Դանիլ Խարմս․ Մանրապատումներ

Դիեգո Ռիվեյրան հնարել է․․․

Դիեգո Ռիվեյրան հնարել է լուսանկար- թակարդ։ Նա լուսանկարչական ապարատը դնում է ջրարբի մոտի խոտին։ Կենդանին կանգնում է զսպանակով քուղին, և ապարատը նկարում է նրան։ Մենք տպագրել ենք մինչև օրս Ռուսաստանում մեզ անհայտ կենդանու լուսանկար։ Այդ կենդանուն շատ դժվար է հետևելն ու բռնելը։ Բայց Ռիվեյրայի ապարատը նկարել է նրան։ Հիմա էքսպեդիցիա է ուղարկված՝ բռնելու այդ կենդանուն ու վանդակը դնելու։

Քունը ծաղրում է մարդուն

Մարկովը հանեց կոշիկները և, շունչ քաշելով, պառկեց թախտին։ Նա ուզում էր քնել, բայց, աչքերը փակելուն պես, քնելու ցանկությունն ակնթարթորեն անցնում էր։ Մարկովը բացում էր աչքերը և ձեռքը երկարում դեպի գիրքը։ Բայց քունը նորից վրա էր տալիս նրան, և, չհասնելով գրքին, Մարկովը պառկում և նորից փակում էր աչքերը։ Բայց հենց որ աչքերը փակվում էին, քունը չքանում էր նորից, և գիտակցությունն այնքան էր պարզվում, որ Մարկովը կարող էր մտքում երկու անհայտով հավասարումներով  հանրահաշվական խնդիրներ լուծել։ Երկար էր տանջվում Մարկովը, չիմանալով, թե ինչ անի՝ քնի, թե  արթուն մնա։ Վերջապես, տանջվելով ու ատելով ինքն իրեն ու իր սենյակը, Մարկովը հագավ վերարկուն և գլխարկը, ձեռքը վերցրեց գավազանն ու ելավ փողոց։ Թարմ հովը հանգստացրեց Մարկովին, հոգին բերկրեց  և ուզեց նորից վերադառնալ իր սենյակը։ Մտնելով իր սենյակը, նա մարմնում հաճելի հոգնածություն զգաց և ուզեց քնել։ Բայց հենց որ պառկեց թախտին ու աչքերը փակեց՝ քունը վայրկենապես ցնդեց։ Կատաղությամբ վեր թռավ Մարկովը թախտից ու առանց գլխարկի ու վերարկուի սուրաց Տավրիչևսկայայի այգու ուղղությամբ։

…

Մի ճարտարագետ բավական հաճախ էր խորհում ֆրանսիական պատմության մասին։ Եվ դա հացրեց այն բանին, որ իրեն աշխատանքից դուրս շպրտեցին։ Դժբախտ ճարտարագետն այնքան դրանից վշտացավ, որ որոշեց իրեն ինչ-որ թույնով թունավորել։

Երկար չմտածելով՝ ճարտարագետը կես կիլոգրամ ինչ-որ ցորենի քլորասնդիկ կերավ։ Իրեն ասել էին, որ այդ ցորենի քլորանսդիկն ամենաուժեղ թույնն է, բայց ճարտարագետը կես կիլոգրամ այն կերավ ու ողջ մնաց։ Ճիշտ է, սիրտը մի քիչ խառնեց, բայց անգամ չփսխեց։

Այն մասին, թե ոնց մարդ շաղ եկավ

-Ասում են՝ բոլոր լավ կնիկները հաստաքամակ են։ Է՜հ, սիրում եմ կրծքեղ կնիկներին, ինձ դուր է գալիս՝ ինչպես են նրանք բուրում,- դա ասելով՝ նա սկսեց հասակ առնել և  հասնելով առաստաղին՝ հազարավոր մանր գնդիկների շաղ եկավ։

Եկավ դռնապան Պանտելեյը, այդ գնդիկները հավաքեց գոգաթիակի վրա, որով սովորաբար հավաքում էր ձիու թրիքը, և այդ գնդիկներն ինչ-որ տեղ հետնաբակ տարավ։

Իսկ արևը նախկինի պես շարունակում էր շողալ, և թմբլիկ կանայք առաջվա պես շարունակում էին սքանչելի բուրել։

* * *

Մի քաղաքում, բայց ես չեմ ասի որում, մարդ էր ապրում, նրան Ֆոմա Պետրովիչ էին կոչում։ Նա սովորական հասակ ուներ, հագնվում էր պարզ և աննկատ, մեծ մասամբ մոխրագույն տոլստովկայով և մգակապույտ շորերով էր քայլում, քթին կլոր մետաղյա ակնոց էր կրում, մազերը բաժուկ էր անում, բեղ-մորուսը՝ սափրում, մի խոսքով՝ միանգամայն աննկատ մարդ էր։ Ես անգամ չգիտեմ ինչով էր նա զբաղվում. ոչ այն է՝ փոստում էր ծառայում, ոչ այն է՝ փայտասղոցարանում էր ինչ-որ բան աշխատում։ Գիտեմ միայն, որ ամեն օր նա վերադառնում էր տուն վեցն անց կեսին և պառկում թախտին հանգստանալու և մի ժամ քնելու։ Հետո ելնում, էլեկտրական թեյնիկում ջուր էր եռացնում և նստում ցորենահացով թեյ խմելու։

Նոթատետրից

Ծերուկը երկու ձեռքով քորում էր։ Այնտեղ, որտեղ երկու ձեռքով անհնար էր հասնել, քորում էր մեկով, բայց փոխարենն արագ-արագ։ Եվ ըստ որում աչքերն էր թարթում։

Խվիլիշևսկին լոռամրգի էր ուտում, փորձելով չկնճռոտվել։ Նա սպասում էր, որ բոլորը կասեն․ «Ի՜նչ կամքի ուժ»։ Բայց ոչ ոք ոչինչ չասեց։

Մի գեր մարդ նիհարելու միջոց հորինեց։ Եվ նիհարեց։ Կանայք սկսեցին կպռճկվել նրան՝ հարցուփորձելով՝ ո՞նց է նիհարել։ Բայց նիհարածը կանանց պատասխանում էր, որ տղամարդուն նիհար սազում է, իսկ կանանց՝ ոչ, որ, իբր թե, կանայք պետք է գիրուկ լինեն։

Եվ նա խորապես ճիշտ էր։

Անսպասելի գինարբուք

Մի անգամ Անտոնինա Ալեքսեևնան հարվածեց իր ամուսնուն ամուսնական կնիքով և կեղտոտեց նրա ճակատը կնիքի ներկով։

Խիստ վիրավորված Պյոտր Լեոնիդովիչը՝ Անտոնինա Ալեքսեևնայի ամուսինը, փակվեց լոգասենյակում և ոչ ոքի այդտեղ չէր թողնում։

Սակայն կոմունալ բնակարանի բնակիչները, խիստ պահանջ զգալով անցնելու այնտեղ, որտեղ նստած էր Պյոտր Լեոնիդովիչը, որոշեցին կոտրել փակ դուռը։ Տեսնելով, որ իր բանը բուրդ է, Պյոտր Լեոնիդովիչը ելավ լոգասենյակից և, գնալով իր մոտ, պառկեց թախտին։

Բայց Անտոնինա Ալեքսեևնան որոշեց մինչև վերջ հետևել իր ամուսնուն։  Նա փոքր թղթեր պոկեց և դրանք շաղ տվեց թախտին պառկած Պյոտր Լեոնիդովիչի վրա․․․

Գազազած Պյոտր Լեոնիդովիչը դուրս թռավ միջանցք ու սկսեց պաստառները պատառոտել։

Այդժամ դուրս պրծան բնակիչները և, տեսնելով ինչ է անում դժբախտ Պյոտր Լեոնիդովիչը, հարձակվեցին նրա վրա և բաճկոնակը ծվատեցին։

Պյոտր Լեոնիդովիչը փախավ ժակտ։

Այդժամ Անտոնինա Ալեքսեևնան լրիվ մերկացավ և արկղում թաքնվեց։

Տաս րոպեից վերադարձավ Պյոտր Լեոնիդովիչը, իր հետ բերելով տնային կառավարչին։

Տանը կնոջը չգտնելով, տնային կառավարիչն ու Պյոտր Լեոնիդովիչը որոշեցին օգտվել այդ հանգամանքից և օղի խմել։ Պյոտր Լենիդովիչը խմիչքի հետևից վազեց անկյունի խանութ։

Երբ Պյոտր Լեոնիդովիչը գնաց, Անտոնինա Ալեքսեևնան դուրս եկավ արկղից և մերկ տեսքով հայտնվեց տան կառավարչի առաջ։

Ցնցված տան կառավարիչը վեր թռավ աթոռից և վազեց պատուհանի մոտ, բայց, տեսնելով քսանվեցամյա կնոջ խոշորամարմին կազմվածքը, հանկարծ հիացմունքի մեջ ընկավ։ 

Այդժամ վերադարձավ Պյոտր Լենոիդովիչը մի լիտր օղիով։ Տեսնելով, թե ինչ է կատարվում իր սենյակում՝ Պյոտր Լեոնիդովիչը ունքերը խոժոռեց։

Բայց նրա կին Անտոնինա Ալեքսեևնան ցույց տվեց նրան ծառայողական կնիքը, և Պյոտր Լեոնիդովիչը հանգստացավ։

Անտոնինա Ալեքսեևնան ցանկություն հայտնեց մասնակցելու գինարբուքին, բայց անպայման մերկ տեսքով, դեռ մի բան էլ նստած սեղանին, որի վրա ենթադրվում էր շարել օղու ուտեստը։

Տղամարդիկ նստեցին աթոռներին, Անտոնինա Ալեքսեևնան՝ սեղանին, և գինարբուքը սկսվեց։

Չի կարելի դա հիգիենիկ անվանել, եթե երիտաարդ մերկ կինը նստած է հենց այն սեղանին, որտեղ ուտում են։ Նաև Անտոնիա Ալեքսեևնան բավական լիքոտ էր և առանձնակի մաքրակյաց չէր, այնպես որ առհասարակ սատանան գիտի ինչ էր։

Շուտով, սակայն, բոլորը հարբեցին և քնեցին՝ տղամարդիկ գետնին, իսկ Անտոնինա Ալեքսեևնան սեղանին։

Եվ կոմունալ բնակարանում լռություն տիրեց։                  

Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը              

447
Սեպտեմբեր 25, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: