Արցախի գորգեր. Վարդան Ասծատրյանի հավաքածուն

Գույն, զարդանախշ, մշակույթ, ինքնություն: Ամեն երեքշաբթիից ուրբաթ՝ Ճարտարապետության թանգարանում ցուցադրվում են Շուշիի գորգերի թանգարանի գորգերը, ցուցադրությունը բաց է` մուտքն անվճար է, հանգանակության արկղ կա, ցանկացողները կարող են նվիրատվություն անել գորգերի վերանորոգության համար: Նորաբաց ցուցադրությունը ռեզոնանս է առաջացրել: Արցախից տարհանված մշակութային ժառանգության առաջին ցուցադրությունն է Երևանում: Գորգերն առաջին անգամ են Հայաստանում: Թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են: Շուշիից հանվել են պատերազմի ընթացքում՝ նոյեմբերի 1-ին։
Արցախը պատմական Հայաստանի գորգագործական մշակույթի կարևոր և հանրահայտ կենտրոններից է։ Թե գրավոր վկայությունները, թե պահպանված գորգերը վկայում են, որ այն այնքան տարածված մշակույթ էր, որ գորգագործական տորք կար և գյուղաբնակների տանը (այսինքն, տնայնագործական բնույթի, անհատների մոտ), և իշխանական տներին ու վանքերին կից արհեստանոցներում (որտեղ գործվում էին պատվերներով` մեծատունների և բարձրաստիճան հոգևորականների համար):
Այսինքն, գորգագործությունը գրեթե համատարած զբաղմունք էր: Բացի անհատական կարիքներից և պատվերներից, արցախյան գորգերը գործվում, վաճառվում ու արտահանվում էին տարեկան հազարավոր նմուշներով: Ըստ էության, այդ ճանապարհով գորգագործության արցախյան ավանդությունները նաև տարածվում են:
Արցախի գորգերի Վարդան Ասծատրյանի հավաքածուի մեջ միայն արցախյան գորգեր են: Դա հավաքածուի առանձնահատկություններից մեկն է: Հավաքորդի նման նախասիրության և մոտեցման շնորհիվ ունենք նույն տարածաշրջանի գորգագործական տարբեր կենտրոնների միևնույն կամ որոշակի շրջանում ստեղծված գորգերի ընտրանի:
2020-ին, պատերազմի հետևանքով հանձնված Շուշիում էր գտնվում Հայաստանի և Արցախի գորգերի միակ թանգարանը, որը մասնավոր-պետական սկզբունքով էր գործում:
Հավաքորդ Վարդան Ասծատրյանը մի քանի հարյուր գորգի հետ հավաքել է նաև դրանց ծագման մասին տեղեկությունները: Սա հավաքածուի մեկ ուրիշ, գրեթե ամենակարևոր առանձնահատկությունն է: Նաև 17-ից 20-րդ դարասկիզբ թվագրվող ցուցանմուշները գնել է այն ընտանիքներից, որտեղ գործվել են ու կիրառվել: Ուստի հայտնի են նաև դրանց պատմությունը, տեղավայրերն ու տարեթվերը: Որոշ հարցեր այդ տեղեկությունների շնորհիվ հստակ պարզաբանում են ստացել: Օրինակ, հավաքածուի մի զգալի մաս մեջտեղից կիսված, երկու մասի բաժանված մեծ գորգերն են: Քանի որ դրանք ձեռք են բերվել հենց գորգերը տնօրինած ընտանիքներից, պարզվել է, որ երբեմն մեծ գորգը մեջտեղից ուղիղ երկու կես է արվել երկու դուստրերին հավասար բաժինք/օժիտ տալու համար:
Վարդան Ասծատրյանն ասում է՝ եթե գորգի ծագումնաբանությունը հստակ չի եղել, ինքն այն ձեռք չի բերել․ «Աշխարհում գորգեր շատ կան, ցանկացած մարդ կարող է գնել այդ գորգերը, բայց դա թանգարան չի կոչվում: Թանգարանի կարգավիճակն այն է, որ իրա նմուշների սկզբնաղբյուրը, ծագումնաբանությունը պիտի հստակ լինի»:
«Ծագման մասին տեղեկություններ իմանալը գորգի արժեքը մի քանի անգամ ավելացնում է»,- մեր հետ զրույցում նշեց համադրող Նարեկ Աշուղաթոյանը։ «Չեմ խոսում միան նյութականի մասին, այլ գեղագետական արժեք ունի: Այդ արժեքն անչափ կարևոր է ուսումնասիրողների համար, որովհետև երբ փորձում ես համամետություններ անցկացնել, պիտի ունենան ելակետեր, էս ցուցահանդեսը ամբողջովին ելակետ է, գիտնականի համար մեծ աղբյուր, իր գիտական հետազոտությունը ճշգրիտ կազմակերպելու համար»:
Թեև Երևանում ցուցադրվելիս գորգերի այս հավաքածուն կոչվեց Շուշիի հավաքածու` այնտեղ տեղակայված թանգարանի պատճառով, ընդհանուր առմամբ, այն, թեկուզ միայն իր ցուցադրված ընտրանիով արցախյան գորգի բազմազանության մասին է: Դրանցում արտացոլվում են զարդանախշային համակարգի ու գույների` արցախյանը ճանաչելի դարձնող հատկանիշները, ինչպես նաև`դրանց հանդեպ հեղինակային հաջող կամ անհաջող մոտեցումները: Ամեն դեպքում, գորգերի այս կամ այն հայտնի տեսակի ու տիպի սխեմաները խախտված են գրեթե բոլոր տնային պայմաններում ստեղծված նմուշներում: Օրինակ, գոնե առաջին հայացքից, դասական վիշապագորգ գրեթե չկար ցուցադրված հավաքածուի մեջ:
Ցուցադրված հավաքածուի ամենահին նմուշը մի ասեղնագործ է: Այն թվագրություն ունի` 350 տարեկան է, Արցախի Շոշ գյուղից: Քիչ է օգտագործվել, լավ պահպանված է: Ընդհանրապես, բավական լավ պահպանված նմուշները շատ են հավաքածուի մեջ: Նույնիսկ հնամաշ կամ երկու մասի կիսված գորգերում պահպանված են զարդանախշերն ու գունային երանգները: Հավաքածուի մեջ շատ են երկրաչափական խոշոր, զուսպ զարդերով ու ոճավորված հորինվածքներով գորգերը:
Ցուցադրված շուրջ 70 նմուշները մեծ մասամբ թվագրվում են 19-րդ դար և 20-րդ դարասկիզբ: Որոշ նմուշներ բացառիկ են այն իմաստով, որ չեն կրկնվում Հայաստանի թանգարաններում պահվող ոչ մի հավաքածուի մեջ: Կան նաև մի քանիսը, որ ամենայն հավանականությամբ ստեղծվել են արցախյան բնակավայրերում, սակայն ակհնայտ կրում են այլ ազդեցություններ: Դա պարզ բացատրություն ունի: Ասենք, տեղափոխվել են այլ գավառներ, կամ հարս են բերել հեռու տեղից: Այդպես խաչաձևվել են ավանդույթները և մոտեցումները:
Ընդհանրապես, արցախյան գորգերի ու կարպետների որակական առանձնահատկություններից է տեղական բրդի մշակման արդյունքում ստացված ողորկ ու նուրբ թելը: Այն երբեմն մետաքսաթելի տպավորություն է թողնում, քանի որ մանրակրկիտ մշակվել է, լվացվել, հատուկ գործիքով ուղիղացվել և փափկեցվել, հետ` իլիկով ու ճախարակով մանվել:
Պետք է ասել, այս հավաքածուն, ի տարբերություն թանգարանային հավաքածուների, թերևս ամենաքիչ ուսումնասիրվածներից է գիտական իմաստով: Ցուցադրմանը ակներև է դառնում, որ երևի թե միայն հավաքորդի արձանագրած, ծագումնաբանության վերաբերյալ տեղեկություններն են կարևոր: Բազմաթիվ խնդիրներ լուծված չեն, օրինակ գորգերի տեսակի կամ տիպի, դրա հետ կապված` ճիշտ անվանադրման հարցերը:
Հավաքածուի մեջ ընդգրկված են կարպետներ, մաֆրաշներ` ձեռագործ անկողնապարկեր, աղաքսակներ և խուրջիններ: Սա էլ ուսումնասիրության կարոտ մի առանձին թեմա է: Արցախյան ձեռագործ կարպետները գորգերից ոչ պակաս ուսումնասիրման և հետազոտման կարիք ունեն: Ի տարբերություն գորգերի, ավելի մեծ թվով են պահպանված և նույնպես ունեն առանձնահատկություններ: Ընդհանրապես, կենցաղում կարպետները շատ ավելի լայն կիրառություն են ունեցել: Թե հատակին են փռվել, թե անկողնի ծածկոց են եղել, թե միջնորմ-վարագույր են ծառայել:
Շուշիից հաջողվել է դուրս բերել շուրջ 160 գորգ: Մոտ 100-120 գորգ, որ պահպանվում էին թանգարանային ֆոնդում, մնացել են այնտեղ:
Հերմինե Հակոբյան
- Created on .
- Hits: 1888