ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԱՐԵՎԻ ԳՈՒՅՆՆ ՈՒ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ ՔՈՒՅՐԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերն ունեն մոտ 80 գրաֆիկական, գեղանկարչական ու խեցեգործական աշխատանք, որոնցում Հնդկաստանն է՝ իր գույներով ու դիմագծերով: Բայց տարիների ընթացքում ներկայացված է եղել դրանց մի փոքր մասը: Ֆոնդերում պահված արևն ու ջերմությունը Ասլամազյան քույրերի պատկերասրահը որոշել է հանրությանը ներկայացնել ի պատիվ հայ-հնդկական բարեկամության ու պատկերասրահի հիմնադրման 30-ամյակի:
Ասլամազյանների «Արևոտ Հնդկաստանը» ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Նա Գյումրիում առաջին անգամ էր: Տպավորված էր, թե ինչպես են Ասլամազյան քույրերը կարողացել ընդգծել հնդկական մշակույթի ու կենցաղի առանձնահատկությունները:
«Ինձ համար անչափ կարևոր էր իմանալ Ասլամազյան քույրերի մասին և ճանաչել նրանց արվեստը, իմանալ դեպի Հնդկաստան նրանց ճանապարհորդության մասին, որից տպավորված ստեղծել են այս աշխատանքները: Ես շատ կուզենայի, որ այս ցուցահանդեսը նույնպես ճանապարհորդեր ու հնդիկ արվեստասերներն էլ տեսնեին այս գործերը»,- ասաց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին: Ի դեպ, հենց Հնդկաստանի դեսպանատան աջակցությամբ են նկարները, որոնք տարիներ շարունակ պահոցներում մնալուց վնասվել էին, վերականգնվել ու տեղադրվել համապատասխան շրջանակներում:
Նշենք նաև, որ Երանուհի և Մարիամ Ասլամազյան քույրերը Հնդկաստան ճանապարհորդելուց հետո Հայաստան են բերել ոչ միայն տպավորություններ: Նրանք հետագայում ակտիվ հասարակական-քաղաքական գործունեություն են ծավալել։
«Հնդկաստան կատարած շրջագայությունները նշանավորվել են Ինդիրա Գանդիի հետ հանդիպումով, որին Մարիամ Ասլամազյանը նաև պատկերել է իր կտավներից մեկում: Մարիամ Ասլամազյանի շնորհիվ է, որ 1976 թվականին առաջին անգամ Ինդիրա Գանդին այցելել է Խորհրդային Հայաստան», - նշեց Ասլամազյան քույրեր պատկերասրահի տնօրեն Վահագն Ղուկասյանը:
Արվեստասերների համար ևս այս ցուցահանդեսը բացահայտում էր: Նկարիչ Գագիկ Մանուկյանը նշեց. «Զարմացա ու հիացա նրանց գույներով, այլ մշակույթը այդքան բազմագույն ու վառ ներկայացնելու կարողությամբ: Ուրախ եմ, որ երկար ժամանակ չներկայացված աշխատանքները գտել են իրենց տեղը ցուցասրահում, ու կարող ենք այսուհետ հիանալ դրանցով»:
Ասլամազյանների «Արևոտ Հնդկաստան» ցուցահանդեսը Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահում բաց է լինելու մինչև ապրիլի 15-ը:
Անահիտ Հարությունյան
- Created on .
- Hits: 3438