Ռուբեն Ֆիլյան. Քո երկրի դեսպանը

   Մեքենայով, որ իմ կառքն է, եւ Ես, որ դեռ Մենք ենք, իջնում եմ Աբովյան փողոցով, կառքը կայանում Նկարիչների տան դիմաց: Կավե սափորների, կախազարդերի, հուշանվերների միջով առաջանում եմ, դուրս գալիս «Դալան» սրճարանի բակ ու նստում այն նույն սեղանի մոտ, որ իմ ու Հասմիկի սեղանն էր: Եվ Մենք գիտեինք, որ այդ սեղանը Մեր երկիրն էր, եւ Մենք առանց շաքարավազի սուրճ խմելով ու խորը շնչելով՝ երազում էինք Մեր երկրի մասին, որ Մեր փնտրված գիրքն էր: Ու հիմա Ես, որ դեռ Մենք ենք, բացում եմ Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպը, նստում եմ Նրա, այսինքն՝ Մեր կառքն ու ճանապարհ ընկնում Մեր միակ, Վերջին երկրով:

   …Իրենք ամենախաղաղասերը, ամենազիջողն ու ամենահաշտվողն են, սակայն աշխարհի որ ծայրում էլ պատերազմ լինի՝ միեւնույն է, մեծ թե փոքր ուժերով պիտի մասնակցեն: Կապ ունենան, թե չունենան՝ պիտի գտնեն: Եվ երկու հակառակ կողմից էլ ամենափայլուն, ամենաինքնազոհ հերոսության փաստերը Մերը պիտի լինեն, իսկ Մեր պատերազմները միայն անիմաստ խիզախությամբ ու սոսկալի դավաճանություններով պիտի փառավորված լինեն, եւ մենք տեսանք, որ գիրքն այս ճիշտ է

   …Այնքան փոքր ու խեղճ են, որ չեն կարող մի կարգին անտառ աճեցնել, սնել, պատվաստել, եւ միայն ենթագիտենալով այդ բանը` մի կողմ են դնում ողջ անտառն ու սնում են ամբողջապես իրենցով պատվաստված մի ծառի, որը եւ աճում, հավասարվում է աշխարհի բոլոր անտառների ամենաբարձր ծառերին, բայց եւ միաժամանակ ամեն ինչ անում են, որ իրենց օրոք ծառը բարձր չերեւա, ու միայն օտար անտառների ողջունող գովեստներից հետո են ընդունում, որ ծառն իսկապես բարձր էր: Այն էլ միայն մի դեպքում՝ ծառարձանի կողքին լուռ կանգնած

   …Միաժամանակ ուզում է ազատ լինել, անկախ ամեն մեկից ու ամեն ինչից, բայց եւ միշտ կարծես հատուկ այնպես անում, որ մեկն անպայման լինի՝ ավագ ընկեր, կին, իշխող, ծնող, որին զեկուցի, խոստովանի, պատմի ու համարյա պարտավոր լինի պատմել կատարվածը, օրվա դեպքերը, գաղտնիքները, հանդիպումները՝ թե ինչն ինչպես եղավ եւ ինչու: Սակայն կա մի Բան, որի մասին կասի միայն օտարերկրացուն

   «Ամենաշատ ինքը չհավատաց երկնային կյանքին եւ ինքն էր, որ ամենաշատ կապվեց ու վստահեց իր հողին…»: «Եվ գերեզմանները շինեց իր տնից մեծ, լուսավոր ու կանգուն…»: «Աշխարհի որ ծայրում էլ լինի՝ նրա համար ճիշտը գնալն է, բայց քոչվորության ոչ մի նշույլ…»: «Ոչ մի տեղ, ոչ մի այլ երկրում դեսպան չունեն, բայց իրենցից յուրաքանչյուրը հոյակապ դեսպանացու է…»: «Կարծես առաջանում են եւ ոչ թե ծնվում, խելագարվում են, ոչ թե գժվում, գտնվում են, ոչ թե ստեղծվում, մահանում են, ոչ թե մեռնում, հայտնաբերվում են, ոչ թե հայտնագործվում, գնում են եւ ոչ թե հեռանում…»: «…Բայց ովքեր են Մերոնք: Իրենց հարցնես՝ աշխարհում ինչքան բարեհամբավ, ազատատենչ, քաջասիրտ, լուսավոր, հանրահռչակ ու մեծանուն անձ կա՝ Բոլորն էլ Մերոնք են…»: «…Իսկ երբ մենակ է եւ ուժ ունի խոստովանելու՝ շարունակ հարցնում է ինքն իրեն, թե ինչո՞ւ, ախր ինչո՞ւ այսպես անհավանական, ներհակ, մաղձոտ, անհավատալի՝ Մեր ստրկության մեջ, ու անչափելի՝ Մեր վեհ թռիչքներով…»։

   Ես, որ դեռ Մենք ենք, չեմ կարողանում բաժանվել իմ Մեծ ուսուցչի՝ Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» վեպից: «Դալան» սրճարանի սեղանին, որ իմ ու Հասմիկի սեղանն էր: Եվ Մենք գիտեինք, որ այդ սեղանը Մեր երկիրն էր: Եվ Մենք առանց շաքարավազի սուրճ խմելով ու խորը շնչելով՝ երազում էինք Մեր երկրի մասին, որ Մեր փնտրված գիրքն էր ու Լույսը Մեր, որ ուզում էինք գրկել-բերելխնամել, շոյել քնքշորենՈւ ակնթարթն էր, հավիտյան մնալով՝ գնալու Մեր Երկրից:

   …Ինքնաթիռը փափուկ պոկվեց առաջ ու թռավ, եւ մենք ինքնամոռաց հեշտությամբ սլացանք վեր, սակայն մեր օդանավը դեռ մի փոքր շրջան պիտի կատարեր Քո երկրի վրա ու հետո միայն՝ թափ առնելով թռչեր-բարձրանար ամենավերԱհա պարզ չէ՞, թե ինչպես է լինումՄենք գալիս ենք-ես մնում եմ-ու մենք գնում ենքու երկիրը, որ Մերն էր՝ մերը դառավ եւ ահա՝ Քոնն էր, Որդյակու երկիրն այս, որ լեփ-լեցուն է Բանաստեղծականությամբ, եւ այս պատմությունը, որ ծայրեծայր Բանաստեղծություն է՝ ահա Քոնն ենԴե հիմա Քեզ տեսնենք

   …Եվ ահա մեր օդանավը մի փոքր շրջան կատարեց Քո երկրի վրա՝ Քո լուսավոր երկրի, որ Բանի մեծ ու փոքր հայելիներից էր լոկ ու երեւում էր այնպես, ինչպես մենք մեզ հայելում ենք տեսնումքանզի ամեն ինչը, որ Բանին էր պատկանում՝ մերն էրԵվ ամենաբարձր գագաթներն էլ, ահա, ընկղմվում էին ծովն այդ խոնավ լույսերի, սուզվում էին լուսավոր հուշի մեջ՝ կորցնելով սահմանագիծը թաց երկնքի հետ, որտեղից անշարժ արեգակը, լուսաղբյուրի նման, ապագայի հուշերն էր պարզաջրում, եւ մենք թռչում էինք այդ խոնավ ծովի մակերեւույթից շատ ու շատ բարձր եւ սլանում էինք ամենավեր, ու մեր հոգին սավառնում էր այդ լուսե ջրերի վրա եւ մեզ էր հասցնում միայն Ետեւից լսվող ձայնի ՁԱՅՆԸ, ՈՐ ՄԵՐ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ  ԷՐ:

                                                                                                                                          Արամ Պաչյան           

  • Created on .
  • Hits: 7619

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: