Հանդիպում ափաչափ արձակի հետ

    Նոյեմբերի 1-ին Իսահակյանի անվան կետրոնական գրադարանում ընթերցանության ժամ էր: Արձակագիր Արամ Պաչյանը Ռուբեն Ֆիլյան էր կարդում: Ռուբեն Ֆիլյան անունն այսօր քչերին է ծանոթ: Այս տաղանդավոր արձակագիրը բուռն ու միստիկ կյանք ապրեց, որն ավարտվեց վաղաժամ ու ողբերգական մահով հեռավոր Հնդկաստանում:  
    Ռուբեն Ֆիլյանը ծնվել է 1952-ին, Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Գրել է դեռևս ուսանողական տարիներից։ Արձակագիրը մահացել է 1984-ին: Աճյունն ամփոփված է Երևանի Զեյթուն թաղամասի գերեզմանատանը։ 
    1992 թվականին հոր՝ Պարգև Ֆիլյանի հովանավորությամբ Երևանի «Նաիրի» հրատարակչությունը 5000 տպաքանակով լույս է ընծայել Ռուբեն Ֆիլյանի «Քո երկրի դեսպանը» գիրքը։ Գրքում ընդգրկված են համանուն վեպը, պատմվածքներ, վիպակներ, մանրապատումներ, հեքիաթներ մեծերի համար:
    «Ֆիլյանը մեր գրականություն է բերել նոր ձևաչափ կարճ արձակում, ինչը կարելի է համեմատել ճապոնական ափաչափ արձակի հետ»,- նշում է Արամ Պաչյանն ու ավելացնում, որ Ռուբեն Ֆիլյանը նոր որակներ է բերում, նոր էսթետիկա, նոր գաղափարներ, ինչն անպայման տարածել է պետք:
    Ներկաներից Հասմիկ Բոյաջյանը խոստովանեց, որ թեև առաջին անգամ է լսում Ռուբեն Ֆիլյանի ստեղծագործությունները, բայց շատ տպավորված է. «Հեղինակը փոխանցում է զգացողություններ, իսկ դրանք վերապրելը թողնում ընթերցողին»:
    Իր համար հայտնաբերելով այս արձակագրին՝ Արամ Պաչյանը ցանկանում է նրան հանել մոռացությունից ու վերադարձնել հանրությանը: Ֆիլյանական ընթերցումներն այդ ուղղությամբ արված առաջին քայլերից է:
Աննա Կարապետյան
  • Created on .
  • Hits: 3314

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: