Բողոքը` արվեստի միջոցով. «Արյունոտ լվացք»` Տորոնտոյում

Արյունոտ հագուստ, արյունոտ կոշիկներ՝ լվացքի փոխարեն. Տորոնտոյում նկարիչ Մարիամ Մուղդուսյանի նախաձեռնած արտ-ինստալիացիան կենդանություն ստացավ «արյունոտ լվացքի» տեսքով:
Լվացքն իբրև արտահայտչամիջոց ընտրելը պատահական չէր: «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի հիմնադիր Մարիամ Մուղդուսյանը մեզ հետ զրույցում, խոսեց վերջինիս խորհրդանշական լինելու մասին: Լվացք փռելն էլ հանդիսավոր արարողություն է հայերի համար:
«Տներում, որտեղ երկար ժամանակ լվացք փռված չի լինում, նշանակում է, որ չկա բնակիչ: Լվացքը, որ երկար ժամանակ չի հավաքվում, նշանակում է, որ ինչ-որ բան է պատահել: Արյունոտ լվացքի տեսքով փորձել ենք ցույց տալ պատերազմի աղետալի կողմը: Իմ կարծիքով, արյունոտ հագուստները շատ խորհրդանշական են` ներկայացնելու այն ինչ տեղի է ունենում Արցախում»:
Խոսելով նախաձեռնության նպատակի և պատերազմական իրավիճակներում արվեստի դերի մասին` արվեստագետը նշեց, որ հաճախ ավելի մեծ ուշադրության են արժանանում և հանրային հնչեղություն են ստանում արվեստի միջոցով վեր հանված խնդիրները:
«Պատերազմական իրավիճակում արվեստի լեզվով խոսելը հաճախ կարող է հանրային հնչեղության կամ հանրային տեսանելիության առումով շատ օգտակար լինել, բնականաբար, դա պետք է արվի քաղաքականությանը զուգահեռ: Առանց դիվանագիտական ճանապարհների չես կարող խոսել արդյունքների մասին: Պետք է կիրառենք բոլոր գործիքները` աշխարհին ցույց տալու եղելությունը»:
Մտահաղացումը կյանքի կոչելու հարցում նկարչուհուն աջակցել է Օնտարիոյի «Հայկական միացիալ խորհուրդը»: Տարբեր երկրներից արվեստագետներ նույնպես միացել էին նախաձեռնությանը:
«Այստեղ մի խնդիր կա. արվեստագետներին լրջորեն հետապնդում են: Ադրբեջանցիները տարբեր սպառնալիքներ են հնչեցնում: Թեև դրսի արվեստագետներն անձնապես մոտենում են և ասում, որ աջակցում են, բայց հանրային կերպով աջաակցելուց առաջ շատ երկար և լուրջ մտածում են. մարդիկ չեն ուզում վտանգի ենթարկել իրենց, իրենց ընտանիքների կյանքը, առողջությունը». շեշտեց Մարիամ Մուղդուսյանը:
Արվեստագետի խոսքով նախաձեռնությունը լայն արձագանք գտավ: Մարդիկ հետաքրքվում էին` ինչ է տեղի ունեցել կամ ասում են` ինչ ազդեցիկ է: Հատկապես մեծ էր հետարքրքրությունը սոցիալական հարթակներում:
«Մեծ լսարան ունեցող կայքերից մեկն էլ է արձագանքել՝ այդպիսով դառնալով հարձակման թիրախ: Գիտեմ նաև, որ տարբեր երկրներից մեր հայրենակիցները ուզում են անել նույնը առաջիկայում»:
Այս օրերին արվեստագետի նկարչական առօրյան նույնպես փոխվել է: «Խոսել և ստեղծագործել պատերազմի մասին պատերազմից հետո` բոլորովին այլ բան է, և բոլորվին այլ բան է հենց այդ իրավիճակում գտնվելիս ստեղծագործել: Ստեղծագործության և ստեղծագործականության միջև անգամ տրամաբանությունն է փոխվել: Սովորական նկարչական վիճակը, որ կար այլևս չկա. մտածում եմ այս տեսակ նախագծերի մասին և առաջիկայում անպայման էլի ինչ-որ ինստալացիաներ կանեմ»:
«Արյունոտ լվացք» նախաձեռնութունը ևս մեկ անգամ այլազգի հանրության ուշադրությունը կենտրոնացրեց Արցախում տեղի ունեցող դեպքերի վրա:
Մերի Հովհաննիսյան
- Created on .
- Hits: 2589