Վերածնունդ մշակութային մայրաքաղաք Գյումրիում

    Ապրիլի 12-ին ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք Գյումրում մեկնարկեց «Վերածնունդ» միջազգային 6-րդ փառատոնի մրցույթային փուլը: Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված է  հայ երգահան` Արմեն Տիգրանյանի 135, ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի 140 և Արցախյան գոյամարտի 20 ամյակներին:
    Միջազգային 6-րդ  մրցույթ փառատոնին մասնակցում են 33 երկրներից ժամանած 2700 երաժիշտ կատարողներ, ովքեր կմրցեն 14 անվանակարգերում 5 տարիքային խմբերով:
    Ժյուրի անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը նշեց, որ զարմացած է, թե Գյումրիում որքան շատ են տաղանդավոր փոքրիկները.
    «Երևի գաղտնիքը մեր օդի և ջրի մեջ է: Այսքան հրաշալի ձայներ լսելուց հետո իսկապես շատ տպավորված եմ, պարզապես ավելի մեծ ասպարեզ դուրս գալու համար պետք է հղկվել: Ինձ համար խնդիրը հետևյալն է. չնայած հիմա նորաձև է, ինձ համար անչափ շատ էին անգլերեն երգերը, ճիշտ է դա ևս կարևոր է միջազգային ասպարեզ դուրս գալու համար, բայց առաջին հերթին պետք է լավ երգել մեր  հայ կոմպոզիտորների երգերը, հետո անցնել օտար ազգի ներկայացուցիչներին»,- ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը:
veracnund-2014    Գյումրու երաժշտական կյանքի Վերածնունդը խորհրդանշող իրադարձություններից մեկը` երաժիշտ կատարողների «Վերածնունդ» փառատոնը անցկացվում է դեռ 2007 թվականից: Մրցույթ փառատոնի հիմանական նպատակն է նպաստել դասական երաժշտության հանրահռչակմանը, ստեղծել տարբեր ազգերի երաժիշտ կատարողների միջև նոր ստեղծագործական կապեր, մերձեցնել այլազգի արվեստագետներին հայ մշակույթին, միևնույն ժամանակ ընձեռել հնարավորություն իրենց վարպետությունն ու ազգային մշակույթը պատշաճ ներկայացնելու համար:
    «Տարեց տարի այս մրցույթին մարդիկ ավելի մեծ ոգևորությամբ են մասնակցում: Ամեն տարի մենք նկատում ենք, որ մասնակիցների երաժշտական մակարդակը բարձրանում է: Ճիշտ է, այս պահին աչքի ընկնող շատ երաժիշտներ ունենք, բայց նրանց շարքերում դեռ փայլուն կատարողների ես չեմ հանդիպել»,- ասաց դաշնամուրային բաժնի ժյուրիի անդամներից  Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դոցենտ Մարիամ Մարգարյանը, որը, համեմատելով այս տարվա արդյունքները նախորդ տարիների հետ, դրանք գոհացուցիչ համարեց:
    Մրցույթ-փառատոնի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ  Գյումրու դրամատիկական թատրոնում, որի բեմից հայ և միջազգային կատարողներ ներկայացան իրենց պարային և երաժշտական համարներով:  Մրցույթային փուլի մեկնարկը տրված է, իսկ հաղթողների մրցանակաբաշխությունը և գալա համերգը տեղի կունենա ապրիլի 18-ին:
Օվսաննա Սիմոնյան
  • Created on .
  • Hits: 3182

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: