Հասան Բելասեմ. Դիակների պատկերասրահ

Հասան Բելասեմը (ծն. 1973) իրաքցի գրող և կինոռեժիսոր, ժամանակակից արաբական գրականության ամենանշանակալի հեղինակներից մեկն է։ Իր պատմվածքներում նա բանաստեղծական, բայց միաժամանակ անողոք լեզվով վերացնում է իրականության, մղձավանջի և երևակայության միջև եղած սահմանները՝ պատկերելով պատերազմի, բռնության, աքսորի և օտարման աշխարհը։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և արժանացել են միջազգային ճանաչման՝ բարձր գնահատականի արժանանալով թե՛ գրական քննադատների, թե՛ ընթերցողների կողմից։ Մինչ օրս այս հեղինակի ոչ մի ստեղծագործություն չի թարգմանվել հայերեն։ Սույն պատմվածքը նրա ստեղծագործության առաջին հայերեն թարգմանությունն է։

***

Նախքան դանակդ հանելը,- ասաց նա,- «օբյեկտների» դոսյեները կարդալուց հետո պիտի մեզ համար գրես, թե ինչպես ես պատրաստվում սպանել քո առաջին օբյեկտին և ինչպես ես պատրաստվում նրա դիակը ցուցադրել քաղաքի տարբեր հատվածներում։ Բայց չմտածես, թե ինչ էլ գրես, անպայման կհաստատվի։ Մեր մասնագետներից մեկը մանրակրկիտ կուսումնասիրի քո առաջարկած մեթոդը և կա՛մ կհաստատի այն, կա՛մ մեկ այլ տարբերակ կառաջարկի։ Այս համակարգը գործում է աշխատանքի ընդունման բոլոր փուլերում, նույնիսկ այն ժամանակ, երբ վերապատրաստման փուլն արդեն հաջողությամբ ավարտած լինես և քննությունն էլ հանձնած։  Դու բոլոր փուլերի համար նախատեսված վարձատրությունը ամբողջությամբ կստանաս։ Հիմա չեմ ուզում մանրամասների մեջ մտնել։ Կամաց-կամաց ամեն ինչ կհասկանաս։ Երբ ստանաս քո օբյեկտի դոսյեն, այլևս նախկինի պես չես կարող հարցեր տալ։

  Հարցերդ պետք է գրավոր ներկայացնես։ Բոլոր հարցերդ, առաջարկած մեթոդներն ու գրածներդ կգրանցվեն քո անձնական գործում։ Չհիմարանաս՝ աշխատանքային հարցերով ինձ էլեկտրոնային նամակ գրես կամ զանգես։ Հարցերդ կգրես հատուկ ձևաթղթերի մեջ, որոնք հետո քեզ կտամ։ Հիմա քո գլխավոր գործն օբյեկտի դոսյեն կարդալն է՝ ուշադիր, համբերատար ու առանց շտապելու։ Վստահ եղիր, նույնիսկ եթե առաջին առաջադրանքդ ձախողես, մենք մեր կապը քեզ հետ չենք խզի։ Դեռ ավելին, նույն աշխատավարձով կտեղափոխվես մեկ այլ ստորաբաժանում։ Բայց պետք է մեկ անգամ էլ հիշեցնեմ. առաջին աշխատավարձդ ստանալուց հետո աշխատանքից հրաժարվելն անընդունելի է և ոչ մի արդյունքի չի հասցնի։ Այդ հարցում շատ խիստ կանոններ ունենք, և եթե ղեկավարությունը համաձայնի դադարեցնել համագործակցությունը քեզ հետ, ստիպված կլինես անցնել բազմաթիվ քննությունների միջով, ինչը կարող է շատ երկար ժամանակ խլել։

Մենք արխիվում պահում ենք դոսյեներ կամավորների մասին, ինչպես նաև այն գործակալների, որոնք որոշել էին միակողմանիորեն խզել իրենց պայմանագիրը։ Եթե երբևէ սկսես գնալ նման մտքերի հետևից, քեզ ցույց կտանք ուրիշների փորձի մի քանի օրինակ։ Բայց ես վստահ եմ, որ քո գործում հաստատակամ կմնաս և հաճույք կստանաս դրանից։ Կտեսնես, թե ինչպես է կյանքդ գլխիվայր շրջվելու։

  Սա քո առաջին նվերն է։ Առայժմ մի՛ բացիր։ Սա քո ամբողջ աշխատավարձն է։ Ինչ վերաբերում է վայրի կենդանիների կյանքի մասին այդ վավերագրական ֆիլմերին, կարող ես գնել դրանք։ Հետո բոլոր ծախսերդ կհոգանք։ Լավ ուսումնասիրիր զոհերի ոսկորների լուսանկարները։ Երբեք մի՛ մոռացիր, ընկե՛ր ջան, որ մենք բոլորովին տարբեր ենք այն ահաբեկիչներից, որոնք զոհերին սպանելով փորձում են հնարավորինս շատ մարդկանց սարսափի մատնել։ Մենք նաև ոչ մի ընդհանուր բան չունենք այն խելագար մարդասպանների հետ, որոնք փողի համար են մարդկանց սպանում։ Եվ ոչ մի կապ չունենք ծայրահեղական խմբավորումների կամ մի քանի ցնդած պետությունների գաղտնի ծառայությունների, կամ նման այլ հիմարությունների հետ։

Գիտեմ, որ հիմա քեզ շատ հարցեր են տանջում, բայց կամաց-կամաց կհասկանաս, որ աշխարհն ընդամենը մեկհարկանի շինություն չէ, և չի կարելի բոլորին թույլ տալ, որ ազատ շրջեն նրա բոլոր հարկերով ու ստորգետնյա մակարդակներով։ Եթե երևակայությունդ լավ է աշխատում, եթե անգութ ես և միաժամանակ գրավիչ մտածողություն ունես, մի՛ մոռացիր, որ քեզ ավելի բարձր դիրքեր են սպասում մեր կազմակերպության հիերարխիայում։ Ամեն մարդ, ում գործն ավարտում ես, արվեստի գործ է, որը սպասում է, որ վերջին շունչը հաղորդես նրան, որպեսզի այս երկրի ավերակների մեջ փայլես ինչպես անգին մի գոհար։ Դիակի ցուցադրումը, որպեսզի մյուսները դիտեն այն, ստեղծագործության բարձրագույն դրսևորումն է, որի որոնման մեջ ենք մենք և փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է դրանից առավելագույն օգուտ քաղել։ Անձամբ ես չեմ կարող հանդուրժել այն գործակալներին, որոնք ստեղծագործական մոտեցում չեն ցուցաբերում։

Օրինակ՝ մենք մի գործակալ ունենք, որի ծածկանունը «Սատանայի դանակ» է։ Հույս ունեմ, որ ղեկավարներն ավելի շուտ կազատվեն նրանից։ Այդ տիպը կարծում է, թե ձեռք ու ոտք կտրելն ու դրանք աղքատ թաղամասերի էլեկտրական լարերից կախելը ստեղծագործության և նորարարության գագաթնակետն է։ Ի՜նչ ապուշ։ Այդ դասական մեթոդներից պարզապես զզվում եմ, թեև ինքը դրանք նեոկլասիցիզմի տեսակ է համարում։ Այդ թզուկի ամբողջ արածն այն է, որ ներկում է զոհի դիակի մասերը՝ սիրտը՝ մուգ կապույտ, աղիքները՝ կանաչ, իսկ լյարդն ու ամորձիները՝ դեղին։ Այս ամենն անում է՝ առանց հասկանալու պարզության պոետիկայի նույնիսկ ամենահիմնական իմաստը։

Երբ քեզ հետ մանրամասների մասին եմ խոսում, աչքերիդ մեջ տեսնում եմ այդ շփոթված հայացքը։ Հանգստացի՛ր, խորը շունչ քաշիր ու համբերությամբ նստիր քո ներքին վերքերի առաջ։ Թող մի քանի լույս վառեմ ճանապարհիդ, գուցե այդպես հնարավոր թյուրըմբռնումներդ ցրվեն։ Թույլ տուր մի քիչ քեզ հետ ժամանակ անցկացնեմ։ Այն, ինչ հիմա ասում եմ, գուցե միայն իմ անձնական կարծիքն է։ Հնարավոր է՝ մեր խմբի մեկ ուրիշ անդամ բոլորովին այլ տեսակետ ունենա։

Ես սիրում եմ հակիրճությունը, պարզությունն ու ազդեցիկ պատկերները։ Օրինակ՝ «Քար»-ը։ Հանգիստ է, սուր ու թափանցիկ աչքեր ունի։ Շատ եմ հավանում այն արվեստի գործը, որ ստեղծեց այդ մոր մարմնի վրա։ Մի անձրևոտ ձմեռային օր մի խումբ անցորդներ ու վարորդներ կանգնել էին՝ նայելու այդ գեր կնոջը։ Երեխան էլ մերկ էր ու մոր կուրծքն էր ծծում։ Կնոջը տարել էր մի չորացած արմավենու տակ՝ մարդաշատ փողոցի հենց մեջտեղում։ Ո՛չ կնոջ, ո՛չ էլ երեխայի մարմնի վրա որևէ վերք կամ գնդակի հետք չկար։ Երկուսն էլ ասես հոսող ջրի պես կենդանի լինեին։ Ահա սա է այն հանճարը, որի նմանն այս դարում չես գտնի։ Պետք էր տեսնել այդ կնոջ ծանր վերնամասը և երեխայի նիհար մարմինը․ կարծես ոսկորների մի կույտ լիներ, որի վրա քսած լինեին նորածնի փայլուն սպիտակ մաշկի գույնը։ Ոչ ոք չէր կարող հասկանալ, թե ինչպես էին վերջ տվել այդ մոր ու երեխայի կյանքին։

Շատերը կարծում էին, թե նա օգտագործել է ինչ-որ անհայտ թույն։ Բայց մեր գրադարանի արխիվում անպայման պիտի կարդաս «Քար»-ի կարճ, բանաստեղծական զեկույցն այդ արտասովոր արվեստի գործի մասին։ Հիմա նա խմբում շատ կարևոր պատասխանատվություն ունի։ Եվ, անկեղծ ասած, շատ ավելիին էլ արժանի է։

Հաստատ արդեն հասկացել ես, որ այս երկիրը մարդկանց տալիս է դարի հազվագյուտ հնարավորություններից մեկը։ Հնարավոր է՝ մեր գործը երկար չտևի։ Հենց որ իրավիճակը կայունանա, ստիպված կլինենք մեկնել ուրիշ երկիր։ Բայց մի՛ անհանգստացիր, նման վայրեր աշխարհում շատ կան։ Տես, նախկինում քեզ նման նորեկներին նախապատրաստական դասեր էի տալիս, բայց հիմա ամեն ինչ շատ է փոխվել։ Աստիճանաբար հրաժարվեցի ուղղակի ներշնչելու մեթոդից և անցա ուսանողակենտրոն մոտեցման՝ հենվելով նրանց երևակայության ազատ հոսքի վրա։ Մինչև այս գործին իսկապես մասնագիտական ձևով անցնելը, ահագին ուսումնասիրել եմ։ Անթիվ ձանձրալի գրքեր եմ կարդացել՝ հասկանալու և հիմնավորելու համար հենց այն, ինչ անում ենք։ Մենք խաղաղության մասին ուսումնասիրություններ էինք կարդում, որոնք գրված էին զզվանք հարուցող ճարտասանությամբ։ Ամեն ինչ հիմնավորելու համար անթիվ անիմաստ ու ավելորդ համեմատություններ էին բերում։ Դրանցից մեկում ասվում էր, թե դեղատան բոլոր դեղերը, նույնիսկ հին ու հասարակ ատամի մածուկները, ստեղծվել են մկների և այլ կենդանիների վրա կատարված փորձերից հետո։ Ուստի, ըստ այդ տրամաբանության, խաղաղության հասնելն էլ անհնար է՝ առանց փորձարարական մարդկանց զոհաբերելու։ Այդ հին դասերն այնքան ձանձրալի էին ու իսկական գլխացավ։ Բայց այս ոսկե հնարավորությունների ժամանակաշրջանում ձեր սերունդը շատ բախտավոր է։ Մի դերասանուհի, որ պարզապես պաղպաղակ է լիզում, կարող է դառնալ անհամար լուսանկարների ու լրատվական հաղորդումների թեմա, որոնք հասնում են մինչև այս աշխարհի ամենահեռավոր, սովահար գյուղերը՝ այս պարի ու ճիչի ջրաղացքարի մեջ։ Դրա ամենափոքր ձեռքբերումն էլ այն է, ինչ ես անվանում եմ «անիմաստության բացահայտման արդարություն և գոյության անորոշ էություն»։ Իսկ եթե մի դիակն էլ ստեղծագործաբար ցուցադրես քաղաքի հենց մեջտեղում, էլ ավելի լավ։

  Գուցե մինչև հիմա քեզ չափազանց շատ բան եմ պատմել, բայց անկեղծ ասած, անհանգստանում եմ քեզ համար։ Որովհետև դու և՛ հիմար ես, և՛ հանճար։ Քեզ նման գործակալներին տեսնելիս հետաքրքրությունս ավելի է մեծանում։ Եթե հանճար ես, շատ լավ։ Թեև խմբի անդամների մեծ մասը խոսում է փորձի ու երկարատև վարժանքի մասին, ես դեռ հավատում եմ հանճարին։ Իսկ եթե հիմար ես, ապա մինչև գնալդ թույլ տուր քեզ մի կարճ, բայց օգտակար պատմություն պատմեմ մի պարզամիտ հիմարի մասին, որը որոշել էր մեր դեմ դուրս գալ։ Նրա մականունն անգամ երբեք չեմ սիրել՝ «Մեխ»։ Այն բանից հետո, երբ հանձնաժողովը հաստատեց օբյեկտին սպանելու և նրա դիակը մի մեծ ռեստորանում ցուցադրելու նրա առաջարկած մեթոդը, սկսեցինք սպասել արդյունքին։ Բայց այդ տիպը շարունակ ժամանակ էր ձգձգում։ Մի քանի անգամ հանդիպեցի նրան ու հարցրի, թե ինչու է այդքան ուշացնում գործը։ Ասում էր, թե չի ուզում կրկնել իր նախորդների հնարքները և մտածում է, որ մեր գործին ստեղծագործական մի մեծ թռիչք է պետք։ Բայց իրականությունն ուրիշ էր։ «Մեխ»-ը վախկոտ էր և տառապում էր գռեհիկ մարդասիրական զգացումներով։ Ինչպես ամեն մի հիվանդ մարդ, նա էլ կամաց-կամաց սկսել էր կասկածել ուրիշներին սպանելու օգտակարությանը։ Հետո էլ համոզվել էր, թե անպայման մի Արարիչ կա, որը հետևում է մեր արածներին։ Իսկ դա նրա անկման միայն սկիզբն էր։ Որովհետև այս հիմար աշխարհի կրոնական դպրոցների չափանիշներով՝ ամեն երեխա, որ ծնվում է այս աշխարհում, ընդամենը բարու կամ չարի հնարավորություն է։ Բայց մեզ համար ամեն ինչ ուրիշ է։ Ամեն երեխա, որ ծնվում է, ընդամենը ևս մեկ ավելորդ բեռ է այս խորտակվող նավի վրա։ Բայց թողնենք դա։ Ավելի լավ է պատմեմ, թե ինչ եղավ «Մեխ»-ի հետ։

Նա մի ազգական ուներ, որը քաղաքի կենտրոնական հիվանդանոցներից մեկում պահակ էր աշխատում։ Մեխն էլ ծրագրել էր գաղտագողի մտնել հիվանդանոցի դիահերձարանի սառնարանը և, փոխանակ ինքն իր ձեռքով մեկին սպանելու, այնտեղի դիակներից մեկն ընտրել։ Գործը հեշտ էր, որովհետև խմբից ստացած գումարի կեսն արդեն տվել էր իր ազգականին։ Սառնարանը լի էր դիակներով, որոնք հիմար ահաբեկչական գործողությունների զոհ էին դարձել։ Նրանցից մի քանիսին պայթուցիկով լի մեքենան էր մասնատել, մի քանիսի գլուխները կտրել էին աղանդավորական պատերազմների ժամանակ, մի քանիսն էլ գետի հատակին ուռել էին, և էլի շատ հիմարներ էին, որ անիմաստ կործանվել էին ու նույնիսկ մի կարգին տեսք էլ չունեին։ Այդ գիշեր Մեխը գաղտագողի մտավ սառնարան և սկսեց հանրային ցուցադրության համար հարմար դիակ փնտրել։ Նա հատկապես երեխայի դիակ էր որոնում, որովհետև իր առաջին զեկույցում առաջարկել էր սպանել հինգ տարեկան մի երեխայի։

Սառնարանում մի քանի երեխայի դիակ կար։ Նրանցից ոմանք պայթուցիկով լի մեքենաների զոհ էին դարձել, ոմանք փողոցային շուկաներում ածխացել էին, իսկ մյուսները՝ օդային ռմբակոծություններից հետո տների փլատակների տակ մասնատվել։ Վերջում Մեխն ընտրեց մի երեխայի, որի գլուխը և ընտանիքի անդամների գլուխները կրոնական-աղանդավորական պատճառներով կտրել էին մարմիններից։ Երեխայի մարմինը գրեթե անվնաս էր, իսկ պարանոցի կտրվածքը մաքուր էր՝ պատռված թղթի եզրի պես։ Մեխը որոշել էր այդ դիակը ցուցադրել մի մեծ ռեստորանում և ընտանիքի մյուս անդամների աչքերը մատուցել արյունով լցված ամանների մեջ՝ ասես ապուր լինեին։ Առաջին հայացքից մի ինքնատիպ միտք էր թվում, բայց ամեն ինչից առաջ կեղծավորություն էր և դավաճանություն։ Եթե երեխայի գլուխը հենց ինքը կտրած լիներ, իսկական արվեստի գործ կստացվեր։ Բայց դիակը սառնարանից գողանալը, այն էլ այդքան նողկալի ձևով, խայտառակություն ու անպատվություն էր։ Նա չէր հասկանում, որ աշխարհի հաղորդակցության ուղիներն այլևս մեկ թունելով ու մեկ միջանցքով չեն ավարտվում։  Բայց մինչև Մեխը կհասցներ խաբել այդ դժբախտ մարդկանց, դիակներ կարկատողը բռնեց նրա ձեռքը։ Նա վաթսունն անց, բարձրահասակ ու թիկնեղ մարդ էր։ Երբ մասնատված դիակների թիվն աճեց, նրա գործն էլ ծաղկեց։ Մարդիկ ամենուր նրան էին փնտրում, որպեսզի պայթյունների կամ պատահական կոտորածների ժամանակ կտոր-կտոր եղած իրենց երեխաների ու հարազատների մարմինները նորից իրար կցի։ Նրան լավ էին վճարում, որպեսզի իրենց երեխաներին վերադարձնի այն տեսքին, որով ճանաչում էին նրանց մինչև աղետը։ Իրոք իսկական վարպետ էր։ Աշխատում էր անսահման համբերությամբ ու սիրով։ Այդ գիշեր նա Մեխին տարավ դիահերձարանի հարևան սենյակը, դուռը կողպեց նրա հետևից և մի ներարկում արեց, որ անդամալույծ դառնա՝ առանց գիտակցությունը կորցնելու։

Նրան պառկեցրեց դիահերձարանի սեղանին, ամուր կապեց ձեռքերն ու ոտքերը և փակեց բերանը։ Մինչ իր աշխատանքային սեղանն էր պատրաստում, իր այդ տարօրինակ կանացի ձայնով մանկական մի երգ էր մեղմ քրթմնջում։ Երգը մի երեխայի մասին էր, որը մի փոքրիկ արյան լճակում գորտեր էր ուզում որսալ։ Ժամանակ առ ժամանակ էլ մեղմ շոյում էր Մեխի մազերը և նրա ականջին շշնջում. «Ա՜խ, սիրելիս… ա՜խ, իմ ընկեր… մահից էլ ավելի տարօրինակ մի բան կա․ տեսնել մի աշխարհ, որը նայում է քեզ՝ առանց որևէ նշանի, առանց ըմբռնման, առանց նպատակի, առանց որևէ բանի… կարծես դու և աշխարհը միասին կուրացած լինեք՝ լռության պես, մենության պես։ Մահից էլ մի փոքր ավելի տարօրինակ մի բան կա․ մի կին ու մի տղամարդ, որոնք շարժվում են նույն անկողնում… իսկ վերջում մնում ես միայն դու՝ դու, որ միշտ սխալ ես գրել քո կյանքի պատմությունը»։

Վաղ առավոտյան դիակներ կարկատողն ավարտեց իր գործը։

Արդարադատության նախարարության մուտքի դիմաց մի պատվանդան կար, ասես քաղաքի արձաններից մեկի պատվանդանը լիներ, բայց այն պատրաստված էր մսի ու ոսկորների խյուսից։ Պատվանդանի վրա բրոնզե մի սյուն էր կանգնած, իսկ նրանից կախված էր Մեխի մաշկը։ Այն ամբողջովին մորթել էին՝ անթերի վարպետությամբ առանձնացնելով մարմնից։ Հաղթանակի դրոշի պես ծածանվում էր։ Պատվանդանի առջևի մասում՝ մսի խյուսի հենց կենտրոնում, պարզ երևում էր Մեխի աջ աչքը։ Այն նույն անկենդան հայացքն ուներ, ինչ հիմա՝ դու։ Գիտե՞ս, թե ով էր այդ դիակներ կարկատողը։ Նա մեր հաստատության ամենակարևոր վարչության՝ Ճշմարտության և ստեղծագործության վարչության ղեկավարն է»:

Հետո դանակը խրեց փորս ու ասաց. «Դողում ես»։

Անգլերենից թարգմանեց Անի Հովսեփյանը

 

98
Հուլիս 31, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: