Աննա Կիրյանովա. Ճակատագիրը փոփոխական է
(Зигзаг судьбы. Истории, которые дарят надежду ժողովածուից)
Նույնիսկ եթե դուք այժմ ծանր կացության մեջ եք, եթե ամեն բան վատ է, պետք չէ փչացնել ուրիշների տրամադրությունը ու բարկանալ նրա համար, որ ինչ-որ մեկն ուրախ է և լավ։ Միանգամից վերապահում անեմ․ խոսքը հարևանների մասին չէ, որոնք առավոտյան չորսին երգեր են երգում պատի տակ։ Նրանք իսկապես վնաս են պատճառում։ Սահմաններ են խախտում։ Պատահում է, որ ուղղակի ուրիշի տոնն է։ Բոլորն այնքան ուրախ են, երջանիկ, գեղեցիկ հագնված, բոլորը ժպտում ու ծիծաղում են, նվերներ են բերում․․․ Իսկ դու տխուր ու դժբախտ կանգնած ես կյանքի եզերքին։ Կամ առհասարակ կամրջի վրա։ Եվ մտածում ես՝ վատ չէր լինի նետվել այս կամրջից։ Կամ մեկ այլ հուսահատ բանի մասին ես մտածում․․․
․․․Չգիտեմ՝ ինչ էր մտածում աղքատիկ հագնված ծերուկը, որը կարթաթելը փաթաթում էր կարթաձողի վրա։ Նա կամրջի վրայից էր ձուկ բռնում․ առավոտից կանգնած էր։ Ոչինչ չէր բռնել, բախտը չէր բերել։ Ձկնորսությունը բարեհաջող չէր։ Իսկ ծերուկի կողքին խայտախարիվ շունիկ էր նստած, որ նույնպես որսի էր սպասում։ Բայց ոչինչ չորսաց ծերունի ձկնորսը։ Եվ այդ պահին կամրջի վրայով հարսանեկան թափոր էր անցնում։ Աղմկոտ գյուղական հարսանիք էր․ բոլորը գնում ու բարձր զրուցում էին, երգում ու ծիծաղում էին։ Բոլոր ձկներին վախեցնելու էին։ Նրանք զվարճանում էին, իսկ ծերուկը տխուր էր։ Ոչինչ չէր որսացել։ Պետք է հեռանար շունիկի հետ, տաներ կարթն ու դատարկ դույլը։ Վատ տրամադրություն էր։
Եվ ահա հարսանեկան թափորը հավասարվեց ծերուկին։ Եվ նրա խորշոմավոր դեմքով մեկ ժպիտ տարածվեց։ Հանեց թասակն ու թափահարեց օդում։ Խնդությամբ և ի սրտե շնորհավորեց նորապսակներին։ Իսկ շունը զիլ հաչաց ու կանգնեց հետևի թաթիկների վրա։ Հետո ինչ, որ ձկնորսությունը բարեհաջող չէր։ Դրա փոխարեն մարդկանց մոտ ուրախություն էր, և պետք էր շնորհավորել։ Ուրախանալ ուրիշի երջանկության համար։
Ծերուկին շնորհակալություն հայտնեցին և հրավիրեցին հարսանիքին՝ քաղաքավարի և քնքշորեն։ Եվ կես ժամ անց ծերուկն ու շնիկը բոլորի հետ խորոված էին ուտում ջրափի բացօթյա սրճարանում։ Խորոված, կողոսկրեր, էչպոչմակներ՝ եռանկյունաձև կարկանդակներ, բելյաշներ[1] և տարբեր համեղ բաներ։ Երաժշտություն էր նվագում, բոլորը պարում և զվարճանում էին։ Բարեսիրտ ձկնորսը կատարյալ երջանիկ էր, նրան նույնիսկ պարելու էին հրավիրում, բայց չէր գնում, միայն ճերմակ գիշերվա մասին երգերին էր ձայնակցում։ Իսկ շունիկը աչքի առաջ գիրանում էր, ասես փուչիկ լիներ։
Կյանքը փոփոխական է։ Այժմ դատարկ դույլով կանգնած ես կամրջի վրա․ արագ հեռանալու ժամանակն է եկել։ Ոչ մի լավ բան այլևս չի լինելու։ Բայց ահա հայտնվում են ուրիշ մարդիկ, տոն է սկսվում, հնարավորություն և շանս է տրվում։ Ամենակարևորը չչարանալն ու չբարկանալն է նրանց վրա, ում մոտ ամեն բան լավ է։ Պետք է կարողանալ ուրախանալ նրանց համար և շնորհավորել, եթե կարիքը կա։ Եվ այդ ժամանակ ամեն բան կարող է դեպի լավը փոխվել։ Ես դա հաճախ եմ նկատում։
Նա, ով կարողանում է ուրախանալ ուրիշի երջանկության համար և շնորհավորել տոնի առթիվ, նույնպես ինչ-որ լավ բանի է արժանանում։ Երջանկության պատառիկը տոնական տորթի կտորի նման բան է․ իսկ ինչո՞ւ ոչ։ Երջանկությունը բոլորին էլ կբավականացնի։ Ամենակարևորը դրա համար ուրախանալն է, նույնիսկ եթե տխուր ես։ Եվ այն ուշադրության կարժանացնի մեզ․․․
[1] Բաշկիրական և թաթարական ազգային ուտեստ։
Ռուսերենից թարգմանեց Էլիզա Ստեփանյանը
- Created on .
- Hits: 60144