Առակ առ բորբոս

- Չի սխալվում նա, ով չի աշխատում,- պնդում էր Կրիան,- եթե մենք չլինեինք, ավելի վատ կլիներ: Ներդնենք նորագույն մոտեցումներ մեր ամենօրյա գործունեության մեջ, փնտրենք իրացման նոր դաշտեր, պայքարենք մեր արևի համար, սա է մեր առաջնահերթ խնդիրը:
Ճահճային աշխատախումբը բաղկացած էր աշխատաշուկայում անմրցունակ աշխատուժից, նվիրյալ հարմարվողներից, նվիրյալ թուլակամներից, նվիրյալ մժեղներից ու իդեալիստ նորակոչիկներից: Տիղմահոտ փողկապավորները ոգևորությամբ, անսքող պաթոսով, հավատավոր աներկբայությամբ և մշտարթուն պատրաստակամությամբ հետևում էին երախի դյութիչ բառահորդմանը, փորձում տեսնել իրենց վաղվա լուսապայծառ հանգամանքներում, գտնել բանալին հաջողության անձնական և անանձնական, դրսևորել ծանրաբեռնված աշխատանքի պատրանք, հավատարիմ փալանի վարպետություն և լցնել կյանքը նորանոր սխալներով, առանց ափսոսանքի ու հետհայացքի, առանց երկմտանքի և հավատով դեպի ճահճացման լուսավոր առաքելությունը: Ճահիճաբնիկները ներգրավում էին նորանոր բանիմաց կամ ոչ այնքան նորակոչիկների, ովքեր հախուռն նվիրվածությամբ, անփորձ ջանասիրությամբ և զարգանալու անհագ ծարավով ընկղմվում էին ճահճային առօրյա, թակարդված ճամփա բռնում դեպի անմրցունակություն, պնակալիզություն, մժեղություն, հարմարվողականություն կամ էլ դուրս էին վանում հանգիստ կենսակերպը փոփոխությունների տանող, թթվածնի սինթեզ ապահովող և ցպահանջ ինքնակոչին, ով ճիշտ չէր մեկնաբանել Ամենաճիշտ Կրիայի նորագույն մոտեցումներով պայքարում սխալվելու պահանջը, և հոսում էին հիասթափված արարիչները դեպի միջազգային բյուրոկրատական լաբիրինթներ, արտասահմանյան կազմակերպություններ և արտերկրյա քաշող ջրապտույտներ: Մարած ձգտումը և տիղմահոտը փչում էին քամու ուղղությանը համապատասխան և նոր ջրափոսեր պատում նեխած բացիլների եղյամով և նամշած հումուսով` նստվածք տալիս:
Եվ որևէ մեկը անմասն չէր:
Առակս կցուցանե խոհեմություն, զի սերունդներ մտնում են պայքարի մեջ այնտեղ, որտեղ նույնիսկ ընթացիկ հաղթանակը օգնում է միջավայրի պահպանմանը:
Հայգ
Հայգ
- Created on .
- Hits: 3961