Օդրի Լորդ․ Պոեզիան շքեղություն չէ

Լույսի որակը, որի միջոցով հետազոտում ենք մեր կյանքերը, ուղիղ կապ ունի այն արդյունքի հետ, որով ապրում ենք, և փոփոխությունների հետ, որոնք հույս ունենք այս կյանքեր մտցնել։ Հենց այդ լույսի մեջ ենք ձևավորում գաղափարները, որոնց միջոցով հետևում ենք մեր կախարդանքին ու իրականացնում այն։ Եվ պոեզիան լուսավորություն է, քանզի դրա միջոցով ենք անուններ տալիս գաղափարներին, որոնք նախքան բանաստեղծությունը անանուն և անձև են, դեռ չծնված՝ զգալի։ Փորձի թորումը, որի միջոցով իրական պոեզիան ծաղկում է, ծնունդները մտածվում են իբրև երազային ծննդյան կոնցեպտներ, իբրև զգայական ծննդյան գաղափարներ, իբրև գիտելիքի ծննդյան (նախընթացի) հասկացությունը։

Հենց որ սովորում ենք տանել խիստ ուշադրության մտերմությունը և ծաղկել դրա մեջ, հենց որ սովորում ենք այդ  մանրազննության արդյունքները օգտագործել մեր կյանքում ուժ ստանալու համար, այն վախերը, որոնք կառավարում են մեր կյանքերը և ձևավորում մեր լռությունը, սկսում են կորցնել իրենց ուժը մեզ վրա։

Որպես կին, մեզնից յուրքայանչյուրի ներսում մի մութ տեղ կա, որտեղ թաքնված է և աճում է մեր իրական ոգին «գեղեցիկ/ և շագանակի պես կարծր/ նեցուկ եղած (ձ)մեր թուլության մղձավանջին» և անզորությունը։

Մեր ներսում գտնվող հնարավորությունների այս վայրերը մութ են, որովհետև հինավուրց ու թաքնված են։ Նրանք վերապրել ու հզորացել են այս մթության միջով։ Այս խորխորատներում, մեզնից ամեն մեկը պահում է ստեղծարարության և ուժի անհավատալի պաշար, չհետազոտված և չգրանցված զգացմունք և զգայնություն։ Ամեն մեկիս ներսում եղած կնոջ հզորության վայրը ո՛չ սպիտակ է, ո՛չ էլ մակերեսային․ այն մութ է, հինավուրց և խորը։

Երբ կյանքը դիտարկում ենք եվրոպական օրինակով՝ որպես միայն լուծվելու ենթակա խնդիր, հիմնվում ենք բացառապես մեր գաղափարների վրա, որոնք ազատագրում են մեզ, քանզի դրանք այն գաղափարներն են, որոնք սպիտակ հայրերը փոխանցել են մեզ, ասելով, որ թանկարժեք են։

Բայց երբ ավելի ենք հաղորդակցվում մեր իսկ հնի հետ, ապրելու ոչ եվրոպական գիտակության, այն է՝ իրավիճակը պիտի փորձվի և փոխազդեցության մեջ լինի, մենք սովորում ենք ավելի ու ավելի գնահատել մեր զգացմունքները և հարգել ուժի այն թաքնված աղբյուրները, որոնցից գալիս են իսկական գիտելիքը, և, հետևաբար, երկարաժամկետ գործողությունները։

Այս պահին հավատում եմ, որ կանայք իրենց մեջ կրում են այս երկու մոտեցումների միախառնման հնարավորությունը, որոնք այնքան կենսական են գոյատևելու համար, և մենք այդ միախառնությանը ամենաշատը մոտենում ենք մեր պոեզիայում։ Ես այստեղ խոսում եմ պոեզիայից որպես փորձի բացահայտ թորման, ոչ թե բառերի անպտուղ խաղի, որը չափազանց շատ են սպիտակ հայրերը խեղաթյուրել որպես պոեզիա հրամցնելով, որպեսզի թաքցնեն առանց խորաթափանցության երևակայություն ունենալու հուսահատ ցանկությունը։

Կանանց համար, ուստի և, պոեզիան շքեղություն չէ։ Այն կեսական անհրաժեշտություն է մեր գոյության համար։ Այն ձևավորում է լույսի որակը,  որի մեջ մենք հաստատում ենք գոյատևմանն ու փոփոխությանը ուղղված մեր հույսերն ու երազանքները, որոնք նախ և առաջ դառնում են լեզու, հետո՝ գաղափար, հետո էլ ավելի շոշափելի գործողություն։ Պոեզիայի շնորհիվ մենք կարողանում ենք անվանակոչել անանունը, որպեսզի այն մտածվի։ Մեր հույսերի և վախերի ամենահեռու հորիզոնները սալարկված են մեր բանաստեղծություններով, քանդկաված մեր ամենօրյա կենսափորձի ժայռից։

Երբ նրանք ճանաչվում ու ընդունվում են մեր կողմից, մեր զգացմունքները և դրանց ազնիվ հետապնդումը դառնում են ամենառադիկալ և համարձակ գաղափարների սրբավայրեր, ամրոցներ ու բազմացման հող, տարբերությունների տունը, որն այդքան անհրաժեշտ է փոփոխությունների և ցանկացած իմաստալից գործողության կոնցեպտուալիզացիայի համար։ Հենց հիմա կարող եմ թվել գոնե տասը գաղափար, որոնք մի ժամանակ անհանդուրժելի կամ անհասկանալի ու վախեցնող կարող էի համարել, եթե դրանք չգային երազանքների ու բանաստեղծությունների հետևից։ Սա դատարկ երևակայություն չէ, այլ «ինձ թվում է, որ սա ճիշտ է» արտահայտության իրական նշանակությունը։ Մենք կարող ենք ընտելացնել ինքներս մեզ  հարգել մեր զգացմունքներն ու վարժեցնել (փոխակերպել) դրանք լեզվի, որը համապատասխանում է այդ զգացմունքներին, որպեսզի կարողանանք կիսվել դրանցով։ Եվ այնտեղ, որտեղ այդ լեզուն անգո է, օգնության է գալիս պոեզիան։ Պոեզիան ոչ միայն զուտ երազանք կամ տեսլական է, այն մեր կյանքերի ճարտարապետության կմախքն է։

Հնարավորությունը ո՛չ հավերժ է, ո՛չ ակնթարթային։ Ինչպես նաև դժվար է պահպանել հավատը էֆֆեկտիվության հանդեպ։ Երբեմն կարող ենք երկար ու համառորեն ջանալ, որպեսզի ստեղծենք մահերին դիմակայելու իրական պլացդարմ, որոնք, սպասվածի պես, պետք է վերապրենք միայն նրա համար, որ այդ պլացդարմը հարձակման կամ սպառնալիքների ենթարկվի նրանց կողմից, ումից սովոր ենք վախենալ կամ էլ հեռացնելով այն թույլտվությունները, որոնք մեզ զգուշացրել են փնտրել անվտանգությունից ելնելով։ Մենք տեսնում ենք ինքներս մեզ ստորացված կամ մեղմացած՝ լսելով կեղծ մեղադրանքներ երեխայութան, ունիվերսալ չլինելու, եսակենտրոն ու զգացմունքային լինելու մասին։ Եվ ո՞վ է հարցնում․ փոխո՞ւմ եմ ես ձեր աուրան, ձեր գաղափարները, երազանքները, թե՞ հազիվհազ մղում եմ ժամանակավոր և ռեակտիվ գործողությունների։ (Նույնիսկ ամենավերջինը երկրորդական հանձնարարություն չէ, բայց կարելի է այն դիտարկել մեր կյանքի կառուցվածքի իրական փոփոխության կոնտեքստում)։

Սպիտակ հայրերը ասել են մեզ․ «Ես մտածում եմ, նշանակում է՝ գոյություն ունեմ», իսկ սև մայրերը, որ մեզնից յուրաքանչյուրի մեջ են՝ մեր երազների բանաստեղծ-շշնջացողները՝  «Ես զգում եմ, նշանակում է՝ կարող եմ ազատ լինել»։ Պոեզիան նոր բառեր է հորինում լեզվում, որպեսզի արտահայտի և վերնագրի այս հեղափոխական գիտակցությունն ու պահանջը, այդ ազատության իրագործումը։ Այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ գործողությունը ներկայում միշտ անհրաժեշտ է։ Մեր երեխաները չեն կարող երազել մինչև չապրեն, չեն կարող ապրել մինչև չսնվեն, և ուրիշ ովքեր են կերակրելու նրանց իրական սնունդով, առանց որի նրանց երազանքները մեր երազանքներից չեն տարբերվի։

Երբեմն թմրեցնում ենք ինքներս մեզ նոր գաղափարների երազանքներով։ Գլուխը կփրկի մեզ։ Միայն ուղեղը կազատագրի մեզ։ Բայց չկան այլևս նոր գաղափարներ, որոնք դեռ սպասում են իրենց պահին՝ մեզ՝ որպես կին, որպես մարդ փրկելու համար։ Կան միայն  հին ու մոռացված, նոր համադրությոններ, էքստրապոլացիաներ և ճանաչում մեր ներսից, ինչպես նաև նոր մի խիզախությունը այդ ամենը փորձելու համար։ Եվ մենք պետք է շարունակ ոգևորենք միմյանց և փորձել հերետիկոսական արարքներ իրագործել, որոնք ենթադրում են մեր երազանքները, իսկ հին գաղափարներից մի քանիսն էլ՝ նսեմացնում։ Մեր՝ փոփոխությունների  շարժման ճակատում միայն պոեզիան է, որ ակնարկում է իրականություն դառնալու հնարավորությանը։ Մեր բանաստեղծությունները ձևավորում են մեր իսկ իմաստները, այն, ինչ զգում ենք ներսում և խիզախում ենք իրականություն դարձնել (և կամ համապատասխան գործողություններ իրականացնել), մեր վախերը, մեր հույսերը, մեր ամենափայփայված սարսափները։

Քանզի եկամտով, գծային իշխանությամբ, ինստիտուցիոնալ ապամարդկայնացմամբ բացատրվող կառույցների շրջանակներում չի ենթադրվում, որ մեր զգացմունքները կգոյատևեն։ Որպես անխուսափելի ավելացումներ կամ հաճելի զվարճանք պահելով կողքին, զգացմունքները ստիպված են եղել ծնկել մտքի առջև․ ինչպես մենք ենք ստիպված եղել ծնկի գալ տղամարդկանց առջև։ Բայց կանայք վերապրել են։ Ինչպես բանաստեղծները։ Եվ չկան նոր ցավեր։ Մենք արդեն ամեն ինչ զգացել ենք։ Մենք թաքցրել ենք այս փաստը այն տեղում, որտեղ պահել ենք նաև մեր ուժը։ Դրանք մեր երազանքներում են, և հենց մեր երազանքներն են ցույց տալիս ազատության ճանապարհը։ Դրանք իրագործելի են դառնում մեր բանաստեղծություններում, որոնք մեզ տեսնելու, զգալու, խոսելու ու համարձակվելու ուժ և խիզախություն են տալիս։

Եթե այն, ինչ մենք պիտի  երազենք, որպեսզի շարժենք մեր հոգիներն ավելի խորը և ուղիղ դեպի ու միջով խոստման, շքեղություն է, ապա հրաժարվել ենք մեր ուժի, մեր կանացիության կորիզ-աղբյուրից․ հրաժարվել ենք մեր ապագա աշխարհներից։

Քանզի չկան նոր գաղափարներ։ Կան միայն դրանք զգացնելու տալու նոր միջոցներ, զննելու՝ ի՞նչ էին իրականում նշանակում մեր գաղափարները (ի՞նչ են հաղորդում) կիրակի առավոտյան ժամը 7-ին, բրանչից հետո, վայրի սիրո ընթացքում, պատերազմելիս, ծննդաբերելիս, մինչ մենք տառապում ենք հին կարոտներից, ճակատամարտում հին զգուշացումների, լուռ, անզոր ու մենակ լինելու վախերի դեմ, մինչ համտեսում ենք մեր նոր հնարավորությունները և ուժերը։

 

1985

թարգմ․՝ անգլերենից  Անահիտ Ղազախեցյանի

  • Created on .
  • Hits: 68414

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: