Որքան գնահատելի են ծափահարությունները, այդքան էլ կարևոր է, որ երաժշտությունը մինչև վերջ հնչի. Րաֆֆի Միքայելյան

Օրերս Կոմիտասի անվան կամերային երաժշտական թատրոնում տեղի ունեցավ «Փարոս» կամերային երգչախումբի հերթական համերգը, որի դիրիժորը ՐաֆՖի Միքայելյանն է: Նա «Musica Sacra» 6-րդ միջազգային երգչախմբային մրցույթի բրոնզե մեդալակիր է և արժանացել է հատուկ մրցանակի` հայկական երաժշտությունը ներկայացնելու համար: 2011թ. նշանակվել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սիմֆոնիկ նվագախմբի երկրորդ դիրիժոր: 2012թ-ից արարատյան թեմի «Արարատ» երգչախմբի դիրիժորն է: Օգտվելով դիրիժորի` հայրենիքում լինելու առիթից՝ հարցազրույց ունեցանք անցած ուղու մասին և բացահայտեցինք Րաֆֆուն յուրովի, նոր տեսանկյունից:

Ե՞րբ և ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք՝ պետք է զբաղվեք երաժշտությամբ:

15-16 տարեկան էի, երբ դեռ չէի սկսել զբաղվել երաժշտությամբ, սակայն հետաքրքված էի: Հաճախ էի ունկնդրում դասական գործեր ու մտածում, թե որքան հրաշալի են, որքան խորն ու գեղեցիկ, որքան հույզեր են կարողանում արթնացնել մարդու մեջ: Մտածում էի, որ եթե ես լինեի դիրիժորը, ապա այսպես կանեի կամ այնպես չէի անի, ու հենց դա էլ եղավ  այն ճակատագրական որոշմանս սկիզբը, որի պտուղները քաղում եմ հիմա: Սկսեցի դաշնամուրի դասեր վերցնել Բեյրութի Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական քոլեջում: Քանի որ ուզում էի դիրիժորությամբ զբաղվել, սակայն այդ բաժինը Լիբանանում չկար: Զաքար Քեշիշյանն ինձ խորհուրդ տվեց սկսել խմբավարութունից, որից հետո անցնել նվագախմբին: Այդպես էլ եղավ, 1 տարի խմբավարություն սովորելուց հետո եկա Հայաստան ու ուսումս շարունակեցի Երևանի պետական կոնսերվատորիայում` Իվան Վարդանյանի դասարանում:

Ո՞վ է եղել Ձեր ուսուցիչներից այն մեկը, որն իր մեծ ավանդն է ունեցել երիտասարդ դիրիժորի երաժշտական ուղու ձևավորման գործում:

Առաջին ուսուցիչը միշտ իր հետքը թողնում է ողջ ուղու ընթացքում, որն իմ դեպքում Զաքար Քեշիշյանն էր, որի մոտ մեկ տարի շարունակ սովորելուց հետո շարունակեցի ուսանել նրա ուսուցչի՝ Իվան Վարդանյանի մոտ, որը ևս մեծ ներդրում ունեցավ իմ կյանքում. ի վերջո այդ 7 տարիները քիչ չէին դրա համար: Չեմ կարող չնշել Ռուբեն Ասատրյանին՝ սիմֆոնիկ դիրիժորոության ուսուցչիս, որն ինձ իր որդու պես էր ընդունում: Իմ բոլոր ուսուցչիներն էլ լավն եղել, ամենակարևորը` անշահախնդիր, երբեք դեմ չեն եղել ու չեն տրտնջացել ինձ հետ հավելյալ պարապելու համար. դա արել են անշահախնդրորեն, արել են ինձ օգնելու և աջակցելու համար:

ԱՄՆ-ում ևս ունեցել եմ լավ ուսուցչիներ, որոնցից մեկը Մայքլ Կերտեսն էր: ԱՄՆ-ում կրթական համակարգը Հայաստանինից շատ է տարբերվում, բայց իրականում բոլոր տեղերում էլ խոսում են նույն բանի մասին:

Paros ergchaxumb

Սովորելով ու ծանոթանալով հայ եւ օտար կրթական համակարգերին՝ ո՞րն է դրանց էական տարբերությունը: Ի՞նչ կա Հայաստանում, որ չկա արտերկրում և հակառակը: Ի՞նչը կփոխեիք Դուք այդ ոլորտում, եթե հնարավորությունն ունենայիք:

Հայաստանում շատ է պրակտիկ աշխատանքը: Հուրախություն ինձ` խմբերը ստանում են պետական աջակցություն, որի շնորհիվ կարողանում են իրականացնել այդ գործընթացները, սակայն ԱՄՆ-ում այդպես չէ. պրակտիկան քիչ է, գերակշռում է ընթերցանությունը: Այս կամ այն գիրքը կարդալով` պետք է սովորեինք այն, ինչ պետք է կիրառեինք բեմի վրա: Գիրք կարդալը Հայաստանում այդքան էլ չի գերակշռում, որովհետև գրքերը հիմնականում ռուսերեն են և եթե ուսանողը եկել է արտերկրից, չի կարողանում օգտվել, հույսը դնում է դասախոսի պատմածի վրա:

Այս 2-ը տեսնելով` կփորձեի համադրել ու իրար լրացնելով դասավանդել՝ ստանալով «միքս» տարբերակը` ոսկե միջինը: Շատ կարևոր ու անհրաժեշտ է գիրք կարդալը, սակայն մինչև նվագախմբի առաջ չկանգնես, փորձ չունենաս, մնայուն գիտելիք չես ստանա: Նվագախմբի հետ մեկ փորձն ամեն ինչ արժի: Տեխնիկան ու գիտելիքներն իրար հերթով լրացնում են գործում:

Վստահ եմ՝ Ձեր երաժշտական ուղու առաջին բեմը հիշարժան է եղել: Պատմեք մեզ նաև այդ մասին:

Այո՛, առաջին բեմս հիշարժան էր: Հիշում եմ՝ առաջին բեմս՝ որպես խմբավար, եղել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բեմում: «Լուսնակ գիշեր, լուռ գիշեր» ստեղծագործությունը պետք է ներկայացնեինք: Լսարանից ինձ անակնկալ կերպով հրավիրեցին բեմ ու ասացին, որ այդ գործը ղեկավարեմ: Դա ինձ համար, իրոք,  անսպասելի էր ու շատ հաճելի: Մինչև հիմա էլ այդ օրը շատ լավ եմ հիշում:

Paros ergchaxumb1

Քանի որ համերգներով շատ եք հանդես գալիս ոչ միայն Հայաստանում, այլև արտերկում, կխնդրեի նշել հայ և օտար հանդիսաստեսի տարբերութուններն ու նրանց պահանջները:

Շատ տարբեր են բոլորը, նույնիսկ ամբողջ Եվրոպայում ամեն տեղի հանդիսատեսը տարբերվում է մյուսինից: Տեղեր կան, որտեղ սիրում ու ընդունում են հայկական երաժշտությունը, տեղեր էլ կան, որ ընդունում են իրենցն ու հիանում հիմնականում դրանով: Ու քանի որ կովկասյան ձայները տարբերվում են եվրոպականից, ավելի հաճույքով են լսում մեր կատարմամբ յուրաքանչյուր գործը:

Ինձ շատ զարմացրել և դուր է եկել Փարիզի հանդիսաստեսը, որը երբեք չի շտապում ծափահարել, սպասում է մինչև վերջ, մինչև դիրիժորն իր փայտիկն իջեցնում է, վայելում են պահն ու նոր ծափահարում: Հայաստանում և շատ այլ երկրներում այս մշակույթը չկա, չեն համբերում: Օրինակ՝ Հայաստանում հանդիսատեսը շատ տաք է, երբ ուժեղ ֆորտեով է վերջանում սկսում են ծափահարել: Ճիշտ է, սա ուրախալի է, բայց երաժիշտներն ուզում են մինչև վերջ զգալ գործը, վերջին նոտան էլ վայելեն, նոր արժանան ծափահարութույնների: Որքան գնահատելի են ծափահարությունները, այդքան էլ կարևոր է, որ երաժշտոթյունը մինչև վերջ հնչի:

Ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին:

Շատ առողջ ու նորմալ, քանի որ համարում եմ, որ դա միակ ճանապարհն է, որն օգնում է մարդուն առաջ շարժվել: Սակայն պետք չէ քննադատությանն անմիջապես արձագանքել: Պետք է վերլուծել ու հասկանալ, թե որքանով է դա ճիշտ կամ որքան ճշմարտություն կա դրա մեջ: Ճիշտ վերլուծելով քննադատությունները՝ կկարողանանք սովորել ու առաջ շարժվել նոր թափով:

Paros ergchaxumb2

Ո՞րն է Ձեր մոտիվացիան:

Երբ աշխաատում ես ու տեսնում ես, որ կոլեգանդերդ ոգևորված են, մոտիվացվում ես, դահլիճը, երբ ունենում է գեղեցիկ տեսք ու նպաստավոր պայմաններ երաժշտության լավ հնչողության համար, ևս ոգևորում է:

Ինչպե՞ս եք հաղթահարում հիասթափությունները:

Մտածում եմ ելքի մասին ու ժամանակի ընթացքում գտնում դա: Հասկանում եմ, որ ժամանակ է պետք: Թե՛ մոտիվացիաս, թե՛ հիասթափությունս լինում են ակնթարթորեն, այդ մասով փոփոխական եմ:

Ո՞րն է Ձեր ընտրած մասնագիտության ամենաբարդ կողմը:

Դժվար կողմն այն է, որ «գործիքդ» քեզ հետ չէ միշտ: Ջութակահարը, դաշնակահարը, երբ ուզեն, կարող են նվագել ու հաճույք ստանալ իրենց գործից, սակայն դիրիժորը չի կարող գիշերն արթանանալ ու նոր գործ ստանալ կամ ուղղակի նվագախմբին ղեկավարել, որովհետև իր հետ չեն:

Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ դիրիժորներին, երաժիշտներին:

Խորհուրդ կտամ՝ գնան ու լսեն բոլոր դիրիժորներին, քանի որ վատերից ավելի շատ բան կարող են սովորել: Լավ դիրիժորից սովորածդ ավելի շատ կրկնօրինակես, իսկ վատերից սովորում ես, թե ինչ չպետք է անես:

Ի՞նչ կասեք «Փարոս» երգչախմբի հետ այս վերջին համերգի մասին:

Տարին 1-2 անգամ արտերկրից գալիս եմ այստեղ` «Փարոս»-ի հետ համերգ ունենալու: Վերջին 2 տարիների ընթացքում չկարողացա գալ հայրենիք՝ պատերազմի և համավարակի պատճառով ու այս համերգին ներկայացրինք այդ 2 տարիների աշխատանքն ու այն, ինչ պետք է հնչեր դեռ վաղուց:

Զրուցեց Նատալի Մկրտչյանը

  • Created on .
  • Hits: 1662

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: