Իվան Բունին. «Մթին ծառուղիներ» ժողովածուից

Մատուռ

Ամառային տաք օր, դաշտում` հին դաստակերտի այգու հետևում, վաղուց լքված գերեզմաններ, բարձր ծաղիկներով և խոտերով թմբեր և մենակյաց, ամբողջովին ծածկված վայրի ծաղիկներով և խոտերով, եղինջով և ուղտափշով, քանդված քարե մատուռ։ Դաստակերտի երեխաները, մատուռի տակ պպզած նստած, սրատես աչքերով նայում են նեղ ու երկար գետնի հարթության պատուհանից ներս։ Այդտեղ ոչինչ չի երևում, այդտեղից միայն սառը փչում է։ Ամենուր պայծառ և շոգ է, իսկ այդտեղ մութ և ցուրտ է, այդտեղ` երկաթե արկղերի վրա, պառկած են ինչ-որ պապիկներ և տատիկներ և նաև ինչ-որ հաղթանդամ մարդ, որն ինքզինքը կրակելով սպանել է։ Այդ ամենը շատ հետաքրքիր և զարմանալի է. մեզ մոտ այստեղ արև է, ծաղիկներ, խոտեր, ճանճեր, իշամեղուներ, թիթեռներ, մենք կարող ենք խաղալ, վազել, մեզ սահմռկելի, բայց և հաճելի է պպզած նստելը, իսկ նրանք միշտ պառկած են այդտեղ` մթության մեջ, ինչպես գիշերը՝ հաստ և սառը երկաթե արկղերի վրա, պապիկներն ու տատիկները, բոլորը ծեր են, իսկ հաղթանդամ տղամարդը` դեռ երիտասարդ․․․

-Իսկ ինչո՞ւ է նա ինքնասպան եղել։

-Նա շատ սիրահարված էր, իսկ երբ շատ սիրահարված են, կրակում են իրենք իրենց․․․

Երկնքի կապույտ ծովում կղզիներով տեղ-տեղ ճերմակ գեղեցիկ ամպեր են, տաք քամին դաշտից բերում է ծաղկուն տարեկանի անուշաբույրը։ Եվ որքան ավելի կիզիչ և ավելի խնդալից է վառում արևը, այնքան ավելի սառն է փչում մթությունից, պատուհանից։

Գայլերը

Տաք օգոստոսյան գիշերվա խավար, հազիվ երևում են խամրած աստղերը, ինչ-որ տեղ առկայծող ամպամած երկնքում։ Հանդարտ, խոր փոշուց անաղմուկ ճանապարհը դեպի դաշտ, որով գլորվում է կառքը երկու երիտասարդ հեծվորներով՝ մանրակալվածք օրիորդով և պատանի գիմնազիստով։ Մառախլապատ փայլակները լուսավորում են համաչափորեն վարգող խառնախռիվ բաշերով ձիերի զույգը՝ հասարակ լծասարքով, և կառապանի հովարագլխարկն ու ուսերը մի ակնթարթ բացում են առջևում աշխատանքից հետո դատարկված դաշտերն ու հեռավոր տրտմալի անտառակը։ Երեկ երեկոյան գյուղում աղմուկ, բղավոց, երկչոտ հաչ և շների կաղկանձ էր՝ զարմանալի հանդգնությամբ, երբ խրճիթներում արդեն ճաշում էին, գայլը բակերից մեկում հոշոտեց ոչխարի և քիչ էր մնում տաներ նրան՝ ժամանակին շան աղմուկ աղաղակի վրա դուրս թռան մահակներով տղամարդիկ և ետ մղեցին նրան, արդեն սատկած, պատառոտված կողով։ Հիմա օրիորդը նյարդայնորեն հռհռում, վառում և մթության մեջ լուցկիներ է նետում ուրախ բղավելով․

-Գայլերից վախենում եմ։

Լուցկիները լուսավորում են պատանու երկարավուն, կոպտավուն դեմքը և նրա գրգռված լայն այտոսկրով երեսը։ Օրիորդը կլորիկ է, մալոռուսավարի, կարմիր թաշկինակ կապած, կարմիր չթե զգեստի ազատ բացվածքը մերկացնում է նրա կլոր, պիրկ վիզը։ Կառքի սլացքից ճոճվելով՝ նա վառում և նետում է մթության մեջ լուցկիները, ասես չնկատելով, որ գիմնազիստը գրկում է նրան և համբուրում մեկ վիզը, մեկ այտը, փնտրում է նրա շուրթերը։ Օրիորդը արմունկով մի կողմ է հրում նրան, նա դիտմամբ բարձր ու հստակորեն, որ կառապանը լսի, ասում է օրիորդին․

-Տվեք լուցկիները։ Ինչով պետք է ծխեմ։

-Հիմա, հիմա,- բղավում է նա, և նորից բռնկվում է լուցկին, հետո փայլակը, ու խավարը էլ ավելի թանձր կուրացնում է տաք սևությամբ, որում հար թվում է, որ կառքը ետ է գլորվում։ Վերջապես նա ընկրկում է նրա տևական շուրթերի համբույրների առաջ, երբ հանկարծ, հարվածով ցնցելով նրանց երկուսին, կառքն ասես դեմ է առնում ինչ-որ բանի՝ տղան կտրուկ կանգնեցնում է ձիերը։

-Գայլերը,- ճչում է նա։

Աչքերին է խփում ցոլքը հրդեհի՝ հեռվում աջից։ Կառքը կանգնած է այն անտառակի դիմաց, որ բացվում էր փայլակների ներքո։ Անտառակը ցոլքից սևացել ու ամբողջովին երերուն դողում է, ինչպես դողում է և ողջ դաշտը նրա առջևում  միգակարմիր դողի մեջ այն անհագորեն երկնքում սլացող բոցից, որը, չնայած հեռավորությանը, բոցավառվում է դրանում սահող հրե ստվերներով ասես կառքից մի վերստի վրա, բորբոքվում է հար ավելի թունդ և ավելի ահեղ, պատում է հորիզոնը հար ավելի վեր և ավելի լայն․ թվում է, որ տաքությունն արդեն հասնում է դեմքին, ձեռքերին, անգամ երկրի սևության վրա երևում է ինչ-որ այրված տանիքի  շրջանակը։ Իսկ անտառի պատի տակ կանգնած են բոսորագորշ, երեք մեծ գայլ, և նրանց աչքերում առկայծում է միջաթափանց մեկ կանաչ փայլը, մեկ՝ կարմիր՝ վճիտ ու պայծառ, ինչպես կարմիր հաղարջից մուրաբայի տաք մրգահյութը։ Եվ ձիերը, աղմկալից խռռացնելով, հանկարծ վայրի քառարշավով հարվածում են կողք, ձախ,  վարելահողին, տղան, սանձերը բաց թողնելով, գլորվում է ետ, իսկ կառքը թխկոց- շխկոցով, ճոճվելով, խփվում է խորդուբորդություններին․․․

Ինչ-որ տեղ խանդակի տակ ձիերը մի անգամ էլ վեր թռան, բայց օրիորդը ցատկելով հասցրեց խելակորույս տղայի ձեռքերից խլել սանձերը։ Այդժամ աղջիկը թափահարումից թռավ նստիքից և ինչ-որ երկաթե բանի վրա ճղեց այտը։ Այդպես էլ ողջ կյանքում թեթև սպի մնաց նրա շուրթերի անկյունում, և երբ նրան հարցնում էին՝ ինչի՞ց է դա, նա հաճույքով ժպտում էր։

-Վաղուց անցած գնացած օրերի բաներ են,- ասում էր նա՝ հիշելով այն վաղեմի ամառը, օգոստոսյան չոր օրերը և մթին գիշերները, կալսումը կալատեղում, դեզերը  նոր հոտավետ ծղոտի և չսափրված գիմնազիստի, որի հետ նա պառկում էր երեկոները՝ նայելով պայծառա-ակնթարթային վարընկեց աստղակամարներին։

-Գայլերը վախեցան, ձիերը սուրացին,- ասում էր նա։ Իսկ ես դյուրաբորբոք, հուսահատ էի, նետվեցի նրանց կանգնեցնելու․․․ Նրանք, ում նա դեռ մի անգամ չէ, որ սիրել է կյանքում, ասում էին, որ չկա այդ սպիից ավելի հաճելի բան՝ նման քնքուշ մշտական ժպիտի։

Հարյուր ռուփի

Ես տեսա նրան մի անգամ առավոտյան այն հյուրանոցի բակում՝ հինավուրց հոլանդական տան ծովափնյա հնընդկուզենու անտառներում, որտեղ ես կենում էի այդ օրերին։ Եվ հետո տեսնում էի նրան այնտեղ ամեն առավոտ։

Նա կիսապառկում էր եղեգնյա թիկնաթոռին, ծածկապատշգամբից երկու քայլի վրա գտնվող տնից ընկնող թեթև, տաք ստվերում։ Բարձրահասակ, դեղնադեմ, տանջալիորոն նեղաչ մալայացին, սպիտակ պարուսինե բաճկոնով և նույնպիսի տաբատով, բերում էր նրան՝ բոբիկ ոտքերով խշխշացնելով մանրախճի վրայով և  թիկնաթոռի մոտի սեղանին էր դնում ոսկեշող թեյով գավաթով սկուտեղը, ինչ-որ բան ակնածալից ասում էր նրան, շարժելով չոր, խիստ պրկված շուրթերը՝ խոնարհվում և հեռանում էր, իսկ աղջիկը կիսապառկում և դանդաղորեն թափահարում էր ծղոտե հովհարը՝ համաչափորեն թարթելով իր զարմանալի արտևանունքների սև թավիշը․․․

Երկրային էակների ի՞նչ տեսակին կարելի էր դասել նրան։

Նրա արևադարձային ամուր մարմինը, նրա սրճագույն մերկությունը բաց էր կրծքի վրա, ուսերի վրա, ձեռքերի և ոտքերի վրա մինչև ծնկները, իսկ իրանը և կողերը մի տեսակ պարուրված են պայծառ կանաչ հյուսվածքով։ Մատների կարմիր եղունգներով փոքր ոտքերը դուրս էին ցցվում դեղին փայտից լաքապատ ոտնամանների կարմիր կաշիների արանքից։ Կպրե վարսերը, վեր բարձրացված սանրվածքով, տարօրինակորեն անհամապատասխան էին իրենց կոպտությամբ նրա մանկական դեմքի նրբությանը։ Փոքր ականջների բլթակներում ճոճվում էին ոսկե փքուն օղերը։ Եվ անհավատալիորեն մեծ և հիասքանչ էին սև արտևանունքները՝ նման այն դրախտային թիթեռնիկներին, որ այդքան կախարդորեն առկայծում են դրախտային հնդկական ծաղիկների մեջ․․․ Գեղեցկություն, խելք, հիմարություն՝ բոլոր այդ բառերը չէին սազում նրան, ինչպես չէր սազում ամենայն մարդկայինը․ իսկապես, նա ասես ինչ-որ այլ մոլորակից էր։ Միակ բանը, որ սազում էր նրան, լռակյացությունն էր։ Եվ նա կիսապառկում և լռում էր՝ համաչափորեն թարթելով իր արտևանունք-թիթեռնիկների սև թավիշը, դանդաղորեն թափահարելով հովհարը։

Մի անգամ առավոտյան, երբ հյուրանոցի բակ վազեց ռիկշան, որով ես սովորաբար գնում էի քաղաք, մալայացին հանդիպեց ինձ ծածկապատշտգամբի աստիճանների վրա և խոնարհվելով կամացուկ ասաց անգլերեն․

-Հարյուր ռուփի, պարոն։

Ռուսերենից թարգմանեց Գրիգոր Ֆերեշեթյանը

276
Հոկտեմբեր 31, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: