Նամակ ոչ ոքի

    Սկզբից ցուրտը եկավ: Դեմքս ծամածռվեց ցավից. ճանաչեցի՝ նա էր:

    Գլուխս կախ՝ անցնում էի մերկ պատերի միջով. քարը փափուկ էր մարմնիս պես, մարմինս՝ հացի: Բաժանեցիք երկու մասի ու կերաք: Երեխաներիցս ամենից շատ չծնվածներին սիրեցի, նրանց, ում համար անուն այդպես էլ չհորինեցի:

    Նավզիկես. գանգուր մազերով, թռվռան, կրակոտ, կրակոտ: Մորը նման չէ բոլորովին: Հոր պես է, դեռ մինչև վերջ չհորինված հոր պես:

    Ցուրտը հագավ մարմինս, ասաց՝ տերն եմ քո այսուհետ ու հավետ: Արյանս տեղ ցուրտ էր, շնչիս տեղ՝ ցուրտ:

    Մենակ թափառելուց, մենակ հազալուց, մեռնել-հառնելուց բացի ինքս ինձ հետ խոսել էլ սովորեցի: Ինձ հավասար բաժանեցի երկու մասի՝ այ այս բառերը քեզ, իսկ սրանք՝ քեզ: Չկռվեք: Ու ապրեցինք համերաշխ: Երեկոյան տուն գալիս ստուգում էի՝ ամբողջակա՞ն եմ, թե՞ չէ: Չե՞մ մոռացել ինձ մի տեղ:

    Դռան ճռռոցը բարև էր, դռան ճռռոցը՝ հաջող:

    Գրքերում մարդիկ էին մեռնում, իսկ ես մի կուշտ լալիս էի նրանց համար ու չարանենգ ժպտում՝ ես դեռ կամ: Մարդիկ պարում էին փողոցներում, իսկ ես զանգում էր սրան-նրան, որ մեկնումեկը մի վայրկյանով գոնե միանա ինձ ու հետո հեռանա, թե կուզի, ինչ-որ շտապ գործերով:

    Դուռը ճռռում է օրը երկու անգամ: Ցուրտը հանգիստ տեղավորվել է մարմնումս:
                                                                                                                       Ռուզաննա Ոսկանյան

  • Created on .
  • Hits: 3831

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: