«Newmag» հրատարակչությունը կյանքի կոչեց «Ֆրանկոֆեստ» փառատոնը

Մ. Ա. Վոլտեր, Թ. Կորնեյ, Օ. դե Բալզակ, Ժ. Բ. Ռասին, Ժ. Բ. Պոկլեն, Շ. Պեռո, Ա. Դյումա, Վ. Հյուգո, Մ.Դյուրաս, Գ. Ֆլոբեր, Պ. Բոմարշե, Լ. Արագոն, Ստենդալ, Ա. Քամյու և այլք. Այս հեղինակները մի քանի դար շարունակ ֆրանկոֆոն և ֆրանկոֆիլ ընթերցողի սիրելի բարեկամներն են դարձել։ Սակայն այլ հարց է, թե ինչպիսի ժամանակակից ֆրանկոֆոն գրականություն է ստեղծվում, առավելևս թարգմանվում հայերեն ու հանձնվում հայ ընթերցողի դատին։ Ֆրանսիական երաժշտության, ֆրանսիական լեզվի դասերի և թատերական ընթերցումների ուղեկցությամբ այսպիսի մի ուղերձ հղեց «Ֆրանկոֆեստ»-ը։ Փառատոնն առաջին անգամ անցկացվեց Հայաստանում։ Հեղինակը «Newmag» հրատարակչությունն է։ Գրամշակութային տոնին հրատարակչությունը ներկայացրեց վերջին նոր գրական ստեղծագործությունները, որոնք ֆրանսերենից թարգմանվել են հայերեն։

Frankofest 2

Հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը հուսով է, որ Ֆրանսերեն գրքերի և ֆրանկոֆոն բովանդակության փառատոնը հայ-ֆրանսիական բարեկամության, մշակութային շփումների և փոխներգործության հերթական առիթ պետք է դառնա։
«Մեր այս երկարամյա բարեկամության մեջ մենք ենք ուզում լինել նախաձեռնող, փոխադարձ քայլ անող, որ ներկայացնենք ֆրանսիական բովանդակությունը, առավել ևս, որ հրատարակչական շուկայում շատ չեն ժամանակակից ֆրանսիացի գրողները։ Փառատոնի շրջանակում պատրաստել ենք չորս նոր գիրք։ Դրանք են բելգիացի բարոնուհի Ամելի Նոտոմբի ինտելեկտուալ և հումորային գործը՝ «Կապույտ մորուքը», շվեյցարացի գրող Ժոել Դիկերի վեպը՝ «Ամբողջ ճշմարտությունը Հարի Քվեբերտի մասին», Անդրեյ Մակինի նոր վեպը՝ «Հայ ընկերը», և վաճառքի բացարձակ ռեկորդակիր, Անյես Մարտեն-Լուգանի սիրային դրաման՝ «Երջանիկներն ընթերցում են և սրճում»,- ասաց Արտակ Ալեքսանյանը։

Frankofest 5

Միջնադարյան խորհրդվորությամբ և միստիցիզմով հարուստ բելգիացի բարոնուհի Ամելի Նոտոմբի «Կապույտ մորուքը» խոստանում է դառնալ ընթերցողի ընկերը։ Այդ մասին են խոսում հեղինակի մասին վկայություններն ու հյուսված լեգենդները։

Եվրոպայի գրաֆոման մականունը ստացած բարոնուհին բեղուն ստեղծագործական գործունեություն է ծավալում։ Պատահական չէ, որ ամեն տարի ընթերցողները սպասում են հեղինակի հերթական նոր վեպին։

Newnmag հրատարակչության խմբագիր Գնել Նալբանդյանը կարծում է, որ այս ստեղծագործությունը կարող է լավ նվեր ու օժանդակող ուժ լինել հայ ստեղծագործողների համար՝ երկխոսությունների գեղագիտական կուռ կառույցների օրինակով։

Frankofest 3

«Գիրքը դիալոգ է, որը կառուցված է հետևյալ սկզբունքով, մեկը թաքցնում է, մյուսը` բացահայտում։ Դիալոգի ողջ էությունը այդ պրոցեսը գեղեցկացնելն է։ Ընթերցողին խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել դիալոգների ներքին գեղագիտությանը։ Դա շատ հետաքրքիր է և ֆրանսերեն հնչում է բավականաչափ նրբակիրթ։ Հույս ունեմ, որ ընթերցելիս դուք կհամոզվեք, որ հայերեն էլ կարող է հնչել էսթետիկան պահպանված։ Բացի այդ, գիրքը կարող է օգնել հատկապես մեր դրամատուրգներին։ Գրողները, սցենարիստները, դրամատուրգները դժվարանում են գրավիչ և կենսունակ դիալոգներ կառուցել։ Ահա այս դիալոգներից մենք կարող ենք սովորել։ Դիալոգն ինքնին դառնում է գեղարվեստական ստեղծագործություն։ Ֆրանսիական ֆիլմերը, գրականությունը պարզապես դիալոգների վրա կառուցված փայլուն արվեստի նմուշներ են»,- ասում է Գնել Նալբանդյանը։

Frankofest 4

Մեկ այլ այժմեական փորձության մասին է պատմելու լավատեսական ուղերձով, որը նաև վերնագրում է դրսևորվել, Անյես Մարտեն-Լուգանի  «Երջանիկներն ընթերցում են և սրճում» սիրային դրաման։ 3,5 միլիոն օրինակով տպագրված, 35 լեզուներով թարգմանված գիրքը վիշտը հաղթահարելու, կորստի ցավը մեղմելու բանալու է նման։ Հիմնահարց, որը ցավոք արդիական է մեր իրականության մեջ։ Իսկ հոգեբան-գրողն այս առումով յուրատեսակ «բժշկվելու մեթոդներ» է առաջարկում։ Դրա դեմ առաջարկում է պայքարել սիրով, ծիծաղով, քանզի այդ կերպ է միայն հնարավոր զգալ երջանկությունը։

Frankofest 6

«Newmag»-ը շարունակում է անդրադառնալ նաև պատմաքաղաքական գործընթացների և դրանց արդյունքում թողած ազդեցություններին ու հետքերին։ «Ֆրանկոֆեստ»-ի շրջանակում ազգությամբ ռուս, ֆրանսագիր հեղինակ Անդրեյ Մակինի «Իմ հայ ընկերը» գիրքը ներկայացրեցին ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Տիգրան Սարգսյանը, գրքի խմբագիր Գնել Նալբանդյանը, Հայ-ռուսական «Օրակուլ» մատենաշարի ղեկավար Ռուբեն Իշխանյանը։

Frankofest 7

Հայրենիքի կարոտ, աքսոր և ծանր ճակատագիր, ջերմ ընկերություն հայ պատանու և մանկատան սանի միջև․ Մակինի գիրքը միաժամանակ մի քանի փխրուն խնդիրներ է առաջարկում։ Խորհրդային տարիներին Սիբիր աքսորված հայ ընտանիքում ապրող տղայի ու ընկերոջ՝ մանկատան սանի միջև ձևավորվող ընկերության մասին հյուսված պատմությունը նաև հայ ժողովրդի պատմության մեջ խիստ կարևոր, միաժամանակ քիչ ուսումնասիրված մի դրվագի մասին է։ Խորհրդային բռնաճնշումներ, որոնք անբացատրելի հիմնավորումներ էին ստանում։ Գիտաշխատող Տիգրան Սարգսյանն է անդրադառնում պատմաքաղաքական այն իրողություններին, որոնք հիմք են դարձել ստեղծագործության համար։

Frankofest 8

«Խորհրդային իշխանությունների հաստատման առաջին իսկ պահից սկսվեցին բռնաճնշումները, որոնք գագաթնակետին հասան 1936-1937 թվականներին, իսկ 1938 թվականին սկսվեց «մեղմացումը»։ Ողջ ժամանակահատվածում մոտավորապես 11-11, 5 միլիոն մարդ է ճնշվել։ Միայն Հայաստանից 45000 հայ է աքսորվել, բռնությունների ենթարկվել Սիբիրի բանտերում։ Հայաստանից հիմնականում հայտվում էին Սիբիրում կուսակցական պատկանելության, այն է՝ դաշնակցական լինելու համար, էթնիկ պատկանելության և ունևոր լինելու համար։ Բռնաճնշվածների պատմությունները հիմնականում քիչ են ուսումնասիրված։ Երբ ուսումնասիրում ենք տարբեր շերտեր են ի հայտ գալիս։ Բացի այդ, 1937 թվականին «Հույժ գաղտնի հրամանն» ընդունվեց, որով պետք է ձերբակալեին 1936 թվականի սեպտեմբերից հետո ձերբակալված և ռազմական տրիբունալի կողմից դատապարտված անձանց կանանց և երեխաներին՝ 15 տարեկանից բարձր։ Դրանից զատ, օրինակ կանանց նաև ձերբակալում էին «Չմատնելու վերաբերյալ (69-րդ) հոդվածով»»,- ասաց Տիգրան Սարգսյանը։

Frankofest 9

«Ֆրանկոֆեստ»-ը նաև այլ անակնկալներ էր պատրաատել։ Ֆրանսերեն հեքիաթների ընթերցում «Alliance Française d'Arménie»-ի մասնագետների կողմից, ֆրանսերենի բաց դաս սկսնակների համար, թատերական ընթերցում «Կապույտ մորուքը» գրքից։ Երաժշտական կատարումներով էլ հանդես եկավ «Gorgeouz Beats»-ը։ Իսկ Շուշան Պետրոսյանը կատարեց Շառլ Ազնավուրի «Պատերազմի մանուկները» հանրահայտ երգը հայերեն։ Այն նվիրում է Արցախում մոտ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող 30.000 փոքրիկներին։ 

Ալմաստ Մուրադյան

  • Created on .
  • Hits: 1144

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: