Անրի Գրիգորյան

ԲՈՒԴԱՅԻ ՈՒ ՊԵՇՏԻ ԱՐԱՆՔՈՒՄ

    Ծառի տակ կանգնած ծխում էի: Հոգին կուլ տվող լռություն էր փողոցում: Այնպիսի անդորր էր, որ թվում էր՝ սա է վերջը, որ սրանից այն կողմ այլևս բան չկա: Սա հենց վերջն էր, այսքան լուռ ու սիրուն: Վերջը եկավ ու թեթևություն բերեց: Հոգիս առաջին անգամ իրեն պատսպարված զգաց մարմնի պատերի մեջ: Թեթևություն զգացի, որովհետև գիտեի՝ այլևս ոչինչ կախված չէր ինձնից, որովհետև վերջն եկել էր: Ու վերջը ոչ բարի էր, ոչ էլ՝ չար, դրա համար էլ նման անդորր էր:
    Սթափվեցի, երբ փողոցում տեսա Պեշտի պոռնիկներից մեկին:
    - Սի՛նդի, էկել ես Բուդան գրավելո՞ւ:
    Սինդին չլսելու տվեց ու շարունակեց հանգիստ քայլել:
    - Էլ մի ձևեր թափի:
    Սինդին կանգ առավ ու ժպտաց:
    - Տուն եմ գնում:
    - Ուզում եմ մի քիչ քայլես հետս:
    - Չէ, ցուրտ ա:
    - Կներես էն օրվա համար, շքամուտքում, կոպիտ էի:
    - Ոչինչ:
    - Ինչքա՞ն ես ուզում:
    Սինդին ծիծաղեց:
    - Միայն քայլե՞լ:
    - Հա:
    Մենք լուռ նստած էինք Դանուբի ափին: Սինդին երկնքին էր նայում, իսկ ես՝ Դանուբին ու, չգիտես ինչու,  նրա ջրերում սփրթնած դիակներ փնտրում:
    - Ինչ սիրուն ա, ոնց որ աշխարհի վերջը լինի:
    - Որովհետև վերևում ամեն ինչ ավարտվում ա: 
    - Ամեն ամեն ի՞նչ:
    - Ես էլ, դու էլ, Դանուբն էլ:
    - Աղջիկս է՞լ:
    - Հա, նա էլ:
    - Վերևում սիրուն ա:
    - Վերջը միշտ էլ սիրուն ա:
    - Տխուր ես:
    - Ցուրտ ա:
    - Մրսում ե՞ս:
    - Շատ:
    - Ասե՞մ՝ ինչ ես անելու, որ չմրսես:
    - Թե գիտես, ասա:
    - Պետք ա ցուրտը հետ հրես քեզնից:
    - Լավ էլի, Սինդի:
    -Կտեսնես, որ ցրտի մեջ քեզ տաք կզգաս:
    -Լավ, փորձում եմ:
    - Ստացվե՞ց:
    - Չէ, ցուրտ ա:
    - Ուրեմն չես փորձելու, այլ ուզելու ես:
    - Ուզում եմ, բայց՝ միայն քեզ:
    Երբ առաջին անգամ հանդիպեցի Սինդիին, գիշերը, պալինկայի[1] շիշը ձեռքիս՝ թափառում էի Պեշտի նեղ փողոցներում: Հետզհետե ինձ թվում էր, թե Դանուբը դուրս է գալիս ափերից ու հեղեղում Պեշտը: Շենքերը լող էին տալիս ջրում, իսկ ես դեռ քայլում էի: Երբեմն նայում էի երկնքին, որը Դանուբի պես հոսում էր կտուրների միջև: Երբեմն հանդիպում էին պոռնիկները՝ Դանուբից վտարված ջրահարսերը, որոնց աչքերի անկյուններում թպրտում էր հույսը, երբ որսում էին հայացքս: Իսկ երբեմն ինձ զգում էի Պեշտի հինավուրց մի պատ, որի անցքերից վզզում էր քամին՝ անցյալից բերելով ծիծաղս, որը փլվում էր գլխիս: 
    Երբ մտանք հյուրանոցի համարը, Սինդին մերկացավ, ցատկեց պատուհանագոգին ու կուչ եկավ: Ես անջատեցի լույսը, վառեցի լուսամփոփն ու կուչ եկա պատուհանագոգին՝ Սինդիի դիմաց:
    - Աղջիկս տանը մենակ ա,- ասաց Սինդին՝ պատուհանից դուրս նայելով:
    - Ուզո՞ւմ ես,- ցույց տվեցի հաբերը:
    - Ի՞նչ ա դա:
    - Էքստազի:
    - Ուզում եմ:
    - Ի՞նչ են զգում էքստազիի տակ:
    - Կուլ տուր ու կսիրես աշխարհը:
    - Ինչպե՞ս…
    - Դու բոլորին կսիրես:
    - Մի՞թե…
    - Դու կնայես մարդկանց աչքերին ու սեր կտեսնես:
    - Իսկ աշխարհը ինձ կսիրի՞:
    - Քեզ կթվա, որ կսիրի:
    Սինդին ծիծաղում էր:
    - Սա թշնամիների դեմ լավ զենք ա:
    - Դե տո՛ւր:
    - Վերցրու,- ասացի ես ու հաբերից մեկը դրեցի լեզվիս վրա:
    Սինդին առաջ եկավ ու լեզվիս վրայից շուրթերով վերցրեց հաբը:
    Հարևան համարից երաժշտության ձայն լսվեց:
    - Ջազ ա... 
    - Ի՞նչ ա ջազը,- հարցրեց Սինդին հորանջելով:
    - Ջազը կյանք ա, սեր ա, սեքս ա: Ջազը բոլոր թմրադեղերից ամենալավն ա: Ջազը անքավելի մեղք ա, որն անընդհատ ուզում ես գործել: Ջազը անկեղծ աղոթք ա, որն անընդհատ ուզում ես խաղացնել շուրթերիդ վրա, պահել լեզվիդ տակ, ծամել ու կուլ տալ:
    - Ես ջազ եմ սիրում...
    Ջազը փախուստ ա, չստացված ինքնասպանություն, ջազը չի ավարտվում նույնիսկ վերևում. ուզում էի շարունակել, բայց փոխարենը հարցրեցի.
    - Ինչո՞ւ են բոլոր պոռնիկները պատմում, որ էրեխա ունեն:
    Սինդին լուռ էր:
    - Հո՞րն են փնտրում:
    - Չէ:
    - Երևի էրեխա ունենալը ձեր միակ հպարտությունն ա:
    Սինդին լուռ նայում էր ինձ: Նրա լռությունը լցվում էր աչքերիս մեջ ու հոսելով աղմկում երակներումս: Նրանից եկող ջերմությունը զգույշ հպվեց մատներիս ծայրերին ու դանդաղ տարածվեց մարմնովս մեկ: Նա մոտ եկավ ինձ ու սկսեց համբուրել մերկ ծնկներս, հետո այտերն էր քսմսում ծնկներիս ու մռլտում կատվի պես: Ես համբուրում էի նրա շուրթերը՝ մոռանալով, որ պոռնիկների հետ չեն համբուրվում, հիշելով միայն, որ ես ինչ-որ բան եմ սիրում ու կարևոր չի՝ ինչ, որ դրանից զգում եմ ազատություն, որի թևերի մեջ միշտ ուզեցել եմ անթև թռչել:
    Սինդիի հետ գրկախառնված գլորվում էի ներքև: Ներքևին մոտենալով՝ հաճույք էի զգում, որովհետև ներքևում թևատ հրեշտակներն էին, ներքևում վերևի հավատն էր, ներքևում սկզիբն էր:        
    Սինդիի հետ միասին փախչում էի ինչ-որ բանից: Ինձ թվում էր, թե ես ինչ-որ բան սկսում եմ նորից, սկզբից, որ վերածնվում եմ ու ապրում եմ նորից: Ու ինչքան խորհրդավոր էր, երբ փակելով, փախչելով, մոտենալով սկզբին՝ հանկարծ գիտակցեցի, որ ինչ-որ մի մասնիկ այն հնից, որից հեռացել եմ ու փախչելով՝ փոխվել եմ, ընկել է մեջս, ընկել է հոգուս մեջ՝ ինչ-որ անհարմար տեղ: Տագնապ զգացի, որ մասնիկը, այդ սերմիկը կաճի, կաճի ինձ հետ հավասար, ու մի օր կգիտակցեմ, որ հեռացել եմ՝ նույն տեղում կանգնած մնալով, որ մի օր կնայեմ պոռնիկի դատարկ աչքերին ու կտեսնեմ, որ աչքերս նույնն են, ես նույնն եմ մնացել, նախկինը, որ իրականում անհնար է վերադառնալ սկզբին, որ տարօրինակ արագությամբ մոտենում եմ վերջին, էլի վերջին, ինչպես միշտ վերջին, որին հպվելով, քսվելով, սերտաճելով՝ էլի հուսալու եմ, որ կգլորվեմ ցած՝ դեպի սկիզբը: Էքստազի, գրողը քեզ տանի, ինչո՞ւ եմ այսքան սիրում այդ մասնիկը:
    - Իսկ ո՞նց կուլ տամ աշխարհը, որ ինձ երբեք կուլ չտա,- հարցրեցի Սինդիին: Նա լուռ էր: Նա քնել էր կրծքիս վրա: 
    Երբ արթնացա, կրծքիս վրա երկար, սև մազ գտա: Մազը դրեցի սեղանին: Որոշեցի կենտրոնանալ գործերիս վրա, բայց աչքիս անընդհատ ընկնում էր մազը: Դնում էի ձեռնափիս վրա, շուռումուռ տալիս, սեղմում բռիս մեջ: Չէի կարողանում այն ուղղակի դեն գցել, ոչնչացնել, փչել, որ թռներ, հեռանար ինձնից, եղածը մի մազ էր, բայց մի բան ինձ հետ էր պահում: Որոշեցի մազը վերադարձնել Սինդիին. նա իրավունք ունի իր մազը ետ ստանալ:
    Երեկոյան Սինդիին գտա Անդրաշի փողոցում: Նա ժպտաց ինձ՝ այս անգամ անկեղծ ու հարցրեց՝ ոնց եմ:
    - Մազդ ա, վերցրու:
    - Ինչո՞ւ:
    - Քոնն ա, վերցրու:
    - Պետք չի, շատ ունեմ:
    - Դեն գցե՞մ:
    - Հա:
    Մազը դրեցի գրպանս:
    - Էսօր ուզո՞ւմ ես:
    - Հյուրանոցի փող չկա:
    - Շքամուտքում:
    - Դռան կո՞դը:
    - Գիտեմ:
    Երբ ներքևից ոտնաձայներ լսվեցին, մենք վեր թռանք ու մեզ կարգի բերեցինք: Երբ մարդը հասավ մեր հարթակին, ես նայեցի Սինդիի դատարկ աչքերին: Կասկած չառաջացնելու համար՝ հարկավոր էր զրուցել: Չգիտեի ինչից խոսել, մանավանդ Սինդին անտարբեր էր:
    - Ինչպիսի՞ն ա աղջիկդ:
    - Աղջի՞կս...- Սինդիի աչքերը փայլեցին: Նա այնքան ուրիշ էր այդ պահին, այնքան նման չէր իրեն:
    - Հա... աղջիկդ... պատմիր նրա մասին...
    - Աղջիկս փոքր ա շատ... էնքան թույլ ա, մեկ-մեկ կարծում եմ, որ կմեռնի... երբ աշխատում եմ, նա ինձնից հեռու ա ու անընդհատ մտքիս ա ու միշտ թվում ա, թե չի շնչում...
    - Լավ... լավ... բավական ա,- ասացի ես՝ տրորելով ճակատս:
    - Ինչո՞ւ...
    - Նա տուն մտավ, կարիք չկա այլևս զրույցը շարունակել:
    - Ուրեմն քեզ չի հետաքրքում աղջիկս:
    -Լավ էլի: 
    Սինդին սկսեց արագ իջնել աստիճաններից:
    - Մենք դեռ չենք ավարտել,- գոռացի նրա հետևից:
    - Դժոխքում կավարտենք:
    Ես կանգնած սպասում էի՝ երբ էին լռելու Սինդիի քայլերը: Նա դուրս եկավ շքամուտքից՝ հետևից շխկացնելով դուռը: Առաջին անգամ ինձ զգացի օտար ու ավելորդ այդ քաղաքում:
    - Նա դժոխքո՞ւմ ա,- հարցրեց Սինդին, երբ նստած էինք Դանուբի ափին: Ջրից  պոռնիկի դիակ էին հանել: 
    - Դժոխքից էլի դժո՞խք ընկնես,- պատասխանեցի՝ նայելով դիակին. փորձում էի կենդանության որևէ նշույլ գտնել մարմնի որևէ հատվածում: Նա ասես մեզ էր նայում փակված կոպերից ու սպասում, որ մենք կհետևեինք իրեն: Իսկ մենք քարացած նայում էինք նրա՝ աշխարհից քշված մարմնին: Ինձ թվաց, թե  խեղդվելուց նա ժպտաց. ժպիտը ծռմռեց նրա շուրթերն ու սառեց: 
    Մահը լցվում էր ունկերիս, քթիս, աչքերիս մեջ: Մահը հոսում էր երակներիս մեջ: Մահը իմ միջից դուրս էր մղում կյանքը՝ մաշկիս տակ այն բաժանելով զարկերակների, որոնք չդիմանալով մահի ճնշմանը՝ ուր-որ է պայթելու էին:
    Հայացքս հուսահատ դարձրի երկնքին ու այնտեղ տեսա պոռնիկի ինքնասպանությունը՝ սարսափելի կատարյալ ու մաքուր, սարսափելի անկեղծ ու ներելի: Ինձ թվաց՝ նա իմ փոխարեն ինքնասպան եղավ, որովհետև այդ ես էի մոլորվել ինչ-որ բանի արանքում, այդ ես էի տատանվում սկզբի ու վերջի միջև: Մինչդեռ մեռավ նա՝ երրորդը, անծանոթ ոմն մեկը: Նա խլեց ինձնից մահն ու ցույց տվեց, որ այն նույնպես անիմաստ է: 
    - Իսկ ես ուզում էի նույն բանն անել,- ասաց Սինդին:
    - Բա աղջի՞կդ...
    - Չունեմ: Չկա:
    - Ինչո՞ւ էիր խաբում:
    - Մրսո՞ւմ ես:
    - Չէ, բայց զգում եմ, որ ցուրտը մոտ ա:
    - Ես արդեն չեմ մրսում մինչև էն ափը:
    - Ես էլ մինչև էն քարը:
    - Տեսա՞ր, որ հեշտ ա ցուրտը քշել:
    - Հեշտ ա:
    - Ասեցի, չէ՞, ուզելու ես, որ ստացվի:
    - Ցուրտը քշեցի մինչև մյուս ափը:
    - Ինչ ցուրտ ա էնտեղ:
    - Ինչ-որ տեղ միշտ ցուրտ ա լինում:
    - Տխուր ես:
    - Շոգում եմ:
    - Ես էլ:
    - Արի օազիս փնտրենք:
    - Օազիս ի՞նչ ա:
    - Փրկությունն ա:
    - Արի սեքս անենք:
    - Ինչո՞ւ:
    - Փրկություն ա:
    Ես շոյեցի Սինդիի մատներն ու մենակություն զգացի: Նրա մարմինը մենակությունն էր՝ շոշափելի, բայց անտեսանելի: Նրա մարմինը դանդաղ արնահոսում էր: Նրա մարմինը հետզհետե թեթևանում էր արտահոսող կյանքի հետ: Նրա մարմինը չէր զգում ջազը: Նրա մարմինը կործանվում էր: Նրա մարմինը ուզում էր զգալ երկունքի ցավը: Նրա մարմինը ուզում էր կյանք տալ: 
    - Ես գնալու եմ,- ասացի նրան:
    - Գնա:
    - Կտխրե՞ս:
    - Չգիտեմ:
    - Չտխրես:
    - Կգա՞ս իմ տուն:
    - Բուդա՞:
    - Հա:
    Մենք քայլեցինք դեպի Ազատության կամուրջը: Կամուրջն անցնելիս Սինդին կանգ առավ ու նայեց գետին: Նայում էի նրան ու հասկանում, որ վերջապես գտա մեկին, ում կարող եմ պատմել ցավերիս մասին: Դժվար է ցավիդ մասին պատմել հարազատ մարդուն, որովհետև նա սրտին մոտ է ընդունում, անհանգստանում է, փորձում է մխիթարել քեզ: Հասկանում ես, որ հիմա ինքն է զգում նույն ցավը: Սակայն դու չես ուզում նրան ցավ պատճառել: Ու դրա համար ավելի հեշտ է ցավերի մասին պատմել անծանոթ մեկին, որը կլսի քեզ, ուշադիր կլսի, բայց սրտին մոտ չի ընդունի, չի անհանգստանա, չի մխիթարի, այլ կժպտա, ու կժպտա անկեղծ, կժպտա այնպես, որ կդատարկվես ու կթեթևանաս ցավից:
    Քաշեցի Սինդիի թևից: Նա շրջվեց: Ափերս դրեցի նրա այտերին: Նայելով աչքերին՝ պետք է ասեի, պատմեի, դատարկվեի, բայց տեսա, թե ինչպես էր նրա աչքերի մեջ լցվում գետը: Գետը սպանում էր ձկներին: Գետը խորտակում էր բիբերը: Նրա աչքերը խեղդվում էին, իսկ նա ժպտում էր, ժպտում էր անկեղծ, ժպտում էր այնպես, որ ցանկացա լքել նրան, լքել մենակությունը, նրա մարմինը նետել գետն ու մոռանալ նրան:  Հեշտ է սառնասիրտ լինել, երբ չես տեսնում:
    - Ես գնում եմ:
    - Գնա,- ասաց Սինդին ու քայլեց դեպի Բուդան: Ես էլ քայլեցի դեպի Պեշտը: Ինձ այս անգամ էլ էր թվում, թե փախչում եմ: Փախչելով՝ վերադառնում էի: Վերադառնում էի վերագտնված սկզբին: Սակայն կարծեմ սկիզբ ոչ էլ կա: Կամ էլ՝ կա. ամեն մի քայլ սկիզբ է: Վերջ էլ չկա. հեռացողի քայլերը հեռվում մարում են, բայց նա շարունակում է քայլել:
    Ես վերադարձա: Լքեցի հինը: Վերադառնալով՝ փոխվեցի կամ դարձա նախկինը: Սակայն ինչ-որ մի մասնիկ այն հնից, որից հրաժարվեցի, մնացել էր գրպանիս մեջ ու մոռացվել: Դա մազն է, որը միշտ հիշեցնում է վերադարձս: Ես վերադարձա, որովհետև նա սպասում էր ինձ. աղջիկս:
 
2013թ.


[1] Հունգարական օղի
  • Hits: 7703

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: