչքովս ընկան «Ժպտացող զինվորների» պատռված լուսանկարները:
Լուսանկարիչներից մեկը ժպտացող զինվորների էր նկարել ու նկարները փակցրել Երևանի Կենտրոնական փողոցներում, մի քանի օր բոլորը այդ նկարներից էին խոսում, դնում իրենց ֆեյսբուքյան էջերում: Երբ տեսա պատռված լուսանկարները, մոռացա, որ ուշանում եմ ու քարացած մնացի նստած: Տեսնես ինչից կարող է մարդ էսքան չարանալ ու էսքան ատելությամբ լցվել: Նստեցի, մի երկու բան գրեցի էդ անհայտ «քաջագործների» հասցեին, հետո դուրս եկա: Ամբողջ ճանապարհին մի բան էի մտածում` որտեղ, երբ մեծացավ էս անսեր սերունդը, ոնց կարելի է ատել զինվորին, ոնց կարելի է պատռել նրա ժպիտը: Սեր չկա: Անհետացել է մի տեղ:
Առավոտյան մի կերպ արթնացա: 10:30-ին արդեն Մայր աթոռի բակում ենք: Սպասեցինք Տեր Հուսիկին: Նրան առաջին անգամ էի տեսնում. բարևեցի, ծանոթացանք ու շարժվեցինք: Ճանապարհին հոգևորականի մասին իմ բոլոր կարծրատիպերը չքվեցին անհետ: Տեր Հուսիկը իմ տեսած ամենակենսուրախ ու հումորով քահանան էր: Վարորդը` վարպետ Հովհաննեսը (այդպես դիմում էր նրան Տեր հայրը), Տեր Հուսիկը և մեր ուղեկիցներից մեկը` Արմանը, անընդհատ կատակում են, և ես անգամ չնկատեցի` ինչպես գյուղ հասանք:
Դպրոցի բակում քահանային արդեն սպասում են: Երեխաները շատ չեն` 5-6 հոգի: Տեր Հուսիկին այնպես են բարևում, ասես իրենց ամենամոտ ընկերը լինի: Ներս ենք մտնում: Տեր Հուսիկը երեխաներին առաջարկում է «Սիրիր թշնամուդ» խաղալ, բոլորը միաբերան համաձայնում են: Պարզվում է`միակ մարդը , որ չգիտի խաղի կանոնները, ես եմ: Բայց, ամեն դեպքում, ես էլ եմ հայտնվում խաղի մեջ: Մենք երկու թիմի ենք բաժանվում: Խաղի կանոնների համաձայն Տեր Հուսիկը մի ածական է ասում, որի վերջին տառով` խաղն սկսող թիմը պետք է ածական ասի, հետո մյուս թիմը և այսպես շարունակ: Յուրաքանչյուր դրական բառի համար թիմն ստանում է 3 միավոր, իսկ բացասականի համար` 1: Երեխաները ջանում են, որքան հնարավոր է դրական բառեր ասել, իսկ Տեր Հուսիկը հորդորում է նրանց` անպայման դիմել այդ ածականով հակառակ թիմից որևէ մեկին, որ խաղն ավելի հետաքրքիր լինի: Օրվա հերոսը Հովհաննեսն է դուրս գալիս. ամենաշատ դրական ածականները հենց նրան են բաժին հասնում: Չնայած բոլորը հուշում են իրար, խախտում խաղի կանոնները, բայց Տեր Հուսիկը համբերատար վարում է խաղը` յուրաքանչյուր ածականի շուրջ մի կատակ հնարելով ու երբեմն էլ օգնելով դժվար կացության մեջ հայտնված թիմին: Հետո ուրիշ խաղ ենք խաղում: Երբ երեխաները հոգնում են, Տեր Հուսիկը խնդրում է բոլորին միասին բարձրաձայն աղոթել, որից հետո հանում է նոթատետրն ու երեխաներից մեկի օգնությամբ փորձում ճշտել` որտեղ են գտնվում այն տները, որոնք պիտի այցելենք: Տեր Հուսիկը մի նոթատետր ունի, որտեղ անապահով ընտանիքների երեխաների անուններն են գրված: Մենք պետք է այցելենք նրանց տները, ու այդ երեխաներին տանք գրենական պիտույքներ, որոնք քահանան բերել է նրանց համար: Նա նաև որոշել է նվերները հանձնելուց բացի այդ տներում տնօրհնեքի կարգ կատարել: Տեր Հուսիկը երեխաներից մեկին հարցնում է, թե ինչու ցուցակում գրանցված երեխաներից մեկը` Վաղինակը, հավաքին չի եկել, հետո էլ միանգամից որոշում, որ առաջինը Վաղինակենց տուն ենք գնալու: Վաղինակենց տունը բավական մոտ է դպրոցին, գնում ենք ոտքով: Նա հայր չունի, ապրում է մոր, քրոջ ու տատիկի հետ: Դուռը բաց է, ներս ենք մտնում: Ծխից սևացած պատերով ընդարձակ սենյակ է: Վաղինակենց տանը ասես երկու տարբեր դարաշրջան լինի, տան մի հատվածում նոր բազմոց է դրված, մյուսում շատ հին մի պահարան ու հին աթոռներով սեղան: Փայտյա հատակը ներկված չէ, այն Վաղինակի ոտքերի գույնն ունի: Երեխան բոբիկ սենյակից սենյակ է գնում, հետո Տեր Հուսիկի նվիրած աղոթագիրքը երկու ձեռքով բռնում ու կանգնում է քահանայի կողքին, մինչև տնօրհնեքի արարողության ավարտը: Վաղինակն ու քույրը կնքված չեն, մայրն ուզում է բացատրել, որ իրականում ցանկություն ունեն կնքվելու... Տեր Հուսիկը միանգամից գլխի է ընկնում: Նա բացատրում է Վաղինակի մորը, որ երեխաներին կնքելու համար ոչինչ հարկավոր չէ, ընդամենը պետք է գնել երկու խաչ, մի մաքուր սրբիչ ու զանգել իրեն:
Հետո հաջորդ տունը. երեք երեխա, տանտիրուհին ջահել կին է, բայց էնքան մաշված ու ծերացած: Դրսում ամեն ինչ թափթփված է, միջանցքում իրար գլխի անկանոն արկղեր են շարված, տունն անխնամ`իր բնակիչների պես: Խոհանոցում (այն խոհանոց կոչելն իհարկե դժվար է, բայց գազօջախն այնտեղ է դրված) ինչ-որ բան է եփվում, հավանաբար կարտոֆիլ, որովհետև տանը տարածվել է օսլայի հոտը: Ամենուր ճանճեր են, չարաճճի պտույտներով հավաքվում են մեզ վրա, աղոթքի ժամանակ խանգարում Տեր հորը: Տեր Հուսիկը տնօրհնեքից առաջ խնդրում է բերել տանը եղած աչքահուլունքներն ու նման իրերը, տանտիկինը բերում է, հետո, երբ Տեր Հայրն ասում է, որ դրանք վերցնելու է, նա ընդդիմանում է, ամեն կերպ փորձում հետ ստանալ դրանք, բայց Տեր Հուսիկը հանգիստ ու անխռով շարունակում է բացատրել, որ դրանք պետք չեն քրիստոնյային: Արարողությունից հետո կինը ևս մի փորձ է անում դրանք հետ ստանալու, բայց... Կապույտ քարերը Տեր Հուսիկի ձեռքի տուփի մեջ են, ու մենք շարժվում ենք առաջ: Եվս երեք տուն` ջերմ զրույցներով, կատակներով: Արդեն ցերեկվա ժամը չորսն է: Չենք նկատել ոնց անցան ժամերը: Բոլորս մի տեսակ թմրած ենք, քաղցած, Տեր Հուսիկի դեմքին` հոգնածության ոչ մի նշույլ: Ամեն տեղ մտնելուց գրանցում է հեռախոսի համարները, տալիս իրենը:
Ամեն տեղ ընտանիքի անդամի պես երեխաներին ճանաչում է: Մի տեսակ չեմ հավատում, որ Տեր Հուսիկը 26 տարեկան է: Այդքան հոգատարությունը, սերն ու նվիրումը ոչ մի կերպ չի տեղավորվում 26 տարվա մեջ:
Վերադառնում ենք: Ճանապարհին մտածում եմ, զինվորների նկարները պատռողներից մեկն էլ երևի 26 տարեկան է: Կարող է պատահել, չէ՞: Մոտ 20 ժամ առաջ մտածում էի` սեր չկա, կորել է, անհետացել մի տեղ: Հիմա մտածում եմ` կա, պարզապես դեռ մի 20 կիլոմետր էլ պետք է քշել մեքենան:
Աստղիկ Հակոբյան
- Created on .
- Hits: 4778