Արվեստն առանց սահմանների
Նորարար փորձառարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) «Փարոս» երգչախմբի կատարմամբ բացվեց «Կյանք առանց սահմանների» ցուցահանդեսը: Ցուցահանդեսը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և ՆՓԱԿ-ի համագործակցության արդյունքն է: Ներկայացված էին հաշմանդամություն չունեցող և ունեցող 29 նկարիչների աշխատանքներ:
«Մեր համագործակցության նպատակն է այս թիրախային խմբին արվեստի միջոցով ներգրավել հասարակության մեջ»,- նշեց ցուցահանդեսի համադրող Արփա Հակոբյանը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն իր հերթին հավելեց, որ բոլոր մարդիկ ունեն որևէ շնորհք, ձիրք, մնում է տրվի ինքնադրսևորելու հնարավորություն, հասնելու երազանքին, տվյալ դեպքում արվեստի մեջ, մշակույթի ոլորտում. «Այս մարդիկ մեկ անգամ ևս ցույց են տալիս, թե ինչերի կարող են հասնել, եթե նրանց համար համապատասխան պայմաններ ստեղծվեն»: ԱՄՆ դեսպանատան հրավերով ՆՓԱԿ-ում ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև Քենդս Քեյբլին: Քենդս Քեյբլին զբաղվում է սպորտով, 9 անգամ մասնակցել է պարալիմպիկ խաղերի, Բոստոնի վեց մարաթոնների հաղթող է: Քեյբլին պատմեց, որ հաշմանդամություն է ձեռք բերել 21 տարեկանում ավտովթարի հետևանքով, բայց դա իրեն չի խանգարել կյանքում առաջ գնալ, ինչպես ինքն է նշում, բոլորն էլ կյանքում ունենում են որոշակի սահմանափակումներ, հաղթահարել է պետք:
Ցուցահանդեսի մասնակից հաշմանդամություն ունեցող անձինք հիմնականում «Ունիսոն» ՀԿ-ի նկարչության խմբի սաներն էին. «Արդեն մեկ տարի կլինի, ինչ խմբակ եմ գնում, չնայած շատ փոքր տարիքից էլ սիրել եմ նկարել: Նկարչությունն իմ ամենամեծ հոբբին է,- պատմում է 17-ամյա Էլեն Մկրտչյանը»: Էլենը սիրում է վառ գույներ,որոնք դրական էմոցիաներ են հաղորդում: Նա հոգեհարազատ է համարում հատկապես աբստրակտ նկարչությունը, չնայած որ, ինչպես ինքն է նշում, ամեն նկարի մեջ անկախ ոճից կա յուրահատուկ միտք:
Նկարչության խմբում աշխույժ և ուրախ մթնոլորտ է, օրը հետաքրքիր է անցնում: Այսպես է նկարագրում իր աշխատանքը նկարչուհի Անուշ Մելքումյանը: Հաշմանդամություն ունեցողների հետ մեկ տարի աշխատելուց հետո Անուշը խոստովանում է, որ սկզբում մտավախություն ուներ, որ դժվար կլինի, բայց հիմա աշխատում է մեծ սիրով:
Նորարար փորձառարական արվեստի կենտրոնում ցուցահանդեսը կշարունակվի մինչ մարտի 18-ը: Ինչպես ցուցահանդեսին նախորդած ասուլիսի ժամանակ հայտնեց «Արինա Արարատյան» պարի թատրոնի տնօրեն, պարուսույց Արինա Արարատյանը այս շրջանակներում փետրվարի 26-ին կներկայացվի նաև «Աղջիկը լուսնի վրա» պարային բեմադրությունը:
Նյութը և լուսանկարները՝ Աննա Կարապետյանի




- Created on .
- Hits: 3466