Ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Վերդիի «Ռեքվիեմն»՝ ի հիշատակ Ցեղասպանության զոհերի

 

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն ու Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կկատարեն Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմը»: Այն կհնչի ապրիլի 23-ին, ժամը 22:30-ին, Ծիծեռնակաբերդի Ցեղասպանության անմեղ զոհերի հուշահամալիրում և ապրիլի 25-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Համերգի մենակատարները համաշխարհային ճանաչում ունեցող օպերային աստղեր են. Ռուզան Մանթաշյանը (սոպրանո), Օլեսյա Պետրովան (մեցցո-սոպրանո), Լիպարիտ Ավետիսյանը (տենոր) և Եվգենի Ստավինսկին (բաս):

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի կարծիքով՝ մարդկությունն այս ստեղծագործությունից առավել լավ բան չի ստեղծել և այն ավելի քան համահունչ է ապրիլի 24-ի խորհրդին: 

Դիրիժորը Հայաստան ժամանած մենակատարների հետ հաճախ է աշխատել, գնահատում է նրանց մասնագիտական ունակություններն ու կարևորում նրանց հետ այսպիսի կարևոր հարցի բարձրացումը:

Նա առանձնացնում է նաև Հովհաննես Չեքիջյանի ղեկավարած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի հետ համագործակցությունը:

«Մենք մաեստրո Չեքիջյանի հետ կարողացել ենք 2001- 2002 թվականից անընդհատ միասին քայլել, իրար կողք լինել, համատեղ նախագծեր անել և սրանից, կարծում եմ, շահում ենք և՛ մենք՝ երաժիշտներս, և՛ հայ երաժշտասեր հասարակությունը, որովհետև կապելլայի պես հրաշք կոլեկտիվն ու Հայաստանի Ֆիլհարմոնիկի պես նվագախումբը, անպայման, միշտ պիտի իրար կողք լինեն: Ուրախ եմ, որ դա մեզ հաջողվել է»:

Ըստ Թոփչյանի՝ հայերը չեն դադարում ցեղասպանվել, կորցնել, բայց այսուհետ պետք է ապրել:

«Անընդհատ մեզ թվում է՝ ինչ-որ բանի համար պետք է զոհվել, բայց այլևս ոչ մի հայ չպիտի զոհվի, հատկապես վերջին կորուստներից հետո, որ մինչև հիմա պատկերացնելի չի ու երբևէ չպիտի հաշտվենք դրա հետ: Մենք էլ կորուստների տեղ չունենք»:

«Ռեքվիեմի» կատարումը դեբյուտային է սոպրանո Ռուզան Մանթաշյանի համար: Վերջինս այն  խորհրդանշական է համարում, քանի որ այն իր համար ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև վերջին, հայ-ադրբեջանական պատերազմի զոհերի հիշատակին է նվիրված: Ըստ նրա՝ հուզմունքը շատ է, բայց փորձում են ամուր, պրոֆեսիոնալ մնալ:

 

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 76

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2021 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: