Փորձելով փրկել Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած հայկական մշակութային ժառանգությունը

 

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Մատենադարանում կազմակերպել էր «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում խորագրով համաժողովը՝ նվիրված մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին:

Հիշեցնենք, որ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ-ից ապրիլի 18-ը նշում է որպես  Հուշարձանների և տեսարժան վայրերի  միջազգային օր, որը հնարավորություն է տալիս բարձրացնել հասարակության իրազեկվածությունը համաշխարհային ժառանգության բազմազանության, դրա պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված ջանքերի վերաբերյալ:

«Այսօր կանգնել ենք մեր ստեղծարար մտքի արտահայտության անհետացման լրջագույն վտանգի առջև: Ադրբեջանը խոչընդոտում է միջազգային վերահսկողության, մշտադիտարկման յուրաքանչյուր փորձ, հանդես է գալիս գրավյալ տարածքներում առկա արժեքների ոչնչացման անթաքույց կոչերով՝ անտեսելով հազարամյակներով մշակված բարոյական և իրավական նորմերը»,- համաժողովին նախորդող մամուլի ասուլիսի ընթացքում նշեց  ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Արցախի հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ հիմա Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, կեղծարարության, նենգափոխոխության ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարվում:

«Այս պահին վտանգված է թշնամու վերահսկողության տակ գտնվող օկուպացված տարածքների 2000-ին հասնող պատմամշակութային-պատմաճարտարապետական հուշարձանների, 13 վանական համալիրի, 122 եկեղեցու, 52 ամրոցի, 523 խաչքարի, 4 մատուռի ճակատագիրը»:

Ըստ ԱՀ ԿԳՄ նախարարի՝ օկուպացված տարածքներում մնացին 127 դպրոցական գրադարան՝ 617 հազար գրքով, 3 շրջանային գրադարան, 10 պետական և 2 մասնավոր թանգարան: «Այսօր Ադրբեջանի կողմից երկու ուղղությամբ է արշավ տարվում: Մի կողմից հուշարձանների ուղղակի ոչնչացում, մյուս կողմից դրանց ներկայացում՝ որպես ալբանական: Բայց իմ կարծիքով  հայկական կողմն ունի հարուստ գիտա-պատմական նյութ, պարզապես այն պետք է շատ գրագետ ձևով քարոզվի՝ մշակութային արժեքները վտանգից փրկելու համար»: 

 «Հրադադադարի հաստատումից անցել է գրեթե վեց ամիս, սակայն մենք տեսնում ենք, որ հուշարձանները և հայկական մշակութային ժառանգությունը մնում է վտանգված: Հայկական կողմի մտավախությունները, որ առաջին իսկ օրից հայտնում էինք, այսօր, ցավոք, հիմնավորված են դառնում, որովհետև մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում, թե ադրբեջանական իշխանությունները ամենաբարձր մակարդակով ինչպես են շարունակում իրենց պայքարը ցանկացած հայկական ներկայության դեմ»,- իր ելույթում նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության  բազմակողմ  քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Արման Խաչատրյանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը հսկայական միջոցներ է ներդրել քարոզչության համար և մեր խնդիրն է ոչ միայն հակազդել  ադրբեջանական քարոզին, այլև ներկայացնել հայկական  մշակութային ժառանգությունը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում: Ըստ այդմ՝ մշակվել է գործողությունների ծրագիր, թե ինչ խնդիրներ ունենք  և ինչպես է հնարավոր հասնել դրանց լուծմանը:  «Բայց խնդիրը նրանում է, որ սա մեկանգամյա գործողություն չէ,  այն պիտի երկարաժամկետ ռազմավարական խնդիր դառնա մեզ համար»:

 ԻԿՕՄՕՍ Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանն իր խոսքում նշեց՝ մենք կարծես միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեղը գիտենք, բայց կան բազմաթիվ այլ միջազգային կազմակերպություններ, որին անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը և կան բազմաթիվ կոնվենցիաներ, որոնք երկու երկրներն էլ ընդունել են: «Եվ մի կարևոր թեզ ևս. մենք լավ չենք օգտագործում սփյուռքում գտնվող հայագետների հնարավորությունները, մինչդեռ նրանք մեծ դեր կարող են խաղալ խնդրի հանրայնացման, միջագայնացման գործում»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանն անդրադառնալով  լրագրողի հարցին, թե կա արդյոք  որևէ զսպող կառույց, որ կկարողանա կանխել մշակութային ժառանգության ոչնչացումը՝ արձագանքեց. «Դժվար է խոսել մի պետության հետ, որտեղ կարող է գոյություն ունենալ այն, ինչ իրենք «հաղթանակի պուրակ» են անվանում: Մեր քննարկումների արդյունքում եկել եմ այն եզրահանգման, որ պրոցեսների վրա իսկապես ազդեցություն կարող է ունենալ միջազգային հանրության իրազեկվածության բարձրացումը»:

 

Մարջան Չոբանյան

  • Created on .
  • Hits: 1181

Կայքը գործում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

© 2012 Cultural.am. Բոլոր իրավունքները պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: