ՈՎ ԸԼԼԱԼՈՒ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐ

«Ես ահագին փնտրտուքներ ունեի ով ըլլալու հետ կապված: 10 հատ դիսերտացիա էլ կարդաս հայու մասին, քիչ է։ Մեկը կասի՝ հայերը աս տեղէն եկած են, մյուս գրքերուն մեջ ուրիշ բան կսեն, և ադ փնտրտուքներով է, որ առաջին անգամ Հայաստան եկա 1988 թվականին»,- այսպես սկսեց իր խոսքը Քարդաշ Օնիկն ու պատմեց իր «ով ըլլալը»:
Քարդաշ Օնիկն իր պատմությունը սկսեց պատմել Գյումրիում իր «Շիք Վայրագ. Կովկասի մասին մի խենթի քրոնիկոնը» գրքի շնորհանդեսին՝ տեսակապով խոսելով «Գալերի 25» եկած հյուրերի հետ:
Օնիկ Գալֆայանը ծնվել է 1941 թվականին Լիբանանում, հետագայում ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ: Օնիկը որոշ ժամանակ զբաղվում է սեփական բիզնեսի հիմնումով ու զարգացմամբ, բայց շուտով արվեստը կանչում է նրան: Մտքում ծնված գաղափարներն իրագործելու համար նա թողնում է բիզնեսն ու գնում անտառ` ստեղծելու մեկ այլ աշխարհ, որը շատ տարբեր էր, բնությունից վերցված ու հղկված:
Այս ընթացքում էլ Օնիկը որոշում է վերցնել մեկ այլ անուն` Քարդաշ Օնիկ։
«Քարդաշ` թրքերեն եղբայր ասել է: Իմ մեծ մորը ջարդի ժամանակ թուրքերը ազատած են, և տարած, պահած են երկու տարի: Իբրև շնորհակալոթյուն` իմ ներկայության ու գոյության Քարդաշ անունը վերցրած եմ»,- ասում է արվեստագետը:
Հող, ջուր, կրակ ու օդ- բնության չորս տարերքներն են Քարդաշ Օնիկի ներշնչանքը, ինչպես նաև այն մշտական ուղեկից փնտրտուքը, որ տանում է արվեստագետին անհայտ ու ծանոթ հեռուներ:
«Հետո Ղարաբաղ եկա ապրելու: Ղարաբաղ գացի ոչ այնքան հայկականը հոն գտնելու, որքան ադ տարածքը որպես ազատագրված տարածք մը դիտարկելով: Ինչպես Գոգենը ձգած է Փարիզը ու Հայիթի գացած է` փնտրելու համար պրիմիտիվը, նայիվը, ես ալ գացի Ղարաբաղ: Ղարաբաղին մեջ ազատ միտք կա, ազատ լինել մտածելակերպի կապանքներէն»,- անկեղծանում է Քարդաշ Օնիկն ու անդրադառնում Արցախում անցկացրած ժամանակահատվածին:
Որպես առաջին սփյուռքահայ արվեստագետ բնակիչ` Քարդաշ Օնիկը 5 ամիս է ապրում Արցախում:
«Ղարաբաղ ապրածս ժամանակ «Շուշվա խենթ» էին դրել անունս: Խենթությունս Արցախի երեխաների հետ աշխատելու մեջ էր, այդ սիրունիկ հոգիների, որ ստիպված էին իրենց մեջ կրելու անիծյալ վայրագություններ պատճառած իրենց ծնողների ատելությունը հանուն ազատության: Հուսով եմ՝ արածս ինչ-որ չափով օգտակար է եղել ադ երեխաներու համար»,- ասում է Քարդաշն Օնիկն ու հավելում, որ այդ ժամանակահատվածի պատմությունն ամփոփել է «Շիք Վայրագ. Կովկասի մասին մի խենթի քրոնիկոնը» գրքում։
Գրքում տեղ են գտել այնպիսի պատմություններ, որտեղ Արցախին ու արցախցուն հեղինակը դիտարկել է մեկ այլ դիտակետով` երբևէ չասված, ստվերում մնացած անկեղծ խոստովանություններ, որ կարող էր իրեն թույլ տալ միայն արվեստագետը:
Թեև Քարդաշ Օնիկը տիրապետում է հայերենին, բայց գրքի բնօրինակը անգլերեն է, հայերեն է թարգմանել Մելիքսեթ Փանոսյանը։
Անահիտ Հարությունյան
- Created on .
- Hits: 3323