Հոսեյն Աթաշփարվար. Ժանգագույն աչքը

Պարո՛ն Բեհրուզ Զիաղամի,

Խնդրվում է՝ վաղը երեկոյան՝ ուղիղ ժամը յոթն անց հիսունինը րոպեին,

որոշ բացատրություններ տալու նպատակով ներկայանալ։

Տեղեկացվում է, որ վերոնշյալ պահանջի նկատմամբ անփութությունը

կամ ժամանակին չներկայանալը իրավունք է տալիս հետապնդման։

Ժամը յոթ անց երեսուն րոպե է։ Աչքերս փակում եմ ու մտքում վերընթերցում նամակը։ Գրեթե ամբողջությամբ անգիր գիտեմ։ Հագնվում եմ։ Ուշադիր զննում եմ դեմքս։ Հայելու մեջ տեսնում եմ, որ աչքերս փոս են ընկել, իսկ գլխիս մազերը ցցվել են։ Ատամներիս արանքում մնացած փշրանքները լեզվովս մաքրում եմ։ Եվս մեկ անգամ ամեն ինչ մտովի վերանայում եմ։ Նամակը, առանց ծալելու, դնում եմ բաճկոնիս ներքին գրպանը։ Երեկվանից՝ նամակը տեսնելուց հետո, մի քանի անգամ գնացել եմ մինչև ներկայանալու վայրը։ Հանկարծ ժամանակին չկարողանամ հասնել կամ որևէ սխալ տեղի ունենա։ Հիմա ևս մեկ անգամ հասցեն եմ մտքումս կրկնում․ «Սախավաթի պողոտա։ Զաֆար փողոց։ Թիվ 67»։

Ժամը յոթն անց քառասունհինգ րոպե է։ Ճանապարհ եմ ընկնում։ Ուղիղ քսանմեկ տարի առաջ այս նույն ճանապարհով գնացել էի․ կեսօր էր, տոթ, և փողոցի եզրին կանգնած բարձր բարդիները գլուխները միմյանց էին միացրել՝ կանաչ միջանցք կազմելու համար։ Հիմա սա մի պողոտա է՝ մի քանի երկնաքերերնով, իսկ բարդիները, որոնք սղոցված են, հիշեցնում են մի դատապարտյալի, որի մազերը, ոնց-որ մինչև արմատները խուզած լինեին։ Այն մի քանի անգամների  ընթացքում, երբ մինչև ներկայանալու վայրի մոտակայքն եմ գնացել, մտքովս անգամ չի անցել ժամացույցին նայել՝ տեսնելու, թե որքան ժամանակ է տևում ճանապարհը։ Տասը րոպեից ավելի չպետք է լինի։ Երեկ, երբ վերջին անգամ գնացի, գրեթե մեկ տարի տևեց։ Հիմա՝ գուցե ավելի։ Ամեն քայլ անելիս՝ առաջ գնալու փոխարեն հետ եմ դառնում։ Հասնում եմ փողոցի սկզբին։ Հենց այստեղ է։ Ժամը յոթն անց հիսունյոթ րոպե տասնհինգ վայրկյան է։ Այդ մի քանի անգամն էլ մինչև այստեղ եմ եկել։ Համոզվելու համար փողոցն անցնող մի ծերունու հարցնում եմ․ «Կներեք, Զաֆար փողո՞ցն է»։

Նա շարունակում է քայլել։ Արագացնում եմ քայլերս, մինչև հասնում եմ նրան։ Լսողական սարք ունի։ Թափահարում եմ նրան ու գրեթե գոռալով հարցնում․ «Կներեք, Զաֆար փողո՞ցն է»։ «Հենց սա է»։ Համոզվում եմ։ Նայում եմ ժամացույցին։ Ժամը յոթն անց հիսունութ րոպե է։ Փողոցի սկզբում՝ այն լայնությամբ իրար միացնող սպիտակ կտորի վրա, խոշոր կարմիր տառերով գրված է․ «Ծիծաղն արգելվում է»։

Դեմքս չեմ տեսնում, բայց համոզվելու համար՝ դեմքս խոժոռում եմ ու նրբանցքի աջ կողմից ճանապարհ եմ ընկնում․ բաց-կանաչավուն  փայտե դուռ։ Հակաժանգ նյութով պատած մետաղյա դուռ։ Հնավաճառի խանութ։ Ավտոտնակի մուտք։ Կապարագույն գլանափեղկ։ Թիվ 34։ Պետք է ձախ կողմ գնամ։ Այդ կողմի համարները բոլորը զույգ են։ Ուղիղ ժամը յոթն անց հիսունութ րոպե երեսուն վայրկյան է։ Ինքս ինձ հավաքում եմ։ Հոնքերս իջեցնում եմ ու շարունակում աչքերս հառած պահել վայրկյանացույցին։ Մատս դնում եմ զանգի կոճակին ու սպասում։ Աչքս վայրկյանացույցին է։ Ամբողջ ուշադրությունս կենտրոնացել է աջ ձեռքիս ցուցամատի ծայրին, որը դրված է կոճակին։ Ուղիղ ժամը յոթն անց հիսունինը րոպեին սեղմում եմ կոճակը։

Հիմա ամբողջ ուշադրությունս ժանգոտած երկաթե դռան վրա է կենտրոնանում։ Դռան հետևում ոտքս կախ եմ գցում։ Ոչ մի արձագանք չկա։ Ժամերով կանգնում եմ փակ դռան հետևում։ Կրկին սեղմում եմ կոճակը։ Վախենում եմ, որ քանի որ ուշացել եմ, ինձ հարցաքննության կենթարկեն, և դա վերոնշյալ պահանջի նկատմամբ թերացում կհամարվի։ Ուղիղ երեկոյան ժամը ութն անց հիսուն րոպեին դռան վրա մի անցք է բացվում։ Երկաթե անցքից ինձ է նայում ժանգագույն մի աչք։ «Ի՞նչ ես ուզում և ո՞ւմ հետ գործ ունես»։

Ծանուցագիրը մոտեցնում եմ աչքին ու կուլ եմ տալիս թուքս։ Աչքը նեղանում է․ «Սխալ տեղ ես եկել»։ «Բայց սա Զաֆար նրբանցքը չէ՞»՝ ասում եմ։

«Զաֆարի փակուղին է»՝ ասում է աչքը։

«Թիվ 67», ասում եմ։

«Ճիշտ է, սխալ տեղ ես եկել»՝ ասում է։ Կասկածով հայացքս համարից տեղափոխում եմ դեպի գրությունը։ Գրված է․ «Բորոտության դեմ պայքարող կազմակերպություն»։ Երկաթե անցքը փակվում է, և ասես ժանգոտած երկաթի մեջ երբևէ աչք չի էլ եղել։ «Այստեղ չէ, սխալ տեղ ես եկել, եղբա՛յր»՝ զրնգուն արձագանքով ասում է ձայնը ժանգի ու երկաթի անցքից։ Նայում եմ ծանուցագրին, որը երկու ձեռքերս կարծես միմյանց է շղթայել։ Նորից ուշադիր զննում եմ դուռը․ նույնիսկ երկու-երեք քայլ հետ եմ գնում և արդեն քանիերորդ անգամ վերևից ներքև նայում եմ դրան։ Վախս ավելի է մեծանում։ Քթի տակ ասում եմ․ «Անպայման պետք է հասնեմ այնտեղ։ Հանկարծ իսկապես ինձ հարցաքննության չենթարկե՞ն»։ Ծանուցագիրը պահում եմ աջ ձեռքիս ու նորից քայլում նրբանցքով։ Ամեն դռան հասնելիս աչք եմ ածում։ Ամբողջ նրբանցքով մեկ վազում եմ։ Հոգնած ու ջարդված՝  նրբանցքի խորքում, հենց այնտեղ, որտեղ փակուղի լինելն ակնհայտ է, զարմանքով տեսնում եմ 37 համարի ցուցանակը։

Ժպտում եմ, բայց անմիջապես ինձ զսպում եմ ու խոժոռվում։ Առաջ եմ գնում։ Տարիներ շարունակ այս դուռը չի բացվել։ Դրա հետևում ամեն ինչ լցված է արևածաղկի սերմերի կեղևներով, ծխախոտի մնացորդներով, ճմրթված թղթե անձեռոցիկներով, օղու դատարկ շշերով ու պաստերիզացված մածունի տարաներով։ Դռան վրա մի մեծ ճանկ է մեխված։ Ճանկի մեջտեղում նստած աչքը սառնասրտորեն նայում է ինձ։ Թուքս կուլ եմ տալիս ու ծանուցագիրը պահում աչքի դիմաց։ Ուզում եմ ասել՝ «Կներեք, որ ուշացել եմ»։

Աչքն ասում է․ «Հանգիստ եղիր, դրա կարիքը չկա։ Ես քեզ հետ էի»։

«Ես չտեսա՛»։                             

Աչքն ասում է․ «Ուշադիր չես։ Ես քո առջևով եմ շարժվում, այնքան առաջ, որ դու չես կարող տեսնել ինձ։ Փոխարենը՝ որտեղ էլ ուզենամ, ամեն կողմից ամեն ինչ տեսնում եմ»։

«Իմ առջևո՞ւմ»՝ զարմացած ասում եմ։

«Քո հետևում»՝ անշունչ ասում է աչքը։ Եվ ինձ պատասխանելու հնարավորություն չտալով՝ շարունակում է․ «Միայն նշեմ, որ ամենուր գնացել-շրջել ես, բայց աչքերդ ճիշտ ու տեղին չես օգտագործել։ Ոչ մի տեղ չկաս․ նույնիսկ քո մեջ։ Անցնե՛նք բուն նյութին։ Ասա՛»։

Զգացի, որ այն օրվանից, երբ աշխարհ եմ եկել, աչքը մերկացրել է ինձ․ նույնիսկ մազանոթներիս միջով է անցել, ամբողջ մարմնովս գնացել-եկել և հիմա ինձ հարցնում է:

«Ասա՛»։

«Այրվեցի»՝ ասում եմ։

«Որտե՞ղ»՝ ասում է աչքը։

«Թորբաթ-է Ջամում»[1]։

Մի ավերված սահմանամերձ քաղաքում, որի մեկ-երկու ճանապարհները, եթե կարելի է դրանք ճանապարհ անվանել, փողոց էին անվանել, իսկ «հրապարակը»՝ «ֆալեքե»։ Տրախոմայով ու բորոտությամբ հիվանդների մի բազմություն, մալթայական տենդով ու փորլուծությամբ տառապող մի քանի սովահար մուրացկաններ և կիսաքաղց աֆղաններ․․․ «Շեյխ Ահմադ Ջամ»-ի դամբարանից[2] վերադարձել էի ու հրապարակի եզրին գտնվող թեյատանը թեյ էի խմում։

Լռեցի ու մտքերի մեջ ընկա։

«Հետո՞»՝ հարցրեց աչքը։

«Հերթ կար։ Մեկը չէ, մի քանիսը։ Հենց «Մեյդան-գահի»-ի աջ անկյունում մի ուժեղ կազմվածքով տղամարդ՝ կեղտոտ սպիտակ խալաթով, եկավ ու բարձրացրեց խանութի գլանափեղկը։ Ռետինե երկարաճիտ կոշիկներ էր հագել, տաբատը մտցրել էր ճտքակոշիկների մեջ։ Մի քանի հերթ էր․տրախոմայով հիվանդների մի հերթ, փորլուծությամբ տառապող հիվանդների մի հերթ և բորոտների հերթ։ Վաղ առավոտից եկել էին, բայց նոր էին հասել հերթի վերջին։ Ամեն մեկն իր զբաղմունքն էլ բերել էր հերթի մեջ։ Մի մարդ, որ արևածաղկի սերմ էր չրթում, ասաց․ «Նաս[3] ուզո՞ւմ ես, ախպե՛ր»։ Մի հաշմանդամ ծերունի «ֆարղուն»[4]-ով սիրտ ու լյարդ էր վաճառում։ Մի նիհար, սևադեմ կին իր երեխայի կղանքի վրա հող էր լցնում։ Դեղնած երիտասարդը մարդկանց խառնամբոխի միջից ձայն տվեց․ «Առա՛ջ արի»։

Ասացի՝ «Հա՛»։ Ասաց․ «Լյարդ չե՞ս ուզում»։ Ասացի՝ «ոչ»։ Ասաց․ «Թա՛րմ է»։ Ասացի՝ «Ոչ»։ Հանկարծ տեսա, որ ձեռքը կրծքին տարավ ու լյարդը կրծքից հանեց։ Դեպի բազմությունը գոռաց․ «Թա՜րմ-թարմ է։ Էժան եմ տալիս»։

Լյարդից սև գոլորշի դուրս ժայթքեց։ Երիտասարդը հանգիստ մանրացրեց այն, շամփուրի վրա անցկացրեց ու դրեց կրակին։ Ճարպի թշշոցով այրվելու ձայն էր և այրված լյարդի հոտ, որը տարածվեց ամբողջ հրապարակով։

Աչքը թարթեց ու ասաց․ «Քիչ կրճատի՛ր։ Ուզում էի տեսնել, թե ամեն ինչ մանրամասն պատմելո՞ւ ես։ Գիտեի, որ ամեն ինչ տեսել ես։ Ես քեզ հետ էի»։

«Որտե՞ղ»։

Աչքն ասաց․ «Դու մոռացկոտ ես, ոչինչ չե՞ս հիշում։ Լավ նայի՛ր»։ Նայեցի հեռուները։ Աչքն ասաց․ «Նորի՛ց նայիր»։ Հայացք գցեցի շատ հեռուները՝ դեպի բիբի թափանցիկ սևությունը։ Եթե այդ սևությունը Բելուջիստանի[5] հիսուն աստիճան շոգի մեջ լիներ, ածուխ կդառնար․ շիկացած ածուխ։ Կամրջի կողքին՝ քարերի ստվերում, ինձ թաքցրել էի շոգից։ Ոչ մի թռչուն չկար, որ թռչեր․ միայն տոթն էր, շիկացած անապատը, միրաժը և անեծքը։ Շոգն իր խայթը մտցրել էր մարմնիս մեջ և ուզում էր ծծել մարմնիս ամբողջ ջուրը։ Տաքացած ավազներից մանուշակագույն գոլորշի էր բարձրանում։ Լեզուս կոկորդիցս դուրս էր եկել ու ինքն իր համար հևում էր։ Գանգիս ներսը չորացել էր։ «Իժ» մոտոցիկլետով եկավ, դուրս եկավ ճանապարհ ու դիմացս կանգնեց։ «Իժ»-ը կայանեց և հայացքը հառեց ինձ՝ առանց մի բառ ասելու։ Գլուխն ու բերանը սպիտակ շալով ծածկված էին։ Ամբողջ էությամբս զմայլված՝ նայում էր ինձ։ Երկու կտոր շիկացած ածուխ՝ կարմիր ու սև։ Այդ երկու կտոր ածուխները սիրտս դատարկեցին։ Սկզբում սև էր։ Հետզհետե կարմրեց, մինչև շիկացավ ու կրակ գցեց հոգուս մեջ։ Հոգիս մի բուռ դարձավ, և ես այրվեցի։ Այրվեցի։ Ձայնս դուրս չեկավ»։

Ինքնավստահ, իրավացիի կեցվածք ընդունած՝ աչքն ասաց․ «Հիշեցի՞ր»։

Հիշել էի։ Շարժվեցի ու ասացի․«Հա՛»։

Աչքն ասաց․ «Եթե մոռացությունը չլիներ, մինչև հիմա չէիր դիմանա։ Սա ընկերական ասացի։ Երբ դիմանում ես, մեռած ես։ Իսկ դու հիմա մեռած ես։ Ասում ես՝ ոչ: Գնա՛նք գերեզմանիդ մոտ»։

Մեքենայից իջա։ Անցա սոճիների ու ակացիաների ծառուղով։ Շրջանցեցի գերեզմանների շարքերը։ Նստեցի այն գերեզմանի մոտ, որը նա ցույց տվեց։ Տապանաքարի գրությունն անընթեռնելի էր։ Մատիս ծայրով մաքրեցի վրայի հողը․ «Հանգուցյալ, ննջեցյալ, դրախտաբնակ, հավերժական օթևան գտած Բեհրուզ Զեյղամի»։

Սկսեցի Ֆաթեհա[6] կարդալ։ Հանկարծ տեսա, որ հողը շարժվեց։ Տապանաքարը ճաքեց ու երկու կողմ ընկավ։ Կռացա ու նայեցի գերեզմանի մեջ։ Սարսափով տեսա, որ գերեզմանի ներսում՝ պատանքով փաթաթված, մի գիրք կար՝ «Վիշտ[7]»։

Աչքն իր ճանկերի միջից ասաց․ «Հիմա՞ ինչ»։

Ասացի՝ «Ո՛չ»։

Աչքն ասաց․ «Ես քեզ հետ էի»։ Ասացի․ «Չեմ հիշում»։ Աչքն ասաց․ «Քեզ հիմարի տեղ մի՛ դիր։ Քո դիմաց էի։ Հենց քո դիմաց, ինչպես հիմա»։ Ասացի․ «Ոչինչ չտեսա»։ Աչքն ասաց․ «Ուրեմն ի՞նչ տեսար»։ Ասացի․ «Հող։ Հող։ Հող»։ Աչքն ասաց․ «Ես հող եմ»։ Ասացի․ «Հող»։ Աչքն ասաց․ «Հիմա, քանի որ չես ուզում հասկանալ, գնա՛ հողի տակ»։

Հողի բոլոր մասնիկներն աչք ունեին ինձ վրա։ Ես հողի վերևում էի և ապշած նայում էի պատանքով փաթաթված գրքին։ Ուզեցի շարժվել, երբ սառը հողը ձեռքով դիպավ ուսիս․ «Ո՞ւր»։ Ասացի․ «Գործ ունեմ, պիտի գնամ»։ Սառը հողն ասաց․ «Դեռ չի վերջացել»։

Ուրիշ մի գերեզման ցույց տվեց։ Հողը շարժվեց։ Գերեզմանի ներսում պատանքը բացվեց։ Աչքերս վախից դուրս պրծած՝ տեսա, որ ամբողջ գերեզմանը լցված էր արյունոտ աչքերով, որոնք նոր էին դուրս եկել ակնախոռոչներից։

Սառը հողն ասաց․ «Աչքը պետք է ճիշտ տեսնի»։ Ու ցույց տվեց գերեզմանի ներսի աչքերը․ «Սրանց, որ տեսնում ես, ոչ մեկը ճիշտ չի տեսել»։ Վեր կացա, աչքերս փակեցի ու ճանապարհ ընկա, որ գնամ։ Կրկին հետևիցս մի մեռած ու սառը ձեռք դիպավ ուսիս․ «Ո՞ւր»։ «Հավես չունեմ, գլուխս ցավում է»։ Ասաց․ «Դեռ չի վերջացել։ Թող միասի՛ն գնանք»։ Իսկ ես չէի ուզում նրա հետ զուգահեռ քայլել։ Նա բռնեց դաստակս։ Ինձ տարավ մեկ ուրիշ գերեզմանի մոտ։ Մարմինս դողաց։ Ասաց․ «Նստի՛ր»։

Նստեցի։ Ասաց․ «Սա էլ կա»։ Ու սոսկ ոսկոր դարձած ցուցամատով մեկ ուրիշ գերեզման ցույց տվեց։ Գերեզմանը բացվեց։ Մտածում էի՝ այս մեկի մեջ էլ ի՞նչ եմ տեսնելու։ Ինչքան էլ գլուխս ներս տարա, ոչինչ չտեսա․ գերեզմանը դատարկ էր։ Հենց նույն փակուղու մեջտեղում՝ այն աչքի դիմաց, որ ճանկերի միջից էր նայում, նստեցի։ Աչքը դեռ նախապես առաջ էր քաշել կարմիր մետաղյա աթոռը և ասել․ «Երբ հոգնեցիր, նստի՛ր»։ Ոչինչ չասացի։ Գլուխս ձեռքերիս մեջ առա։ Աչքն ասաց․ «Մտադի՞ր ես խույս տալ քո ուսերի բեռից»։

Կրկին ոչինչ չասացի։ Ասաց․«Սա նրբանցքի վերջն է, իսկ նրբանցքն էլ փակուղի է»։ Անտրամադիր գլուխս բարձրացրի ու ասացի․«Հիմա ի՞նչ ես ուզում ինձնից»։ Ասաց․ «Հանգստացի՛ր։ Ծխախո՞տ ես ուզում»։ Չպատասխանեցի և փոխարենը ասացի․«Ինչո՞ւ մոլորվեցի»։ Նա կրկնեց իր նախորդ խոսքը․ «Շատ ես տեսնում»։ Ասացի․ «Չեմ հիշում»։ Ասաց․«Չպետք է հիշես»։ Ասացի․«Լավ չեմ»։ Ձեռքերս ու ոտքերս դողում էին։ Աչքն ասաց․«Ինչպես սի՛րտդ է ուզում։ Հիմա ինչո՞ւ ճակատիդ քրտինքը չես սրբում»։ Չպատասխանեցի։ Դեռևս հայացքս փակ դռանն էի հառած պահել։ Հանկարծ մի բան մտքովս անցավ։ Ձեռքս տարա գրպանս։ Մատիտ սրելու դանակ հանեցի։ Սայրը բացեցի և պահեցի աչքիս առջև։ Հետո այն պտտեցրի ակնախոռոչիս մեջ, այդ արյունոտ, թափանցիկ գնդիկը կատաղությամբ աչքիս խոռոչից դուրս քաշեցի ու ողջ ուժով նետեցի փակ դռան կողմը։ Ասացի․ «Քո՛նն է։ Հիմա հանգստացա՞ր»։ Ու քայլեցի, որ գնամ։

Աչքը հետևիցս եկավ ու ստվերիս պես քայլեց կողքովս։ Հանկարծ մտավ ափսեի մեջ և կանգնեց դիմացս։ Այն ճանկի դիմաց, որը մեխված էր փակ դռան վրա, դեռ նստած էի մետաղյա աթոռին։ Նորից հանեցի մատիտ սրելու դանակը։ Պտտեցրի ակնախոռոչիս մեջ և այդ արյունոտ, թափանցիկ գնդիկը դուրս քաշեցի ակնախոռոչիցս։ Մոտեցրի մյուս աչքին։ Հետո գցեցի ոտքերիս տակ ու ուժգին տրորեցի։ Լավ տրորվեց ու կեղտոտվեց։

Նորից տեսա, որ աղբի միջից վերադարձավ, եկավ ու կրկին տեղավորվեց աչքիս խոռոչում և ասաց․ «Կատակ անում։ Ես քեզ վնասելու մտադրություն չունեմ»։

Ես չէի թողնում։ Կրկին հանեցի մատիտ սրելու դանակը, դուրս քաշեցի այն ու գցեցի սև շան առաջ, որը փակ դռան հետևում դունչը մտցրել էր աղբի մեջ։ Շունը նայեց աչքին, դունչը քսեց նրան։ Հետո հոտ քաշեց ու աչքը գլորեց։ Աչքը փակ դռան վրայով բարձրացավ ու նստեց նույն ճանկի ափի մեջ։ Ձեռքը դրեց ծնոտի տակ ու սառնասրտորեն ինձ նայեց։

Դռան շեմից մի երկար մեխ վերցրի, դրեցի սև բիբի վրա, քարի օգնությամբ մեխը խփեցի ու աչքը, որն այդ ձեռքի ափի մեջ էր, փակ դռան վրա մեխեցի։

Պարսկերենից թարգմանեց Անի Հովսեփյանը

[1] Քաղաք Իրանի Խորասան Ռեզավի նահանգում ՝ Աֆղանստանի սահմանին մոտ։

[2] Թորբաթ-է Ջամ քաղաքի մերձակայքում գտնվող պատմական սրբավայր, որը կապված է իրանցի նշանավոր սուֆի և բանաստեղծ Ահմադ Ջամի (1048–1141) անվան հետ։

[3] Ավանդական թմրանյութ, որը սովորաբար դրվում է շրթունքի և լնդի միջև։

[4] Երկանիվ ձեռնասայլակ, որը սովորաբար հրում կամ քաշում են ձեռքով՝ բեռներ տեղափոխելու համար։

[5] Իրանի հարավ-արևելքում գտնվող պատմաաշխարհագրական տարածաշրջան, որը հիմնականում ընդգրկում է Սիստան և Բելուջիստան նահանգի տարածքները։

[6] Ղուրանի առաջին սուրան, որը մահացածների հիշատակին կարդում են որպես աղոթք։

[7] Հեղինակի՝ Հոսեյն Աթեշփարվարի, պատմվածքների ժողովածուներից։

312
Հոկտեմբեր 31, 2026

Կայքը գործում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: