Լուսինե Եղյան․ վալենսիան լքելու մասին

վալենսիա – փարիզ թռիչքի ժամանակ զգացի, որ առմիշտ լքում եմ էս քաղաքը ու անգամ տխրեցի, չնայած ատամիս ցավը նույնպես անհանգստացնում էր։ վերևից սա բոլորովին ուրիշ քաղաք էր, ավելի սպիտակ ու լքված, անխուսափելի կերպով կղզիացած ու առույգ։ քաղաք, որն ամենահարմարն է փախստականների համար․ եվրոպայի ամենաէժան քաղաքը։ փարիզի այս սրճարանում մտքումս շարունակ չափագրում եմ քաղաքի էն հատվածը, որտեղ ապրել եմ․ կանաչ շենք, կողքը փոքր բառ, պալմաներ, խոտեր սիրող հարևան ու տենց։ էս հեռավորությունից նկատելի է միջերկարանում դեղին առագաստներով նավը, որ դանդաղ սահմաններ էր գծում՝ շրջացնելու համար այն ջուրը, որի մեջ էր։  ես հիշեցի աղվանացի աղջկան, որ գրադարանում ինձ տվեց իր դեղին գրիչը։ դեղինը շատ վառ թվաց իր երկար, շատ երկար ու սև հագուստի կողքին։ ես նկատեցի՝ ինչպես է բիբի մուգ շագանագությունը թրթռում աչքերի կկոծելու սովորությունից։ նրա մասին գրելու համար հրավիրեցի  լանչի ու հանդիպումների ընթացքում երկար, շատ երկար խոսեցինք․ խոսեցինք՝ իրենց ազգային խոհանոցից մինչև կանանց իրավունքներ աշխարհի տարբեր կոորրդինատներում ապրող։ իհարկե նաև ամեն բան նրա անձնական կյանքից, ընտանիքից, մորաքրոջից, իրենց հարևաններից։ ես էլ մի քանի բան պամեցի իմ երկրից, մարիան մուրից, խոսեցի՝ իմ ձախողումներից, թուլություններից, ինքը՝ իր։   հետո ինձ հորդորեց օրագիր պահել, որը հիմա անում եմ։   

կարճ ասած էս տեքստերը անառիթ է ու անխնդիր։  ուղղակի կարիք եմ զգում հաճոյանալ աղվանացի աղջկան տրված խոստմանս։ բայց սա լրիվ ուրիշ ֆիլմ է՝ պահված մի ուրիշ տեքստի համար։

իմ ուղեղում վազող տողում գնում է նրա պատմությունը, որ կխիզախեմ չգրել, քանի որ գրականության ու գրական նյութ փնտրող մարդը իր ողջ լճացվածությամբ ու ճղճիմությամբ կանգնեց դրմացս։ զգացի խեղճությունս։ իմ սերունդը նախամարդու բնազդով՝ փակ, անլույս, անգիրք սենյակում հա պատմում է նույն պատմությունը։ պատմում է ու չի հոգնում, պատմում է ու քաշում ինքնավստահության գլանակներ, պատմում է, որովհետև իր միջի անհանգիստ երեխան նոր շոկոլադ է ուզում, պատմում է, որովհետև ճանաչում է իր տկարությունը, անգետությունը։ իմ խեղճ, կորսված սերունդ։ իմ անհետք սերունդ։

քաղաքները կետ առ կետ վերաձևակեպում են մարդկանց․ դրանք գերազանցում են հիշողության միֆը, որը կառավարում է ոտքերդ ու միտքդ, հետո անձնագիրդ (եթե որոշել ես եվրոպականն ունենալ)։ Դու մոլորակի ուրիշ կետում արդեն ունես մահվան թուղթ, փախել ես պատերազմից, սովից, ամուսնուց կամ քաղաքական հետապնդումից։ իրապես հետաքրքրական է քաղաքի ու կապիտալիզմի կապը հասարակության վրա, մանավանդ մեզ՝ հետսովետական ցնցուղը կամ չուգունից վաննան ճանաչողներիս համար։ ու եթե այս ամենին ավելացնենք #text, մեր օդափոխվող բորշը կլինի պատրաստ։           

ցավում եմ, որ հիմա փարիզի այս գնացքում չեմ կարողանում կպնել wifi-ին ու գուգլել, քանի որ կարող էի հայ ժամանակակից արձակում շռայլել իմ գիտեցածը ուրբանիզացման, քաղմշակույթի և այլնի մասին, բայց բավարարվենք այսքանով։ Հա, նաև իմ գուգլող սերունդ։

հիմա հիշում եմ, որ Վեի Չյանգը՝ իմ չինացի ընկերը, ավելի շուտ ներկայիս whatsapp ի իմ ամենակտիվ հետևողը, ինձ ասաց որ կարող եմ իրեն ուղղակի հեյ ասել, անվան երկար ու անհասկանալի լինելու պատճառով։ ես խնդրեցի, որ չինական խանութից գնված իմ տետրի վրա գրի այն ու ես ամեն օր upv-ի (Վալենսիայի պոլտեխնիկական համալսարան) ճանապարհին պարապում էի, ի վերջո սովորեցի։ սեփական անվան դեֆորմացիան շարունակ լսելը զվարճալի է։ վեի չյանգը պատրասկամ էր ադապտացնել իր անունը հանուն քաղաքային տնտեսության ու կրթական համակարգի բնականոն ընթացքի, ծիծաղում ենք։ վեի չյանգը ստիպված էր կիսատ թողնել ուսումը ու վերադառնալ իր քաղաքը (անունը չեմ հիշում), քանի որ կորոնայի օրերին դժվար էր լինել չինացի ու լիցքաթափվել մոլորակի ցանկացած կետում, չնայած լիովին առողջ ես։ 

վալենսիան կարող է քո մեջ ծովախեցիներ գցել ու գնալ, որ դու քո անջուր ու քարոտ քաղաքում մտածես խեղդվողների երազանքից։ ավելորդ բանաստեղծական ստացեց։ Զգացողություն ունեմ, որ պարզունակ ու ծափահարելի տեքստ գրելու համար անհրաժեշտ է ունենալ անհրաժեշտ է լավ տրամադրություն ունենալ, մեկ շիշ ջուր, մի ամսվա գումար։ խաղաղ եմ նաև առանց ավելորդ ծամածռության ասել, որ գրական մակուլատուրան լավ դիզայնով ծախվում է իմ տեսած բոլոր քաղաքներում․ իմ խաբված հանճարներ։ հեհե՜։

ինձ հորդորում եմ գրել երևանում վարձով ապրող աղջկա ու փարիզի հարաբերումից օրագրի հաջորդ էջում։ հիմա գնացքի իմ վագոնից տեսանելի էյֆելի գագաթը։ հա մտքումս ասում եմ՝ ֆանտաստիկ են էս ժանգոտած էրկաթի կտորը ու դիմացը երգող տղան (նաև գեղեցիկ)։ կուզեի եվրոպայում սովորելուց զատ՝ եվրոպայի քաղաքացի լինել, խոսել ֆրանսերեն, ապրել լիոնում, ուսումնասիրել կրոնի պատմությունը,  բայց իմ երկրի վարչապետի լայվի notification-ը այլևաձևում է մտքերիս պոպուլիզմը։ ու հիմա գրում եմ հայերեն, որտեղ չկա պարծենալու պատրվակ, քանի որ իմ ոչ երևանյան կեցույթունը չի սրբագրվում ոչ մի լեզվում ու ոչ մի լեզվով չի թարգմանվում հիշողությունը՝ իմ գաղութացված հիշողությունը։  հիմա ազնվության համար voice եմ ուղարկում վեին ասելու, որ իր անունը ինչ-որ ձև շոշափվելու է հայ ժամանակակից գրականության լավագույն էջերում ու պահանջում 50 եվրո (ընդամենը):  

ինձ նյարդացնում են արաբների մասին աընդհատ ականջիս հասնող հայհոյանքները, չնայած մի քանիսը ես նույնպես շռայլեցի, երբ գողացան հեռախոսս։ հետո մեկը ընթրիքի ժամանակ ասաց, որ արաբներն ու հայերը հաց շատ են ուտում, քանի որ հացը համ էժան է, համ էլ կշտացնում է։ թեթևի մեջ հասկացրեց, որ աղքատ երկրից եմ։ օդանավակայանում հայկական լավաշ հյուրասիրեցի բելառուս աղջկա՝ պատմեցի, որ սա գժական, էնդեմիկ, հայկական արտադրության հաց է, որ շատ թանկ է ու դժվար է գտնել սրանից եվրոպայում։ էհ։      

մինչ

 

լուսանկարը՝ Լուսի Սարգսյանի

  • Created on .
  • Hits: 1712

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: