Վլադիմիր Բուրիչ. Հրաշքով փրկվածները
***
անցնում են տարիները
և երիտասարդանում են
դեմքերը լուսանկարներում
***
կյանքը
ազատ ժամանակն է մահից
***
բահը
շանթարգելն է իմ հուսահատության
միայն հողը գիտի
ճիգը նրա
և ուժը
***
գրքերը չեն փոխարինի հորն ու մորը
գրքերին չեն փոխարինի կինն ու որդին
ես մտա
սոսնձաբույր
փակուղի
***
ավտոբուսը չի մոտենում մարդկանց
ավտոբուսը մոտենում է կանգառին
***
մեջքիս պառկած
նայում եմ առաստաղին
ականջներս լի արցունքներով
***
գնում եմ ջրի
և դույլիս հատակում
գլուխ են ջարդում երիցուկները
***
աշխարհը լցնում են
հետպատերազմյան մարդիկ
հետպատերազմյան իրերը
նամակների արանքում գտա
մինչպատերազմյան օճառի կտոր
չգիտեի ինչ անել
լվացվել
արտասվել
մինչպատերազմյան դարաշրջանը
խորտակված Ատլանտիդա է
և մենք
հրաշքով փրկվածներ
***
ատելությունը կործանարար է
սերը պահանջում է ձևեր
ինչ դժվար է արարելը
ավերակ մոլորակի
սեղանին
***
մարդկությունը
անխորտակելի նավ է
հինգ միլիարդ
մենախուց
***
կարոտի թեորեմ
արմունկի անկյունում
պատկերված է գլխի շրջագիծը
պետք չէ
ոչինչ
ապացուցել
***
քո գլուխը բարձին
ձյան վրա սառած թռչուն է
Ռուսերենից թարգմանեց Արմեն Սարգսյանը
- Hits: 4927